Ցանկությունների կատարում կամ ի՞նչ կկամենաք

Print Print Email Email

Ռուբեն Թարումյան
26.01.2009

Մարդկանց մեծ մասը չի ստանում
այն` ինչ ուզում է, քանի որ իրենք էլ
չգիտեն, թե ինչ են ուզում։

Մարլագրամ Մագիստրոս
(Ջոն Բ. Պրիստնլիի «Հունիսի 31-ը»)

Համաշխարհային ճգնաժամի այս խառը օրերին, երբ Հայաստանի թե՛ իշխանական, եւ թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերն ակնարկում են, թե մոտ է Արցախյան հարցի կարգավորման վճռական փուլը, աշխուժանում են վեճերն այն մասին, թե հայկական կողմը պիտի հանձնի ազատագրված տարածքները, թե՞ ոչ։ Ու կարծես թե բոլորովին չի նկատվում, որ հարցի` նման սեւ-սպիտակ ձեւակերպումը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Պարզ է, որ տարածքները պիտի հանձնվեն, կամ չհանձնվեն՝ միայն ինչ-որ բանի դիմաց։ Իսկ ինչի՞ դիմաց. ի՞նչ կարող են մեզ առաջարկել տարածքները հանձնելու դիմաց, եւ ի՞նչ կարող ենք առաջարկել մենք՝ տարածքները չհանձնելու դիմաց։ Եւ ահա, պարզվում է, որ հայկական կողմը, կարծես թե չունի քիչ թե շատ հասկանալի կերպով ձեւակերպված իր համար ընդունելի տարբերակներ։ Խոսքը, հայոց պետության բարձրաստիճան ղեկավարներին չի վերաբերում, հակառակը` հենց նրանք կարող են եւ չհնչեցնել այդ պայմանները։ Բայց ի՞նչն է քաղաքական ուժերին եւ անհատ հայերին խանգարում ներկայացնել սեփական պատկերացումները արցախյան խնդրի արդար հանգուցալուծման մասին։

Կարելի՞ է, օրինակ, պատկերացնել, որ մենք հանձնում ենք ինչ-որ տարածքներ, եւ հանգուցալուծումն, այնուամենայնիվ, մեզ համար ընդունելի է մնում։ Այս հարցին պատասխանելու համար, մենք նախ պիտի հասկանանք, թե մեզ, որպես ազգի, ի՞նչ է պետք։ Ազգին, նախ եւ առաջ, բնակության տարածք է պետք, որը մի՛ կողմից կբավարարի նրա հոգեւոր եւ տնտեսական պահանջները, մյուս կողմից՝ պաշտպանելի կլինի։ Հազիվ թե գտնվի մի հայ, որն առողջ դատողությամբ կպնդի, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմանները բավարարում են այդ պայմաններին։ Ավելին, դժվար չէ նկատել, որ նույնիսկ, ազատագրված տարածքներով հանդերձ մեր տարածքը տնտեսական առումով անբավարար է, թեեւ ռազմական տեսակետից այդ տարածքները էապես փոխում են մեր պաշտպանունակությունը։ Հենց միայն այս վերջին հանգամանքի շնորհիվ է, որ արդեն տասնհինգ տարի է մեզ հաջողվում է պահել թե՛ այդ տարածքները, եւ թե՝ մնացածը։ Հետեւաբար, ակնհայտ է, որ եթե մենք հանձնում ենք այդ տարածքները, ապա դրա դիմաց մենք պիտի ստանանք մեր անվտանգության առնվազն համարժեք երաշխիք։ Բնականաբար, դա չի կարող լինել որեւէ պայմանագրային երաշխիք, մասնավորապես, այսպես կոչված` «մեծ տերությունների» տված «երաշխիք», քանի որ ցանկացած պայմանագիր կարելի է դրժել, իսկ պետությունը, որն այսօր թվում է, թե մեծ է, վաղն անսպասելի կարող է փոքրանալ, ինչպես դա մեր աչքի առաջ եղավ ԽՍՀՄ-ի հետ։ Նույնը կարելի է ասել եւ ֆինանսական փոխհատուցման մասին. փողերը ծախսվում են… Ընդունելի կարող էր համարվել որեւէ միջազգային տնտեսական ծրագրի մեջ ներգրավվելը, օրինակ, միջազգային որեւէ էներգակիր խողովակաշարի անցակցումը մեր տարածքով. այն կարող էր բերել շարունակական եկամուտ, եւ կախվածության մեջ պահելով տաբեր պետությունների շարհերը` դառնալ երկրի քաղաքական անվտանգության երաշխիք։ Սակայն սա էլ, թեեւ շատ գայթակղիչ, բայց թվացյալ երաշխիք է. նախ տարածքների հանձնման դեպքում պաշտպանունակությունը կարող է այնքան ընկնել, որ մենք կարող ենք գրեթե անմիջապես կորցնել եւ մնացած տարածքները՝ մինչեւ այդ խողովակաշարի կառուցման ավարտը (տե՛ս նախորդ կետը), իսկ նույնիսկ եթե այն հասցնեն կառուցել, չի կարելի բացառել, որ հանուն տարածքի յուրացման կամ այլ քաղաքական խնդրի լուծման, մեր հարեւանները կարող են զոհաբերել առաջնային թվացող տնտեսական շահերը (վկա՝ վերջին ռուս-ուկրաինական «գազային պատերազմը»)։ Այսպիսով, դժվար չէ նկատել, որ տարածքի դիմաց հուսալի երաշխիք կարող է լինել միայն… մեկ այլ տարածք։ Ո՞րը։ Տվյալ պահին դա կարեւոր չէ։ Կարեւոր է այն, որ այս տարբերակը մեր ազգը առահասարակ չի քննարկում։ Հայրենասերները պնդում են, որ հայրենիքի տարածքը չի կարող առք ու վաճառքի առարկա լինել` մոռանալով, որ ցանկացած պետության պատմություն, դա տարբեր տարածքներից հրաժարվելու եւ հետագայում վերանվաճելու հաջորդականություն է. իսկ նրանց ընդդիմախոսները խոսում են միայն վերացական քաղաքական «երաշխիքներից»` մոռանալով, թե պատմության ընթացքում քանի՜-քանի խոստումներ են դրժվել, եւ քանի պայմանագրեր են խախտվել։

Բայց սա մեր տեսակետից։ Իսկ Ադրբեջանի՞։ Բնականաբար, իրենք միարժեքորեն ընդունելի կհամարեն հենց պայմանագրային «երաշխիքները», մինչդեռ տարածքային փոխանակումը իրենց տեսակետից բոլորովին անհեթեթ է, քանի որ բոլոր այդ տարածքներն իրենք էլ իրե՛նցն են համարում, եւ նույնպես գտնում, որ հայրենիքի տարածքները առք ու վաճառքի առարկա լինել չեն կարող։ Ինչ խոսք՝ տրամաբանական է։ Սակայն կա մի հանգամանք, որը նրանք հաշվի չեն առնում։ Այն, որ Արցախի ազատագրված տարածքները նույնքան ադրբեջանական չեն, որքան հայկական են Գետաշենը, Շահումյանն ու Գանձակը…

Ցավոք, դա չեն հասկանում եւ մերոնք (կամ ավելի ճիշտ, մերոնց կողմից այդ հանգամանքի չհասկանալը բերում է ադրբեջանցիների նույնական վերաբերմունքին)։ Եւ ամենեւին էլ ոչ միայն առաջնորդները։ Հազիվ թե վերջին տարիներին հայոց պետությունը տպագրած լինի Հայաստանի եւ Արցախի պետությունների գեթ մեկ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ քարտեզ։ Ինչ էլ տպագրվել է՝ առանձին ահատների նախաձեռնությամբ միայն եւ իրե՛նց էլ պատկերացումների համաձայն։ Ունենք տարբերակ, երբ Հայաստանը պատկերված է միայն ՀԽՍՀ-ի սահմաններում. սրանց հեղինակները, հավանաբար, ամենախոհեմ, ինքնագրաքննող, եւ իրենց իմաստուն զգացող հեղինակներն են (գուցե հենց սրա՞նք են պաշտոնական քարտեզները)։ Երբ խոհեմությունը մի քիչ տեղի է տալիս, պատկերվում են երկու անջատ տարածք` ՀԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի սահմաններում։ Ազատախոհության հաջորդ աստիճանը` վերոհիշյալ երկու «կղզիները» միացվում են Բերձորի (Լաչինի) «միջանցքով»։ Հաջորդ աստիճանը` ԼՂԻՄ-ի վերին մասում հավելվում է մի եռանկյունի՝ Շահումյանի շրջանի եւ Գետաշենի «ենթաշրջանի» տարածքը։ Երբեմն այն զոլավոր է պատկերվում, ասել է թե՝ «գրավված է թշնամու կողմից»։ Վերջապես, որպես ազատամտության գագաթ ներկայանում է Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի քարտեզը դրանցից դուրս ազատագրված բոլոր տարածքներով հանդերձ, գումարած՝ Շահումյանի շրջանի «զոլավոր» եռանկյունին։ Այս է ժամանակակից հայի երեւակայության թռիչքը։ Այն մարդիկ, որոնք ժամերով կարող են ուսումնասիրել Տիգրան Մեծի ժամանակվա Հայաստանի քարտեզները, իրենց մտքի եւ հոգու այդ թռիչքը սահմանափակում են միայն Շահումյանի եռանկյունով. սա է, ստացվում է, մեր պահանջն այս կյանքից։ Խոհեմություն է կոչվում, իրապաշտություն… Նման քարտեզների սիրելի հեղինակներ, բացատրե՛ք խնդրում եմ, ինչո՞վ է Շահումյանի շրջանի տարածքը տարբերվում դրա հարեւան, ասենք, Դաշքեսանի շրջանի տարածքից։ Ինչո՞վ է Գետաշենը Բանանցից լավ, որ այն դուք երազում եք տեսնել մեր պետության կազմում, իսկ վերջինը՝ ոչ։ Ինչո՞վ են այդ երկուսը տարբերվում ադրբեջանցիների, թուրքերի եւ վրացիների գրաված հայոց մյուս տարածքներից։ Միայն նրանով, որ դրանք ամենավերջո՞ւմ ենք կորցրել, թե՞ ձեր` հեղինակներիդ, դիվանագիտական նրբանկատությամբ։ Թողե՛ք դա առաջնորդներին։ Մենք, հասարակ մարդիկ, իրավունք ունենք երազել, եւ պետք չէ կաշկանդել սեփական այդ մղումը` վախենալով ծիծաղելի երեւալ։

Ադրբեջանցիները հեգնում են ծովից-ծով Մեծ Հայքի գաղափարը` այն անվանելով զառանցական։ Եւ ահա, պարզվում է, որ ադրբեջանցիները (թուրքերը) հասել են իրենց նպատակին. արդեն նաեւ մենք հայերս ենք այդպես համարում, վախենում ենք ծիծաղելի, «անիրաստես» երեւալ։ Բայց եթե Մեծ Հայքի գաղափարը հեգնում են թուրքերը (ադրբեջանցիները)` դա տրամաբանական է, դրանով իրենք նպաստում են այդ տարածքին իրենց վերջնական տիրանալուն։ Իսկ ի՞նչ ենք մենք շահում։ Զգում ենք մեզ «քաղաքակիրթ» եւ «իրապաշտ» «եվրոպական» ազգի ներկայացուցիչ, եւ արժանանում «զարգացած» երկրների ներկայացուցիչների «գովասանքին»…

Ո՛չ, ես կոչ չեմ անում «զոլավոր» ներկել Մեծ Հայքի ամբողջ տարածքը։ Մենք դրա կարիքը չունենք. յուրաքանչյուր հայի ուղեղում մանկուց այդ տարածքը «զոլավորված» է։ Ես պարզապես առաջարկում եմ ճիշտ հասկանալ իրականությունն ու «իրապաշտությունը»։ Իրականությունն այն չէ, որ մենք չենք կարող վերստին տիրանալ Մեծ Հայքին, դա սոսկ թուրքերի երազանքն է։ Հակառակը, իրականություն են ալբանացիների, քրդերի, աբխազների, օսերի հաջողությունները։ Իրականություն է այն, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ներկայիս վեճի առարկան Արցախն է ամբողջությամբ, այլ ոչ թե միայն այսպես կոչված` «ազատագրված», կամ «գրավյալ» 7 շրջանները։ Իրականությունն այն է, որ այդ շրջանները հանձնելուց հետո, Հայաստանի հարավային տարածքի խորությունը լինելու է հազիվ մի 30—40 կմ, որը ռազմական ինքնաթիռը կարող է անցնել հաշված վայրկյաններում։ Իրականությունն այն է միայն` ինչ կա, եւ որ ապագայի մասին, Բորիս Ստրուգացկու խոսքերով, հաստատապես կարելի է ասել միայն մի բան` այն բոլորովին նման չէ նրա մասին մեր պատկերացումներին։

Իրականությունը երբեք զոլավորված չէ, այլ ներկված է թանձր, հոծ գույներով։ Եկեք որպես հայոց տարածք քարտեզների վրա իրապաշտորեն պատկերենք միայն այն տարածքները, որոնք հիմա վերահսկում ենք` ոչ ավել, բայց եւ ոչ պակաս։ Հայոց հողերի ներկայիս սահմանի մեջ չեն մտնում Շահումյանն ու Գետաշենը։ Չեն մտնում նաեւ Նախիջեւանը, Գանձակը, Կարսը, Վանը… Բայց որպես Հայրենիքի տարածքներ, դրանք ոչնչով ավելի լավը կամ վատը չեն, քան Գյումրին կամ Երեւանը։ Փորձենք ձերբազատվել մտքի կարծրությունից, եւ պատկերացնել մեր պետության զարգացման ամենատարբեր հեռանկարներ։ Փորձենք ապագայի փոխարեն չորոշել, թե ինչն է իրապաշտական, ինչը՝ ոչ։ Փորձենք պատկերացնել, թե տարածքներից որո՞նք մենք կարող ենք այսօր վերահսկել առավել հաջողությամբ, որո՞նց վերահսկումը առավել նպաստավոր է տվյալ պահին, իսկ որոնց վերահսկմանը մենք պիտի անցնենք ավելի ուշ` մինչեւ բավարարվի մեր ազգի գոյատեւման, ռազմական, տնտեսական, հոգեբանական ինքնաբավության պահանջը։


Տես նաև՝
Հանուն ճիշտ քարտեզների

10 responses so far

10 Responses to “Ցանկությունների կատարում կամ ի՞նչ կկամենաք”

  1. zakon 30 Jan 2009 at 6:19 pm

    Դուք այնպես եք գրում, կարծես համ նալին խփելուց լինեք համ մեխին: Կոնկրետ ի՞նչ եք առաջարկում անել:Փաստորեն ըստ ձեզ, հայ ազգին հաղթանակելն էլ է արգելված,իսկ կոտորածն ու ջարդը իբրեւ դեղամիջոց ցմահ աստծո կողմից նշանակված: Այո համամիտ եմ,որ քարտեզն անգամ մինչեւ օրս պետականորեն ընդունվծ չի, ժողովուրդին հստակ չեն բացատրում իրողությունը: Զարմանալին նաեւ նա է,որ հենց իրենք Ղարաբաղցիք էլ են սկսում կասկածել հաղթանակի անհրաժեշտության մասին:Այս հարցին չպետք է նայել զուտ կոմմերցիոն տեսանկյունից:Ընդհամենը երկու միլիոն բնակիչ կա հայաստանում, մի Վոլգոգրադի չափ բնակչություն, ու գումարներ են որ այդ բնակչության կողքով գալիս ու գնում են: Վոլգոգրադն իր պատմության ընթածքում այդքան գումարի անուն անգամ չի լսել,բայց իր ժողովրդի համար նախատեսած բյուջեն օգտագործում է նպատակին: Ես չեմ զարմանա որ մի օր մեզ մեր վայ-ղեկավարները չեն ասի- Դե ժողովուրդ ջան ինչքան ապրինք, ապրինք էս երկրում, հիմա էլ Ազերների ժամանակն ա եկել, կամաց պատրաստվեք գնալու, թե չէ ինչքա՞ն կարելի է չարաշահել այդ մարդկանց համբերությունը:Ես կարդալով ձեր գրված մտքերը, եկա այն եզրակացության, որ մենք պետք է մեր ոտքերը մեկնենք մեր վերմակին համապատասխան:Դե ուրեմը թող սփյուռքը իր հարցը լուծի առանց Հայաստանի,Ղարաբաղն էլ իր հարցը թող լուծի քիրվայության շրջանակներում, իսկ Հայաստանն ել մի կերպ իր անվտանգության հարցը կլուծի իր այժմյան սահմանների պայմաններում ու կմտածի ո՞ր խողովակը,որ տարածքով տանի: Համոզված եմ այդ տարանջատման դեպքում, այժմյան Հայաստանը կգտնի իր գոյատեվման տարբերակի լուծումը: Թե չէ Սփյուռքը մի կողմից իր Ցեղասպանության ճանաչման հարցով, Ղարաբաղի պատերազմի հաղթանակի չմարսելը մի կողմից, Հայաստանի վիճակն էլ ավելի են դժվարացնում միջազգային լուրջ կազմակերպություններում: Եթե Սփյուռքին իրոք հետաքրքրում է ներկա Հայաստանը, ապա հենց Սփյուռքն էլ պատասխանատու է այս պետության ապագայի համար, Սփյուռքի շնորքը չէ,որ կա գոնե այս փոքր տարածքը: Հույսները դնելով սրա նրա վրա, առանց զենքի Ազգային Ազատագրական պայքարի էին ելնում թուրքի դեմ:Ի՞նչն էր խանգարում ֆինանսավորել այդ շարժումը ու զինել ժողովրդին, նոր անել քայլեր: Ինչ է փող չունեի՞ն: Արտասահման փախնողների 90%-ը փողատերեր են եղել: Սփյուռքը հենց նրանով է սփյուռք,որ հասցրել փախնել իր գլուխը փրկել է:Դե եթե ունե՛ք հարցնելու թուրքերից կոնկրետ,ուրեմը կոնկրետ էլ հարցրե՛ք:Թէ չէ ճանաչե՜լ չճանաչե՜լ , դա արդեն էլ չի գործում: Հողը արյունով է հետ բերվում, ոչ թե ճանաչել-չճանաչելով: Բայց նայելով Ղարաբաղին դրանում էլ է կասկած առաջանում:

  2. zakon 30 Jan 2009 at 6:31 pm

    Դուն խելոք, հաշվով վաճառական ես,
    Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես. –
    Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,
    Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։

    Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծավոր,
    Անուն հաղթողի ունես փառավոր.
    Բայց թե թըրեդ շահ չունի Հայաստան,
    Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան։

    Ի վերուստ քանքար քեզի տված է,
    Հեղինակ անունըդ աշխարհ փըռված է.
    Բայց թե գըրչեդ շահ չունի Հայաստան,
    Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վըրան։

    Հեռատես մըտքով դուն զարդարեցար,
    Հըզոր իշխանի սիրելին դարձար.
    Բայց թե մրտքեդ շահ չունի Հայաստան,
    Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան։

    Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր,
    Շատ կըհորինես թանկագին բաներ.
    Բայց թե ձեռքեդ շահ չունի Հայաստան,
    Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան։

    Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար,
    Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար.
    Բայց թե լեզվեդ շահ չունի Հայաստան,
    Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վըրան:

    Մեծ ուսում առիր, եղար գիտնական,
    Գովքովըդ լըցված է մարդոց բերան.
    Թե ուսումեդ շահ չունի Հայաստան,
    Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան:

    Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու հարգ,
    Ու կըդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ,
    Երբ օրորանեդ մինչի գերեզման
    Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան։

    Ռափայել Պատկանյան

    * * *

    1870-ականներից ի վեր նույն խնդիրների առաջ ենք կանգնած։ Կարծես թե բան չի փոխվել այս 130 տարվա ընթացքում։

  3. Ռ. Թարումյանon 31 Jan 2009 at 3:11 pm

    Պատասխան առաջին արձագանքողին
    Հոդվածս շոշափում է քաղաքականության հետ կապված հարցեր, իսկ քաղաքականությունը հենց այն ասպարեզն է, ուր հաճախ են ստիպված լինում հա՛մ մեխին խփել հա՛մ՝ նալին. այդպիսին է «ժանրի» առանձնահատկությունը (ի դեպ ձեր արձագանքն էլ, կարծես թե, առանձնապես հստակ չէր)։ Մյուս կողմից, իմ հոդվածի նպատակը լուծումներ տալու նպատակով չէր գրված, որպեսզի հստակ լիներ։ Լուծումներ առաջարկելու հավակնությունն առհասարակ անլուջ կլիներ մի մարդու համար, ով քաղաքական լուրերը ԶԼՄ-ներից է ստանում, այն էլ ոչ կանոնաբար։ Հոդվածի նպատակն էր, պարզապես, մատնացույց անել որոշ երեւույթներ, որոնք թեեւ ակնհայտ են, սակայն չեն արժանանում վերլուծության՝ նույն այդ ԶԼՄ-ներում։
    Ստորեւ փորձում եմ ավելի հաստակ ներկայացնել այդ երեւույթները.
    1. Մենք սկսել ենք ամաչել մեր Հայրենիքը վերանվաճելու գաղափարից, վախենալով անիրապաշտ երեւալ (ի ուրախություն թուրքերի), այսինքն հոգեբանորեն շարժվում ենք դեպի պարտություն։ Եթե մենք չենք ուզում որեւէ բանի հասնել, չենք էլ հասնի։
    2. Հրատարակելով մեր երկրի քարտեզները (ոչ պաշտոնականները), մենք դրսեւորում ենք անտրամաբանություն. Հայրենիքի գրավված տարածքների մի մասին (Շահումյանի շրջան) այլ կերպ ենք վերաբերում (նշում ենք հատուկ պայմանական նշաններով), քան մյուսներին։ Երբեմն էլ չենք պատկերում նույնիսկ վեր կողմից վերահսկվող, կամ հայաբնակ տարածքները (Ախլքալակ, Ախալցիխե, Ծալկա եւ այլն)։ Այսինքն, կրկին հոգեբանորեն պատրաստ ենք զիջել դրանք։
    3. Այն դեպքում, երբ մեր երկրի վրա (մեր ղեկավարների վրա) հսկայական ճնշում է գործադրվում ազատագրված տարածքենրը հանձնելու ուղղությամբ, մեր մեջ գտնվում են այնպիսիք, ովքեր լրջորեն հավատում են, որ կարող են լինել մեր անվտանգության ինչ-որ ոչ տարածքային երաշխիքներ. դիվանագիտական, տնտեսական եւ այլն։ Պատրաստ են վստահել ինչ-որ «մեծ» տերությունների ինչ-որ «միջնորդությանը»։ Խոսում են իրապաշտությունից, սակայն մոռանում են (կամ ձեւ են անում, թե մոռանում են), որ բանակցությունների նյութը ոչ միայն 7 շրջաններն են, այլ նաեւ ԼՂԻՄ-ի տարածքը, առանց որի մեր մնացած տարածքի խորությունը՝ Սյունիքի մասում կզմում է հազիվ մի 35 կիլոմետր, որն անհնար կլինի պաշտպանել երկկողմանի հարձակման դեպքում։
    4. Արցախյան խնդրի լուծումը քննարկելիս խոսելով միայն տարածքենրը հանձնելու կամ չհանձնելու մասին, մենք, մի՛ կողմից, ձեռք ենք բերում կարծ դիրքերով բանակցողի համբավ, մյուս կողմից, զրկում ենք մեզ թե՛ ժամանակ ձգելու, եւ թե՛ ճկուն դիվանագիտություն վարելու հնարավրությունից։ Մինչդեռ գույություն ունի նաեւ տածքների փոխանակելու տարբերակ։ Եւ հենց այստեղ կարող էր հիշվել Շահումյանի ու նաեւ Հյուսիսային Արցախի մյուս շրջանների մասին։ Իհարկե, միամտություն կլիներ կարծել, թե Ադրբեջանը, կամ նրանց եւրամերառուս հովանավորները կհամաձայնվեին ինչ-որ փոխանակման գաղափարի հետ, բայց մենք հնարավորություն կստանայինք ասել, թե, ահա. մենք հանդես ենք գալիս նորանոր առաջարկներով, իսկ Ադրբեջանը դրսեւորում է կարծր անիրատես դիրքորոշում։ Եւ այլն… Թեեւ, ո՞վ գիտի, գուցեեւ բանակությունների ինչ-որ մի նոր ուղղություն բացվեր…

    Պատասխան երկրորդ աձագանքողին
    Եթե կարծում եք, որ Ռափայել Պատկանյանի բանաստեղծությունը ի՛նձ է վերաբերում, այսինքն թե Հայաստանը (մեր Հայերնիքը) շահ չի ստացել իմ ուսումից, լեզվից, ձեռքից, մտքից ու գրչից, եւ որ այդ եզրակացությանը կարելի էր գալ կարդալով իմ հոդվածը, ապա դա ձեր գործն է։ Թուր ձեռքումս երբեւէ չեմ պահել (ինչ մեղքս թաքցնեմ), իսկ փո՞ղ… Մի՞թե ես նման եմ մի մարդու, որ փող ունի։–)))
    Թեեւ չեմ բացառում, որ չեմ հասկացել ձեր ակնարկը։

  4. Haroon 31 Jan 2009 at 4:25 pm

    Well, why not let us just give the rest of Armenia to Turkey and get done with it. At least they will not demand their grand Ottoman empire of Egypt, Syria, the balkans etc. from us. That will be all, and the world will be more happy without this so called Armenian humans.

    No, we should not at all pretend to be realistic by being overly constrained. Here is the exact list of pokhzijum:
    (1) All land below Gur river must be returned to their rightful owners, the Armenians.
    (2) Javakhk must be returned to their rigthful owners, the Armenians. Tiblisi must be autonomous between Georgains and Armenians (only).
    (3) All land in Anatolia up to and including Kilikia must be put under the juristiction of a strong Pro-Armenian government. The current population must be allowed to speak any language they please, and they must be free to follow any culture (Armenian, Kurdish, Turkish, Greek, Assyrian, etc.). Obviously, this becomes a much better situation for the people, since now under Ankara they are not free (this is pokhzijum).
    (4) People in current Turkey must be encouraged to get back to their Armenian roots (i.e. not be forced to convert back to Armenians).

    And please forget about Oil and pipelines, soon they will be useless technologies.

  5. zakon 31 Jan 2009 at 8:24 pm

    ՈՒՐԵՄԸ ԵՍ ԿՈՒԶԵՒ ՆԱԽՈՐՈՔ ԱՍԵԼ,ՈՐ ԱՌԱՋԻ ՈՒ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՁԱԳԱՆՔՈՂՆ ԵԼ, ԵՍ ԵՄ ԵՂԵԼ: ԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ,ՈՐ ԴՈՒՔ ՀԱՐԿ ՀԱՄԱՐԵՑԻՔ ԱՎԵԼԻ ՀՍՏԱԿ ՊԱՏԿԵՐԵԼ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ՄՏՔԵՐԸ,ՔԱՆԻ ՈՐ ՍԿԶԲՈՒՄ ՁԵՐ ԳՐՎԱՑՔՈՒՄ ԵՍ ԴԻՏԵՑԻ ԵՐԿՍԿԶԲՄՈՒՆՔԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ:ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԻՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՆՇԵԼԸ, ԵՍ ԿՈՒԶԵԻ ՁԵԶ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ, ՈՐ ԱՅՍՕՐՎԱ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՁԵՐ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԴԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻՑ ՆՐԱՆՈՎ ,ՈՐ ԱՌԱՆՑ ԶԼՄ-ԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵԼՈՒ ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԻՑ, ՁԵՐ ԻՍԿ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՍԱՆԴՂԱԿԸ ԿԼԻՆԵՐ ՀԱՎԱՍԱՐ ՁԵՐ ՍՏԱՑԱԾ ՈՒՍՈՒՄԻՆ: Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ,ԵՍ ՉԵՄ ԺԽՏՈՒՄ ԻՄ ԶԼՄ-ՆԵՐԻՑ ԻՆՉ ՈՐ ՉԱՓՈՎ ԻՆՖՈՐՄԱՑԻԱ ՍՏԱՆԱԼԸ,ԵՍ ՀԻՄԱ ԷԼ ԶԼՄ-Ի ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԻՄԱՑԱ ՁԵՐ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ: ԻՆՉԵՒԻՑԵ…ԵՍ ՉԷԻ ՈՒԶԻ,ՈՐ ՀԻՄԱ ՄԵՆՔ ԸՆԿՆԵՆՔ ՓՈԽԱԴԱՐՁ ՔՆՆԱԴԱՏՄԱՆ ԵՏԵՒԻՑ, ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՄԵՐ ՀԱՄԱՏԵՂ ՄՏՔԵՐՈՎ ՆՊԱՍՏԵԻՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ: ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ ՄԵՐ ԱԶԳԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ՊԵՏՔ Է ԲՈԼՈՐ ՄՏԱԾԵԼ ԿԱՐՈՂԱՑՈՂ ԽԱՎԻ ՀԵՏ ՑԱՆԿԱՑԱԾ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ,ԿԼԻՆԻ ՆԱ ԼԵԳԻՏԻՄ ԹԵ ՈՉ,ԳՏՆԻ ԻՐ ԴԻԱԼՈԳԻ ՕՐԻԳԻՆԱԼ ՁԵՒԸ,ՈՐՊԵՍԶԻ ԹՈՒՅԼ ՉՏՐՎԵՆ ՍԽԱԼՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿՀԱՆԳԵՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆԸ: ԵՍ Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՄԻ ՔԱՆԻ ԳՐՉԱԿ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ, ԶԵՆՔԸ ՁԵՌՔԻՍ ՊԱՅՔԱՐԵԼ ԵՄ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԱՄԱՐ,ԵՒ ՈՒՆԵՄ ՊԱՐՏՔԻՍ ՄԱՐՄԱՆ ԻՄ ԲԱԺԻՆԸ, ՏՐՎԱԾ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ:ՈՒՂՂԱԿԻ ՁԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԳՐՎԱԾԻՑ ՆՈՐ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԴԱՐՁԱՎ ՁԵՐ ՄՏՔԵՐԻ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ: ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱԼ ՀՍՏԱԿ ԾՐԱԳԻՐ ՄԻՆԻՄՈՒՄ ԵՒ ՄԱՔՍԻՄՈՒՄ, ԵՒ ԿԱՏԱՐԵԼՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԻՆԻՄՈՒՄԸ, ՇԱՐԺՎԵԼ ԴԵՊԻ ԲԱՂՁԱԼԻ ՄԱՔՍԻՄՈՒՄԸ: ԴԱ ՊԵՏՔ Է ԱՐՎԻ ԱԶԳՈՎԻ: … ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ ԿՈՔՍԻԴԱՆԱՆ ԵՎ ԿԼԻՆԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ, ԵՐԲ ԻՄԱՆԱՆ, ՈՐ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԱՍՈՒՄ ԻՐԵՆՔ ԱՊԱՀՈՎ ՉԵՆ ԼԻՆԻ:ՎԵՐՋԱՊԵՍ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՈՒՍՏ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՏՐՎԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻՆ ՆՊԱՍՏԵԼՈՒՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ, ՆԵՐՀՈՍՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԻՆ ԾԱՌԱՅԵՑՆԵԼՈՒ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅՍԻՆՔՆ ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ: ՉՆԱՅԱԾ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԶՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՆԱ ՉԻ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՈՉ ՄԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ,ՈՐՏԵՂ ԿԼԻՆԵՆ ՀՍՏԱԿ ՊԱՏԿԵՐՎԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱԳԱՅԻ ԲՈԼՈՐ ԲԱՆԱՁԵՒԵՐԸ: ԵՒ ՎԵՐՋԻՆԸ: Ի՞ՆՉՈՒ Է ՄԵԶ ՀՐԵԱՆԵՐԻՑ ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՄՆՈՒՄ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ: ՆԱՅԵԼՈՎ ՆՐԱՆՑ ԱԿԱՄԱՅԻՑ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՀՊԱՐՏԱՆԱԼ ՆՐԱՆՑ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՈՎ ԵՒ ՀԱՆԿԱՐԾ ՍԹԱՓԵՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱԿ ՍԱՐՔԻՆ ՇՈԳԵՔԱՐՇԻ ՍՈՒԼՈՑԸ,ԱԶԴԱՐԱՐԵԼՈՎ ՈՐ ՄԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՆՄԱՆ ԼԻՆԵԼՈՎ ՆՐԱՆՑ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ,ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ՏԱՆՈՒՄ Է ԱՆՀԱՅՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ…ԻՍԿ ԴՈՒ՜Ք…ՔԱՐՏԵԶՆԵ’Ր… Ի՞ՆՉ ՔԱՐՏԵԶ: ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՊԵՏՔ ԶԱՐԳԱՑՆԵԼ, ԵՒ ՈՒՆԵՆԱԼ ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ ԴՈՒԽՈՎ ԽՈՍԱԼՈՒ ԿԱՄՔ: ՊԱՏԵՐ՞ԱԶՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ,ՈՒՐԵՄԸ ՊԱՏԵՐԱԶՄ, ՄԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԼՈՒԾԵԼՈՒ ԽԱՂԱՂ: ԵՎ ԱՐԴԵՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է,ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ԼԱՑ ՈՒ ԿՈԾ ԱՆԵԼՈՒՑ ԱՆՑՆԵՆՔ ՎՍՏԱՀ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԻ: ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ ԱՌԱՋԻՆ ՓՈՓՈԽՎԱԾ ՀԱՅԱՆՊԱՍՏ ՔԱՐՏԵԶԻ ՕՐԻՆԱԿԸ ԴՈՒՔ ԿՈՒՆԵՆԱՔ: ԱՄԵՆԱՅՆ ԲԱՐԻՔ

    [ Մոդերատորական՝ բռնություն ու ներքին անհանդուրժողականության կոչերը խմբագրված են ]

  6. Haroon 31 Jan 2009 at 9:52 pm

    It’s interesting what Zak is saying, and I for one agree with him totally. Diaspora has indeed the power to strengthen Armenia many folds compared to the aids that are given to Turkey from USA and NATO every year. I have a full prove of this by personally getting involved for 10 years in this area. Every year we collect via telethon from 15 to 30 million USD, to be send to Artzakh, but the real economic muscle is in fact many folds more than this. A single devoted diaspora Armenian may contribute from 30,000 to 50,000 USD, and this, in a dignifying manner (e.g. business ventures). Given 25% of diaspora, say 250,000 devoted Armenians, that totals up to 7.5 to 12.5 billion USD per year and not just 15 to 30 million.
    So then, why cannot we workout these advantages that we have. The reason is many folds. The foremost of these reasons is to indeed wakeup from the current Armenian mentality of “asking for only what’s under our nose”. Go up on Aragatz and aim at the Mediterranean sea and not just Artzakh.

    Haro

  7. Արամէon 01 Feb 2009 at 4:29 am

    Բանակցային պռոցեսում տարածքների փոխանակման գաղափարը և՜ իրատեսական է, և՜ ընդունելի, այն իմաստով որ այսօրվա խայտառակությունից մի քանի գլուխ բարձր է: Երբ քննարկվում է տարածքներ ռեֆերենդումի դիմաց էն էլ աստված գիտի երբ:

    Ինչ վերաբերվում է Շահումյանը ու Գետաշենը նշելուն քարտեզների մեջ: Ինչքան որ ես հիշում եմ այդ շրջանները դեռևս Սովետական կարգերի ժամանակ քվեարկեցին որ մտնեն ԼՂԻՄ-ի մեջ ու այդպեսով միավորվեն Հայաստանին:
    Եթե սխալվում եմ ուղղեք, ու դրա համար է որ նրանք նշվում են որպես օկուպացված իսկ ասենք Նախիջևանը ոչ:
    Ուղղակի ինչպես միշտ հայերս ուզում ենք իրավական տեսակետից անթերի լինենք :)

  8. Ադմինon 02 Feb 2009 at 5:45 am

    Կարծում եմ, Ռ. Թառումյանի հոդվածում արտահայտված կարծիքն առավել պարզ կլինի, եթե ընթերցեք նրա հետևյալ ուսումնասիրությունը

    Հայակենտրոնություն (Armenocentrism)
    http://www.ararat-center.org/?art=20&l=arm&p=42

  9. Ռ․ Թարումյանon 02 Feb 2009 at 11:46 am

    Հարգելի Արամէ,
    Լիովին ձեզ հետ համաձայն եմ։ Հատկապես վերջին «ժպիտին»։-) Էս էլ իմ կողմից։-)

    Հարգելի zak,
    Անկեղծ ասած ձեր սկզբի միտքը՝ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԻՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՆՇԵԼԸ, ԵՍ ԿՈՒԶԵԻ ՁԵԶ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ, ՈՐ ԱՅՍՕՐՎԱ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՁԵՐ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԴԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻՑ ՆՐԱՆՈՎ ,ՈՐ ԱՌԱՆՑ ԶԼՄ-ԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ՏԵՂՅԱԿ ԼԻՆԵԼՈՒ ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԻՑ, ՁԵՐ ԻՍԿ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՍԱՆԴՂԱԿԸ ԿԼԻՆԵՐ ՀԱՎԱՍԱՐ ՁԵՐ ՍՏԱՑԱԾ ՈՒՍՈՒՄԻՆ: ես այնքան էլ չհասկացա (թերեւս ինչ-որ վրիպակներ կան), սակայն հաջորդ նախադասություններից պարզ է, որ ընդհանուր առմամբ մենք համակարծիք են, որի համար էլ ես շատ ուրախ եմ։

  10. Mamikonyanon 08 Feb 2009 at 7:20 am

    Նախ` ես կտրականապես համաձայն չեմ «ազատագրված տարածք» տերմինի հետ:
    1. Հայրենիքը չի կարելի «տարածք» անվանել, որովհետև այդ տերմինը հնարավորություն է տալիս հայրենիքն առևտրի առարկա դարձնել: «Տարածքի» հետ կարելի է տարբեր կերպ վարվել` հանձնել, փոխանակել և այլն: Իսկ «հայրենիք հանձնել»-ը անհերքելի դավաճանություն է: Այնպես որ միյն այս տերմինի օգտագործումը արդեն աջակցում է թշնամական քարոզչությանը:
    2. Ազատագրված են ոչ միայն ԼՂԻՄ-ից դուրս շրջանները, այլ ողջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ինչու չենք ձերբազատվում Ադրբեջանի քաղաքականության հետևանքներից, որը մեր պատմական Արցախը փոքրացրել-դարձրել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ (ԼՂԻՄ) և դրա պատճառով առաջացել են «ազատագրած տարածքներ», «Արցախի հարակից տարածքներ», «ԼՂՀ-ի կողմից վեահսկվող տարածքներ» և այլ նմանատիպ տերմիններ: Որքանով, որ ազատագրված է Սանասարավանը (Ղուբաթլի), այնքանով էլ` Ստեփանակերտը:
    3. Վաղուց ժամանակն է չօգտագործել ազատագրված տարածք տերմինը, այլ բոլոր տեսակի քննարկումներին օգտագործենք կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններ կամ էլ Պատմական Արցախի շրջաններ եզրույթը:

    Երկրորդ, ընդհանրապես չպետք է քննարկենք հայրենիք հանձնել-չհանձնելը, որովհետև դա արդեն իսկ պարտություն է և համազոր է ապրել-չապրելու քննարկմանը: Քննարկման այդ թեման արհեստականորեն է մտցվել մեր տեղեկատվական դաշտ, որովհետև քարոզչական պայքարի հայտնի հնարքներից է, երբ ինչ-որ տաբու քայքայելու համար տեղեկատվական դաշտում քննարկումներ են կազմակերպվում «ճիշտ լուծում» գտնելու համար, իսկ իրականում նման քննարկումները թուլացնում են թեմայի կարևորության ընկալումը և մեր դիրքերը:

    Չգիտեմ դուք ինչ նկատի ունեք պշտոնական քարտեզ անվանելով, բայց տեղեկացնեմ, որ ՀՀ Գեոդեզիայի ինստիտուտը հրատարակել է ՀՀ և ԼՂՀ իրական քարտեզները, բացի այդ վերջերս կազմվել է հայկական ատլասը, որտեղ նույնպես ԼՂՀ-ն և ՀՀ-ը պտկերված են նարկա փաստացի սահմաններով:

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.