Ընդդիմությունն այս պարտվողական քաղաքականությունը դեպի առաջ տանելու հարցում ամեն ինչով աջակցում է իշխանությանը
Արմեն Այվազյան. «Ընդդիմությունն այս պարտվողական քաղաքականությունը դեպի առաջ տանելու հարցում ամեն ինչով աջակցում է իշխանությանը» , 7 օր, 04.04.2009թ.
Արմեն Այվազյան. «Մեր հեռուստաալիքներով պորտապար են պարում։ Սահմանը բացելուց հետո պատկերացնու՞մ եք ինչ է լինելու» , 7 օր, 04.04.2009թ.
Արմեն Այվազյան. «Ընդդիմությունն այս պարտվողական քաղաքականությունը դեպի առաջ տանելու հարցում ամեն ինչով աջակցում է իշխանությանը»
-Այս ամենը կատարվում է մեր թիկունքում, և հայկակական պետականության համար վճռորոշ այդ հարցի մասին հայ հասարակությունը որևէ տեղեկություն չունի,- հայ-թուրքական սահմանի բացման մասին շրջանառվող լուրերին անդրադառնալով՝ «7 օր»-ին ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը։
Ընդդիմությունն էլ, քաղաքագետի խոսքերով, «այս կապիտուլացիոն, պարտվողական քաղաքականությունը դեպի առաջ տանելու հարցում, փաստորեն, ամեն ինչով աջակցում է իշխանությանը»։
-Հենց թեկուզ միայն նրանով, որ ընդդիմությունը չի էլ բողոքում, ստացվում է, որ ինքը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների այսպիսի ընթացքին։ Այնպես որ, այստեղ մի ինչ-որ համատեղ ծրագիր է կարծես նշմարվում ընդդիմության և իշխանության միջև,- ասել է Ա. Այվազյանը։
Քաղաքագետը նշել է նաև, որ եթե հայկական պետականության համար վճռորոշ այդ հարցում իշխանությունն ու ընդդիմությունը նույն քաղաքականությունն են վարում, ապա մնացած հարցերը երրորդական և չորրորդական են։
Արմեն Այվազյան. «Մեր հեռուստաալիքներով պորտապար են պարում։ Սահմանը բացելուց հետո պատկերացնու՞մ եք ինչ է լինելու»
Հատկապես վերջին օրերին հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցությունները բավականին ակտիվացել են։ ՄԱԿ-ի հովանու ներքո կայանալիք «Քաղքակրթությունների դաշինք» երկրորդ ֆորումին մասնակցելու համար, ապրիլի 6-7-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնելու է Ստամբուլ և, ըստ թուրքական ԶԼՄ-ների, հանդիպելու է Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ։ Փոխարենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել այդ ֆորումին՝ հնարավոր է այդ կերպ բողոքելով հայ-թուրքական սահմանի բացման դեմ։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունն ակնարկել է, որ Բաքուն կդադարեցնի բնական գազի մատակարարումը Թուրքիային։
Սակայն, թե՛ ազգային անվտանգության, թե՛ հասարակության հոգեբանության, թե՛ տնտեսության, մշակույթի և շատ ու շատ այլ տեսանկյուններից, պատրա՞ստ է Հայաստանը հայ-թուրքական սահմանի բացմանը։ Սա մի հարց է, որի պատասխանը պաշտոնապես դեռ չի տրվել։ Վերլուծաբաններին ու քաղաքագետներին էլ մնում է ենթադրություններ անել և կանխագուշակել։
Վերլուծաբան Սարգիս Հարությունյանի կարծիքով, օրինակ, միակ բանը, որ կարող է Հայաստանի անվտանգությանը սպառնալ, թուրքական ավելի մրցունակ արտադրանքների ագրեսիվ ներթափանցումն է հայկական շուկա։ Սա ասելով՝ վելուծաբանը հենվում է ՀՀ մաքսային համակարգում առկա որոշակի թերությունների վրա։
Քաղաքական տեսանկյունից, վելուծաբանի կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին միմիայն ձեռնտու է, «եթե իհարկե, սահմանի բացման հետ միաժամանակ, Թուրքիան այլ պահանջներ չներկայացնի»։
-Գրեթե բացառում եմ, որ (Թուրքիայի հետ սահմանի բացման դիմաց) ԼՂՀ-ի հարցում Հայաստանը կարող է որոշակի զիջումների գնալ։ Այդ զիջումները, ըստ ամենայնի, ավելի շատ լինելու են ցեղասպանության և Հայաստանի կողմից Թուրքիայի ներկայիս սահմանները ճանաչելու հարցերի հետ կապված։ Եթե Հայաստանը պետք է Արցախի հարցում ինչ-որ զիջումների գնա, ապա Ադրբեջանի՛ հետ սահմանը կբացի,- ասում է վերլուծաբանը։
Փոխարենը քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը տնտեսական, գաղափարական, մշակութային, հոգեբանական, ազգային անվտանգության առումներով բազմաթիվ վտանգներ է տեսնում։
-Մենք կույր աչքերով գնում ենք թշնամու թակարդը,- ասում է քաղաքագետը՝ հավելելով.
– Թուրքիան ինչու՞ է փակել Հայաստանի հետ սահմանը։ Որպեսզի վնաս հասցնի Հայաստանին։ Բացելով սահմանը՝ Թուրքիան նույն նպատակն է հետապնդում՝ վնաս հասցնել Հայաստանին, այս անգամ՝ տնտեսական ներխուժմամբ, դեմոգրաֆիական տեղաշարժեր առաջացնելով (հայերին տանելով Թուրքիա՝ աշխատանքի, թուրքերին բերելով Հայաստան), թուրքական բիզնեսը ներմուծելով Հայաստան, գաղափարապես, մշակութապես ներխուժելով մեր երկիր։ Առանց այդ էլ ներխուժել է. մեր հեռուստաալիքներով պորտապար են պարում, վաղը, մյուս օրը, սահմանը բացելուց հետո, այստեղ պատկերացնու՞մ եք՝ ի՞նչ է լինելու։
Քաղաքագետն այսօրվա իրավիճակը նույնիսկ համեմատում է 1911թ.-ի հետ՝ ասելով, որ դրան հաջորդելու են 1914-15թթ.-ները։
– Այսօր հայրենիքի գաղափարի դեմ է պատերազմ գնում. եթե համաձայնվենք, որ Արևմտյան Հայաստանը այլևս մեր հայրենիքը չէ, ապա համոզված եմ, որ այդ համաձայնությունը տված վերնախավը և հասարակությունը նույնությամբ կզիջի նաև Արցախը։ Եվ դրանից հետո հայկական պետականությունը պարզապես կվերանա աշխարհի քարտեզից, այն, ինչը և ծրագրում է Թուրքիան ու նրա դաշնակից Ադրբեջանը,- կանխատեսում է Ա. Այվազյանը։
Նա նաև ասում է, որ «այն, ինչ ներկայացվում է իբրև երկխոսություն, իրականում կապիտուլացիոն համաձայնագրերի պատրաստում է, որն անխուսափելիորեն բերելու է կապիտուլացիայի նաև մնացած բոլոր բնագավառներում, այդ թվում նաև՝ Ղարաբաղյան ճակատում»։
Հայ-թուրքական սահմանի բացման հարցում որոշակի վտանգներ է տեսնում նաև Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
-Վտանգը կա. մենք բաց սահմաններ կունենանք մի երկրի հետ, որը մեր նկատմամբ առանձնապես մեծ սեր չի տածում, ու պետք է պատրաստ լինենք և՛ ազգային անվտանգության, և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ հոգևոր տեսանկյուններից։ Կարծում եմ, որ կառավարությունը պետք է նախապատրաստական միջոցառումների մի համապարփակ ծրագիր պատրաստի,- մեզ հետ զրույցում ասաց թուրքագետը։
Ի դեպ, դատելով թուրքական մամուլի հրապարակումներից, Ռ. Սաֆրաստյանը հայ-թուրքական սահմանի բացումը (եթե բացվի) կանխատեսում է ապրիլ ամսվա վերջին, մայիս ամսվա սկզբին։
Արեգնազ Մանուկյան
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.