Հայ – թուրքական հակամարտության կառուցվածքային վերլուծություն

Print Print Email Email

Հոդվածը կարող եք ներբեռնել նաև PDF և WORD ձևաչափերով

Արմեն Այվազյան
Քաղաքական գիտությունների դոկտոր,
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն

Նախաբան
1991 թ. Հայաստանի անկախացումով Հայկական հարցը վերադարձավ միջազգային ասպարեզ, բայց արդեն ոչ իբրև արևմտահայության փրկության հարց, ինչպես այն հայտնի էր 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին։ Հայաստանի արևմտյան մասում հայություն այլևս չկար՝ այն բնաջնջված էր 1894-ից մինչև 1923 թթ.՝ երեք հիմնական փուլերով (1894-1896, 1909, 1915-1923 թթ.) իրագործված ցեղասպանության ընթացքում։ Խորհրդային ժամանակաշրջանում հայաթափվեցին նաև Հայաստանի արևելյան շրջաններից մի քանիսը, այդ թվում՝ Նախիջևանը և հյուսիսային Արցախը։
1991 թ. Հայկական հարցը միջազգային ասպարեզ վերադարձավ որպես Հայաստանի նորաստեղծ պետականության վերապրելու խնդիր։ Հայ-թուրքական հակամարտությունը (այսուհետ՝ ՀԹՀ) թևակոխել է նոր փուլ, որի հիմնական առանձնահատկությունը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության գոյությունն է։ Հայաստանն աշխարհի քարտեզի վրայից վերացնելու Թուրքիայի քաղաքականությունը վերանայման չի ենթարկվել։ Այժմ Թուրքիան փորձում է թույլ չտալ հայկական նորանկախ պետականության կայացումը և կործանել այն դեռևս սաղմնային վիճակում։ Այս խնդիրը Թուրքիան փորձում է լուծել միջնորդավորված՝ իր դաշնակից Ադրբեջանի միջոցով, որովհետև միջազգային ներկա պայմաններն ու իր ներքին ծանր խնդիրները կանխում են թուրքական ուղղակի ներխուժումը Հայաստան 1 ։
Հայոց վերականգնված պետականությունն իր արևելյան սահմանների ողջ երկայնքով 1991-1994 թթ. ենթարկվեց ադրբեջանական ագրեսիայի։ Հայաստանն (ռազմավարական առումով մեկ միավոր կազմող ՀՀ-ն ու չճանաչված ԼՂՀ-ն) անվտանգության կայուն երաշխիքների, նախևառաջ՝ պաշտպանունակ սահմանների կարիք ուներ։ Այս խնդիրը, մեծ զոհողությունների գնով, հաջողվեց մասնակիորեն լուծել հայրենիքի որոշակի հողակտորներն ազատագրելու և այնտեղ ռազմաքաղաքական վերահսկողություն հաստատելու շնորհիվ։
Ազատագրական պատերազմում 1994 թ. հայոց նվաճած հաղթանակից հետո Թուրքիան ամեն կերպ խրախուսում է Ադրբեջանի ռազմականացումն ու ռազմատենչությունը, հանդես գալով վերջինիս՝ Հայաստանի դեմ իրականացվող բոլոր գործողությունների անմիջական մասնակից, ավագ խորհրդատու, հաճախ՝ նախաձեռնող ու ղեկավար։ Թուրքիան երաշխավորում է նաև Նախիջևանի երկրամասի՝ Ադրբեջանի կազմում պահպանումը։ Այս ամենից զատ, Թուրքիան իրականացնում է Հայաստանի դեմ անթաքույց պատերազմական ակտ՝ շրջափակում։
Թուրքիայի օրհնանքն ու խրախուսանքը մեծապես նպաստեցին 1991-1994 թթ. պատերազմի սանձազերծմանը։ Այդ առումով իր դերն ունեցավ նաև Բաքվի ղեկավարների փոխառած (նախագահ Ա. Էլչիբեյի օրոք՝ բացեիբաց ընդունվող) պանթուրքական գաղափարախոսությունը, որն Ադրբեջանի պետականության կառուցումն ու կայացումը նախատեսում է ծավալապաշտական եղանակով՝ ամբողջ Հայաստանի, հետագայում նաև Իրանի ու Վրաստանի որոշ տարածքների բռնագրավման հաշվին։ Չհաշտվելով Արցախի ազատագրության փաստի հետ, Բաքուն առաջնորդվում է մի լրացուցիչ գործնապաշտ (պրագմատիկ) հաշվարկով ևս, այն է՝ թշնամու կերպար ստեղծելով, Ադրբեջանի ժողովուրդներին կառավարելու առավել դյուրին եղանակներ գտնել։
Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը միացել է հայության դեմ իրականացվող ցեղասպանական քաղաքականությանն իր ստեղծման օրից՝ 1918 թ.-ից ստանձնելով Հայաստանն արևելքից մաս-մաս զավթողի դերը և շարունակելով այն նաև խորհրդային տարիներին։ Հայաստանը, փաստորեն, գործ ունի երկու դաշնակից պետությունների համատեղ ու համաձայնեցված թշնամական քաղաքականության հետ։ Լայն առումով, ՀԹՀ-ն ընդգրկում է նաև հայ-ադրբեջանական հակամարտությունը, ներառյալ Արցախյան հիմնախնդիրը։ Այս քննության մեջ, սակայն, խնդրին անդրադառնալու ենք ավելի նեղ՝ զուտ հայ-թուրքական շրջանակներում։
19-րդ դարի երկրորդ կեսին՝ Ռուսաստանի հետ մղած երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում (1856-1877թթ.), Օսմանյան Թուրքիան հղացավ հայությունն իր բնօրրան-հայրենիքում` Հայկական լեռնաշխարհում, բնաջնջելու քաղաքականություն, որն էլ ՀԹՀ-ին հաղորդեց անսովոր բնույթ և սրություն։ Այդ տարիներից մինչև այսօր ՀԹՀ-ն երբեք չի ընդհատվել՝ ո՛չ նույնիսկ այն կարճ միջոցին (1907-1912թթ.), երբ օրվա հայ քաղաքական ամենաազդեցիկ ուժը՝ ՀՅԴ-ն, համագործակցում էր երիտթուրքերի հետ, հայ և թուրք ղեկավարների միջև հարաբերություններն էլ արտաքուստ ջերմ ու բարեկամական էին, ո՛չ էլ խորհրդային երկար ու ձիգ յոթը տասնամյակի ընթացքում։ Այդ ժամանակահատվածներում ՀԹՀ-ն, թաքուն կամ բացահայտորեն, շարունակվել է քաղաքական, տեղեկատվական, հոգեբանական, մշակութային ճակատներում, երբեմն էլ նույնիսկ զենքի գործադրմամբ (մասնավորապես, հայ վրիժառուների և թուրք գաղտնի ծառայությունների գործողությունները)։
Այսպիսով, անցնելով միջազգային քաղաքական համակարգի դարաշրջիկ հեղափոխությունների միջով՝ ՀԹՀ-ն հիմքում մնացել է անփոփոխ։ ՀԹՀ-ի առանցքում ընկած է մի կողմից՝ Հայաստանը ոչնչացնելու Թուրքիայի նպատակը, մյուս կողմից՝ Հայաստանի պետականությունը կայացնելու և անվտանգության երկարաժամկետ երաշխիքներով ապահովելու հայ ժողովրդի պայքարը։
ՀԹՀ-ի տևականությունը, անփոփոխ օրակարգով պատմական մի քանի փուլերի միջով անցնելը և նորանոր շերտերով բազմապատկվելը, տարածքային մեծ ընդգրկումն այս հակամարտությանը հաղորդել են անսովոր բարդ կառուցվածք և տարողունակ բովանդակություն։ ՀԹՀ-ի համարժեք ընկալումն ինքնին դարձել է մասնագիտական խնդիր։ Մինչդեռ ՀԹՀ-ի նկատմամբ հայ քաղաքական վերնախավի և հասարակական-քաղաքական մտքի ցուցաբերած մոտեցումներն ու քաղաքականությունն առայժմ սիրողական բնույթ ունեն։
Հուսով ենք, ՀԹՀ-ի ստորև ներկայացվող համառոտ կառուցվածքային վերլուծությունը կարող է նպաստել Հայաստանի արտաքին քաղաքականության իրապաշտ մշակումներին և անվտանգության համակարգի կայացմանը։

Հայ-թուրքական հակամարտության կառուցվածքը
ՀԹՀ-ի արդի փուլն ընթանում է տասը հիմնական մակարդակներում (բնագավառներում), որոնցից յուրաքանչյուրում, ի տարբերություն Հայաստանի, Թուրքիան դրսևորում է հստակ դիրքորոշումներ ու հետևողական քաղաքականություն։ Մինչդեռ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում այդ մակարդակներից և նրանց ենթամակարդակներից շատերը ցայսօր ընդգրկված չեն, հաճախ, անգամ, նկատված էլ չեն, իսկ նկատվածների վերաբերյալ էլ համապարփակ հայեցակարգ և համարժեք քաղաքականություն դեռ չեն մշակվել։
Նախ, թվարկենք ՀԹՀ-ի մակարդակները (բնագավառները)՝ իրենց ենթամակարդակներով (խնդիրներով).
1) հասկացական-տերմինաբանական մակարդակ
1.1. հայրենիքի գաղափարի ընկալման և աղճատման խնդիրը։
1.2. տարածք զավթողին ու բազմահազարամյա հայրենիք կորցնողին գլխիվայր շրջելու փորձեր ու հայկական կողմի կրավորական վերաբերմունքը։
1.3. հակամարտության սահմանումների թերի մշակվածության և աղավաղման խնդիրն ու դրա դեմ պայքարի բացակայությունը։
1.4. Հայաստանի և հայության դեմ Թուրքիայի վարած քաղաքականության ոչ-համարժեք գնահատումը։
1.5. Հայաստանի իշխանությունների՝ Թուրքիայի ներկա վարչակարգին և քաղաքական գործիչներին սխալ գնահատելը։
1.6. Հայաստանի և հայոց պատմամշակութային ժառանգության դեմ քարտեզագրական-տեղանվանագիտական պատերազմի վարում և հայկական կողմից դրա անտեսումը 2։

2) քաղաքական մակարդակ
Այս ոլորտում Թուրքիայի թշնամական գործողություններն են՝
2.1. Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 17-ամյա հրաժարումը և այդ քայլին քաղաքական գնահատական տալուց Հայաստանի խուսափումը։
2.2. Հայաստանի 15-ամյա շրջափակումը և այդ թշնամական գործողությունն ըստ արժանվույն գնահատելու Հայաստանի չկամությունը։
2.3. Ադրբեջանին ցուցաբերվող դիվանագիտական լիակատար օժանդակությունը և այդ թշնամական գործողությանը Հայաստանի կրավորական վերաբերմունքը։
2.4. Մեսխեթցի թուրքերին (նրանց անվան տակ՝ նաև այլ թյուրք տարրերին) հայաբնակ Ջավախքում բնակեցնելու հետևողական ջանքերը և դրանց վերաբերյալ հայկական կողմի պահպանած լռությունը։
2.5. Միջազգային ասպարեզում Հայաստանի շահերի դեմ ուղղված բազմապիսի գործողություններն ու դրանց անտեսումը հայկական կողմից։
2.6. Հայաստանին առաջադրած անընդունելի նախապայմանները, այդ թվում երեք հիմնականները՝ Արցախյան հիմնախնդիրը հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության լուծելը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցումը, Հայաստանի արևմտյան՝ Թուրքիայի բռնազավթած տարածքներից պաշտոնական Երևանի հրապարակային ու ինչ-որ հավերժական բնույթ կրող հրաժարումը և հայկական կողմի՝ սեփական նախապայմաններից, այն է՝ վստահության և անվտանգության մեխանիզմներ ստեղծելու իրավունքից հրաժարումը3 ։

3) պատմաքաղաքական մակարդակ
3.1. Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտման ու պատմական իրականության աղճատման պետականորեն կազմակերպված մեծ արշավն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։
3.2. 1998-2008 թթ. Հայաստանի՝ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի նկատմամբ որդեգրած բարյացակամ վերաբերմունքը, թեև 2008 թ. կեսերից այդ բնագավառում նկատվում է Հայաստանի առանց այն էլ ոչ մեծ ակտիվության նվազում։

4) իրավաքաղաքական մակարդակ
4.1. Սևրի պայմանագրի չիրագործման հետևանքով տարածաշրջանում առաջացած գերլարված ռազմավարական իրավիճակի խնդիրը, մասնավորապես՝ հայկական պետականության կենսունակությունն ապահովող տարածքային երաշխիքների թերի ու չճանաչված լինելու և քրդական պետականության ստեղծման հարցերում։
4.2. 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի՝ իրավական անկատարության և ներկայիս անլիարժեք գործունեության խնդիրը։
4.3. Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելն ու ՀԹՀ-ի վերաբերյալ հայկական տեսակետի արտահայտումը գործնականում պատժելի դարձնելու խնդիրը։
4.4. Հայաստանի իշխանությունների՝ ՀԹՀ-ի պատմաիրավական մակարդակի լիակատար անտեսումը։

5) տեղեկատվական-հոգեբանական պատերազմի մակարդակ
5.1. Ղարաբաղյան հիմնախնդրում Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերվող քարոզչական մեծ օժանդակությունը։
5.2. Հայաստանի և հայության դեմ Թուրքիայում, միջազգային ասպարեզում, Հայաստանում և սփյուքահայ միջավայրում Թուրքիայի իրականացվող տեղեկատվական ու հոգեբանական բազմաթիվ, բազմապիսի ու հետևողական գործողությունները, այդ թվում՝
5.2.1. հակահայկական գրականության և այլ նյութերի պատրաստումն ու տարածումը, որ կազմակերպված բնույթ է ստացել դեռևս 1920-ական թվականներից, հետզհետե միայն ուժգնացել է, նոր ոլորտներ ընդգրկել և բազմալեզու դարձել 4,
5.2.2. արտասահմանում թուրքական քոլեջների միջոցով հակահայկական տրամադրությունների սերմանումը 5,
5.2.3. թուրքական դեսպանությունների, պետական ու մասնավոր հաստատությունների միջոցով Հայկական հարցը ճշմարիտ լույսի ներքո լուսաբանող տեղեկատվության և վերլուծությունների դեմ տարվող լոբբիստական ծավալուն աշխատանքը։
5.3. Հայաստանում իբր գոյություն ունեցող Քրդստանի բանվորական կուսակցության ռազմական բազաների մասին ապատեղեկատվության պարբերական տարածումը։
5.4. Թուրքիայում Հայոց ցեղասպանության հեղինակների և կազմակերպիչների, այդ թվում Թալեաթի, հերոսացումը։
5.5. Հայաստանի և Սփյուռքի միջև սեպ խրելու քարոզչական հետևողական ջանքերը6 ։
5.6. Սփյուռքահայերի բնակության երկրների կառավարություններին ու ժողովուրդներին հայության դեմ տրամադրելը7 ։
5.7. Հայաստանից ու Մերձավոր Արևելքի երկրներից հայերի արտագաղթը խրախուսելու և այն դեպի հեռավոր մայրցամաքներ ուղղելու Թուրքիայի գաղտնի գործողությունները։
5.8. Հայաստանն իր դեմ իրականացվող տեղեկատվական-հոգեբանական այս պատերազմում դրսևորում է ջայլամի քաղաքականություն։

6) տնտեսական մակարդակ
6.1. Հայաստանի բազմամյա շրջափակումը։
6.2. Թուրքիայի՝ Հայաստանին մեկուսացնելու նպատակով տարածաշրջանային հատուկ ծրագրերի հեղինակումը, այդ թվում՝ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման նախաձեռնումը։

7) մշակութային մակարդակ
7.1. հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումն և յուրացման փորձերը։
7.2. Ինչպես Թուրքիայում, այնպես էլ միջազգային ասպարեզում Հայաստանի պատմության կեղծումը 8։
7.3. Իր դեմ մղվող մշակութային պատերազմում Հայաստանի դրսևորած բացարձակ անգործունեությունը։

8) ռազմական մակարդակ
8.1. Հայաստանի դեմ պատերազմելու նախապատրաստություններում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերվող ամբողջական աջակցությունը, այդ թվում՝
8.1.1. հետախուզական տվյալների հաղորդումը,
8.1.2. զենքի և զինամթերքի մատակարարումը,
8.1.3. ռազմական խորհրդատվության տրամադրումը, ներառյալ Ադրբեջանի Գլխավոր շտաբի գործունեության կազմակերպումը, եթե ոչ ղեկավարումը,
8.1.4. սպաների պատրաստում-վերապատրաստումը և հատուկ նշանակության ջոկատների մարզումը,
8.1.5. ՆԱՏՕ-ի ծրագրերին և աշխատանքներին Ադրբեջանի ներգրավվելուն աջակցումը։
8.2. 1991 թ. ի վեր Հայաստանի դեմ պարբերաբար հնչեցված սպառնալիքների խնդիրը, այդ թվում՝ իբր Հայաստանի Հանրապետությունում և Արցախում տեղակայված Քրդստանի բանվորական կուսակցության ռազմական ճամբարների մասին ապատեղեկատվությունը 9։
8.3. Հայաստանի՝ այս հարցերի նկատմամբ պահպանվող լռությունը և Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող ռազմաքաղաքական համագործակցությունը 10։

9) Թուրքիայում ապրող հայ փոքրամասնության մարդկային իրավունքների պաշտպանությունը
9.1. Կ. Պոլսի հայոց պատրիարքի վրա ճնշում բանեցնելով՝ նրան թուրքամետ հայտարարություններ և կոչեր անել ստիպելը։
9.2. Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու արգելումը։
9.3. հայ ժողովրդի մեծագույն դահիճներից մեկի՝ Քեմալ Աթաթուրքի պաշտամունքի պետականորեն պարտադրումը պոլսահայության համայնքային կառույցներում, այդ թվում դպրոցներում։
9.4. Թուրքիայի բոլոր քաղաքացիներին, այդ թվում հայերին, սահմանադրորեն թուրք հռչակելը։
9.5. հայ փոքրամասնության անվտանգության ապահովումը։
9.6. Հայաստանի՝ ՀԹՀ-ի այս մակարդակի լիակատար անտեսումը։

10) Հայության տարբեր հատվածների միջև, ներառյալ Հայաստանի ներքաղաքական դաշտում, ՀԹՀ-ի հողի վրա առաջացող լուրջ պառակտումների մակարդակ
10.1. Հայ ժողովրդի բնիկ հայրենիքի արևմտյան՝ այժմ Թուրքիայի սահմաններում գտնվող մասից հրաժարվելու մասին պաշտոնական Երևանի այլազան հայտարարությունները և ակնարկներն ընդունակ են.
10.1.1. նոր բաժանարար գծեր քաշել հայ հասարակության մեջ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի և Սփյուռքի միջև 11,
10.1.2. բարոյալքել հայության՝ ազգային նպատակների իրականացման համար մղվող պայքարն իր ամբողջության մեջ։
10.2. Հայ և թուրք պատմաբաններից բաղկացած համատեղ հանձնաժողովի ստեղծման հարցում 12։
10.3. ՀԹՀ-ի այս բնագավառի առաջացումն զգալիորեն պայմանավորված է ՀՀ իշխանությունների գործունեությամբ։

ՀԹՀ-ի այս բոլոր մակարդակների հիմքում ընկած է Հայաստանի վերականգնված պետականության կենսունակությունը, պաշտպանունակությունը, տնտեսական զարգացումը, հետագայում նաև ժողովրդագրական աճը (հայահավաքը) ապահովող հողային խնդիրը՝ Հայկական հարցը։ Այս ցանկն ինքնին փաստում է, որ Թուրքիան Հայաստանի և հայության դեմ իրականացնում է համընդհանուր հարձակողական քաղաքականություն՝ տասնյակ ուղղություններով։
ՀՀ արտաքին քաղաքականությունն անտեսում է Թուրքիայի վերը նշված գործողություններից շատերը։ Ամբողջովին անտեսված են թիվ 1, 4, 5, 7, 9, 10 մակարդակները, իսկ մյուսներում որոշ ենթամակարդակներ կա՛մ անտեսված են մնում, կա՛մ չեն ստանում համարժեք գնահատական։ Կարճ ասած՝ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությունն անկախության 17 տարիների ընթացքում չի մշակվել, մնացել է բարձիթողի վիճակում, անպաշտպան թողնելով Հայաստանի անվտանգության համար կենսականորեն կարևոր բազմաթիվ ճակատներ։
Առանձին քննության է արժանի ՀԹՀ-ի հիմնարար՝ հասկացական-տերմինաբանական բնագավառը։ Որքան էլ ցավալի է, սակայն ՀԹՀ-ի հասկացություններն ու տերմինաբանությունը մանրազնին մշակել է միայն թուրքական կողմը, մինչդեռ հայկական կողմը մինչև այսօր չի կարողացել ըստ արժանվույն գնահատել և ճիշտ բնորոշումներով ներկայացնել իրավիճակը։ Աղավաղված է հե՛նց ՀԹՀ-ի բնույթը՝ հակամարտությունը, որը փոխարինվել է «հարևանություն», «հարաբերություններ» և նմանատիպ բառեզրերով։ Բայց չէ՞ որ երկարատև թշնամական հարաբերությունները ոչ այլ ինչ են, քան հակամարտություն 13։
Այսպես՝ Թուրքիայի՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 17-ամյա մերժումը պետք է գնահատվի ոչ այլ կերպ, քան Հայաստանի՝ պետականություն ունենալու իրավունքն արմատից մերժելու փորձ։ Սակայն, պաշտոնական Երևանն այդպիսի գնահատական երբեք չտվեց։
Թուրքիան Հայաստանին անվանում է Ադրբեջանի տարածքները զավթած երկիր՝ «օկուպանտ», մինչդեռ Հայաստանը վախենում է հիշեցնել, որ իսկական զավթիչը Թուրքիան է, որը ցեղասպանության միջոցով հայաթափել և յուրացրել է Հայաստանի արևմտյան մասն ամբողջությամբ, ինչպես նաև արևելյան մասի մի հատվածը՝ Կարս-Արդահան-Սուրմալուն, հայոց ազգային խորհրդանիշ Մասիսներով ու Անի միջնադարյան մայրաքաղաքով հանդերձ։
Վտանգվել է հայրենիքի գաղափարի ճշգրիտ ընկալումը, որը հիմքային նշանակություն ունի ազգի դիմադրողականության ու բուն գոյության համար։ Ակնարկներ են արվում Հայաստանի արևմտյան մասից մեկընդմիշտ հրաժարվելու մասին։ Մասնավորապես, ՀՀ նախագահի վերջին հայտարարություններից մեկում ասվում էր, որ ՀՀ որևէ պաշտոնյա երբեք տարածքային պահանջների մասին չի խոսել 14, Արևմտյան Հայաստանի հարց չի բարձրացրել, մյուսում՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանն անվանված են լոկ «աշխարհագրական եզրեր» 15, առանց նկատելու, որ դա թուրքական քարոզչության մշակած հին և ամենավտանգավոր դրույթներից է 16։ Ասվում էր նաև, որ հայ-թուրքական խնդիրների լուծումն ապագա սերունդներին չպետք է թողնվի 17։ Եվ քանզի բոլորին հասկանալի է, որ հայոց հայրենիքի բռնագրավված հատվածի ամբողջական կամ մասնակի ազատագրումն այսօրվա խնդիր լինել չի կարող, ուրեմն ակնարկվում է հայրենիքի այդ հատվածի վերջնական ուրացում։ Այնինչ Թուրքիայի՝ հայ ժողովրդին հասցրած անչափելի վնասի դիմաց փոքրիշատե համարժեք փոխհատուցումը, նախևառաջ, տարածքների վերադարձի տեսքով, Հայաստանի երկարաժամկետ անվտանգության հիմնական երաշխիքն է։ Հայրենիքի օտարված մասից հրաժարվելը՝ նշանակում է հրաժարվել սեփական ինքնությունից՝ տեսանելի և անտեսանելի այն հազարավոր կապերից, որոնք հային հայ են պահում։ Այդպիսի քայլը կկազմալուծի հայերի աշխարհընկալման ու կենսանպատակների ողջ համակարգը, դարձնելով նրանց կամազուրկ և աննպատակ զանգված, որից հետո Հայկական հարցի թուրքական սցենարով վերջնական լուծումն այլևս հատուկ ճիգեր չի պահանջի։ Հայրենիքի օտարված մասի ուրացումն անիմաստ է նաև քաղաքական տեսանկյունից՝ այն որևէ տարրով չի ամրապնդում Հայաստանի անվտանգությունը։ Աշխարհում կան տասնյակ մեծ ու փոքր պետություններ, որոնք ունեն տասնամյակներով ձգվող տարածքային վեճեր, և այդ պետություններից որևէ մեկի մտքով չի անցնում, որ կարելի է հենց այնպես հրաժարվել ռազմավարական մեծագույն արժեքից՝ տարածքից, առավել ևս՝ եթե խոսքը վերաբերում է հայրենիքին 18։
Փոքր-ինչ շեղվելով, նկատենք, որ, չգիտես ինչու, վերջին ամիսներին ՀՀ ղեկավարության առաջին դեմքերը մեկը մյուսի ետևից թուրքական ԶԼՄ-ներին հարցազրույցներ են տալիս, որոնք ավելի հարցաքննության են նմանվում։ Վերջին շրջանում թուրքերին երեք հարցազրույց է տվել ՀՀ նախագահը (2008 թ. օգոստոսի 21-ին CNN-Turk-ի, օգոստոսի 28-ին «Ռադիկալի», սեպտեմբերի 20-ին «Միլլիեթի» թղթակիցներին), ևս մի քանիսն էլ՝ ՀՀ արտգործնախարարը 19։ ՀՀ վարչապետն էլ մեկ հարցազրույց է տվել ադրբեջանական Day.az գործակալությանը (հոկտեմբերի 7-ին) 20։ Այդ ընթացքում ո՛չ մի թուրք կամ ադրբեջանցի պաշտոնյա գեթ մեկ հարցազրույց չի տվել հայկական լրատվամիջոցներին։ Հակամարտող երկրների միջպետական հարաբերություններում այսպիսի երևույթն ինքնին վկայում է անհավասարության մասին, ընդ որում՝ ի վնաս Հայաստանի։
ՀՀ իշխանությունների զիջողական ու պարտվողական մոտեցումները ՀԹՀ-ին ևս մեկ անգամ ընդգծվեցին 2008 թ. նոյեմբերին, երբ Առաջին աշխարհամարտի ավարտի 90-ամյակն էին նշում և իրենց զոհերին ոգեկոչում բոլոր մասնակից պետությունները։ Եվ միայն Հայաստանը, որն այդ պատերազմում բոլորից ավելի էր զոհ ու կորուստ տվել, պաշտոնական մակարդակով մեկ բառով իսկ չհիշատակեց այդ տարեդարձը, որպեսզի հանկարծակի հօդս չցնդեն «հայ-թուրքական հաշտեցման»՝ հայ քաղաքական վերնախավի փուչ պատրանքները։
Թուրքիայի ներկա հայատյաց իշխանություններին և քաղաքական գործիչներին տրվում են սխալ գնահատականներ։ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը նրանց անվանում է, ոչ ավելի, ոչ պակաս, քան «խիզախ գործընկերներ» 21 և չի ուզում նկատել, որ նրանք թուրքական ավանդական ցեղասպանական քաղաքականության մերօրյա շարունակողներն են։ Իրականում, Թուրքիայի քաղաքական համակարգի բնույթը ֆաշիստական է և՛ իր օրինականացված ծայրահեղ ազգայնամոլությամբ, և՛ ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարած դաժան բռնամիջոցներով՝ ընդհուպ մինչև բնաջնջում և տեղահանում, և՛ մինչև այսօր գոյատևող առաջնորդի պաշտամունքով, և՛, ու առավել ևս, Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ վարած անզիջում հարձակողական քաղաքականությամբ 22։ Եթե Արևմուտքը կամ այլ պետություններ չեն բնորոշում թուրքական պետականությունն ինչպես որ այն կա, դա մի բան է՝ նրանք դրա կարիքը չունեն։ Սակայն, Հայաստանը, չտալով ցեղասպանությունը ժխտող, այսինքն՝ նոր ցեղասպանություն իրականացնելու պատրաստ այդ թուրք գործիչների ճիշտ գնահատականը, ընկնում է լուրջ թյուրիմացության մեջ. ո՛չ ինքն է տեսնում և հասկանում իր թշնամու բուն գաղափարախոսությունը, ռազմավարական հաշվարկներն ու նպատակները, ո՛չ էլ անգամ փորձում է իր ծանր աշխարհառազմավարական իրավիճակն ըստ էության ներկայացնել միջազգային հանրությանը։ Իր հարցազրույցներից մեկում, ՀՀ արտգործնախարարը, փաստորեն, խոստովանում է Հայաստանի արտաքին քաղաքականության հավկուրությունը, ասելով, որ ինքը «Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման առջև որևէ խոչընդոտ չի տեսնում» և որ «այդ հարցում վերին աստիճանի լավատես է» 23։ Այսինքն, մեր արտաքին քաղաքականության տեսադաշտից դուրս են մնացել ՀԹՀ-ի վերը նշված տասը մակարդակներն ու տասնյակ ենթամակարդակները, իսկ դրանց տեղն զբաղեցրել է անհիմն «լավատեսությունը» 24։
Ավելին՝ ինչպես արդեն նշվեց, հայկական կողմը, որը Թուրքիայի իրականացրած ցեղասպանության զոհն է և այսօր էլ ենթակա է վերջինիս հետևողական թշնամական գործողություններին՝ ՀԹՀ-ն չի էլ սահմանում իր իսկական անվամբ՝ իբրև հակամարտություն։ Այնինչ, եթե գործ ունենք հակամարտության հետ, ապա պետք է արմատապես փոխել քաղաքական բառապաշարը և խոսել ոչ թե չեղած «հարաբերությունների ջերմացումից», դրանցում իբր արձանագրված «ձնհալից», այլ, փոխարենը, միջազգային համայնքին ու, առաջին հերթին, հե՛նց հայկական լսարանին ներկայացնել ՀԹՀ-ի բուն պատճառները, անվտանգության և վստահության մեխանիզմներ կառուցելու հնարավորությունները կամ դրանց բացակայությունը։ Այսպիսի բարդ կառուցվածք ունեցող հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը չեն կարող օժանդակել նաև լարվածության մակերեսային մեղմացման անհեռանկար նախաձեռնությունները, ինչպիսին էր «ֆուտբոլային դիվանագիտությունը» (որն, ի դեպ, բացի վնասից որևէ օգուտ Հայաստանին չի բերել)։
Այլապես՝ հայկական դիվանագիտության մատուցմամբ` «հայ-թուրքական հարաբերություններում» առկա խնդիրներն ընդամենը երկուսն են՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և սահմանի փակ լինելը (որը հաճախ չի էլ բնորոշվում ճիշտ տերմինով, այն է՝ շրջափակման վերացում)։ Մնացած հարցերը դիտվում են իբրև հետագայում քննարկման ենթակա և նույնիսկ անվանվում են «զգացական» կամ «վիճելի» 25։ (Մենք տեսանք, թե որքան շատ են և ծանրակշիռ այդ զգացական կամ վիճելի հարցերը։) Հայկական դիվանագիտությունը տարիներ շարունակ կրկնում է վաշինգտոնյան ծագում ունեցող այն սխալ թեզը, թե այս երկու խնդիրներն էլ Ղարաբաղյան հակամարտության արդյունք են և իբր Թուրքիայի քաղաքականությունը Ադրբեջանի «պատանդն ու գերին է» դարձել։ Եվ սա այն դեպքում, երբ ինքը՝ Թուրքիան, ամենևին այդպիսի պարզունակ գնահատական չի տալիս ընդդեմ Հայաստանի վարած իր քաղաքականությանը, այլ հստակ մատնանշում է, որ Ադրբեջանի շահերն ամուր շաղկապված են իր սեփական շահերին։ Թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ իրենք ներկայացնում են «Մեկ ժողովուրդ՝ երկու պետություն»։ Ահա այս կապակցությամբ մի բոլորովին թարմ վկայախոսություն։ 2008 թ. դեկտեմբերի 1-ին Թուրքիայի արտգործնախարար Ա. Բաբաջանն Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Է. Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս առթիվ հստակ է արտահայտվել. «Թուրք–հայկական սահմանների բացման և ղարաբաղյան հարցի հետ կապված խնդիրները լուծվելու են համալիր կերպով։ …Այս երկու հարցերն անբաժան են միմյանցից» 26։ Բացի այդ, Թուրքիան առանձնացնում է ևս երկու դրդապատճառ, որոնք ուղղակի կապ չունեն Ադրբեջանի հետ՝ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցումը և Թուրքիայի սահմանների պաշտոնական ճանաչումը (իրական նպատակը, ինչպես վերը նշվեց, այլ է՝ ոչնչացնել Հայաստանը)։
Ըստ այդմ՝ ՀԹՀ-ն բազմամակարդակ և բազմատարր հակամարտություն է, որի լուծումը չի կարող սահմանափակվել միայն Հայաստանի շրջափակման վերացմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ։ Միայն այդ երկու քայլի կատարումը Հայաստանի դեմ Թուրքիայի թշնամական քաղաքականության ավարտ չի նշանակի։ Ինչպես նախկինում գրել ենք, Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը մի դեպքում միայն. եթե իր հաշվարկները ցույց տան, որ դրանով Հայաստանին ավելի մեծ վնաս կպատճառի։ «Բարիդրացիության» նոր պայմաններում Թուրքիան իր թշնամական քաղաքականությունը կտեղափոխի այլ, առավել վտանգավոր ոլորտներ, առաջ բերելով Հայաստանի ազգային անվտանգության համար շատ լուրջ խնդիրներ։ Հետևելու է թուրքական տնտեսական և ժողովրդագրական ներխուժումը Հայաստան, ներքին արտադրողը շուկայից դուրս է մղվելու։ Անկարան խրախուսելու է հայերի զանգվածային արտագաղթը Թուրքիա և թուրքերի մուտքը Հայաստան 27(մասամբ՝ «մահմեդական հայերի» անվան տակ, որի խայծը ՀՀ իշխանությունները կարծես կուլ են տվել 28), ունենալու ենք նաև հազարավոր խառնամուսնություններ։ Թուրքական տնտեսական ներխուժմանը զուգահեռ ուժգնանալու են տեղեկատվական, գաղափարական, մշակութային ու հոգեբանական հարձակումներն ու թուրքական պետական քարոզչության անարգել ներթափանցումը Հայաստան 29։ Հայկական հասարակությունը կարոտ է այս բոլոր խնդիրների լրջագույն մասնագիտական քննարկման, այլ ոչ թե ԶԼՄ-ներում, հատկապես հեռուստատեսությամբ, Թուրքիայի նկատմամբ բարյացակամություն քարոզող արշավների և ուղեղների միակողմանի մշակման։
Ամփոփենք. հայ-թուրքական պետական և ազգային շահերի ակնհայտ ներհակությունը, ռազմավարական շահերի կատաղի բախումը, գաղափարախոսությունների անհամատեղելիությունը և վերը թվարկված մյուս բոլոր թշնամական գործողություններն արգելում են հայ-թուրքական բազմամակարդակ հակամարտության կարգավորումը այսօր քարոզվող արագ, «սպորտային» միջոցներով։ Այդպիսի ծանծաղ «լուծումների» արդյունքում կարող են տուժել միայն Հայաստանն ու հայ ժողովուրդը։ ՀԹՀ-ի կարգավորման գլխավոր նախապայմանն ամուր և պաշտպանունակ Հայաստանի կայացումն է։ Միայն դրանից հետո Թուրքիան և նրա դաշնակից Ադրբեջանը կհաշտվեն հայկական պետականության գոյության իրավունքի հետ։
Իրատեսությունն ու գործնապաշտությունը պահանջում են Հայաստանի արտաքին քաղաքականության վերադիրքավորում՝ Թուրքիայի ակնհայտ թշնամության անտեսումից դեպի Հայկական հարցի համակողմանի վերարծարծում, ընդհուպ տարածքային փոխհատուցման վերաբերյալ քաղաքականապես իրապաշտ առաջարկների միջոցով 30

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

—————–

[*]Հոդվածը որպես զեկուցում կարդացվել է 2008 թ. նոյեմբերի 13-14-ին` Թեհրանում կայացած «Հայ Դատն այսօր» 6-րդ խորհրդաժողովում։

Հոդվածը արտատպվել է «ԱԶԳ»-ում, 13.12.2008թ.

  1. Այս մասին մանրամասն տե՛ս Ա. Այվազյան, Հիմնատարրեր` Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի, Մասն Ա, 2-րդ, լրամշակված հրատ., «Լուսակն», Երևան, 2004 թ., էջ 107-108։
  2. A, Ayvazyan, “Western Armenia vs Eastern Anatolia”, Europe & Orient (Journal of the Institute Tchobanian, Paris), No. 4, 2007: Այս մասին տե՛ս Ա. Այվազյան, Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ, Երևան. «Արտագերս», 1998, էջ 37-40, 42 (ծնթ. 64), 43 (ծնթ. 65), 64-65, 223։ Լ. Սահակյան, Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում, Երևան. «Լուսակն», 2007, էջ 77-98։ Է. Դանիելյան, «Քարտեզագրական պատերազմը» և հայոց տեղանունների պաշտպանության հիմնախնդիրը, տե՛ս http://blog.ararat-center.org/։
  3. Այս մասին առավել մանրամասն տե՛ս Ա. Այվազյան, Նախապայմանների խնդիրը և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները, «Հայոց աշխարհ», 09.09.2008։
  4. Ամենավերջին ցայտուն օրինակներից է 9 լեզվով հրատարակված «Թուրքիա-2008» գրքույկը, որի հրատարակիչը Թուրքիայի պետությունն է (տե՛ս «Թուրքիան իր թեզերն այս «գրքով» է բացատրելու». – «Զաման», 16 հոկտեմբերի 2008թ., հայերեն թարգմանությունը՝ http://artmamul.ararat-center.org/?p=97)։ Այս հակահայկական գրքի հրատարակությունը գալիս է մեկ անգամ ևս փաստելու Թուրքիայի անփոփոխ թշնամական քաղաքականությունը Հայաստանի և հայության դեմ՝ ջարդուփշուր անելով «հայ-թուրքական մոտալուտ հաշտեցման» խաբկանքները։Դեռևս Գարեգին Նժդեհն էր ահազանգում, որ «հայկական սպանդին հետևեց բարոյական եղեռնը՝ հայերի վարկաբեկումը»։ Թվարկելով 1920-1940-ական թթ. թուրքերի քարոզած թեզերը, Նժդեհն ընդգծում էր, որ «հակահայկական քարոզչությունը, իրենց ռազմական, առևտրական ու մամուլի կցորդների հետ միասին, վարում էին թուրքական դեսպանություններն ու հյուպատոսությունները։ Դրանում ակտիվ դեր էր խաղում և թուրք ուսանողությունը». – տե՛ս Գարեգին Նժդեհ, Հովհաննես Քաջազնունի, Նշխարներ, Երևան, «Ազգայնական ակումբ», 2002, էջ 33։
  5. Տե՛ս Կ. Վրթանեսյան, Ս. Մարտիրոսյան. Համացանցը և մենք, Ռազմավարության և անվտանգության հարցեր (ժողովածու) , խմբագրությամբ Ա. Այվազյանի, Երևան, 2007, էջ 230-257։
  6. Թուրքերը պարզ հետապնդում են, իրենց իսկ բառերով՝ «Սփյուռքի հետ Հայաստանի հարաբերությունների թուլացման նպատակ». – տե՛ս, օրինակ, Այդըն Սեզեր, Մեկուսացման է մղվում ոչ թե Հայաստանը, այլ՝ Թուրքիան, «Ռեֆերանս» օրաթերթ, 15.05.2008, թարգմանաբար տե՛ս՝ http://artmamul.ararat-center.org/?p=25 (նաև «Արարատ» ՌԿ-ի թիվ 3 ծանոթագրությունը), «Սփյուռքը վնասում է Հայաստանի ժողովրդին», «Հաբեր27քոմ» (Haber27com) 26 ապրիլի 2008թ., http://artmamul.ararat-center.org/?p=5։
  7. Այս մասին տե՛ս Կարլեն Դալլաքյան. Ռամկավար Ազատական Կուսակցության պատմություն։ Գիրք երկրորդ, Երևան, «Մուղնի» հրատ., 2007, էջ 271-282։ Այս էջերում հրատարակված են թուրքական հինգ գաղտնի փաստաթղթեր, որոնք բացահայտում են, մասնավորապես, որ դեռևս մինչև հայ վրիժառուական գործողությունները թուրքական գաղտնի սպասարկություն ՄԻԹ-ն ունեցել է սփյուռքահայության վրա հսկող գաղտնի գրասենյակ՝ իր պետով։ Այս գրքի մասին Գ. Յազըճյանի գրախոսությունը, լրացուցիչ տեղեկություններով, տե՛ս «Ազգ», 02.02.2008։
  8. Տե՛ս Մանվել Զուլալյան, Հայոց պատմության խեղաթյուրումը արդի թուրք պատմագրության մեջ (հին և միջին դարեր), Երևան, 1995։
  9. Առնվազն մի դեպքում, օտար և հայկական աղբյուրների համաձայն, 1993 թ. աշնանը թուրքական Երրորդ բանակը պատրաստվում էր իսկապես ներխուժել Հայաստան: Տե՛ս նաև А. Айвазян, ”Лжеинформация о связи Армении и Курдской рабочей партии – возможная прелюдия к турецкому вторжению,” REGNUM, 07 декабря 2007 г.; “Чем, по-вашему, занимаются сегодня турецкие спецслужбы в Армении?”, Голос Армении, 04.03.2008.
  10. Մանրամասն տե՛ս Ա. Այվազյան, «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը Հայկական հարցի համատեքստում», Ելույթ ՀՀ ԱԺ «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ և հեռանկարներ» թեմայով լսումներին, 19-20 դեկտեմբերի 2007 թ.:
  11. Ահա ՀՀ Թուրքիայի նկատմամբ տարվող քաղաքականության դեմ սփյուռքահայության բողոքի մի դրսևորում՝ Garen Yegparian, “Not in My Name,” The Armenian Weekly, Vol. 74, No. 39, October 4, 2008։
  12. Ողջունելի է, որ ՀՀ նախագահը 2008 թ. նոյեմբերին վերջապես հրաժարվեց նախորդ երեք ամիսների ընթացքում ընդունելի հայտարարված այդ սին ու վտանգավոր գաղափարից, որն արդեն իսկ սկսել էր հուզումներ առաջացնել և՜ պատմագիտական, և՜ քաղաքական, և՜ հասարակական շրջանակներում։
  13. Ա. Այվազյան, Հայ-թուրքական հարաբերություններ գոյություն չունեն, կա հայ-թուրքական հակամարտություն, «Եթեր», 25.09.2008։
  14. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը թուրքական «Ռադիկալ» օրաթերթին», 28.08.2008։
  15. Տե՛ս «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը թուրքական «Ռադիկալ» օրաթերթին», տե՛ս Ազգ, 29.08.2008։
  16. Այս մասին տե՛ս Ա. Այվազյան, Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ, էջ 37-40։
  17. «Մենք քննարկեցինք երկկողմ և տարածաշրջանային նշանակության բազմաթիվ հարցեր: Ամենակարևորն այն է, որ համաձայնեցինք առկա խնդիրները չթողնել գալիք սերունդներին: Ես հավատում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում իսկապես եկել է խնդիրները լուծելու ժամանակը, և այդ հարցում պատրաստակամություն տեսա նաև Նախագահ Գյուլի մոտ: Համոզված եմ, որ նշված ուղղությամբ պետք է արագ և վստահ առաջ շարժվել…» («Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանում», 25.09.2008, ամբողջական տեքստը` http://president.am/events/statements/arm/?id=19
  18. Այս հարցի քննարկումը և տարածքային վեճեր ունեցող պետությունների համառոտ ցանկը տե՛ս Ա. Այվազյան, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը Հայկական հարցի համատեքստում, նշվ. աշխ.։
  19. Դրանցից երկուսը թարգմանաբար տե՛ս Ազգ, 24.09.2008 և «Մեզ համար որևէ խոչընդոտ չկա», «Բի Բի Սի Թրքիշ սրվիս», 28 հոկտեմբերի 2008թ., http://artmamul.ararat-center.org/?p=109։ Եվս մի հարցազրույց ՀՀ արտգործնախարարը տվել է 2008թ. սեպտեմբերի 7-ին՝ «Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է թուրք լրագրողներին». – Panorama.am, 09.09.2008. “Глава МИД Армении: В лексикон вошел термин “футбольная дипломатия”, 09.09.2008, http://regnum.ru/news/1052302.html:
  20. Ի դեպ, այս հարցազրույցում ՀՀ վարչապետը, մոռանալով Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում իրագործված ցեղասպանական գործողությունները, Արցախի դեմ պատերազմի սանձազերծումը, հակահայկական ռասիստական ամենօրյա քարոզչությունը, Ադրբեջանի հասցեին անտեղի հաճոյախոսում է, ասելով, թե «Ադրբեջանն նվիրված է համաեվրոպական արժեքներին» (“Премьер Армении предлагает Азербайджану “попытаться увидеть общее будущее”, REGNUM.ru, 07.10.2008)։
  21. Մանրամասն տե՛ս Ա. Այվազյան, «Հայաստանի դիվանագիտության դարպասին թուրքական գոլերի թիվը կարող է աճել», Երկիր , 26.09.2008 և “Любые уступки приблизят войну”, Голос Армении, интервью с А. Айвазяном, 14.10.2008:
  22. Այս մասին առավել մանրամասն տե՛ս Ա. Այվազյան, «Սևրի պայմանագրի չիրագործման հետևանքները Մերձավոր Արևելքի և միջազգային քաղաքականության համար». – Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը։ Նյութերի ընտրանի, Երևան, «Լուսակն», 2006, էջ 83-91:
  23. «Մեզ համար որևէ խոչընդոտ չկա», «Բի Բի Սի Թրքիշ սրվիս», 28.10.2008, http://artmamul.ararat-center.org/?p=109:
  24. Հիշեցման կարգով նկատենք, որ արևմտահայ ղեկավարությանն էլ նման «լավաեսություն» էր պատել Մեծ Եղեռնին նախորդող տարիներին։ Այս մասին տե՛ս նաև Ա. Այվազյան, «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը Հայկական հարցի համատեքստում», նշվ. աշխ.:
  25. Տե՛ս ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետևյալ հոդվածը՝ Serzh Sargsyan, “We Are Ready to Talk to Turkey,” Wall Street Journal, July 9, 2008:
  26. «Թուրք-հայկական սահմանների բացման և ղարաբաղյան հարցի հետ կապված խնդիրները լուծվելու են համալիր կերպով, – ասել է Ալի Բաբաջանը». – Թերթ.am 01.12.08:
  27. ՀՀ խորհրդարանում ներկայացված «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավարը նույնիսկ ցանկալի է համարում ՀՀ քաղաքացիների Թուրքիա արտագնա աշխատանքի մեկնելը՝ առանց դույզն ինչ մտորելու այդ երևույթի հետևանքների մասին (տե՛ս “Бывший оппозиционер предлагает гражданам Армении работать в Турции и одобряет кандидатуру нового спикера”, www.regnum.ru/news/1063777.html, 02.10.2008)
  28. Տե՛ս «Ո՞վ է հայը» (Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին), «Առավոտ», 2.10.2008։
  29. Առավել մանրամասն տե՛ս Ա. Այվազյան, Հայ-թուրքական հակամարտության այսպես կոչված «կարգավորման» և նրա բովանդակության մասին, «Հայոց աշխարհ», 6.09. 2008):
  30. Լուծումների քննարկումը տե՛ս Ա. Այվազյան, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը Հայկական հարցի համատեքստում, նշվ. աշխ.։

13 responses so far

13 Responses to “Հայ – թուրքական հակամարտության կառուցվածքային վերլուծություն”

  1. Gerason 09 Dec 2008 at 5:34 pm

    Ряд общественных организаций Нагорного Карабаха обратились с письмом к президенту Армении Сержу Саргсяну с требованием “убрать изображение “НКАО” с карты прогноза погоды и других карт Армении и НКР на телеканалах и заменить его изображением Республики Армении и Нагорно-Карабахской Республики”.

    (Я согласен с требованиями Арцахцев и считаю его правильным. Надо привыкнут и приучить глазам, что Арцах это не анклав, а воедино слитое с Арменией государственное образование)

  2. Gerason 09 Dec 2008 at 6:36 pm

    Эта часть стати меня очень беспокоит!
    ____________________________________________________________________________

    Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը մի դեպքում միայն. եթե իր հաշվարկները ցույց տան, որ դրանով Հայաստանին ավելի մեծ վնաս կպատճառի։ «Բարիդրացիության» նոր պայմաններում Թուրքիան իր թշնամական քաղաքականությունը կտեղափոխի այլ, առավել վտանգավոր ոլորտներ, առաջ բերելով Հայաստանի ազգային անվտանգության համար շատ լուրջ խնդիրներ։ Հետևելու է թուրքական տնտեսական և ժողովրդագրական ներխուժումը Հայաստան, ներքին արտադրողը շուկայից դուրս է մղվելու։ Անկարան խրախուսելու է հայերի զանգվածային արտագաղթը Թուրքիա և թուրքերի մուտքը Հայաստան 27(մասամբ՝ «մահմեդական հայերի» անվան տակ, որի խայծը ՀՀ իշխանությունները կարծես կուլ են տվել 28), ունենալու ենք նաև հազարավոր խառնամուսնություններ։ Թուրքական տնտեսական ներխուժմանը զուգահեռ ուժգնանալու են տեղեկատվական, գաղափարական, մշակութային ու հոգեբանական հարձակումներն ու թուրքական պետական քարոզչության անարգել ներթափանցումը Հայաստան 29։ Հայկական հասարակությունը կարոտ է այս բոլոր խնդիրների լրջագույն մասնագիտական քննարկման, այլ ոչ թե ԶԼՄ-ներում, հատկապես հեռուստատեսությամբ, Թուրքիայի նկատմամբ բարյացակամություն քարոզող արշավների և ուղեղների միակողմանի մշակման։

  3. Gerason 09 Dec 2008 at 6:43 pm

    Не надо забывать, что турки легко могут ассимилировать нас, Армян, об этом надо помнить всегда и перегородить себя и весь свой народ от тесного контакта с ними.
    Они проглотили и ассимилировали в свое время греков Византийской империи, армян и других народностей проживающих на территории Западной Армении, греческого Понта. Так что будьте осторожны, так называемые провинциальные правители мой Армении.

  4. Արամէon 10 Dec 2008 at 3:47 am

    Փայլուն ու համապարփակ վերլուծություն է: Ինչպես ասվում է .
    Ուզում եմ հատկապես ընդգծել այս մտքի կարևորությունը

    …Վտանգվել է հայրենիքի գաղափարի ճշգրիտ ընկալումը, որը հիմքային նշանակություն ունի ազգի դիմադրողականության ու բուն գոյության համար։….

    Իսկապես Թուրքիան և նրա շահերը սպասարկողները հիմնականում աշխատում են հայ ժողովրդի մոտ Հայրենիքի հասկացության փոփոխության հասնել: Որովհետև եթե ազգի մեջ վառ է մնում Հայրենիքի պատկերը ապա նույնիսկ եթե հարյուրամյակներ էլ անցնի միևնույն է վաղ թե ուշ կհայտնվի սերունդ որը նորից կփորձի վերադառնալ իր Հայրենիք:
    Հայրենիքի հասկացության աղջատմանն է տանում նաև վայ «հայագետների» գործունեությունը որոնց մասին գրել է Արմեն Այվազյանը:

  5. Արամէon 10 Dec 2008 at 3:50 am

    …ՀԹՀ-ի կարգավորման գլխավոր նախապայմանն ամուր և պաշտպանունակ Հայաստանի կայացումն է։ Միայն դրանից հետո Թուրքիան և նրա դաշնակից Ադրբեջանը կհաշտվեն հայկական պետականության գոյության իրավունքի հետ։…

    Այս գաղափարը պետք է դառնա Աքսիոմ:
    Բոլոր մնացած ուղիները առաջարկները ու հեքիաթները այն մասին թե ինչպես կարգավորել խնդիրները թուրքերի հետ պետք է ընկալվեն որպես անհեթեթությունների կույտ:
    Ամեն ինչ մեզնից է կախված, ամեն ինչ մեր ձեռքերում է:

  6. Gerason 10 Dec 2008 at 5:47 pm

    “Чтобы не было кривотолков в армянском обществе по поводу “сдачи” Карабаха, Армении и НКР необходимо четко распределить роли и полномочия двух армянских государств в рамках урегулирования конфликта с Азербайджаном. Вопросы освобожденных территорий и ряд других проблем должны находиться в сфере компетенций властей НКР. Кроме всего прочего, данный подход будет способствовать укреплению субъектности НКР, тем более что с правовой точки зрения, все территории Карабаха, в том числе освобожденные, согласно Конституции – нашему основному закону, находятся под юрисдикцией НКР”, заявил в интервью PanARMENIAN.Net независимый эксперт, экс-замминистра иностранных дел Нагорного Карабаха Масис Маилян.

    __________________________________________________________________________

    Властям Армении советуем прислушатся совету Маиляна, думаю что это очень правильное предложение………………………………………………………………….

  7. Gerason 12 Dec 2008 at 2:08 pm

    1

    Ընդհանուր առմամբ, իրանական պետական ապարատի որոշում ընդունող շերտերը, ելնում են երկրի պետական շահերից, եւ քաղաքական դիրքորոշումները մշակվում են համապատասխան այդ հիմնարար սկզբունքի: —– Սակայն ցածր օղակներում այդ որոշումները` համենայն դեպս այն մասով, որը վերաբերում է Հայաստանին եւ, նույնիսկ, շատ ավելի նուրբ խնդիրներին, կարծես թե սաբոտաժի են ենթարկվում` չեն իրագործվում կամ տապալվում են: քրդերը, շատ ավելի մեծ հակում են դրսեւորում դեպի Հայաստանը, քան Ադրբեջանը կամ Թուրքիան: Իսկ ովքե՞ր են այդ հակահայ օղակները իրանական իստեբլիշմենտում:

    —————————————————————————————
    2

    Ես դրանց կկոչեի ոչ թե հակահայ, այլ ավելի շատ հակաիրանական տարրեր, որոնց աներեւույթ շոշափուկները ամենուր հասնում են եւ, դատելով ըստ ամենայնի, մեծ ստվերային ազդեցություն ունեն երկրում: Ովքեր իրանական պաշտոնական շրջանակների հետ երբեւէ առնչվել են, կարող են վկայել, որ հաճախ ամենաբարձր մակարդակում ստորագրված եւ հաստատված որոշումները վերջին փուլում հանկարծ տապալվում են: Ինչպե՞ս եւ ինչու՞` պատճառը մնում է անհայտ: Սա ինձ շատ է անհանգստացնում, քանզի այդ տարրերի քանակն ու ազդեցությունը, թվում է, տարեցտարի աճում է:

    —————————————————————————————
    3

    Դրանց ես կբաժանեի երկու մասի` առաջինը` պանթյուրքիստներ, որոնց հիմնական նպատակը Իրանի մասնատումն է, եւ որոնք ակնհայտորեն սնվում են օտար աղբյուրներից: Մյուս խումբը մոլեռանդ իսլամականներն են, որոնք ուղղակի դեմ են Հայաստան-Իրան հարաբերությունների սերտացմանը: Վերջիններիս միամտաբար թվում է, որ եթե Ադրբեջանի բնակչությունը դավանում է շիա իսլամ (թե ինչքանով է կրոնը այդ երկրում լուրջ գործոն, դա ուրիշ հարց է), իսկ Հայաստանը քրիստոնյա պետություն է, ապա Իրանի քաղաքական գերակայությունը պետք է, բնականաբար, լինի Ադրբեջանը:

    ——————————————————————————–
    4

    Թուրքական դիվանագիտական պարզունակ խաղերը հիմնված են գործընկերներին ու հարեւաններին խաբելու իրենց ավանդական փորձի վրա, որը, սակայն, այսօրվա դիվանագիտական ընկալումների պայմաններում նրանց դրական արդյունք չի կարող ապահովել: _______ Կարծում եմ, որ շատ կարեւոր հետեւություններ պետք է անեն Հայաստանի արտաքին քաղաքականության նոր ուղին գծած մեր քաղաքական գործիչները վերը ասվածի լույսի ներքո»:

  8. Gerason 12 Dec 2008 at 2:20 pm

    Советую почитать эту статью:

    http://www.noravank.am/am/?page=theme&thid=&nid=1466#3_b

    http://www.noravank.am/am/?page=theme&thid=&nid=1466#3_b

  9. Gerason 12 Dec 2008 at 2:24 pm

    Տեղեկատվական գործողությունների արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ քայլերից է նաև ռադիոկայանների տեղակայումը։ ՀՀ հյուսիսարևելյան շրջանում և Արցախում, սահմանամերձ գոտում հայկական տեղեկատվական ազդեցություն սահմանելու համար անհրաժեշտ է ապահովել ռադիոհաղորդումների հեռարձակում ադրբեջաներենով։ Պետության հովանավորությամբ Ռուսաստանում, Իրանում, Վրաստանում, ինչպես նաև ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում անհրաժեշտ է ապահովել թերթերի տպագրում ադրբեջաներենով՝ ապատեղեկացնելով նոր կազմավորվող ադրբեջանական սփյուռքին։ Այս ամենով հանդերձ՝ ՀՀ տեղեկատվական գործողությունների ամենակարևոր պայմանը հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, ԶԼՄ և պետական կառույցների համալիր գործունեության ապահովումն է։

  10. Gerason 13 Dec 2008 at 2:04 pm

    13.12.2008 г.

    Вы можете указать хотя бы одну страну в мире, которая вернула бы часть своих территорий после победы над противником в развязанной последним войне? К примеру, зачем Россия, победив противника во второй мировой войне, приобрела в свою собственность Калининград-Кенигсберг, не имеющий с ней никакой сухопутной связи? Россия же, имеющая 17 млн. кв. км территории, внутри которой могли бы поместиться 3 США и 46 Японий, не хочет вернуть последней несколько небольших Курильских островов, имеющих для нее такое значение, как, скажем, несколько капель в полном водой ведре, в то время как для Японии они имеют жизненное значение? Кто ответит, сколько французов сразу же по окончании второй мировой войны вернулось в Германию на прежнее местожительство? В контексте карабахского урегулирования по сей день на повестке остаются не только пресловутое “возвращение” земель, но и возвращение азербайджанских беженцев, в то время как об армянских беженцах не говорится и слова.

  11. Gerason 14 Dec 2008 at 4:40 pm

    Любой историк и соображающий политик знает, что потеря народом роли самостоятельного субъекта сводит его борьбу к спору соседних держав за его территорию. Политическая проблема народа сводится к проблеме заселенной им территории. Народ же становится «камнем преткновения» под ногами топчущих его страну держав. В итоге, как показывает мировой опыт, лишенные политической субъектности народы этих территорий зачастую становятся лишь жертвами войны за территории……. и по тихонечко начинают ассимилироваться.
    ____________________________________________________________________________
    Тройка на нас давит, но нам некуда отступать, мы ОБЯЗЯНЫ стоять до конца. Мы должны консолидироваться и координировать свои действия и не отступать ни шагу. Чего это, Серж и его команда вдруг стали боятся. Россия, США или Европа, на нас не нападут же наконец. Уступив раз, уступим и второй раз, патом и третий, и в конце ничего ни останется. Опомнитесь, ведь через 50 – 60 лет Вас, или будут ругать или боготворят будущие поколения. Гарегину Нждеу свое время (1920-1921 г.г.) тоже заманили обещая многое чего, ради того чтобы он освободил Зангезур. Но он остался там и оказался правь. Прошли 90 лет и для понимающего патриота
    Он Самый Главный Герой Армении.

  12. Gerason 14 Dec 2008 at 4:46 pm

    С учетом того, что вокруг карабахского вопроса снова возникает аналогичная с 1994 годом ситуация, в частности, противоречия России и Запада по вопросу размещения миротворческих войск в зоне конфликта, такие усилия армянских политиков выглядят, не совсем продуманными …
    ____________________________________________________________________________

    Нам надо воспользоваться этой ситуацией …

  13. Gerason 16 Dec 2008 at 5:21 pm

    16.12.08

    История неоднократно показывала, что любое армяно-турецкое сближение плохо заканчивалось для Армении.
    Ничего воодушевляющего в перспективах дальнейшего развития армяно-турецких отношений нет, и эйфория в данном вопросе, не понятна. Внешняя политика Армении нуждается в корректировке. История 20 века показала, что реально верным государством для Армении является Иран, следовательно, необходим определенный политический сдвиг именно в эту сторону. Большой повод для беспокойства дает активизация российско-турецких отношений. История неоднократно показывала, что любое подобное сближение плохо заканчивалось для Армении. Россия – основной стратегический партнер Армении, активизирует отношения с Турцией. Этот вопрос должен оставаться в центре нашего внимания, так как может иметь трагичные последствия для Армении.

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.