Աղբյուրը՝ Նացիոնալ , 26.01.2009թ.
Հունվարի 26-ին Ստամբուլում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ պատվիրակությունների հանդիպումը:
Պատճառը Թուրքիայի առաջարկած «Կովկասյան պլատֆորմն» է: Ըստ ծրագրի` կողմերը պետք է առավելապես տեխնիկական բնույթի հարցեր քննարկեն:
Թուրքիան գործի է անցել
Օգոստոսյան վրաց-օսական պատերազմից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդոհանը առաջարկեց տարածաշրջանում կայունության ու անվտանգության պլատֆորմ ստեղծել: Ծրագրված է, որ այն կհիմնվի ԵԱՀԿ սկզբունքների վրա: Տարածաշրջանի երկրները հասկանալի պատճառներով այդ նախաձեռնությունը առանձնակի ոգևորությամբ չընդունեցին, սակայն նաև չհրաժարվեցին: Հետևաբար, այսօր Թուրքիան խոսքերից կարծես թե գործի է անցնում: Հանդիպումը կազմակերպված է:
Հայաստանի կողմից կմասնակցի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանի գլխավորած պատվիրակությունը: Թուրքական կողմը կներկայացնի արտգործնախարարության Կովկասյան տարածաշրջանի հարցերով խորհրդական Ունալ Չեվիքյոզը: Ռուսաստանից և Ադրբեջանից կներկայանան փոխարտգործնախարարներ Վլադիմիր Տիտովն ու Արազ Ազիմովը:
Ո՞ւմ է պետք «Պլատֆորմը»
Հայաստանում թուրքական գաղափարներին հիմնականում կասկածով են վերաբերվում: Վերլուծաբանները, լավ հասկանալով թուրքական դիվանագիտության հիմնական սկզբունքները, նշում են, որ այս «Պլատֆորմը» առաջին հերթին Թուրքիային է պետք: Ավելի ճիշտ` նրա հեղինակությանը:
Այսպես, դեռևս ամիսներ առաջ «Նացիոնալին» տված իր հարցազրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ասել է. «Թուրքիան ուղղակի ցանկանում էր այս գործընթացը սկսել: Սա է նրա նպատակը: Այսպիսի արտահայտություն կա, որ կարևորը գործընթացն է, այլ ոչ թե արդյունքը: Թուրքիան ուղղակի նպատակ ունի ցույց տալու աշխարհին, որ ինքը տարածաշրջանում ունի որոշակի դիրք, նպատակ ունի ցույց տալու, որ շահագրգռված է հակամարտությունների խաղաղ լուծման համար և, իհարկե, ցույց տալու Ամերիկային և Եվրոմիությանը, որ ինքը ձգտում է նորմալացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ»:
Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` սա հատուկ է թուրքական դիվանագիտությանը, որը ձգտում է ավելի շատ ցույց տալու ինչ-որ բան, քան աշխատելու: Հարցը նման կոնտեքստում դիտարկելով` կարելի է ենթադրել, որ այս հանդիպումն էլ հավանաբար ձևական բնույթ է կրելու: Այն կոչված է ցույց տալու աշխարհին, որ Թուրքիան հետևողական պետություն է և մտադրված է իրագործել իր նպատակները:
Բարեգործ Հայաստանը
Իսկ եթե այս «Պլատֆորմն» առաջին հերթին Թուրքիային է պետք, ապա ինչու է Հայաստանը օգնում նրան: Տարբեր պատասխաններ կան: Ոմանց կարծիքով` Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը մասնակցի այս նախագծին, իսկ մենք Ռուսաստանին մերժել չենք կարող: Երկրորդ կարծիքը հնչում է մոտավորապես այսպես` հրաժարվելով` Հայաստանն իրեն ավելի նեղ դրության մեջ կգցեր: Բացի այդ, ցույց կտար, որ ինքն էլ է Թուրքիայի հետ թշնամություն անում: Իսկ մեր քաղաքականությունը, ինչպես հիշում եք, կառուցված է այն սկզբունքի վրա, որ մենք շատ ենք ցանկանում մտերմանալ հարևան պետության հետ, և իրականում այդ Թուրքիան է, որ չի ցանկանում մեզ հետ հարաբերություններ հաստատել: Մերժելով հրավերը` մենք կմերժեինք այս սկզբունքը:
Կա նաև երրորդ կարծիք, համաձայն որի` մեզ պարզապես անհրաժեշտ է մասնակցել այս «Պլատֆորմի» կայացմանը: Դա կբերի սահմանի բացմանը և տնտեսական զարգացմանը: Առավել լավատեսները նշում են, որ միգուցե նաև կգա այն օրը, երբ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը: Մինչդեռ Թուրքիան ոչ միայն մտադիր չէ ընդունել ցեղասպանության փաստը, այլ նաև ակտիվորեն օգտագործում է «Կովկասյան Պլատֆորմի» գաղափարը, որպեսզի կասեցնի ցեղասպանության ընդունումն այլ երկրներում: Մասնավորապես, անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը թուրքական հեռուստատեսությամբ հայտարարել էր. «Կարող եմ ասել, որ երբեք այսքան մոտ չենք եղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»: Սակայն այս պնդմանը նախորդել է հորդորն ԱՄՆ-ին` ցեղասպանությունը չընդունելու մասին: Այսպիսով, Թուրքիան փորձում է հավաստիացնել միջազգային հանրությանը, որ բոլոր նրանք, ովքեր բարձրացնում են ցեղասպանության ընդունման հարցը, պարզապես խանգարում են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին:
Այս դեպքում ի՞նչ կարիք կար մասնակցելու թուրքական նախագծին:
«Արարատ » ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը կարծում է, որ կարիք չկար: «Նացիոնալ»-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ փորձագետը նշեց , որ բացասական է վերաբերվում կատարվածին, և որ Հայաստանի համար այս ծրագիրն «անհեռանկարային և հիմնական խնդիրներից շեղող է»: «Մեր մասնակցությունն այս ծրագրին նպաստում է Թուրքիայի իմիջի բարձրացմանը»,-նշեց Արմեն Այվազյանը: Փորձագետը ավելացրեց, որ ծրագիրն իրականանալու հնարավորություն չունի, այն պարզապես «երևակայական մորմոք է»:
Այս հարցի վերաբերյալ Արմեն Այվազյանը դեռևս սեպտեմբերին, Աբդուլլահ Գյուլի` Հայաստան կատարած այցի նախօրեին հայտարարել էր. «Ինչպե՞ս կարող են, օրինակ, միևնույն անվտանգության համակարգում համատեղ աշխատել Հայաստանն ու Ադրբեջանը, եթե այս երկրներն ունեն Արցախյան հիմնախնդիր և նրանցից մեկն ամեն օր սպառնում է մյուսին պատերազմով: Կամ Ռուսաստանն ու Վրաստանը, որոնք բացահայտ թշնամի պետություններ են, ինչպե՞ս են միմյանց հետ անվտանգության գործուն դաշնակիցներ լինելու։ Այսպիսի հավանականությունը չարժե նույնիսկ քննարկման առարկա դարձնել»։
Մեզ հետ խոսակցության ժամանակ Արմեն Այվազյանը ավելացրեց. «Ծրագրի արդյունքում Թուրքիան աշխարհի առջև կներկայանա որպես խաղաղասեր պետություն: Մինչդեռ սահմանները դեռ փակ են, տեղեկատվական պատերազմը Հայաստանի դեմ շարունակվում է ամբողջ թափով, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացվում և յուրացվում է, հայոց պատմությունը` կեղծվում, իսկ Արցախի հարցում Թուրքիան շարունակում է բոլոր հնարավոր միջոցներով օժանդակել Ադրբեջանին»:
Լիաննա խաչատրյան