ԱՐԱՐԱՏ ռազմավարագիտական կենտրոնը շնորհավորում է համայն հայությանն այս փառապանծ տոնի առթիվ և մաղթում, որպեսզի հայոց հավաքական կամքը լինի հայկյան բազկի պես ամուր և անսասան: | |
![]() |
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ
Երկնէր երկին, երկնէր երկիր, Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ. |
Ներբեռնել «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը՝ երեք լեզուներով: Ներբեռնել «Վահագնի ծնունդը» երգի ձայնային ֆայլը: |
Է. Լ. Դանիելյան
ՀԱՅԿԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 4500-ԱՄՅԱԿԸ
2008թ. լրանում է Հայկ Նահապետի` Հայոց Ձորի (Վանա լճից հարավ) ճակատամարտում Բելի դեմ տարած հաղթանակի 4500 տարին:
Այս տոմարագիտական հաշվարկը կատարել է մեծանուն հայագետ Ղևոնդ Ալիշանը (1820-1901), հիմնվելով Հայոց բուն թվականի «Հայկի շրջանի» («Հայկայ շրջանի») պարբերականության վրա: Հին հայկական տոմարը նահանջ տարի չուներ, քանի որ տարին միշտ համարվում էր 365 օր, ուստի տարին և թվականը շարժական էին: Հուլյան տոմարի 1460 տարվա ընթացքում տարբերությունը լրանում է հին Հայկական տոմարի յուրաքանչյուր 1461 տարում: «Հայկի շրջանի» այսպիսի պարբերականությամբ Ք. ա. 2492 թ. նշանավորվեց Հայկի հաղթանակով: Հաղթական տարվա սկիզբն էր Նավասարդի 1-ը (օգոստոսի 11)*: Հայ Առաքելական Եկեղեցին եկեղեցական օրացույցում մշտապես նշում է տարիները ըստ «Հայկի շրջանի»:
Պատմահայր Մովսես Խորենացին (V դար) Բելին ներկայացրել է որպես աշխարհին տիրելու ձգտող չար ուժերի գլխավոր: Հայկ նահապետը շենացնում էր Հայոց աշխարհը, երբ Բելը փորձեց նրան ենթակայեցնել: Սակայն Բելի նույնիսկ ահռելի ուժերը չօգնեցին նրան: Հայոց Ձորի ճակատամարտում Հայկը իր լայնալիճ աղեղից արձակած երեքթևյան նետով սպանեց Բելին: Հայկի հաղթանակը խորհրդանշում էր Լույսի ուժերի հաղթանակը խավարի հրոսակների նկատմամբ:
Հազարամյակների խորքից եկող հայոց պատմության առանցքը` պայքարն է օտար նվաճողների դեմ, որի ակունքներում է Հայկ Նահապետի հաղթանակը, որը հետագա հաղթանակների առհավատչյան դարձավ:
Հայրենիքին նվիրվելը, ստեղծագործ աշխատանքով ծառայելը, սխրագործելը և հանուն Հայրենիքի ազատության կյանքը չխնայելը հայոց ոգու հրամայականն է: Հայ Առաքելական Եկեղեցին Վրթանես կաթողիկոսի` 337թ. սահմանած կանոնով Վարդան Զորավարին և նրա հետ Ավարայրի ճակատամարտում (451թ.) հանուն Հայրենիքի և Հավատի, Քրիստոսի Խաչով իրենց կյանքը պատարագած հայորդիներին դասեց սրբերի շարքը:
ՀԱՅԿՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ամեն հայի սրտում է, արյան ամեն կաթիլի մեջ, հայորդիներին մղելով սխրագործելու ՀԱՅԿԱԲԱՐ: Նոր վկաներն են Արցախի հաղթական հերոսամարտի բազում հայ ազատամարտիկները և զորավարները:
—————
* Հայկական լեռնաշխարհում աստղային երկնքի դիտարկումների (Ք.ա. VI հազ. – Զորաց քար, Ք.ա. III հազ. առաջին կես – Մեծամոր), հնագիտական պեղումների և ժայռապատկերների հետ կապված նոր հայտնագործությունները վկայում են Հայկյան խորքային արմատների մասին, և Հայկի Ք. ա. 2492թ. փառապանծ հաղթանակը խորհրդանշում էր Հայոց պատմության մեջ շատ կարևոր նոր դարաշրջանի սկիզբը: