Քարտեզագրական պատերազմը

Print Print Email Email

«ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ԵՎ ՀԱՅՈՑ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Հայոց ավելի քան հինգհազարամյա քաղաքակրթության (ազգային, հոգևոր-մշակութային, քաղաքա-տնտեսական ոլորտների ընդգրկմամբ) պատմության ճանաչողությունը ազգային անկախ պետականության վերակերտման դարակազմիկ ժամանակաշրջանում հսկայական հնարավորություններ է ընձեռում հզորացնելու քաղաքական մտքի զինանոցը:
Արցախի ազատամարտիկների սուրբ արյամբ հայկական հողերի ազատագրումը Հայության կյանքում նշանավորում է Հայրենիքի հզորացման ուղին պատմական արդարության վերականգնման և ազգանվեր հայրենաշեն գործին ծառայելու ճանապարհով:
Ազգային արժեհամակարգի պահպանմամբ պատմագիտությունը1 խորքային մոտեցման հնարավորություն է ընձեռում արդի քաղաքական խնդիրներին2: Հայրենիքը հոգեպես ընկալման բնիկ հայ ազգային լեզվամտածողության հիմքումն է Հայկական լեռնաշխարհի (Մեծ Հայք, Փոքր Հայք) և Հայկական Կիլիկիայի բնապատմական միջավայրը` Հայոց բնաշխարհը բնութագրող պատմաաշխարհագրական անվանումների ամբողջությունը: Քաղաքակրթական զարգացումների ներքո ազգային անվտանգության համակարգում3 հայկական տեղանունների պահպանությունը ազգապահպան նշանակություն ունի` կենդանի պահելով հայրենի ակունքների գիտակցումը, քանզի Հայության անվտանգության ապահովման համար իրենց առաջնահերթություն են պահպանում քաղաքակրթական` ազգային, հոգևոր և մշակութային արժեքները, որոնց պաշտպանությունը կարևորվում է տեղեկատվատական պատերազմի պայմաններում 4:
Նվաճող բռնակալությունները` քաղաքական և մշակութային պատմության, պատմական աշխարհագրության ու քարտեզագրության նենգափոխությունը պարբերաբար ծառայեցրել են իրենց շահերին, ինչը շարունակում են նրանց հանցավոր հետևորդները: Այսպես, Օսմանյան կայսրությունից ժառանգած քեմալական Թուրքիայի և նրա հետևորդների խավարամոլ ծավալապաշտական գաղափարախոսության` պանթուրքիզմի բաղկացուցիչ մասն է հայկական աշխարհագրական անվանումներին «հայտարարված» «քարտեզագրական պատերազմը»:
XIX դարի վերջին տասնամյակներից, օգտվելով մեծ տերությունների շահերի բախումից, անդամահատվող Օսմանյան կայսրությունը ամեն նենգ միջոցի դիմում էր Արևմտյան Հայաստանում պահպանելու իր բռնակալական ռեժիմը 5: Եթե 1878թ. Սան Ստեֆանոյի պայմանագրում դեռևս հիշատակվում էին Հայաստանը և հայերը, իսկ Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածում՝ «հայաբնակ շրջաններ» արտահայտությունը, ապա Առաջին աշխարհամարտի շեմին «հայկական բարենորոգումներին» վերաբերող փաստաթղթում երիտթուրքերի ճնշմամբ Արևմտյան Հայաստանի վերաբերող հասկացությունը «փոխարինվել էր Արևելյան Անատոլիա աշխարհագրական բառակապակցությամբ…» 6: Այսպիսի նենգափոխություններ էր կիրառում երիտթուրքերի հանցավոր իշխանությունը զանգվածայն կոտորածներ և տեղահանություններ իրագործելիս, որոնք հանգեցրին մարդկության պատմության մեջ թուրքերի իրագործած հրեշավոր հանցագործությանը` 1915թ. Հայոց Եղեռնին, որը հայկական հողերը` Արևմտյան Հայաստանը և Հայկական Կիլիկիան զավթած Օսմանյան կայսրությունում XIX դ. վերջին տասնամյակներից սկսված ցեղասպան գազանային քաղաքականության գագաթնակետն էր:
Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասը «Արևելյան Անատոլիա» վերանվանելը բացարձակապես անհիմն է 7: Հայկական պատմական հուշարձանների ոչնչացման հետ միաժամանակ շատ անուններ են (Եփրատ, Արածանի, Բերկրի, Մանազկերտ, Կոգովիտ, Արարատ, Սուրբ Գրիգոր, Բյուրակն, Բաղեշ, Այաս, Վահկա և այլն) թուրքերը վերացրել կամ աղավաղել (Կարասու, Մուրատ սու, Մուրադիե, Մալազգիրտ, Բայազետ, Աղրի-դաղ, Սիպկոր, Բինգյոլ, Բիթլիս, Յումուրտալիկ, Ֆեքե և այլն) իրենց կողմից բռնազավթված Արևմտյան Հայաստանում և Հայկական Կիլիկիայում` իսկ թուրք-«ադրբջանիցները» ավերածություններ են գործել Նախիջևանում Արցախում և Ուտիքում:
Մարդկությանը հսկայական չարիքներ պատճառած թուքերին դատապարտող Վիկտոր Հյուգոյի (1802-1885) խոսքն է. «Այստեղով թուրքեր են անցել: Ամեն ինչ ավերված է և սգավոր» 8:
«Արևելյան Անատոլիա» արտահայտության կիրառմամբ թուրք զավթիչները և նրանց հովանավորները ու դաշնակիցները ցանկանում են Թուրքիայի իրագործած ցեղասպանության միջոցով բռնազավթված Հայոց Հայրենիքի մի մասի` Արևմտյան Հայաստանի (Մեծ Հայք և Փոքր Հայք) և Հայկական Կիլիկիայի բնիկ ազգային պատկանելիությունը մոռացության տալ և արգելակել Հայության օրինական պահանջատիրությունից բխող Արևմտյան Հայաստանի ազատագրման ու Արևելյան Հայաստանի (ներկայումս` հայկական պետականության սահմաններում գտնվող ՀՀ, ԼՂՀ և ազատագրված, ինչպես նաև ազատագրման սպասող տարածքներով) հետ վերամիավորման ու ամբողջական Հայոց պետության վերականգնման գործը:
Հայտնի է, որ պատմական «Մետաքսի ճանապարհի» (որի առաջավորասիական ուղիների զգալի մասը Տիգրան Բ Մեծը իր քաղաքակրթական գործունեության ընթացքում պահում էր Հայկական տերության հսկողության տակ) հյուսիս-արևմտյան ճյուղը անցնում էր Արևմտյան Հայաստանով, որն անտեսված է «Մետաքսի ճանապարհ» անունը կրող արդի միջազգային պատմա-մշակութային ծրագրում: Վերջինս խիստ քաղաքականացված իր տարբերակներով, նույնիսկ օգտագործվում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի (Լեռնային Արցախ) Հանրապետության դեմ:
2008 թ. հունիսի 10-ին Չիկագոյում «Կենտրոնական ասիական արդյունավետության հետազոտական կենտրոնի» և «Պակիստանի ակումբի», ինչպես նաև «Կոմերցիոն կցորդի օֆիսի», Թուրքիայի գլխավոր հյուպատոսության և կոմերցիոն բաժնի, Պակիստանի հյուպատոսի հովանավորությամբ` Չիկագոյի համալսարանի բիզնեսի մագիստրատուրայի Գլիչեր կենտրոնում կազմակերպված «Նոր Մետաքսի ճանապարհի բիզնեսային հնարավորությունները» «կոնֆերանսում» 9: Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները լկտիաբար հնչեցրել են բացարձակապես խեղաթյուրված և կեղծ հայտարարություններ Հայաստանի Հանրապետության հասցեին` Արցախի ազատագրական պատերազմի արդյունքների կապակցությամբ: Նրանք անտեսել են այնպիսի կարևոր փաստ, որ պատերազմում ագրեսորը եղել է հենց Ադրբեջանի Հանրապետությունը, որը պարտվել է, ուստի հայկական ուժերը ոչ թե «Ադրբեջանից գրավել են նրա տարածքները», ինչպես պնդել են այդ «կոնֆերանսում», այլ ազատագրել են խորհրդային կենտրոնի կողմից 1921 թ. ԱդրԽՍՀ գաղութային ռեժիմին «հանձնված» Հայոց Արցախի հողերի մի մասը: Ուստի բացարձակապես անհիմն է հնչում Հայաստանի հետ երկխոսություն սկսելու Թուրքիայի ու Ադրբեջանի «պատրաստ» լինելու թեզը` իբրև թե «Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի հեռանալու» պայմանով: Պատմության մեջ այդպիսի դեպք չի եղել, որ հաղթող, առավել ևս իր հայրենի տարածքները ազատագրող ժողովրդին պայմաններ թելադրի պարտված հակառակորդը: Ավելին, մինչ նման անհեթեթ «նախապայման» ներկայացնելը Թուրքիան պարտավոր էր հիշել, որ ինքը բնիկ հայերի ցեղասպանության միջոցով զավթել է Արևմտյան Հայաստանը և Հայկական Կիլիկիան, իսկ իր հովանավորած «ադրբեջանցիները» շարունակում են հայկական տարածքների` Նախիջևանի, Ուտիքի և Արցախի մի մասի օկուպացումը:
Արևելյան Հայաստանի տարածքների մի մասը` Հայաստանի Հանրապետությունը և ԼՂՀ-ն (Լեռնային Արցախ ազատագրված տարածքներով) այսօր կազմում են Հայկական լեռնաշխարհում հազարամյակների պատմություն ունեցող Հայոց պետականության արևելյան հատվածը: Արևելյան Հայաստանի մնացած մասը՝ Գուգարքի Ջավախքը հյուսիսային հարակից հայկական տարածքներով, Վանանդի` Կարսի շրջանը, Մասիս-Արարատ լեռանը հարող` Մասյացոտնը, Արտազը, Նախիջևանը, արևելքում` Արցախի մնացած հողերը և Ուտիքի զգալի մասը նույնպես սպասում են իրենց ազատագրման ժամին:
Հետազոտելով XVI դարի Օսմանյան աշխարհագիր մատյաններում Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանունները ու ժողովրդագրությունը, Լ. Սահակյանը իրավացիորեն եզրակացրել է. «Հայկական տեղանունների վերականգնումները հատկապես կարևոր նշանակություն ունեն մեր օրերում, երբ թուրքական պատմագիտությունը փորձում է կեղծել ու յուրացնել հայկական տեղանունները, ժխտել հայկական հին և միջնադարյան պետականության, հոգևոր մշակույթի գոյությունը Արևմտյան Հայաստանում: Իրականում հենց այդ գրանցումները, իրենց լեզվական ու պատմական փաստարկությամբ, արմատապես մերժում են այդօրինակ նկրտումներն ու քաղաքական շահարկումները» 10:
Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում` Բարձր Հայքի Բաբերդի և Կարին-Էրզրումի բնիկ հայկական շրջանում թուրք-ավստրալիական հնագիտական արշավախմբի կատարած պեղումների արդյունքները ներկայացվում են որպես «Հյուսիս-արևելյան անատոլիական հնագիտական նախագծի» նյութեր 11, առանց հայերի և Հայաստանի հիշատակության, հակառակ այն իրողության, որ դրանք Հայոց պատմության, հատկապես, Հայասա-Հայքի թագավորության (մ.թ.ա. XV-XIII դդ.) և հետագա ժամանակներին են վերաբերում 12:
Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական զարգացման պատմության խորքային պատկերը 13 քարտեզագրական վերանվանումներով և հնագիտական հուշարձանների պատմական պատկանելության կողոպուտով նենգափոխվում է ներկայիս Թուրքիայում: Օրինակ, հյուսիսային Միջագետքում` Ուռհա-Եդեսիայից 15 կմ հյուսիս-արևելք, Պորտասար կոչվող հնավայրում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել է 11/12-հազարամյա մի տաճարային համալիր 14, որը շրջակա հնավայրերով գտնվում էր Հայկական (Արևելյան) Տավրոսի լեռնանցքներով դեպի Միջագետք` վանակատի արտահանման ուղիների վրա: Հնագույն ժամանակներից Հայկական լեռնաշխարհը Առաջավոր Ասիայում հայտնի էր վանակատով և դրա արտահանությամբ 15: Իսկ Պորտասարի հնավայր համալիրը նկարագրող թուրքական («Գյոբեքլի թեփե») և այլ հրապարակումներում Հայկական լեռնաշխարհի փոխարեն օգտագործվում են «արևելյան կամ հարավ-արևելյան Անատոլիա», «Անատոլիական սարահարթ», «Անատոլիական բարձրավանդակ» տերմինները 16: Այնինչ, Պորտասարի հնավայրը Հայոց Միջագետքի հարևան հնավայրերով Հայկական լեռնաշխարհի վաղագույն քաղաքակրթական զարգացումների ոլորտումն էր:
Պանթուրքիզմի ջատագովները, կողոպուտի ենթարկելով Իրանական Ադրբեջանի անունը, Ռուսական կայսրության XX դարարասկզբի փաստաթղթերց հայտնի օղուզ-թուրքական ծագման «կովկասյան թաթարների» գրաված տարածքից 1918 թ. կեսերին կազմված քաղաքական միավորին տվեցին դրա հետ ոչ մի կապ չունեցող «Ադրբեջանական Հանրապետություն» անվանումը այն հեռանկարով, որ այդ երկուսի «միացմամբ» Թուրքիան ոտք կդներ «Կենտրոնական Ասիա»: Երկու տարի անց «Ադրբեջան» անունը թողնվեց այդ տարածքի վրա` խորհրդային կենտրոնի ծրագրած «հեղափոխությամբ» Իրանական Ադրբեջանի բռնակցման հեռանկարով 17:
Գաղափարական մամլիչի տակ ԽՍՀՄ ժողովուրդների պատմությունների «համահարթեցմամբ», այսինքն նենգափոխմամբ, Հայոց պատմությունը արհեստականորեն «երիտասարդացվում» էր 18, իսկ խորհրդային «ադրբեջանցիների» համար սկսվեց, իսկ այժմ էլ Ադրբեջանի Հանրապետությունում շարունակվում է պատմության հորինումը և «հնացումը»: Ինչպես Մարաստանի և Ատրպատականի հին իրանական ցեղերին, այնպես էլ Կուրի ձախափնյակի` անտիկ սկզբնաղբյուրների հիշատակած «Ալբանիայի» առումով «ալբանացիներին» «հայտարարելով» իրենց «նախնիները» և նույնպիսի զառանցանքով, իբրև թե «ալբանական» ներկայացնելով նաև Կուրի աջափնյա` բնիկ հայկական Արցախի և Ուտիքի հին և միջնադարյան (հայկական սկզբնաղբյուրների` հայկական ծագմամբ Աղուանք Հայոց, Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետության մեջ Աղուանից հայրապետություն` Գանձասարի կաթողիկոսություն) պատմությունը, մտավոր անզորությամբ տառապող «ադրբեջանցի» վայ-պատմաբանները տգիտորեն և պանթուրքիստական մոլագարությամբ բացարձակապես կեղծում են պատմությունը, և այսօր` պարտվելով Արցախյան պատերզամում, նրանց «գաղափարական» պարագլուխները դեռևս զառանցում են Արցախի` հայ ազատամարտիկների սուրբ արյամբ ազատագրված հայկական հողերի հաշվին «Ադրբեջանի» Հանրապետության «տարածքային ամբողջության»` խորհրդային ապօրինի «կայսերական ուրվականի» ժամանակների մասին: Այնինչ, մի կողմից, հազարամյակների Հայոց պատմությամբ հարուստ արևելյան հիմնասյան` հայկական` Կուրի աջափնյակի Արցախի և Ուտիքի (իր նշանավոր Գարդման երկրամասով) բնիկ հայ բնակչության, իսկ մյուս կողմից, հնուց Հայոց պետականության քաղաքական ոլորտում, իսկ միջնադարում հայակական մշակութակերտ արմատական գործունեությամբ` հզորագույն մշակութային, եկեղեցական, ժողովրդագրական, պաշտպանական վկայություններով հայտնի Կուրի ձախափնյակի 19, ինչպես նաև Մարաստանի ու Ատրպատականի էթնո-մշակութային միջավայրերի հետ մարդաբանական, էթնիկական և մշակութային ոչ մի կապ չունեն ուշ միջնադարում մոնղոլական և միջինասիական տափաստաններից ու Ալթայից Առաջավոր Ասիա ներխուժած` թալանով ու ավերածություններով զբաղված քոչվոր օղուզ-թուրքական ցեղերը և նրանցից սերած ու Ռուսական կայսրության XIXդ. վերջի ու XXդ. սկզբների փաստաթղթերում «թաթարներ» կոչվածները, որոնք միայն 1936 թ. «անվանվեցին» «ադրբեջանցիներ» ԱդրԽՍՀ-ում և որոնց` տասնամյակներ շարունակ հայ էթնիկական և քաղաքակրթական արժեքների ոչնչացմամբ զբաղված հրոսակախմբերին էլ ջախջախեցին հայորդի հերոս ազատամարտիկները Արցախյան պատերազմում:
Դեռևս XIX դարում Կովկասի և ավելի հարավ ընկած տարածքներում` Ռուսական կայսրության նվաճումներից հետո ստեղծված վարչաքաղաքական միավորների ընգրկմամբ, Կովկասից հարավ ընկած տարածքներին տրվել էր «Անդրկովկաս» ընդհանուր անվանումը՝ նաև Արևելյան Հայաստանի զգալի մասի ներառումով (իսկ հարավային երկրամասերը մնացին Իրանի տիրապետության տակ): Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան լեռնային համակարգը՝ Գուգարաց, Ջավաղքի, Կեչուտի, Բազումի, Թռեղքի, Աշոցքի, Եղնախաղի, Զարիշատի, Կարմիր-Փորակի, Սևորդեաց, Կայան, Փամբակի, Արեգունի, Ծաղկունյաց, Գեղամա, Վարդենիսի, Սոդքի, Սյունիքի, Բարկուշատի, Բաղաց կամ Արևիքի, Քաշաթաղի, Մռավի, Արցախի, Դիզափայտի և այլ լեռների ու լեռնաշղթաների ընգրկմամբ, արհեստականորեն անվանվեց «Փոքր Կովկաս»: Խորհրդային իշխանության տարիներին «Անդրկովկաս» տերմինը սկսեց կիրառվել որպես Հայկական, Վրացական և Ադրբեջանական խորհրդային հանրապետությունները ներառող տարածաշրջանի աշխարհագրական անվանում:
XX դարի վերջին տասնամյակից Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում գտնվող Արևելյան Հայաստանի մասերը (ներկայումս` ՀՀ, ԼՂՀ` Արցախի լեռնային մասը ազատագրված տարածքներով, Ջավախքը 20 և Նախիջևանը) միջազգային ատյաններում ու փաստաթղթերում ներառնվում են այս տարածքի համար արհեստածին «Հարավային Կովկաս» հասկացության մեջ:
Ըստ հին և միջնադարյան սկզբնաղբյուրների, ինչպես նաև նոր և նորագույն ժամանակների աշխարհագրական, երկրաբանական և գեոմորֆոլոգիական մասնագիտական գրականության, «Կովկաս» հասկացությունը ընդգրկում է Կովկասյան լեռնաշղթան իր ճյուղավորումներով՝ հարավում հասնելով մինչև Կուր գետից հյուսիս և հյուսիս-արևելք ընկած շրջանները: Ըստ հույն աշխարհագետ Ստրաբոնի (մ.թ.ա. 64/63–23/24 մ.թ.), Կովկասի հարավային որոշ ճյուղավորումները ընդգրկում են Վիրքի միջին մասը և մոտենում, ի թիվս այլ լեռների, նաև Հայկական լեռներին 21: Այսինքն, Հայկական լեռնաշխարհը աշխարհագրորեն առանձին է Կովկաս հասկացությունը ընդգրկող որևէ միավորից (Հյուսիսային, Կենտրոնական կամ Մեծ, Հարավային, Արևելյան և Արևմտյան Կովկաս) 22:
Հայկական լեռնաշխարհ անվանման փոխարեն «Արևելյան Անատոլիա» և «Հարավային Կովկաս» տերմինների բռնազբոսիկ և հակագիտական կիրառումը, գաղափարապես ծառայելով օտարների շահերին, ուղղված է ամբողջական Հայաստանի էթնո-մշակութային, քաղաքական և պատմական պատկերի, և` ազգային անվտանգության համատեքստում, տեղեկատվական բովանդակության խեղաթյուրմանը և ապազագայնացմանը, իր բոլոր բացասական հետևանքներով` գիտական, կրթական, քաղաքագիտական, դիվանագիտական և ռազմական բնագավառներում:
Պարտվելով Արցախյան պատերազմում, Ադրբեջանի Հանրապետության եղեռնագործ գաղափարախոսների կամակատարները իրենց բնորոշ վայրենությամբ, մի կողմից շարունակում են հայկական հուշաձանների ոչնչացնումը 23, իսկ մյուս կողմից` «տեղեկատվական պատերազմի» միջոցով, կեղծիքով ու ստով «հեղեղում» աշխարհը:
Արցախյան հաղթանակի շնորհիվ` հայրենի հողերի ազատագրումով, մեր ազատամարտիկների արյան գնով սրբագործվեցին ազատագրված տարածքների սահմանները, վերականգնվեցին քանդված հուշարձանները և կառուցվում են նորերը, ինչը գրանցվում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզներում: Այդ խոշոր հաղթանակ է նաև «քարտեզագրական պատերազմում»:
Ազգային-ազատագրական պայքարով ձեռք բերված հաղթանակի ոգով Հայկական անկախ պետականության վերկերտման գաղափարական կարևորագույն արտահայտություններից է հայրենաճանաչողությունը, որի իմացաբանական սյուներից է հայագիտական պատմական ժառանգությունը և նրա անքակտելի մասը` հայկական տեղանունների ամբողջությունը: Խնդիրը համակարգային է, ընդգրկելով պատմական հիշողության և հոգևոր-մշակութային ժառանգության պահպանումը, ազգային հոգեբանությունը, մատաղ սերնդի դաստիարակությունը, ազգային անվտանգությունը:

Էդուարդ Լ. Դանիելյան,
պատմ. գիտ. դոկտոր

—————-

  1. Արդիական է հնչում Գարեգին Հավսեփյանի միտքը. «Թե պատմական գիտությունը որքան գործնական նշանակություն ունի, պետք է պարզ լինի յուրաքանչյուր բանիմաց ընթերցողի համար» (Գարեգին Ա Կաթողիկոս Հովսեփյան, Դեպի լույս և կյանք, Երևան, 1994, էջ 100):
  2. Հայ ազգային արժեհամակարգի հիմնասյան` պատմական ժառանգության պահպանումը տեղեկատվական միջոցներով ազգային անվտանգության ապահովման գրավականներից է (Է.Դանիելյան, Վ.Թաիրյան. Հայոց պատմական ժառանգության պաշտպանության գործը և անվտանգ տեղեկատվական արդի միջոցները. – տես` «Հայկական լեռնաշխարհը Հայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրան», հայագիտական գիտաժողով (13-15 նոյեմբերի, 2003), զեկուցումների ժողովածու Երևան, 2004, էջ 6-12:
  3. Ա.Այվազյան. Հիմնատարրեր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի, I, Երևան, 2003, էջ 47:
  4. Գ.Հարությունյան. Քաղաքակրթական գործոնը տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրների համատեքստում. – «21-րդ դար», 2006, N2, էջ 3-18: Նույնի. Հայության կազմակերպման և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները. – «21-րդ դար», 2008, N2, էջ 8:
  5. Ն. Ադոնց, Հայկական հարցի լուծման շուրջ, Երևան, 1989, էջ 79: Դեռևս 1853 թ. Ռուսական կայսրության ցար Նիկոլայ I-ը բրիտանական դեսպան Համիլտոն Սեյմուրի հետ ունեցած զրույցի ժամանակ Օսմանյան կայսրությունը անվանել էր «հիվանդ մարդ» և, որ «երկիրը մասերի է բաժանվում… » (A. Palmer, The Decline and Fall of the Ottoman Empire, New York, 1994, p. 118):
  6. Գ. Գալոյան, Հայաստանը մեծ տերությունների աշխարհակալական առճակատումներում (XVI դարից 1917 թ.), Երևան, 2004, էջ 628:
  7. Հայկական լեռնաշխարհ (հին աղբյուրների` Հայկական լեռներ կամ Արարատի լեռներ) երկրաբանական-գեոմորֆոլոգիական-աշխարհագրական տերմինը բնութագրում է Հայաստանի ֆիզիկա-աշխարհագրական պատկերը, դիրքը և լեռնագրական կառուցվածքը (Г. Абих. Геология Армянского нагорья. Западная часть. – Сообщения Кавказского отдела Имперского Российского географического общества, т. XXI, 1899, Восточная часть, т. XXIII, 1902): Իսկ «անատոլէ» հունարեն նշանակում է «արևելք», նմանապես «անատոլիկոս»՝ «արևելյան»: Փոքր Ասիայում՝ Կապադովկիայից, Լիկաոնիայից և Կիլիկիայից արևմուտք VII-IX դարերում, ի թիվս բյուզանդական այլ բանակաթեմերի, գոյություն է ունեցել «Անատոլիկոն»-ը (The Cambridge Medieval History, vol. IV, The Byzantine Empire, Cambridge, 1966, p.62, 98): Լ.Զոհրաբյանը նշել է. «Հայկական լեռնշխարհը կամ նրա որևիցե մասը երբեք չեն մտել և չեն մտնում Անատոլիայի մեջ, որը զբաղեցնում է Փոքր Ասիայի տարածքը» (Л.Зограбян, Орография Армянского нагорья, Е., 1979, с. 14): Տ. Կույումջյանը դիտարկել է, որ Հայաստանը երբեմն սխալ կերպով վկայակոչվում է «որպես արևելյան Անատոլիա կամ արևելյան Փոքր Ասիա» (The Armenian People from Ancient to Modern Times, vol. II, New York, 1997, p. 1): Փոքր Ասիան գտնվում է Հայկական լեռնաշխարհից արևմուտք:
  8. “Les Turcs ont passe la: tout est ruine et deuil” (Victor Hugo. Oeuvres completes. Poռsie I. Paris, 1985, L’enfant, p. 476). Աբդուլ Ազիզ սուլթանի Փարիզ կատարած այցը (1867թ.) նկարագրելիս Մարկ Թվենը գրել է. «Աբդուլ Ազիզը ներկայացուցիչ է մի ժողովրդի, որը բնությամբ և դաստիարակությամբ ստոր է, դաժան, տգետ, անառաջադեմ, սնոտիապաշտ, և` մի կառավարման ձևի, որի երեք շնորհներն են բռնակալությունը, անկշտությունը, արյունը» (“Abdul Aziz, the representative of a people by nature and training filthy, brutish, ignorant, unprogressive, superstitious – and a government whose Tree Graces are Tyranny, Rapacity, Blood”, M.Twain. The Innocents Abroad, New York, 1964, p.75)
  9. http://en.apa.az/news.php?id=50316
  10. Լուսինե Սահակյան, Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում, Երևան, 2007, էջ 278:
  11. The University of Melbourne (ABN: 84 002 705 224) 1994-2001, “The North-Eastern Anatolian Archeological Project.”
  12. Անհրաժեշտ է բացահայտել թուրք կեղծարարների նենգափոխությունները նաև հնագիտության բնագավառում:
  13. E.Danielyan. The Historical Background of the Philosophical Perception of the World Civilizational Developments. – “News and Views”, International Academy for Philosophy, Erevan, 2005, p. 30-56, Նույնի, Համաշխարհային քաղաքակրթության զարգացումների փիլիսոփայական ընկալման պատմական հենքը. – Փիլիսոփայության Միջազգային Ակադեմիա, պրակ 6, Երևան, 2006, էջ 3-30:
  14. K. Schmidt, Sie bauten die ersten Tempel, Munchen, 2006.
  15. Նոր քարի դարում Առաջավոր Ասիայում վանակատի (obsidian) աշխույժ առևտրի գլխավոր կենտրոնն էր Հայկական լեռնաշխարհը: Հայաստանի վանակատը արտահանվել է Միջերկրականի արևելյան ավազանի և Միջագետքի երկրները: Առևտրի մի մասը կատարվում էր Տիգրիս գետով: (J.Dixon, J.Cann and C. Renfrew. Obsidian and the Origins of Trade. – “Scientific America”, 1968, N 218, p. 46) Այդ հոդվածի քարտեզներում Արմենիա`Հայաստան անվան հիշատակմամբ նշված են վանակատի արտահանման ուղիները:
  16. H. Hauptmann, The Urfa Region, Neolithic in Turkey, 1999, Istambul, p. 65-68: Nicholas Birch. Turkey: Discovery of 12,000-year-old Temple Complex Could Alter the Theory of Human Development, 2008, http://www.eurasianet.org/departments/insight/articles/eav041708a.shtml.
  17. Հայտնի արևելագէտ Վ. Բարտոլդը, Բաքվում 1924 թ. կայացած իր դասախոսություններից մեկի ժամանակ այն հարցին, թէ` «Ադրբեջան ասելով հաճախ նկատի ունեն պարսկական Ադրբեջանը` Թեբրիզ գլխավոր քաղաքով, Արաքս գետից այն կողմ: Արդեո՞ք մենք իրավունք ունենք մեզ անվանել Ադրբեջան…», պատասխանել է. «… Ադրբեջան ընտրված է այն պատճառով, որ, երբ հաստատվում էր Ադրբեջանի Հանրապետությունը, ապա ենթադրվում էր, որ պարսկական և այս Ադրբեջանը կը կազմեն մեկ ամբողջություն…» (В. В. Бартольд. Сочинения, т. II (1), Работы по истории Кавказа и Восточной Европы, M., 1963, с. 703):
  18. Հայերի նախնիները համարվեցին եկվոր` իբրև թե, «նախահայկական», «թրակա-փռյուգական գաղթականության հետ կապված» ցեղեր: Այսպիսի նենգափոխումը ծառայեցվում է հնագիտական, մարդաբանական, լեզվաբանական և գրավոր սկզբնաղբյուրների տվյալների վրա հիմնված պատմական ճշմարտության մերժմանը: Այնինչ, գիտականորեն ապացուցված պատմական ճշմարտություն է, որ հայերը իրենց հայրենի բնօրրանի` Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ ազգն են:
  19. Այդ երևույթների վառ վկայություն է հայ մեծ վիպասան Րաֆֆու հաղորդումը. «… Իրենց հայրենիքի փրկության գործը առաջ տանելու համար, հայտնեց Օրին (1701 թ. Պետրոս I Մեծ կայսրին-Է.Դ.), հայերը արդեն պատրաստած ունեն Շամախու կողմերում 17 հազար զինվոր, Ղարաբաղում (Արցախ-Է.Դ.) 60 հազար, իսկ Հայաստանի պարսկական (Արևելյան Հայաստան- Է.Դ.) 17 նահանգներից կարելի է հավաքել ավելի քան 100 հազար հոգի… » (Րաֆֆի. Խամսայի մելիքությունները, Երկերի ժողովածու, հ. 9, Երեւան, 1987, էջ 430-431): Շամախում հայկական ուժերի զինվորագրվելու փաստը Մայր Հայրենիքի հետ որդիապես կապված լինելու և նրա փրկության գործին ծառայելու պատրաստակամության վառ վկայությունն է:
  20. Հայկական պատմա-աշխարհագրական անունները (հայկ. Տայք, Կղարջք, Ջավախք, Թռեղք, Սպեր անունների փոխարեն Տաո, Կլարջեթի, Ջավախեթի, Թրիալեթի, Սպերի և այլն) աղավաղումների են ենթարկվում նաև վրաց պատմագիտության և քաղաքական շրջաններում: Միևնույն ժամանակ, վրաց աշխարհիկ և հոգևոր իշխանությունները, խախտելով միջազգային և միջպետական բոլոր իրավական նորմերը, հովանավորում և խրախուսում են հայկական թեԲ եկեղեցիների ազգային ինքնությունը և պատկանելիությունը վերացնողների և թեԲ գերեզմաների և այլ հուշարձանների ոչնչացնողների գործողությունները (http://www.regnum.ru/news/1008108.html; p://www.regnum.ru/news/424718.html; http://noev-kovcheg.1gb.ru/article.asp?n=72&a=7):
  21. The Geography of Strabo, with an English translation by H. L. Jones, Cambr., Mass., London, in eight volumes, vol. V, 1954, XI. 2.15.
  22. Այլ հարց է ժամանակի ընթացքում, քաղաքական տարբեր պայմաններում, հայերի ներդրումը Կուրից հյուսիս և հյուսիս-արևելք գտնվող կովկասյան երկրների տնտեսական և մշակութային կյանքում:
  23. XXI դ. սկզբներին, ի շարունակություն թուրք-«ադրբեջանական» հանցավոր քաղաքականության, «ադրբեջանական» իշխանությունները իրենց զինվորների ձեռքով ոչնչացրին Ջուղայի տասնյակ հազարավոր հիասքանչ խաչքարերից մնացած վերիջին խմբերը: Մշակույթի եղեռնը իրականացվեց մուրճերով, բահերով և ծանր տեխնիկայով` խաչքարերի սրբավայրը վերածելով «զինվորական» հրաձգարանի (տես` Julfa. The Annihilation of the Armenian Cemetery by Nakhijevan’s Azerbaijani Authorities, Beirut, 2006):

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.