Խեղճության փայլուն դրսեւորում
Աղբյուրը՝ Երկիր, 23.06.2009թ.
Կարինե ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
Երբ խոսվում է մեր արտաքին քաղաքականության ուղեգծի մասին, մեր պաշտոնյաները շատ են սիրում օգտագործել «հարձակողական» բառը: Սիրում են հայտարարել, թե Հայաստանը ոչ թե պետք է հանդես գա ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենայի հակահայկական կարծիքների, հայտարարությունների ժխտմամբ, այլ «հարձակողական» լինի:
Այնինչ, տեսնում ենք, որ իշխանություններն արդեն քանի տարի վախենում են հրապարակել այն իրական քարտեզը, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեպքում: Հրապարակվում է մի քարտեզ, որտեղ ամրագրված է միայն Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի տարածքը, չեն երեւում ազատագրված տարածքները:
Ինչի՞ց ենք վախենում` ադրբեջանցիների ու թուրքերի ցասումի՞ց, թե՞ միջազգային կազմակերպությունների գնահատականներից, որոնք կարող են մատ թափ տալ մեզ վրա: Մերոնք հավանաբար վախենում են, որ եթե Արցախի քարտեզը մեր հեռուստաընկերություններում, պաշտոնական փաստաթղթերում ներկայացնեն ազատագրված տարածքներով, միջազգային կազմակերպությունները կսրտնեղեն:
Թող մի քիչ էլ սրտնեղեն: Հիշենք այն քայլերը, որ փորձում են ադրբեջանցիներն ու թուրքերն անել` վիժեցնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, փորձում են նաեւ հակամարտության խնդիրը տեղափոխել ՄԱԿ, Եվրախորհուրդ, որտեղ եւ իրենց լոբբինգի արդյունքում հաջողության են հասնում` հակահայկական բանաձեւեր ընդունել տալով:
Հիշենք, որ հայ-թուրքական հարաբերությունների «բարելավման» ֆոնի վրա թուրքերը չեն զլանում միլիոնավոր դոլարներ հատկացնել լոբբինգի համար, որն ուղղված է մեկ նպատակի` չեզոքացնել Հայ Դատի գործունեության ցանկացած քայլ: Ինչո՞ւ չենք նկատում ադրբեջանցիների այն վայնասունը, որ այս երկիրը բարձրացնում է, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշում է օժանդակել Լեռնային Ղարաբաղի կառավարությանը:
Իսկ մենք վախենում ենք իրերն իրենց անունով կոչել: Այնքան ենք վախենում, որ արհամարհում ենք ԼՂՀ Սահմանադրությունը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքներ են համարվում նաեւ ազատագրված տարածքները, արհամարհում ենք նաեւ մեր պետական կադաստրի կողմից ընդունված քարտեզը: Հանուն ինչի՞:
Բազմաթիվ լրագրողներ կփաստեն, որ երբ որեւէ միջազգային կոնֆերանս է լինում կամ որեւէ սեմինար, որին ներկա են լինում Հարավային Կովկասը ներկայացնող լրագրողներ, նաեւ պետական պաշտոնյաներ, ադրբեջանցիներն իրենց թուրք հայրենակիցների հետ համատեղ ջանքերի շնորհիվ չեն վախենում ներկայացնել իրենց դավանած քարտեզը մեր տարածաշրջանի վերաբերյալ, որոնցում ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաեւ մեր երկիրը նշված չէ: Ի՞նչ է, նրանք չե՞ն վախենում միջազգային հանրության կարծիքից, չե՞ն վախենում ԼՂ հակամարտության հիմնախնդրի կարգավորումը շեղելու մեղադրանքներից: Պարզապես իրենց գործն են անում:
«Արարատ» ռազմավարական կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը նկատում է, որ տարիներ շարունակ ինքը եւ շատ ուրիշ վերլուծաբաններ անդրադարձել են մեր քաղաքում տարածված բազմաթիվ պաստառների, նաեւ հեռուստատեսությամբ եղանակի տեսության ժամանակ ցուցադրվող քարտեզներին, որոնցում ուղղակի խաթարվում են հատկապես երիտասարդության իրական պատկերացումները մեր աշխարհաքաղաքական իրավիճակի մասին:
«Արդյունքում, մեր երիտասարդը լավ չի պատկերացնում իր երկրի տարածքը: Այդ տարածքը 1993-94 թվականներից ի վեր կազմում է 42 հազար քառակուսի կիլոմետր եւ գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ: Այս իրավիճակը արհամարհելը ծիծաղելի է: Ինչո՞ւ մենք ցույց չենք տալիս իրական վիճակը: Չնայած պարզ է, որ դա հրահանգվում է, եւ ակնհայտ է, որ Հայաստանի պետական կառույցներից: Անիմաստ մտավախություններ, որոնք դրսեւորվում են ինչ-ինչ արտասահմանյան ճնշումների ներքո, եւ հիմնավորվում են նրանով, թե այլ պետությունների ներկայացուցիչները կարող են ասել, թե ինչո՞ւ ենք ցույց տալիս դե ֆակտո իրավիճակը»,- ասում է Ա. Այվազյանը: Նրա խոսքով` մենք պետք է դուրս գանք այս բարդույթից, որը «մեր դիվանագիտության կրավորականության եւ շարունակական խեղճության փայլուն դրսեւորումներից է»:
2 Responses to “Խեղճության փայլուն դրսեւորում”
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.
Да потому что в парламенте сидит сброд с криминальным мышлением а Управляющий Арменией сс-ж в месте с Заместительем Управляющего РА, тс-ом обслуживают чужие а не общенациональные интересы.
Осторожная, избегающая открытой конфронтации политическая линия вовсе необязательно позволяет уменьшить опасность, а в некоторых случаях резко ее увеличивает.