Հանդիպում Շվեյցարիայի խորհրդարանականների հետ
Հոկտեմբերի 8-ին Կովկասյան ինստիտուտը կազմակերպել էր մի խումբ հայ փորձագետների հանդիպումը Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի և Շվեյցարիայի Դաշնային Ժողովում գործող “Շվեյցարիա-Հայաստան” խորհրդարանական խմբի անդամների հետ:
Ռիչարդ Կիրակոսյանն ու Սերգեյ Մինասյանը խոսեցին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին։
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը շվեյցարացի խորհրդարանականներին ներկայացրեց “Արցախյան հիմնախնդիրը տարածաշրջանային վերափոխությունների համատեքստում” խորագրով զեկույցը, որը և հատվածաբար հրապարակում ենք:
Արցախյան հիմնախնդիրը տարածաշրջանային վերափոխությունների համատեքստում
Հատվածներ
Վերջին երկու ամիսների զարգացումները ուժային լուրջ տեղաշարժեր են առաջացրել մեր տարածաշրջանում։ Ռուսաստանը վերադարձել ու վերահաստատվել է որպես տարածաշրջանային գերտերություն։ Երկու ինքնահռչակ պետություն՝ Աբխազիան և Հարավային Օսիան՝ 16 տարի անց ճանաչվել և անվտանգության ամուր երաշխիքներ են ստացել Ռուսաստանի կողմից։ Ադրբեջանը, ականատես լինելով Վրաստանի պարտությանը, մտմտում է իր հետագա անելիքների մասին։ Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն փորձում են վերականգնել իրենց սասանված հեղինակությունը։ Թուրքիան դիմում է դիվանագիտական բազմապիսի հնարքների՝ կորուստներից խուսափելու և առավելագույնս շահելու նպատակով։
Թուրքիայի առաջարկած
Կովկասյան կայունության և անվտանգության պլատֆորմի մասին
Ռուսաստանը հույսեր է փայփայում առ այն, որ Թուրքիային գուցե հնարավոր լինի ԱՄՆ-ի ազդեցության ծիրից պոկել-հանելը։ Այդ նպատակով նաև Հայաստանին որոշակիորեն խրախուսում է ինչ-ինչ երկխոսության մեջ մտնել Թուրքիայի հետ։ Սակայն թեկուզ միայն այն, որ Թուրքիայի՝ Կովկասյան կայունության և անվտանգության պլատֆորմ ստեղծելու անիրագործելի նախաձեռնության մեջ Իրանը դուրս է թողնված, արդեն իսկ վկայում է Վաշինգտոնի հետ այդ առաջարկության նախապես համաձայնեցված լինելու մասին։
Անվտանգության տարածաշրջանային համակարգերը և ընդհանրապես միջազգային տարածաշրջանային կազմակերպությունները հաջողության շանսեր ունեն միայն այն դեպքում, եթե նրանց անդամների միջև չկան սկզբունքային հակասություններ անվտանգության հարցերի վերաբերյալ։ Պետությունների նման (Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) կազմով անվտանգության միջազգային կազմակերպություն ստեղծելն անհավանական խնդիր է։ Ինչպե՞ս կարող են, օրինակ, միևնույն անվտանգության համակարգում համատեղ աշխատել Հայաստանն ու Ադրբեջանը, եթե այս երկրներն ունեն Արցախյան հիմնախնդիր և նրանցից մեկն անընդհատ սպառնում է մյուսին պատերազմով: Կամ Ռուսաստանն ու Վրաստանը, որոնք բացահայտ թշնամի պետություններ են, ինչպե՞ս են միմյանց հետ անվտանգության գործուն դաշնակիցներ լինելու։ Այսպիսի հավանականությունը փորձագիտկան մակարդակով չարժե նույնիսկ քննարկման առարկա դարձնել։ Հիշենք, օրինակ, ՍԵՆԹՕ-ն և նրա ճակատագիրը [1]։
Այսպիսով՝ Թուրքիայի առաջարկությունը իրականացման որևէ հնարավորություն չունի, պարզապես Անկարան փորձում է հնարավոր ամենաշատ շահույթը կորզել հենց միայն այդ գաղափարն առաջարկելու իր նախաձեռնությունից։ Հայաստանն էլ խաղում է Թուրքիայի խաղը, որն իրեն որևէ շահ և օգուտ չի տալիս։
Հայաստանի նշանակությունը տարածաշրջանում և Արցախի հիմնախնդիրը
Ինչպիսի՞ վիճակում է այսօր հայտնվում Արցախի հիմնխնդիրը և Հայկական հարցն ընդհանրապես։
Հայաստանի շուրջը տիրող իրավիճակը կարող է որոշակիորեն բարելավվել միայն Վրաստանի ուղղությամբ`ջավախահայության մասով։ Սակայն դա էլ երաշխավորված զարգացում չէ, մանավանդ վրացական ազգայնականության նոր վերելքի պայմաններում [2]։
Հայաստանի քաղաքական վերնախավը ժամանակ առ ժամանակ ընկնում է լավատեսական հալյուցինացիաների մեջ՝ հայ-թուրքական հարաբերությունների արագ բարելավման կամ Ղարաբաղյան հակամարտության արագ լուծման վերաբերյալ։
Սակայն իրականությունն այն է, որ Հայաստանը գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ բաց, երկարաժամկետ և տեսանելի հեռանկարում անլուծելի հակամարտության մեջ, որից խուսափել հնարավոր չէ։ Որքան էլ հայկական կողմը ցանկանա, Անկարան ու Բաքուն դեռ երկար ժամանակ չեն փոխելու իրենց՝ Հայաստանի գոյությանն իսկ սպառնացող թշնամական քաղաքականությունը ու դա հե՜նց միայն Հայաստանի պետականության հարաբերական թուլության պատճառով։
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հակամարտություններում ռազմավարական՝ երկարաժամկետ գործողության բաղադրիչները շատ ավելի զորեղ են, քան տարածաշրջանային տեղաշարժերի բերումով առաջացած ինչ-ինչ փոփոխությունները։ Այդ նույն բաղադրիչներն կայուն առկա են առնվազն 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև այսօր։ Այդ տևական ընթացքում տեղի ունեցած համաշխարհային հեղափոխությունները, ուժային վերադասավորումները որևէ կերպ չեն կարողացել վերացնել հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հակամարտությունների բուն պատճառները։ Սա գալիս է Հայկական հարցի բնույթից։
Հայկական հարցը հայ ժողովրդի անվտանգության հարցն է, որը պահանջում է երկու նախադրյալի ապահովում. առաջին` հայկական լիարժեք եւ ամուր պետականության ստեղծում, երկրորդ՝ այդ պետականության անվտանգությունն ու կենսունակությունն ամրագրող տարածքային երաշխիքներ։ Ընդ որում՝ մի նախադրյալի ապահովումն առանց մյուսի անիրագործելի է. ո՛չ հայկական պետությունն է ի վիճակի գոյատեւել նախկին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 29.800 կմ2 խիստ խոցելի, իր անպաշտպանունակությամբ ինքնըստինքյան «ագրեսիա հրավիրող» սահմաններում, ո՛չ էլ հայկական պետության բացակայությամբ հնարավոր կլինի հայ ժողովրդի գոյությունն առհասարակ։
Վերջին մեկուկես տասնամյակի փորձը փաստել է, որ Հայաստանը կարողացել է գոյատեւել` շուրջ 40.000 քառ. կիլոմետրանոց բնական որոշակի սահմաններ ունեցող լեռնաշխարհի վրա վերահսկողություն հաստատելու շնորհիվ միայն, ներառելով Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը` ազատագրված տարածքով հանդերձ (Ի դեպ, այս տարածքը համընկնում է Շվեյցարիայի տարածքին)։ Սա՛ է Հայաստանի անվտանգությունն ապահովող այն նվազագույն հողակտորը, որից պակաս տարածքում հայոց պետականության գոյությունն այլեւս կարող է անհնարին լինել։
Այսպիսով, Հայկական հարցի լուծումն ամենեւին էլ հայերի ցեղասպանության միջազգային ճանաչումը չէ։ Հայկական հարցը, ամենից առաջ, հողային հարց է։
Այս իրողություններից ելնելով էլ, Հայաստանի առաքելությունը տարածաշրջանում այսօր և տեսանելի ապագայում կայանում է գերտերությունների միջև ուժային նուրբ հավասարակռությունն ապահովելու մեջ։ Առանց պաշտպանունակ Հայաստանի տարածաշրջանը կարող է ապրել վտանգավոր, անկանխատեսելի հետևանքներով հղի աշխարհաքաղաքական պայթյուն, որը դժվար թե ի վիճակի լինեն վերահսկել նույնիսկ այդ պայթյունը ծրագրողները։
Այս տեսանկյունից՝ Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային անվտանգության որևէ համակարգին հնարավոր կլինի միայն նրա ներկա պաշտպանունակության մակարդակի պահպանման դեպքում։ Իսկ դա նախատեսում է հայկական զինված ուժերի ներկայություն ու վերահսկողություն՝ ՀՀ և ԼՂՀ ողջ տարածքի, ներառյալ ազատագրված ամբողջ գոտու վրա։ Պարզ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան առայժմ դրան չեն համաձայնվի, բայց հայկական կողմը նահանջելու տեղ չունի։
Հեռանկարում՝ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները դառնալու այս տարածաշրջանում առաջնորդ երկիր՝ նորարական տեխնոլոգիաների, բժշկության և մշակույթի բնագավառում։ Սակայն, առայժմ մենք ստիպված ենք լուծելու Հայաստանի ֆիզիկական անվտանգությունն ամրապնդելու խնդիրներ։
——————–
- Central Treaty Organization: formerly Middle East Treaty Organization, or Baghdad Pact Organization mutual security organization dating from 1955 to 1979 and composed of Turkey, Iran, Pakistan, and the United Kingdom. Until March 1959 the organization was known as the Middle East Treaty Organization, included Iraq, and had its headquarters in Baghdad. Formed at the urging of Britain and the United States, the Central Treaty Organization was intended to counter the threat of Soviet expansion into vital Middle East oil-producing regions. It was never very effective. Iraq withdrew from the alliance in 1959 after its anti-Soviet monarchy was overthrown. That same year the United States became an associate member, the name of the organization was changed to CENTO, and its headquarters was moved to Ankara. Following the fall of the shah in 1979, Iran withdrew, and CENTO was dissolved (Source: Encyclopedia Britannica).
- Տե՜ս Թ. Վարդանյան. «Թիֆլիսահայ համայնքը վրացական ազգայնականության ակտիվացման փուլում», Ազգ, 4 հոկտեմբեր 2008։
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.