Այս կարծիքին են «Լեզվաքաղաքականության հրատապ խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման մասնակիցները
Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու շուրջ ծավալված աժիոտաժը շարունակվում է: Օրերս այս եւ «Լեզվաքաղաքականության հրատապ խնդիրները Հայաստանում» թեմայով հանդիպում էր կազմակերպվել «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ առաջին գումարման ԳԽ պատգամավոր, Կրոնի վարչության նախկին պետ Լյուդվիգ Խաչատրյանը, բանասիրական գիտությունների թեկնածուներ Ավիկ Մարությանը, Թադեւոս Տոնոյանը, Անահիտ Հարությունյանը, արվեստագիտության թեկնածու Մհեր Նավոյանը, պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Յազըճյանը եւ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը:
Արմեն Այվազյան. «Իրավապահ մարմինները պարտավոր են զբաղվել հանցագործության բացահայտման խնդրով»
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն ուսումնասիրել է «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության» (ՀՀԱԱՌ)` հայոց լեզվին վերաբերող դրույթները և եկել եզրակացության, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու Կառավարության նախաձեռնությունը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրության կոնկրետ հոդվածների, այլև ՀՀԱԱՌ-ին: Օրինակ` ՀՀԱԱՌ-ում նշվում է, որ հայապահպանության ոլորտում պետական մարմիններից պահանջվող գործողություններն են հայագիտական ճյուղերի` հայոց լեզվի, գրականության, պատմության ու մշակույթի զարգացումը: Փաստաթղթի մեկ այլ դրույթում նշվում է, որ ՀՀ պետական քաղաքականության նպատակը հայոց լեզվի դերի բարձրացումն է և այլն: