Պուտ մը արժանապատվություն կփնտրվի

Print Print Email Email

«Յառաջ» օրաթերթ, 14-15 մարտի 2009թ

Թուրքիո ժողովրդական դաստիարակության ազգայնամոլ ավանդության անսպառ դրամագլուխներեն են քաղաքներու «թշնամիեն ազատագրում»-ի տոնակատարությունները: Իզմիրի մեջ կնշվի Հույներու 1922-ին ծով թափվիլը, Կարսի մեջ հայ և ռուսերու զգետնումն ու վտարումը, և այլն: Վերջին տարիներուն այդ տոնակատարություններու հայտագրին մեջ փոփոխություն մը բերվեցավ. ազատագրումի ամեն անգամ կրկնվող խորհրդանշական ներկայացումեն զեղչվեցան սվիններով «թշնամին» զգետնելու տեսարանները: Ատիկա պետք էր ընկալել որպես Թուրքիո քաղաքակրթության աստիճանաչափի բարձրացումը: Մանավանդ, որ այս շատ կարևոր բարեշրջումը թափ ու թմբուկով ամեն անգամ կը ծանուցվի թուրք մամուլին մեջ:
Մարտի 12-ին, ազատագրումի բեմադրությունը կրկնելու կարգը Էրզրումին հասած է: Դասական ներկայացումին առնչված նորությունը եղած է 20 երկրե մարզիկներու դրոշակներով տողանցք մը: Անոնք հոն մասնակցած են չմշկելու միջազգային ախոյենության մը:
Հանդիսության պաշտոնական մասին բարձրաստիճան զինվորականներ, քաղաքական դեմքեր ճառեր արտասանած են, ոգեկոչած ազատագրումին զոհ թուրքերը: Ոգեկոչումն առիթ եղած է նաև հետևյալներուն նման արտահայտություններու. «Այսօր հայերու կարծեցյալ ցեղասպանության մասին խոսողներ պետք է շատ լավ գիտնան, թե այս հողին ամեն մեկ թիզին վրա հայ հրոսակներու ոճիրներուն հետքերը կան: Այս վայրեն անգամ մը ևս կը ձայնենք ամբողջ աշխարհին. մենք այս հողերը դրոշմած ենք մեր արյունով ու կյանքերով: Դրոշմած ենք մեր գործերով ու վաստակով»: Հետո ներկայացված են հայ հրոսակներու կատարած կոտորածները:
Ու այս բոլորը բարի-բարի ունկընդրած ու դիտած են 20 երկրի մարզիկներուն հետ հայաստանցի չմշկողներն ալ, իրենց դրոշներով մասնակցելով նաև Էրզրումի ազատագրումի օրվան տողանցքին: Ատիկա ընելով բարենիշ մը շնորհելով ալ Թուրքիո, որ ծափեր կակընկալե նման օրով հայ մարզիկներ հյուրասիրելու լայնախոհության համար:
Հավանորեն կգտնվին ծափահարողներ: Իսկ արժանապատվություն կոչված ապրանքին ազգային տեսակն արդյոք երևանյան շուկաները ե՞րբ մուտք կգործե…

Թ. Արփի

2 responses so far

2 Responses to “Պուտ մը արժանապատվություն կփնտրվի”

  1. Аrmaenianon 03 Apr 2009 at 4:04 pm

    Հայ ժողովրդից բռնազավթած իշխանությունը պահելու համար, Արևմուտքի ակնհայտ հովանավորությունը վայելող Սերժ Սարգսյանին մնում է գործնականում կատարել մի շարք քայլեր, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետությունը փուլ առ փուլ կդառնա Արևմուտքի և տարածաշրջանում նրա կենսական շահերը ապահովող Թուրքիայի արբանյակը:
    Այն է.
    ______________________________________________________________________________________________________________________________________
    Ցեղասպանությունը դառնում է վիճելի հարց և անվերջ երկար քննարկվում է:
    Զիջվում է հայկական ազատագրված տարածքները Ադրբեջանին: Հայկական զինված ուժերը դուրս են բերվում այդ տարածքներից և խաղաղապահի անվան տակ ՆԱՏՕ-ի զորախումբ է տեղակայվում հայ-ադրբեջանական և հայ-իրանական սահմանների երկայնքով:
    Թուրքական կապիտալը աննախադեպ մեծ հոսքով մտնում է Հայաստանի Հանրապետություն:
    Եվ այս ամենի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը ենթարկվում է Թուրքիայի կողմից տնտեսական, քաղաքական, այնուհետև ռազմական, երբ Հայաստանին պարտադրվի մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ, էքսպանսիայի:
    Սա այն գինն է, որով Սերժ Սարգսյանը Արևմուտքի օժանդակությամբ փորձում է մնալ իշխանության ղեկին:
    Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում չի վերականգնվել սահմանադրական կարգը, պետական հաստատությունները չեն ծառայում ազգային շահերին, Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելու մտադրությունները համարում ենք ժամանակավրեպ:
    Դատապարտելով Հայաստանի Հանրապետության ներկա իշխանավորների Թուրքիայի հետ բարեկամություն անելու մեծ ցանկությունը, հորդորում ենք իշխանիկներին ճամպրուկները արագ կապել և հեռանալ Հայաստանից:

  2. Аrmaenianon 03 Apr 2009 at 4:24 pm

    Թուրքիան միշտ այնպիսի զիջումներ է անում, որ հետագայում կարող է դրանք ետ վերցնել, օրինակ, սահմանի բացումը: Իսկ Հայաստանից այնպիսի բաներ է պահանջում, որ չենք կարող ետ վերցնել

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.