- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Նախապայմանների խնդիրը և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները

Արմեն Այվազյան
«ԱՐԱՐԱՏ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր

ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգային ցցուն անորոշություններն ու այսրոպեական մոտեցումները ընդգրկում են կենսական նշանակություն ունեցող մի շարք ուղղություններ։ Պարզ չեն, մասնավորապես՝
• Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ՀՀ զիջումների գնալու պատրաստակամության իրական աստիճանը,
• Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման ռազմավարությունը,
• հայ-վրացական հարաբերություններում (ներառյալ Ջավախքի հայության խնդրում) հայկական շահերի ուրվագիծն ու առաջարկվող լուծումները։
• Սակայն առավել արտահայտիչ են ՀՀ արտաքին քաղաքականության անորոշությունները՝ Թուրքիայի նկատմամբ ոչ-համարժեք դիրքորոշումներում, որոնք էլ, մեր համոզմամբ, ՀՀ արտաքին քաղաքականության ընդհանուր լղոզվածության և աննպատակասլացության սկզբնաղբյուրն են։

Ընդ որում, այս ոլորտներում ՀՀ արտաքին քաղաքականության անորոշությունները պարզ չեն ո՜չ հայ հասարակությանը, ո՜չ էլ, թեկուզ և տարբեր տեսանկյունից, միջազգային հանրությանը։
Հայ-թուրքական հարաբերությունների նորագույն փուլը՝ իր ներկա չկարգավորվածությամբ հանդերձ, կարիք ունի, նախ և առաջ, քաղաքական ճիշտ գնահատականի և ախտորոշման։ Այս կապակցությամբ քննության են արժանի, մի կողմից, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Անկարայի առաջադրած նախապայմանների սկզբունքը, մյուս կողմից՝ Երևանի առաջադրած նախապայմաններից հրաժարվելու սկզբունքը։
Քննենք այս սկզբունքները մի քանի տեսանկյունից։
Մեթոդաբանական առումով՝ որքանո՞վ է արդյունավետ հայկական կողմի առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու սկզբունքը, երբ թուրքական կողմը առաջադրում է բազմաթիվ և փոփոխվող նախապայմաններ։ Մեր համոզմամբ, հայկական կողմի հրաժարումը որևէ նախապայմանից սխալ է և՜ տեսականորեն, և՜ գործնականորեն։
Գործնականորեն, վերջին 17 տարին վկայում են, որ Հայաստանի մեղմ քաղաքականությունը քաղաքական որևէ շահույթ չի ապահովել։ Մինչդեռ Թուրքիան, Հայաստանի դեմ կիրառելով երկարամյա շրջափակում և դիվանագիտական ճնշումներ, սանձազարծելով Ադրբեջանի հետ համաձայնեցված տեղեկատվական-հոգեբանական լայնամասշտաբ պատերազմ, շանտաժ և սպառնալիքներ, որևէ լուրջ ճնշման, առավել ևս՝ դատապարտման չի արժանացել։ Հայաստանի կրավորական քաղաքականության պայմաններում Թուրքիայի առաջադրած նախապայմանների սկզբունքն իրեն լիովին արդարացրել է։ Թուրքիան այդչափ չէր հաջողի, եթե Հայաստանն իր կողմից առաջադրեր նախապայմաններ՝ հարաբերությունները կարգավորելու առումով։ Տեսականորեն՝ Հայաստանը հայտնվում է մեղավորի և զիջումների գնալու միավորի կարգավիճակում. չէ՞ որ Երևանը ոչինչ չի պահանջում, մինչդեռ թուրքերը բազմաթիվ պահանջներ են ներկայացնում։
Քարոզչական առումով, հրաժարվելով նախապայմաններից՝ Հայաստանը կորցրել է հրաշալի հնարավորություն՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության թշնամանքն ու տարածաշրջանի խաղաղության համար ողջ վտանգավորությունը միջազգային հանրությանը ներկայացնելու և հանգամանորեն բացատրելու համար։ Ընդ որում՝ Թուրքիայի քաղաքականությանը տևականորեն համարժեք գնահատական չտալը լրջորեն շփոթեցրել է նաև հայ հասարակությանը, որն արդեն բացատրություններ և լուսաբանումներ ստանալու պակաս կարիք չունի, քան միջազգային հանրությունը։
Դիվանագիտական մանևրի առումով՝ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու, ներառյալ սահմաններն անհապաղ բացելու Երևանի արտահայտած դիրքորոշումը կարող է մեծագույն բարդություններ ու խնդիրներ առաջացնել, եթե որևէ պահի Թուրքիան համաձայնվի դրան։ Խոսքը վերաբերում է Հայաստանի նկատմամբ տնտեսական և ժողովդագրական այն հարձակմանը, որին թուրքերը կդիմեն ու որին Հայաստանը դեռևս պատրաստ չէ դիմագրավել։
Ազգային անվտանգության առումով՝ այսօր, առանց հայկական կողմի որոշակի նախապայմանների առաջադրման ու բավարարման, հայ-թուրքական սահմանների բացումը արագորեն կկազմալուծի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տակավին չկայացած ամբողջ համակարգը։ Ու դեռ Թուրքիան կներկայացնի իր այդ քայլը որպես իր կողմից խոշորագույն զիջում…
Իրականում՝ Երևանի նախապայմաններից հրաժարվելու սկզբունքը ոչ այլ ինչ է, քան որևէ կերպ չարդարացված զիջումների քաղաքականություն, այդ թվում՝ ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում։ Հայկական հարցի բաղկացուցիչ մաս կազմող Արցախյան հիմնախնդրում Հայաստանը նունպես զիջում է և չի կապում այդ խնդիրը ցեղասպանության հետևանքների հաղթահարման հետ։
Իսկ որո՞նք պետք է լինեն Հայաստանի կողմից առաջադրվող նախապայմանները։

Նախ, թշնամական քաղաքականության մերժում, այդ թվում՝
• Ցեղասպանության ճանաչում, դատապարտում և հետևանքների հաղթահարման մասին բանակցությունների սկիզբ:
• Արցախյան հակամարտությունում առնվազն չեզոք դիրքորոշման որդեգրում:
• Տեղեկատվական-հոգեբանական պատերազմի դադարեցում։
• Շրջափակման վերացում:

Այս նախապայմանները չկատարելու դեպքում՝ միայն սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանին ոչ միայն որևէ բարիք չի բերի, այլև կկանգնեցնի նոր ու առավել բարդ իրավիճակի առջև։

Ցավոք սրտի, այս հարցերի կապակցությամբ ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ վերանայման ենթարկվելու փոխարեն, շարունակում է հետևողականորեն ընթանալ՝ դեռևս 1990-ական թթ. սկզբին ընտրված՝ փակուղի տանող շավիղներով։

———————-
1 Այս զեկուցումն առաջին անգամ կարդացվել է 2008թ. հուլիսի 14-ին` Քաղաքացիական հասարակության ու տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտի կազմակերպած՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքները» սեմինարին։ Այս ելույթի մասին տե՜ս նաև Гаянэ Мовсесян, “Есть ли у Армении внешняя политика?”, Республика Армения, № 052 (621), 16 июля 2008: