- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Հանուն ճիշտ քարտեզների

Հայ երիտասարդությունը շարունակում է պայքարել Արցախի Հանրապետության ճիշտ քարտեզների օգտագործման համար: Ակցիային մասնակցում են բազմաթիվ ՀԿ-ներ ու երիտասարդներ, այդ թվում նաև «Արարատ» ՌԿ-ի Ամառային Դպրոցի ուսանողները:

Նույն թեմայով նայել նաև՝

  1. Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվության միջոցների ղեկավարներին և աշխատակիցներին
    Նամակ կոչի տակ ստորագրել են 20 կազմակերպություններ և 60-ից ավել անհատներ
  2. Վերջապես հասկանանք, որ ԼՂԻՄ-ը գոյություն չունի
  3. Armenia’s de facto borders
  4. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՐԳՈ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԱՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»
    Բաց նամակ ԼՂՀ-ի վարչական սահմանների քարտեզների վերաբերյալ, 11 նոյեմբեր 2008թ.
    In English , на Русском

Մամուլի արձագանքը`

   ԱՅՑ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «ՄՇԱԿՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՎ», Panorama.am, 24.12.2008
   Նոր տարին՝ նոր քարտեզով, Hetq.am, 24.12.2008

Ակցիայի արդյունքները՝

  1. ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՄԻԱՅՆ «ԱԼՄ-Ն» , 14.01.2009, Panorama.am
  2. ՔԱՐՏԵԶԻ ՃԻՇՏ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԱՐԴԵՆ ԵԹԵՐՈՒՄ Է , 21.05.2009, Panorama.am
  3. «ԱԼՄ»-ի եթերում սկսել է ցուցադրվել ՀՀ ու ԼՂՀ ամբողջական քարտեզը , 27.05.2009, Ankakh.com

Թեմային վերաբերող հարակից նյութեր

  1. Էդուարդ Դանիելյան. Քարտեզագրական պատերազմը
  2. Ռուբեն Թարումյան. Ցանկությունների կատարում կամ ի՞նչ կկամենաք, 26.01.2009
  3. Խեղճության փայլուն դրսեւորում, Երկիր, 23.06.2009թ.
  4. ЧЬИ КАРТЫ ВРУТ? , Марина ГРИГОРЯН, Голос Армении, 01.08.2009г.
  5. Ոչ ոք իրավունք չունի խեղաթյուրել ԼՂՀ քարտեզը, Արմար.ամ, 29.10.2009г.


Աղբյուրը՝ PANORAMA.am , 24.12.2008

ԱՅՑ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ «ՄՇԱԿՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՎ»

Հայաստանյան մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ այսօր այցելել են հայկական հեռուստաընկերություններ և վերջիններին փոխանցել ԼՂՀ քարտեզը, դրա CD տարբերակն ու մի նամակ: Հիշեցնենք, որ խնդիրը նրանում է, որ մոտ երկու տասնյակ ՀԿ-ներ ու 60-ից ավելի անհատներ բողոքում են, որ հեռուստաընկերություններով եղանակի տեսության ցուցադրման ժամանակ ու նաև գովազդներում ԼՂՀ քարտեզի փոխարեն ցուցադրվում է ԼՂԻՄ տարածքը, որտեղից դուրս են մնում ազատագրված տարածքները:

Ինչպես Panorama.am-ին ասաց միջոցառման նախաձեռնող խմբի անդամ, «netnews.info» տեղեկատվական կայքի պատասխանատու Վահրամ Միրաքյանը, այսօր առավոտյան 5-10 հոգուց բաղկացած 6 խմբերն այցելել են տարբեր հեռուստաընկերություններ:

Այսպիսով, Վ. Միրաքյանի խումբն այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն («Հ1»), որտեղ պատասխանատուներից ոչ ոք նրանց չի ընդունել: «Մեզ ասացին, որ Արմեն Արզումանյանը տեղում չէ, մեզ դիմավորեց հեռուստաընկերության աշխատակիցներից մեկը, ում էլ փոխանցեցինք քարտեզի ճիշտ տարբերակը, CD տարբերակն ու նամակը, որտեղ բացատրվում է առաջարկի նպատակն ու շարժառիթը»,-ասաց Վ. Միրաքյանն ու ավելացրեց, որ հեռուստաընկերությունում թողել են իրենց կոորդինատներն ու սպասում են պատասխանին:

Նախաձեռնողների մյուս խումբը եղել է «Շանթ» հեռուստաընկերությունում: Ինչպես ասաց նախաձեռնող թիմի անդամ Տիգրան Քոչարյանը, հեռուստաընկերության տնօրենը զբաղվածության պատճառով չի ընդունել նրանց, իսկ փոխտնօրենն էլ տեղում չի եղել: «Պատասխանատուներից մեկի հետ հանդիպում խնդրեցինք, ու մեզ ուղեկցեցին հեռուստաընկերության գլխավոր հաշվապահի մոտ»,-ասաց Տ. Քոչարյանն ու կեսկատակ, կեսլուրջ ավելացրեց. «Փաստորեն հաշվապահը շատ քաղաքականացված մարդ էր ու մեզ հետ իր մտքերով կիսվեց»: Այստեղ նույնպես նախաձեռնող խմբի անդամները թողել են իրենց կոորդինատներն ու քարտեզի թղթային, CD տարբերակն ու նամակը: Հեռուստաընկերության շենքից դուրս գալուց նրանք, պատահաբար, հանդիպել են «Հորիզոն» լրատվականի ղեկավար Նվեր Մնացականյանին, ով ողջունել է նախաձեռնությունը:

Ըստ նախաձեռնող խմբի անդամների, իրենք և իրենց նախաձեռնությանը «լավ վերաբերմունքի չեն արժանացել» «Կենտրոն» հեռուստաընկերությունում: Խմբի անդամներից Ռուզան Հարությունյանի խոսքով, իրենք խոսել են «Էպիկենտրոն» լրատվականի գլխավոր խմբագրի՝ Եվա Մեհրաբյանի հետ: Նա, Ռ. Հարությունյանի հավաստմամբ, թերահավատորեն է վերաբերվել նախաձեռնությանն ու կոպտել` նշելով, որ «իրենք չեն, որ պետք է քարտեզի խնդիրը լուծեն»:

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչներն օրվա ընթացքում շարունակելու են այցելությունները հեռուստաընկերություններ, իսկ պատասխան չստանալու դեպքում, ինչպես Տ. Քոչարյանն ասաց, նպատակ կա նաև դիմել Ազգային ժողով:

Տ. Քոչարյանի հավաստմամբ, քարտեզը պատրաստվել է Երևանի քարտեզագրման ինստիտուտում:


Աղբյուրը՝ ՀԵՏՔ, 24.12.2008

Նոր տարին՝ նոր քարտեզով

Այսօր առավոտյան ինտերնետ տիրույթի մասնագետներ, բլոգերներ և մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ հավաքվել էին Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի շենքի մոտ` սկսելու ԶԼՄ-ին քարտեզներ բաժանելու ակցիան հենց քարտեզագրության ինստիտուտի կազմած քարտեզներով:
Ակցիայի նպատակն էր` աջակցել դեկտեմբերի 9-ին Արցախի երիտասարդների նախաձեռնությանը` կապված ԼՂՀ-ի քարտեզի սխալ արտացոլման հետ: «Մենք ուզում ենք սատարել մեր արցախցի ընկերներին: Կարելի է հարգել նաև այն մարդկանց հիշատակը, որոնք զոհվել են այդ տարածքներում, և հարգել այն մարդկանց, որոնք այնտեղ ապրում են»,-ասաց ակցիայի կազմակերպիչներից` Երևանի գիտակների ակումբի փոխնախագահ Տիգրան Քոչարյանը:
Կազմակերպիչները դեռ վաղ առավոտյան բոլոր ԶԼՄ-ներին ուղարկել են նամակներ: Հավաքվածները բաժանվեցին 6 խմբի: Քարտեզներ, նամակ և DVD սկավառակներ անձամբ փոխանցվեցին ամենաազդեցիկ ԶԼՄ-ին, որոնք իրենց եղանակի թողարկումների ժամանակ օգտագործում են ոչ ճիշտ քարտեզներ: Դրանցից են, օրինակ, «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունները և մնացած այն լրատվամիջոցները, որոնք օգտվում են Մետեո-TV-ի քարտեզներից:
Հետքը նույնպես միացավ քարտեզներ հանձնող խմբերից մեկին: «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությունը երկար հարցաքննեց երիտասարդներին, թե ինչ են ակնկալում նրանք` հանձնելով այդ քարտեզը, վերջապես ծրագրերի ղեկավարը ընդունեց քարտեզը, նամակն ու սկավառակը և խոստացավ փոխանցել ղեկավարությանը: Իսկ ելքի մոտ երիտասարդները հանդիպեցին «Շանթի» մեկնաբան Նվեր Մնացականյանին, որը նույնպես խոստացավ աջակցել երիտասարդներին և անձամբ զբաղվել այդ հարցով:
Տիգրան Քոչարյանը կարծում է, որ սխալ քարտեզը տեղեկատվական պատերազմի մի ձև է, որի դեմ պետք է պայքարել. «Զավեշտալին այն է, որ մեր մոտ չգիտեն, իսկ Ադրբեջանում տպագրում են այնպիսի ինֆորմացիա, որ իրենց Տնտեսական զարգացման նախարարը ծնվել է Արևմտյան Ադբեջանի Նոյեմբերյանի շրջանում: Իսկ մենք հանգիստ քնած ենք»:
ArmenianHouse.org էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանի խոսքերով, ակցիայի մեկ այլ նպատակն էլ այն է, որ «մեր երկրրի զանգվածային լրատվամիջոցները պատկերեն իրականությունը ԼՂՀ-ի իրական սահմանների հարցում: Հայկական ԶԼՄ-ները, ի վերջո, պետք է նկատեն, որ ազատագրված տարածքում մարդիկ են ապրում, ու պետք է այդ մարդկանց առօրյան էլ նկատել ու ցույց տալ: Անտեսվում է այդ տարածքը, կարծես թե այն գոյություն չունի»:
Կարեն Վրթանեսյանը զարմանում է, որ երևանյան հեռուստաընկերությունները սերիալներ են նկարում, բայց չեն կարող մի անձնակազմ գործուղել ազատագրված տարածքներ, որպեսզի Ամանորյա թողարկումների ժամանակ նաև ցույց տան նրանց առօրյան, ինչու չէ՝ նաև շնորհավորանքները:


ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՄԻԱՅՆ «ԱԼՄ-Ն»
Հայկական հեռուստաընկերություններից միայն «ԱԼՄ»-ն է պատասխանել հայկական մի շարք հասարակական կազմակերպությունների առաջարկին: Նրանք հեռուստաընկերություններին կոչ էին անում եղանակի տեսության և գովազդների ցուցադրման ժամանակ ԼՂՀ քարտեզի փոխարեն ցուցադրվող ԼՂԻՄ տարածքը (որտեղից դուրս են մնում ազատագրված տարածքները) փոխել:

Ինչպես Panorama.am-ին ասաց նախաձեռնության համակարգող Վահրամ Միրաքյանը, հեռուստաընկերությունը համաձայնել է իրենց առաջարկին,սակայն իր հերթին առաջարկել է, որ նախձեռնող խումբն ինքը պատրաստի քարտեզի նոր հեռուստատեսային տարբերակն ու փոխանցի իրենց:

«Այդ դեպքում հեռուստաընկերությունը կցուցադրի քարտեզի ճիշտ տարբերակը: Թեև դա արժե մոտավորապես 300 դոլար, բայց մենք առիթը բաց չենք թողնի ու կպատրաստենք քարտեզի նոր հեռուստատեսային հոլովակը»,- ասաց Վ, Միրաքյանը:

Բացի «ԱԼՄ»-ից, ուրիշ ոչ մի հեռուստաընկերություն դեռևս պաշտոնական պատասխան չեն տվել ՀԿ-ներին: Ինչպես նշեց Վ. Միրաքյանը, իրենք սրանով կանգ չեն առնի, նախաձեռնող խմբի անդամները պատրաստվում են խնդրի մասին ավելի բարձրաձայնել: «Դեռևս չգիտեմ՝ կոնկրետ դա կլինի փողոցներում տեղադրվող գովազդային պաստառների, թե այլ ձևով, բայց հստակ է, որ մենք շարունակելու ենք հանրությանը ներկայացնել քարտեզի ճիշտ տարբերակը»-ասաց նա: Վ. Միրաքյանն ավելացրեց, որ նախաձեռնողներին միանում են նաև այլ հասարակական կազմակերպություններ:

Հիշեցնենք, որ ՀԿ-ների ներկայացուցիչները հայկական հեռուստաընկերություններին փոխանցել են ԼՂՀ քարտեզը, դրա CD տարբերակն ու մի նամակ: Panorama.am-ին նրանք ասել էին, որ պատասխան չստանալու դեպքում, նպատակ ունեն դիմել նաև Ազգային ժողով:
Նկատենք, որ քարտեզը պատրաստվել է Երևանի քարտեզագրման ինստիտուտում:

Աղբյուրը` Panorama.am


Ankakh.com, 27.05.2009
Հայկուհի Բարսեղյան
«ԱԼՄ»-ի եթերում սկսել է ցուցադրվել ՀՀ ու ԼՂՀ ամբողջական քարտեզը

«ԱԼՄ» հեռուստաընկերությունը եղանակի տեսությունը հաղորդելիս արդեն 15 օր է` եթեր է հեռարձակում ՀՀ և ԼՂՀ ամբողջական քարտեզը` ներառյալ ազատագրված տարածքները: Ցուցադրվող քարտեզը «ԱԼՄ»-ի համար կազմել են «Հանուն ճիշտ քարտեզների» նախաձեռնության կամավորները:

2008-ի աշնանից գործող «Հանուն ճիշտ քարտեզների» նախաձեռնության նպատակն է պայքարել լրատվամիջոցներում և ինտերնետում Հայաստանի և ԼՂՀ-ի սխալ քարտեզների տարածման դեմ: «Ազատագրված յոթ շրջանները պատմական Հայաստանի տարածք են և այսօր ԼՂՀ մաս են կազմում: Սխալ քարտեզ ցուցադրելով` մեր հեռուստաընկերությունները խախտում են ԼՂՀ սահմանադրությունը,- ասում է նախաձեռնող խմբի անդամ Վահրամ Միրաքյանը,- Բացի այդ, այդ տարածքներում են ծառայում բազմաթիվ հայորդիներ, հազարավոր հայեր են ապրում, որոնց համար տեղեկատվական վակուում է ստեղծվել»:

Միրաքյանի խոսքերով` հայաստանյան հեռուստաընկերությունները, ազատագրված տարածքներն անտեսելով, մոռացության են մատնում նաև այդ տարածքների բնակիչներին:

Նախաձեռնության անդամները, ճիշտ քարտեզով և այդ տարածքների հայկական լինելը վկայող փաստաթղթերով զինված, դիմել են բոլոր հեռուստաընկերություններին և Մետեո-TV-ին: Սակայն միայն «ԱԼՄ» հեռուստաընկերությունն է սկսել ամբողջական քարտեզ եթեր հեռարձակել: «Առաջիկայում նորից կդիմենք տարբեր հեռուստաընկերությունների` մատնանշելով «ԱԼՄ»-ի օրինակը, և այս անգամ այլևս չեն կարողանա ասել, թե ամբողջական քարտեզ ցուցադրելը կվնասի Ղարաբաղի հարցի շուրջ ընթացող բանակցություններին»,-ասում է Միրաքյանը` հավելելով, որ ադրբեջանցիները ոչ միայն սրտի ուզածով քարտեզներ են կազմում և տարածում, այլ նաև Հայաստանը կոչում են Արևմտյան Ադրբեջան` չվախենալով բանակցություններին խոչընդոտելուց: