Հարաբերություններ թշնամու հետ` առանց երաշխիքների՞
Մեր կայքում հարցազրույցը տպագրվում է ամբողջությամբ
(«Զրուցակից» շաբաթաթերթում այն լույս է տեսել զգալի կրճատումներով)
«ԶՐՈՒՑԱԿԻՑ», #13 (84), 10 ապրիլ 2009
Հարցազրույց քաղաքագիտության դոկտոր Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ
– ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման Թուրքիայում հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Սա նշանակում է, որ անփոփոխ է նաև իր խոստո՞ւմը: Եվ առհասարակ` ինչպիսի՞ն է ԱՄՆ նախագահի Թուրքիա կատարած այցի Ձեր գնահատականը:
– Օբաման Թուրքիայում չօգտագործեց ցեղասպանություն բառը, իսկ սա արդեն պետք է գնահատել որպես նահանջ իր խոստումից: Այսպիսի առաձգական հայտարարություններն ամենևին չեն կարող բավարարել հայկական կողմին: Կարծում եմ, որ ապրիլի 24-ին նա ամենայն հավանականությամբ ցեղասպանություն բառը չի օգտագործի: Ինչը կնշանակի, որ ԱՄՆ նախագահը դրժեց իր խոստումը: Բայց այս կապակցությամբ պետք է ընդգծեմ մեկ այլ կարևոր հանգամանք: Նրանում, որ ԱՄՆ նախագահին կհաջողվի շրջանցել ու չարտասանել ցեղասպանություն բառն ու այնուհետև վիժեցնել համապատասխան բանաձևի ընդունումն ԱՄՆ կոնգրեսում` ոչ այնքան մեծ է թուրքական լոբբիի, որքան Հայաստանի իշխանության դերը:
Այս տարի Թուրքիան չստացավ հրեական լոբբիի աջակցությունը` պայմանավորված Դավոսում Թուրքիա-Իսրայել հայտնի դիվանագիտական բախմամբ, մինչդեռ մեր իշխանություններն իրենց սխալ քաղաքականությամբ Օբամային արդեն իսկ տվել են (իհարկե ամերիկյան հետկուլիսյան խնդրանքով) արդարացման բազմաթիվ հնարավորություններ: Դրանցից մեկը շարունակվող բանակցություններն են, որոնք վնասից բացի Հայաստանին ոչինչ չեն տալիս: Հե՛նց միայն ապրիլի սկզբին ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի շտապ մեկնումը Թուրքիա, արդեն իսկ Օբամայի համար հիանալի արդարացման միջոց է` ցեղասպանություն բառի արտաբերումից հրաժարվելու համար: Նա այդպես էլ ասաց, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև տեղի են ունենում շա՜տ արդյունավետ բանակցություններ, և ինքը չի ցանկանում դրանց խանգարել: Եվ հիմա հարց է առաջանում, իսկ մենք ի՞նչ ենք շահում այս ամենից:
– Մեր իշխանությունների համոզմամբ` շահում ենք հարևան երկրի հետ հարաբերությունների բարելավում:
– Նրանք, ովքեր խոսում են հայ-թուրքական հարաբերությունների կագավորման մասին, պետք է նախ տան դրանց ճշգրիտ բնորոշումը. այդ հարաբերությունները թշնամական են: Իսկ երկարատև թշնամական հարաբերություններն այլ բան չեն, քան հակամարտություն: Ու քանի որ գործ ունենք հակամարտության հետ` պետք է արմատապես փոխենք մեր քաղաքական բառապաշարը և չխոսենք չեղած հարաբերությունների ջերմացումից ու «ձնհալից»: Իրողությունն այն է, որ այսօր Թուրքիան տարբեր մակարդակներով Հայաստանի դեմ իրականացնում է թշնամական գոծողություններ, մինչդեռ մեր իշխանությունները մշտապես անտեսել ու անտեսում են այդ հանգամանքը, իսկ վերջին 1,5 տարում որդեգրել են առավել զիջողական, նույնիսկ պարտվողական մոտեցում: Պետք է գիտակցել, որ հայ-թուրքական հարաբերությունները չափազանց բարդ և բազմամակարդակ կառուցվածք ունեն, մինչդեռ ներկայացվում են այնքան պարզունականացված, որ դիտարկվում են միայն երկու հարթությունում` դիվանագիտական հարաբերությունների հաստատում ու սահմանի բացում: Իսկ մնացա՞ծ խնդիրները՝ Թուրքիայի բազմակողմանի աջակցությունն Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտությունում, Հայաստանի և հայության դեմ տեղեկատվական ու հոգեբանական պատերազմը, հայոց պատմության խեղաթյուրումը միջազգային ասպարեզում, Հայաստանի և Մփյուռքի միջև սեպ խրելու շարունակական ջանքերը, ցեղասպանության ժխտումը, ցեղասպանության դիմաց փոխհատուցումը…: Ենթադրենք հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ ու սահմանը բացվեց. չէ՞ որ դրանով Թուրքիան չի դադարեցնելու Հայաստանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը:
– Տպավորությունն այնպիսին է` կարծես զբաղված ենք ինքնախաբեությամբ. Թուրքիան շարունակում է մերժել Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի դեմ մղել տնտեսական, տեղեկատվական պատերազմ, ԼՂՀ հարցում Ադրբեջանի դիրքորոշման պաշտպանն է, և ուրեմն վստահության ի՞նչ հիմքի վրա ենք այդ երկրի հետ գնում հարաբերությունների կարգավորման, անվտանգության ի՞նչ երաշխիքներ ունենք սահմանի բացման դեպքում:
– Իրոք զբաղված ենք վտանգավոր ինքնախաբեությամբ: Թուրքիան սահմանը կբացի միայն մեկ դեպքում, եթե իր հաշվարկները ցույց տան, որ դրանով կարող է Հայաստանին ավելի մեծ վնաս պատճառել: «Բարիդրացիության» նոր պայմաններում Թուրքիան իր թշնամական քաղաքականությունը կտեղափոխի այլ` առավել վտանգավոր ոլորտներ` Հայաստանի ազգային անվտանգության համար առաջ բերելով շատ լուրջ խնդիրներ: Սահմանի բացմանը հետևելու է թուրքական տնտեսական և ժողովրդագրական ներխուժումը Հայաստան, շուկայից դուրս է մղվելու մեր ներքին արտադրողը: Անկարան խրախուսելու է հայերի զանգվածային արտագաղթը Թուրքիա և թուրքերի մուտքը Հայաստան, այդ թվում և` իսլամացած հայերի անվան տակ, լինելու են նաև հազարավոր խառնամուսնություններ: Թուրքական տնտեսական ներխուժմանը զուգահեռ` ուժգնանալու են տեղեկատվական, գաղափարական, մշակութային, հոգեբանական հարձակումներն ու թուրքական պետական քարոզչության անարգել ներթափանցումը մեր երկիր: Հայ հասարակությունը կարոտ է այս բոլոր խնդիրների լրջագույն քննարկման, բայց դրա փոխարեն լսվում են միայն Թուրքիայի նկատմամբ բարյացակամ ու լավատեսական քարոզներ: Անգամ չեն ասում, թե ինչի շուրջ են բանակցում, ի՞նչ համաձայնագրեր են պատրաստվում կնքել:
-Փոխարենն այդ մասին տեղեկանում ենք եվրոպական լրատվամիջոցներից. «Ուոլ Սրիթ Ջորնլ» պարբերականն օրերս շրջանառեց մի տեղեկատվություն, թե պատրաստվում է Հայաստանի ու Թուրքիայի միջև պատմական համաձայնագրի կնքում: Իսկ շարադրված կետերը չափազանց անհանգստացնող են…
– Ասվում է, թե երկու երկրները պետք է ճանաչեն միմյանց սահմանները, և եթե այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը` դա նշանակում է Կարսի պայմանագրի վերահաստատում, հրաժարում Արևմտյան Հայաստանից և Հայոց ցեղասպանության արդյունքների օրինականացում: Խոսվում է նաև պատմական տարաձայնությունները հաղթահարելու համար համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին, սրան համաձայնելն էլ նշանակում է խաչ քաշել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա, որն ՀՀ արտաքին քաղաքականության արդյունքում արդեն իսկ կանգ է առել: Այս երկուսն էլ Թուրքիայի հայտնի նախապայմաններն են:
-Նույն լրատվամիջոցը հայտնում է նաև, որ հայ-թուրքական հնարավոր համաձայնագիրը կներառի Ղարաբաղին հարող ազատագրված 5 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը:
– Պարտավոր ենք հասկանալ, որ Հայաստանը գործ ունի երկու դաշնակից պետությունների համաձայնեցված թշնամական քաղաքականության հետ: Ի դեպ, իրենք դա չեն էլ թաքցնում: Մեր իշխանությունները ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, որ Թուրքիան թշնամի պետություն է, որը նպատակ ունի վերացնելու Հայաստանը: Թե’ Թուրքիայի, թե’ Ադրբեջանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ իրենք ներկայացնում են «Մեկ ժողովուրդ` երկու պետություն», փաստելով, որ «հայ-թուրքական սահմանների բացման և ղարաբաղյան հարցի հետ կապված խնդիրները լուծվելու են համալիր կերպով»: Ինչպես սույն թվականի փետրվարի 19-ին հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը՝ «Ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումներն ու քաղաքականությունն ամբողջությամբ համընկնում են, և այդ քաղաքականությունը Թուրքիան և Ադրբեջանը մշակել և իրականացնում են համատեղե:
Եթե ՀՀ իշխանությոնները, իրոք, պատրաստվում են ստորագրել նման կետերով մի համաձայնագիր, ապա կնշանակի երկխոսության անվան տակ հայ ժողովրդի թիկունքում նախապատրաստվում է կապիտուլյացիայի ստորագրում:
– Գուցե սխալն ի սկզբանե՞ է, երբ հայտարարեցինք առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու քաղաքականության մասին:
– Այո, այդպես է: Մենք` հայերս, և ոչ թե Թուրքիան պետք է նախապայմաններ առաջադրեինք: Իսկ այսօր հայկական կողմը փորձում է հարաբերություններ բարելավել իր թշնամու հետ` առանց անվտանգության, վստահության երաշխիքների ու մեխանիզմների հստակեցման: Ինչո՞ւ չեն հասկանում, որ սահմանի բացումը կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նման երաշխիք լինել չեն կարող: Թուրքիան հայերիս դեմ իրականացրել է համաշխարհային մակարդակի ոճրագործություն, մենք դրա զոհն ենք, բայց այսօր այս զոհը կույր աչքով էլի ընկնում է թուրքի թակարդը` անգամ մոռանալով իր ոչ հեռու պատմական փորձը: Հայաստանի հեռուստաեթերում Թուրքիան դրական կերպարի մեջ ներկայացնելու կատաղի ու երկարատև աշխատանքները, կյանքում Թուրքիայի մասին գիտական մի հոդված չգրած՝ ոչ-մասնագետ «վերլուծաբանների» պատվիրված «տեսակետների» հորձանուտում հայտնվելով՝ հայ ժողովրդի մի զգալի հատվածն այսօր տարրական պատկերացում չունի, թե ինչ երկիր է Թուրքիան, և ի՞նչ նպատակներ ունի այն այս տարածաշրջանում: Օրինակ, այն, ինչ կատարվում է քրդերի հետ` ցույց է տալիս այդ երկրի ֆաշիստական լինելը: Այն, որ Ադրբեջանի գլխավոր շտաբը ղեկավարում են թուրք գեներալները, որ Նախիջևանում` Երևանից 60 կմ հեռավորության վրա թուրքերը ռազմական ներկայություն են հաստատել, մեր իշխանություններին կարծես չի վերաբերում: Ինչո՞ւ չեն ասում` հեռացրո’ւ զորքերդ և դրանից հետո հարցեր կքննարկենք: Լռում են, և ապրիլին՝ հայերիս համար խորհրդանշական այս ամսին «բանակցում» են թուրքերի հետ, թուրքական ժխտողականության լկտի ներկայացուցիչ Ալի Բաբաջանին էլ Հայաստան հրավիրում` ոտնահարելով հայոց ազգային արժանապատվությունը:
Մենք ոչ մի նախապայման ու պայման չենք դնում Թուրքիայի առջև, այսինքն` ամբողջական կապիտուլյացիա, որն անթույլատրելի է: Որովհետև պարզ է, որ Թուրքիայի ողորմածությանը հանձնվելով, թուրքերին նույնիսկ Հայկական նոր ատոմակայանի բաժնետեր դարձնելով, Հայաստանի իշխող դասն ու թմբիրի մեջ հայտնված հասարակությունը շատ շուտով կհանձնեն նաև Արցախը: Եթե այս ընթացքը շարունակվի, ապա հայ-թուրքական հակամարտության արդի փուլը կարող է ավարտվել հայկական նորաստեղծ պետականության վերջնական փլուզմամբ:
Արմինե Սիմոնյան
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.