- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Հայ-թուրքական հակամարտության այսպես կոչված «կարգավորման» և նրա բովանդակության մասին

Արմեն Այվազյան
«ԱՐԱՐԱՏ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր

Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմն ու նրա հետևանքները Հայաստանը դնում են բավականին ծանր աշխարհաքաղաքական ու տնտեսական կացության մեջ։ Հասկանալի է, որ ՀՀ իշխանությունները ելքեր են որոնում դրությունը մեղմացնելու համար։ Եվ այդ ելքերից հիմնականը նրանք համարում են հայ-թուրքական հակամարտության կտրուկ հաղթահարումը, կամ, ինչպես ընդունված է ասել, հայ-թուրքական հարաբերություններ այսպես կոչված «կարգավորումը»։ Կարևոր է, սակայն, նկատել, որ ՀՀ իշխանությունների՝ Թուրքիայի նկատմամբ նոր դիրքորոշումների որդեգրումն սկսվել է մինչև ռուս-վրացական հակամարտության վերջին բռնկումը։ Իրականում՝ սա հին, դեռևս Լ. Տեր-Պետրոսյանի օրոք փորձարկված ու ձախողված արտաքին քաղաքականությունն է, որն այդպես էլ արմատապես չվերանայվեց Ռ. Քոչարյանի իշխանության ժամանակ, իսկ այժմ արդեն ապրում է իսկական վերածնունդ։
Նախ, պարզենք, թե ի՞նչ են հասկանում «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում» ասելով Հայաստանի իշխանությունները և «արմատական ընդդիմությունը», որոնց տեսակետներն այս հարցում համընկնում են: Բանն այն է, որ նրանք շատ հաճախ խուսափում են բացահայտել այդ կարգավորման բուն բովանդակությունը:
Դատելով ՀՀ իշխանությունների հայտարարություններից, մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հոդվածներից ու հարցազրույցներից, պարզ է դառնում, որ պաշտոնական Երևանի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ենթադրում է երկու հիմնական բաղադրիչ. Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում ու սահմանի բացում։
Իրականում, սա կարգավորում չէ, որովհետև հայ-թուրքական հակամարտությունը շատ ավելի բարդ ու բազմակողմանի կառուցվածք ունի: Պաշտոնական Երևանը հետևողականորեն անտեսում է Թուրքիայի ռազմավարական իրական նպատակները, հրաժարվում է Անկարայի գործողություններին տալ համարժեք քաղաքական գնահատական, մնացած բոլոր հարցերը համարում է երկրորդական, ընդսմին պիտակավորելով դրանք «վիճահարույց պատմական խնդիրներ» (Ս. Սարգսյան, 9 հուլ. 2008, Wall Street Journal) [1], «անցյալի բարդույթներ» (Ռուբեն Հայրապետյան՝ Հ1, 3 սեպ. 2008թ.)»: Այսպիսի բառապաշարը գրեթե նույնանում է ԱՄՆ պետդեպարտամենտի օգտագործած կլիշեներին ու գնահատականներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում ՀՀ իշխանությունները որդեգրել են ԱՄՆ պետդեպարտամենտի դիրքորոշումները։ Խախտվում են նաև իրավահավասարության խորհրդանշական սկզբունքները. թուրք թղթակիցներին թույլ է տրվում հարցազրույց վերցնել ՀՀ նախագահից և նրան սուր հարցեր ուղղել, իսկ հայ թղթակիցներին նույնը բանն անել Թուրքիայի նախագահի հետ չի թույլատրվել։
Սեպտեմբերի 3-ին՝ ՀՀ դեսպանների հետ հանդիպման ժամանակ նախագահ Ս. Սարգսյանն օգտագործեց մի հաջող բանաձև՝ «չմոռանալով անցյալը, նայենք ապագային»։ Բայց այս բանաձևից հետևում է նաև, որ պետք է ճիշտ եզրակացություններ անել նաև հայ-թուրքական հակամարտության վերջին մեկ ու կես տասնամյակի պատմությունից, ապագան ճիշտ կառուցելու համար պետք է բաց աչքերով նայել ոչ միայն անցյալին, այլև ներկային։
Արդյո՞ք Թուրքիան Հայաստանի նկատմամբ չի վարում խիստ թշնամական քաղաքականություն` սկսած Հայաստանի անկախության ձեռքբերման պահից մինչև այսօր: Ինչպե՞ս կարելի է անվանել մի երկիր, որն իրականացնում է իր կողմից բնաջնջված ժողովրդի նորաստեղծ պետության 15-ամյա շրջափակում, հրաժարվում է այդ պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բազմակողմանի աջակցություն է ցույց տալիս Հայաստանը բնաջնջել խոստացող իր դաշնակցին՝ Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական, հետախուզական, դիվանագիտական, քարոզչական և այլ միջոցներով, խրախուսում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումն իր և իր դաշնակիցների տարածքում, ժխտում է իր կատարած ցեղասպանությունը, հերոսացնում է հայերի բնաջնջումը ծրագրած և ղեկավարած գործիչներին, հայության դեմ վարում է մշտական տեղեկատվական-հոգեբանական պատերազմ։
Այս ամենi նշանակում է ընդամենը մի պարզ բան, որը չտեսնելը վտանգավոր է, այն է՝ Թուրքիան ոչ միայն չի զղջացել Հայաստանի մեծ մասը ցեղասպանության ճանապարհով հայաթափելու համար, այլև շարունակում է նույն թշնամական քաղաքականությունը Հայաստանի նորաստեղծ պետականության դեմ՝ Հայկական հարցի վերջնական՝ թուրքական լուծմանը հասնելու մտադրությամբ։ Այս պահին, սակայն, Թուրքիան փորձելու է Հայաստանի ոչնչացման իր ծրագրերն իրականացնել Ադրբեջանի ձեռքերով, օժանդակելով վերջինիս Արցախի և Սյունիքի բռնազավթման ծրագրերին։
Այսպիսով, Թուրքիան ոչ թե «հարևան երկիր» է (ինչպես փաղաքշորեն անվանում են նրան ՀՀ իշխանական և ընդդիմադիր շատ կուսակցություններ ու գործիչներ), այլ թշնամի հարևան է։ ՀՀ երեք նախագահների օրոք էլ Հայաստանի իշխանությունները, ենթարկվելով արտաքին ճնշումներին, նաև խորությամբ չըմբռնելով Հայկական հարցի բուն էությունը, հրաժարվել են ճիշտ գնահատական տալ Թուրքիայի քաղաքականությանը։ Արդյունքում՝ արտաքին աշխարհում հայ-թուրքական հակամարտությունը տարիներ շարունակ ըստ արժանվույն չի լուսաբանվել, իսկ հայությունը մեծապես ապակողմնորոշվել և շփոթության է մատնվել ինչպես Հայաստանում այնպես էլ, Սփյուռքում:

Շրջափակման թուրքական դրդապատճառների և սահմանի բացման հավանականության մասին

Ի վերջո, ինչու՞ է Թուրքիան փակել Հայաստանի սահմանը։ Պատասխանը վիճարկման ենթակա չէ՝ որպեսզի Հայաստանին առավելագույն հնարավոր վնաս հասցնի։ Թեև քաղաքականապես հայկական կողմը շահեց ռուս-վրացական պատերազմի արդյունքներից, մասնավորապես, անջատման ճանապարհով ինքնորոշման երկու նախադեպ առաջացավ (այն էլ Արցախին հարակից և պատմաքաղաքական նույն ժառանգությունն ունեցող տարածշրջանում), բայց մյուս կողմից Վրաստանի վրայով տարանցիկ ճանապարհների անհուսալիությունն անհամեմատ ուժգնացավ, այդպիսով բարձրացնելով նաև Հայաստանի թուրքական շրջափակման արդյունավետությունը։ Ուստի դժվար է պատկերացնել, թե ինչու՞ պետք է հենց այս հարմար պահին Թուրքիան բացի Հայաստանի ցամաքային սահմանը։ Սահմանի բացման հավանականությունն առաջիկայում չնչին է։ Թուրքիայի վրա չի եղել և չի էլ լինելու այնպիսի ճնշում, որն ստիպի նրան արմատապես հրաժարվելու իր որդեգրած հակահայկական քաղաքականությունից։
Հետևաբար, Թուրքիան կարող է սահմանը բացել միայն երկու դեպքում.
1. Եթե Հայաստանը կատարի այն երեք զիջումները, որոնք հայտնի են որպես թուրքական «նախապայմաններ».
ա) հրաժարվի ցեղասպանության միջազգային ճանաչման իր որդեգրած քաղաքականությունից,
բ) հանձնի Արցախն Ադրբեջանին,
գ) հրապարակայնորեն ու պաշտոնապես հրաժարվի Հայաստանի արևմտյան՝ Թուրքիայի կողմից բռնազավթված տարածքներից (այստեղ չենք նշում տարբեր պահերի թուրք պաշտոնյաների հնչեցրած այլ նախապայմանները)։
Միասին վերցված, այս երեք վերջնագրային պահանջների ընդունումը նշանակելու է Հայաստանի լիակատար անձնատվություն՝ կապիտուլյացիա, ուստի սկզբունքորեն անհնարին է։ Հե՜նց դրա համար է Թուրքիան առաջադրել այդպիսի անընդունելի պահանջներ, որպեսզի Հայաստանի դեմ մշտապես ճնշման հնարավորություններ ունենա։ ՀՀ իշխանությունները փորձում են պահպանելով Արցախը, մասնակի զիջումներ անել մյուս երկու հարցերում, մերժելով Հայկական հարցի ամբողջականությունը և իրականում թուլացնելով Արցախի պաշտպանության կռվանները [2]։ Մասնավորապես՝ ցեղասպանությունը «քննող» պատմաբանների համատեղ հանձնաժողով հիմնելու մասին ՀՀ նախագահի տված համաձայնությունը, արևմտյան և արևելյան Հայաստանը ոչ թե միասնական հայրենիքի հատվածներ, այլ սոսկ պատմականորեն ձևավորված տերմիններ համարելը, Արարատները հայկական ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանից ջնջելը։ Զիջումները դեռ նոր են սկսվել և շարունակվելու միտում ունեն։ Մինչդեռ դիմացը ոչ մի զիջում չկա և չի լինելու։ Այդուամենայնիվ, այսպիսի անիմաստ զիջումները թուրքերին որևէ կերպ չեն բավարարելու։
2. Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը մի դեպքում ևս. եթե իր հաշվարկները ցույց տան, որ դրանով Հայաստանին ավելի մեծ վնաս կպատճառի։ «Բարիդրացիության» նոր պայմաններում Թուրքիան իր թշնամական քաղաքականությունը կտեղափոխի այլ, առավել վտանգավոր ոլորտներ, առաջ բերելով Հայաստանի ազգային անվտանգության համար շատ լուրջ խնդիրներ։ Հետևելու է թուրքական տնտեսական և ժողովրդագրական ներխուժումը Հայաստան, ներքին արտադրողը շուկայից դուրս է մղվելու։ Անկարան խրախուսելու է հայերի զանգվածային արտագաղթը Թուրքիա և թուրքերի մուտքը Հայաստան (մասամբ՝ «մահմեդական հայերի» անվան տակ), ունենալու ենք նաև հազարավոր խառնամուսնություններ։ Թուրքական տնտեսական ներխուժմանը զուգահեռ ընթանալու է տեղեկատվական, գաղափարական, մշակութային ու հոգեբանական ներխուժումն ու թուրքական պետական քարոզչության անարգել ներթափանցումը Հայաստան։ Այդ քարոզչության ուղղությունները հայտնի են՝ Հայոց ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի մոռացության մատնում, Արցախից և ազատագրված տարածքից հրաժարում, Ադրբեջանի հավանական ագրեսիայի նախօրեին հայերի միջավայրում պարտվողականության սերմանում, Ջավախքի հայաթափության նախապատրաստում, այս ինքնամերժման հիմքի վրա ազգի զգոնությունը բթացնող թրքասիրության սերմանում։
Նկատի ունենալով մեզանում հակաքարոզչության գրեթե իսպառ բացակայությունը, բարոյահոգեբանական մթնոլորտի ծայրահեղ ծանր իրավիճակը և օտարամոլության ներկայիս վերնախավային ու զանգվածային համաճարակը, միանգամայն հասկանալի է, թե հարյուրավոր ու հազարավոր թուրք բիզնեսմենների և գործակալների միջոցով իրականացվելիք այդ քարոզչությունն ինչպիսի կործանարար հետևանքներ կունենա Հայաստանի ազգային անվտանգության համար։ Եթե աղանդները զգալի հաջողությամբ իրականացնում են իրենց հոգեորսությունը Հայաստանում, ապա հայերի հոգիներում իրենց հունձքը հարյուրապատիկ հաջողությամբ կկատարեն թուրքական հատուկ ծառայությունները։ Արդյո՞ք Հայաստանի ազգային անվտանգության համակարգն ի վիճակի է դիմակայելու այս ամենին։
Սակայն այդ ամենը լինելու է ընդամենը նախերգանքը։ Հայության քաղաքական զգոնությունը բթացնելուց հետո հետևելու է Ադրբեջանի ռազմական ներխուժումը։

Հին ու նոր «քաղաքական սիրախաղեր»

Թուրքերի հետ այսօրվա «քաղաքական սիրախաղերն» առաջինը չեն հայոց պատմության մեջ: Եղել են այսպիսի սիրախաղեր 1908-1909թթ. Դաշնակցության և Երիտթուրքերի միջև, երբ հայ որոշ գործիչներ ասում էին, թե «այլևս հայի քթից մեկ կաթիլ արյուն չի հոսելու Թուրքիայում»։ Այդ սիրախաղերին հետևեց Մեծ Եղեռնը: Կարսի անկումից առաջ, հայ բոլշևիկները այն հանձնելու կոչեր էին անում` հայտարարելով, թե թուրքերը փոխվել են, այլևս համաշխարհային հեղափոխության առաջադեմ կողմնակիցներ են: Արդյո՞ք այս կոչերը չեն հիշեցնում այսօրվա նեոբոլշևիկներին, որոնք, առանց դույզն ինչ Թուրքիայի մասին գաղափար ունենալու, պնդում են, թե Թուրքիան փոխվել է, այլևս այն Թուրքիան չէ, ձգտում է դեպի Եվրոպա և այլն:
Այսօրվա քաղաքականության արդյունքը հանգեցնելու է ընդամենը նրան, որ աճելու է այն մարդկանց թիվը, որոնց քաղաքական գիտակցությունն ու զգոնությունը հայ-թուրքական հարաբերությունների մասով բթացված են: Հասարկության զգալի մասի մոտ զգոնության թուլացումից հետո, շատ ավելի հեշտ է լինելու հայերի հետ անել այն, ինչ բազմիցս արել են: Սա թուրքերի կողմից փորձված մեթոդ է:

Հայ-թուրքական հարաբերություններում նախապայմաններ առաջադրելու և նախապայմաններից հրաժարվելու սկզբունքների մասին

Առհասարակ սխալ է, երբ մի կողմը տարիներ շարունակ նախապայմաններ է առաջադրում, իսկ մյուս կողմը նախապայմաններ չունի:
Հայկական կողմը պետք է ինքը հայ-թուրքական հակամարտությունը կարգավորելու նախապայմաններ ունենա. Թուրքիան պետք է դադարեցնի հայության ու Հայաստանի դեմ տարվող տեղեկատվական-քարոզչական պատերազմը, պետք է դադարեցնի իր աջակցությունը Ադրբեջանին, պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը: Առանց ցեղասպանության ճանաչման լուրջ առաջընթաց մեր հարաբերություններում հնարավոր չէ: Այդ ամենից հետո միայն սահմանի բացումը կծառայի Հայաստանի շահերին, այլ ոչ թե Թուրքիայի հակահայ նպատակներին։ (Այս հարցին անդրադարձել ենք առանձին հոդվածով, տե՜ս կից)։

Թուրքիայի առաջարկած Կովկասյան կայունության և անվտանգության պլատֆորմի մասին

Առհասարակ, պետությունների նման (Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) կազմով անվտանգության միջազգային կազմակերպություն ստեղծելն անհավանական խնդիր է։ Ինչպե՞ս կարող են, օրինակ, միևնույն անվտանգության համակարգում համատեղ աշխատել Հայաստանն ու Ադրբեջանը, եթե այս երկրներն ունեն Արցախյան հիմնախնդիր և նրանցից մեկն ամեն օր սպառնում է մյուսին պատերազմով: Կամ Ռուսաստանն ու Վրաստանը, որոնք բացահայտ թշնամի պետություններ են, ինչպե՞ս են միմյանց հետ անվտանգության գործուն դաշնակիցներ լինելու։ Այսպիսի հավանականությունը չարժե նույնիսկ քննարկման առարկա դարձնել։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի նախագահի այցելությունը Երևան որևէ իրական փոփոխություն չի առաջացնելու այդ պետության հակահայկական քաղաքականության մեջ։ Հայ-թուրքական սահմանը դեռ երկար ժամանակ փակ է մնալու։ Իսկ բացվելու դեպքում՝ օգտագործվելու է Հայաստանին ավելի մեծ չափով վնասելու համար։
Թուրքիայով ճանապարհը Հայաստանի համար դեպի արտաքին աշխարհ անվստահելի, վտանգավոր ելք է: Եթե նույնիսկ թուրքերը վաղը բացեն սահմանները, մինչ այդ կորզելով Հայաստանի կառավարությունից անդառնալի զիջումներ քաղաքական, գաղափարաբարոյական և աշխարհայեցակարգային ոլորտներում, ապա քիչ անց կարող են կրկին այդ սահմանը փակել: Նաև կարող են այդ ճանապարհը մշտական քաղաքական ճնշումների առարկա դարձնել, դնելով Հայաստանի տնտեսությունը կախյալ, պատանդի կարգավիճակում [3]։
ՀՀ իշխանություններն սկսել են միակողմանի և անիմաստ զիջումների մի ընթացք։ Այս քաղաքականության շարունակությունն անխուսափելիորեն կանգնեցնելու Հայաստանն ու հայ ժողովուրդը անելանելի դրության մեջ։
ՀՀ քաղաքական վերնախավը, օգտագործելով ՀՀ պետական մեքենայի ընձեռած վարչական ու տեղեկատվական հնարավորությունները, հայ-թուրքական մոտալուտ հաշտեցման իր պատրանքներն եռանդուն կերպով փաթաթում է հայ ժողովրդի վզին։ Հայ ժողովրդի ռազմավարական հիշողությանն ու աշխարհընկալման ողջ համակարգին հայտարարված է իսկական պատերազմ։ Սա գաղափարական այն նույն պայքարի շարունակությունն է, որը վերջին տարիներին վարում էին հհշական ուժերը։ Շարունակվելու դեպքում՝ հայ-թուրքական հաշտեցման մեռելածին քաղաքականությունը դաստիարակելու է շփոթված, հիասթափված, բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում կողմնորոշվելու կարողությունից զրկված, ինքնապաշտպանությանն անպատրաստ հասարակություն։
Փաստորեն, Հայաստանում, առայժմ արտաքին քաղաքականության մի վճռորոշ բնագավառում` հայ-թուրքական հարաբերությունների հողի վրա, ձևավորվել է նոր, ոչ-պաշտոնական կոալիցիա` ՀՀ իշխանություններ+ՀՀՇ։ Ընդ որում` գոնե իր գաղափարական առանցքով այս կոալիցիան ավելի ամուր է, քան գործող իշխանական կոալիցիան, որտեղ ՀՀԴաշնակցության ազդեցությունն արտաքին քաղաքականության ձևավորման վրա մոտենում է զրոյին, մինչդեռ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժերի ազդեցությունն անդադար աճում է։ ՀՀԴ-ն, մնալով իշխանական կոալիցիայի մեջ, չի չեզոքացնում, այլ ընդհակառակը՝ նպաստում է Հայաստանի անվտանգության համար այն վտանգավոր ուղեգծին, որ որդեգրել են ՀՀ իշխանությունները։ Ի դեպ, ՀՀԴ-ի ցույցերը, ինչպես հայտարարված է, ուղղված չեն ՀՀ իշխանությունների քաղաքականության դեմ։
Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի և հայության դեմ։ Որևէ հիմքեր չկան մտածելու, թե նրանք փոխելու են իրենց քաղաքականությունը առաջիկա տարիներին ու տասնամյակներին։ Հետևաբար, հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսելուց առաջ պետք է մտածել Հայաստանի տնտեսության, հատկապես ազգային արտադրողի դիրքերն ամրապնդելու, համատարած կոռուպցիան ու սոցիալական ծայրաստիճան բևեռացումը նվազեցնելու, գաղափարաբարոյական մթնոլորտն առողջացնելու և ազգային համերաշխության հիմքեր ստեղծելու, զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու, ժողովրդագրական ճգնաժամը հաղթահարելու՝ արտագաղթը կանգնեցնելու և ներգաղթ կազմակերպելու, համազգային արժեքների՝ հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը զարգացնելու մասին։
Միով բանիվ՝ ազգային ամուր, կայացած պետություն կառուցելուց հետո միայն հնարավոր կլինի պրագմատիկ և արժանապատիվ արտաքին քաղաքականություն վարել՝ հավասարի պես խոսելով Թուրքիայի հետ։

—————

1 «Ոուլ սթրիթ ջորնալ»-ում հրապարակված Սերժ Սարգսյանի հոդվածի անգլերեն տարբերակում, որը բնագիրն է` գրված է, «We cannot expect tangible progress without such structured relations. Only through them can we create an effective dialogue touching upon even the most contentious historical issues», թարգմանաբար` ամենավիճահարույց հարցերը, այսինքն Ցեղասպանությունը որակվում է որպես վիճահարույց հարց: Իսկ հայերեն պաշտոնական թարգմանության մեջ, որ զետեղված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում, գրված է, թե դրանք զգացական հարցեր են. «Մենք չենք կարող շոշափելի արդյունքներ արձանագրել առանց նմանօրինակ հարաբերությունների: Միայն այդ միջոցով կարող ենք ստեղծել արդյունավետ երկխոսություն` անդրադառնալով անգամ ամենազգացական պատմական խնդիրներին»։ Թեև երկու դեպքում էլ սխալ գնահատականներ են տրված, բայց և այնպես, ամենավիճահարույցը մի բան է նշանակում, ամենազգացականը` մեկ այլ բան, և թարգմանության տարբերությունն ինքնին մտահոգիչ է:

2 Այս մասին առավել մանրամասն տե՜ս ՀՀ Ազգային Ժողովում կայացած «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումներին 2007 թ. դեկտեմբերի 20-ին Ա. Այվազյանի՝ «ՀՀ արտաքին քաղաքականությունը Հայկական հարցի համատեքստում» զեկուցումը (www.ararat-center.org/upload/files/Armenian_Foreign_Policy_ARM.pdf)։ Զեկուցումը կրճատումներով հրապարակվել է նաև Ազգ և Հայոց Աշխարհ օրաթերթերում (22.12.2007), իսկ ռուսերենով, համառոտաբար, ՌԵԳՆՈՒՄ գործակալության կայքէջում՝ http://www.regnum.ru/news/935559.html։

3 ՀՀ իշխանություններն անցած տասը տարիների ընթացքում, օգտվելով տարածաշրջանային կայունությունից, պետք է մտածեին Իրանով ճանապարհների ցանցը զարգացնելու և այլ միջոցների մասին։ Կարծես, այժմ այդ հարցը վերջապես լրջորեն քննարկվում է ՀՀ իշքանությունների կողմից։