Հայ հասարակության կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների մասին

Print Print Email Email

Աղբյուր՝ Azatamtutyun.am

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը մարտի 17–ից իր կայքում (www.ararat-center.org) հարցում է անցկացնում հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ: Կան բազմաթիվ արձագանքներ: Հարցերին պատասխանել են Հայաստանում, ինչպես նաև արտասահմանում ապրող մեր հայրենակիցները, որոնց մեջ կան հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ, փորձագետներ, լրագրողներ, ուսանողներ:

Արծարծվում է երեք թեմա` կոնկրետ օրինակով և դրա վերաբերյալ հարցերով.

1. Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում: (2007թ. դեկտեմբերից Թուրքիայի դպրոցներում ֆիլմ է ցուցադրվում, թե ինչպես են հայերն իբր կոտորել թուրքերին: Այն արդեն դիտել է շուրջ 12 մլն աշակերտ):

2. Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնահարցում: (Վարչապետ Էրդողանը փետրվարի 19-ին հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումն ու քաղաքականությունն ամբողջությամբ համընկնում են, և այն մշակել ու իրականացնում են համատեղ):

3. ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային` մասնակցելու հայկական նոր ատոմակայանի կառուցմանը:

Առաջին թեմայի վերաբերյալ գնահատականներն ընդհանուր առմամբ միանշանակ են` նշելով, որ այս քայլի նպատակն է հակահայկական քարոզչությունը, երիտասարդ սերնդին մոլորեցնելը (քանի որ շատ թուրքեր խոստովանել են, թե մինչև 1970-80-ականների հայկական ու համաշխարհային մամուլի արձագանքները, հայկական եղեռնի մասին չէին լսել): Թուրքական քարոզչական մեքենան շատ լավ է աշխատում. ինտերնետը հեղեղված է հակահայկական հոդվածներով, հրատարակվում են գրքեր, եվրոպացի և ամերիկացի անվանի դասախոսներին, մասնագետներին պատվիրվում են հատուկ բովանդակությամբ դասախոսություններ, իսկ Ադրբեջանում էլ հրատարակվել է «Հայկական ավազակային կազմավորումների ահաբեկչական գործողությունները» հանրագիտարանը:

Այն հարցին, թե ինչո՞ւ է պաշտոնական Երևանը լռում, կան տարբեր պատասխաններ: Ոմանք անկեղծորեն ասում են, որ իրոք չգիտեն, մյուսները թե` ե՞րբ են պատասխանել, որ հիմա պատասխանեն: Կա նաև այսպիսի պատասխան. «Երբ մարդիկ պետություն են ղեկավարում, պարտադիր չէ, որ ամեն ինչի արձագանքեն այնպես, ինչպես կարող է արձագանքել շարքային քաղաքացին կամ գիտնականը»:

Իսկ 2-րդ թեմայի վերաբերյալ ի՞նչ հետևություններ կարելի է անել: Պատասխանողների մեծ մասը կարծում է, որ թուրքը երբեք չի փոխվի, թուրքը մնում է թուրք և առաջ տանում պանթուրքիզմի իր քաղաքականությունը: «Մեզ դարձյալ խաբում են: Մենք գործ ունենք չափազանց խարդախ, բազմիցս մեզ խաբած ժողովրդի հետ»:

Էրդողանի այդ հայտարարությանն ինչպե՞ս պետք է արձագանքեին Հայաստանի իշխանությունները: Դադարեցնել Թուրքիայի հետ սիրաբանելը, պատասխանում է մեկը: Մյուսը տալիս է այսպիսի բացատրություն. «Թուրքի ազգային հոգեբանության մեջ կա մի այսպիսի հատկություն` որքան դիմացինը զիջող է, այնքան ավելի են լկտիանում: Ուստի Թուրքիայի նկատմամբ մեր քաղաքականությունը պետք է ավելի կոշտ լինի, որպեսզի իրենց դիմաց ուժ զգան, այլ ոչ թե` անընդհատ զիջողականություն»:

«Ե՜վ տեսաֆիլմի ցուցադրումը, և’ Էրդողանի հայտարարությունն ավելի անկեղծ են, քան մնացած այն քաղցր-մեղցր խոսքերը, որ ասում են Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու մասին… Մենք պետք է չափված-ձևված քաղաքականություն վարենք և հիշենք, որ մեր դեմ թշնամի է, այսքան բան»:

Քննարկումները բուռն են նոր ատոմակայանի կառուցմանը թուրքերի մասնակցության առիթով. «Թուրքը ե՞րբ է շինարար եղել: Նրա գործը քանդել, ավերելն է»: «Քի՞չ էր այն, որ մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարությունը և ռազմական հայեցակարգը մշակվեցին ՆԱՏՕ-ում` Թուրքիայի ուղղակի մասնակցությամբ, հիմա էլ նա պետք է բաժին ունենա մեր ատոմային էներգետիկայի՞ց»: «Օսմանյան կայսրության տարիներին և 1908թ. երիտթուրքերի իշխանության գալուց հետո էլ հայերի մեծ մասը, որոշ բացառություններով, չի զգացել, չի հասկացել մոտալուտ վտանգը: Հիմա էլ նույն բանն է կատարվում»:

Իսկ այն հարցին, թե դա ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար, հնչում է պարզ պատասխան` այն ժամանակ Հայաստան չի լինի:

Վերջում կցանկանայի մեջբերել Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մի օր հայությունը պիտի ների թրքության, բայց ոչ ծունկի եկած նրա առջև, պարտվելուց հետո, այլ նրան ծնկի բերած` ծեծելուց հետո»:

One response so far

One Response to “Հայ հասարակության կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների մասին”

  1. Аrmenianon 12 Apr 2009 at 10:20 am

    Զգոն եղեք,մոռացեք Թուրքիայի հետ սահմանների բացման մասին,դա ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻ ՄԻՅԱՆ ՎՆԱՍ Է ԲԵՐԵԼՈՒ,ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ԼԾԱԿՆԵՐ ՉՈՒՆԻ,ՀԱՏԿԱՊԵՍ ՏՆՏԵՍԱՊԵՍ,ՔԱՆԻ ՈՐ ՇԱՀԱՐԿՎՈՒՄ Է ՀԵՆՑ ԱՅԴ : ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՐԶԱՊԵՍ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐՈՒՄ ԿԳՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵ ԱՆՈՒՂՂԱԿԻ և ԹԵ ՈՒՂՂԱԿԻ ՁԵՎՈՎ:

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.