- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

«ԼԵԶՎԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ» ՀՌՉԱԿԱԳԻՐԸ

Աղբյուրը՝ www.lezu.am

Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավական, կրթական և բարոյահոգեբանական ծանր ճգնաժամ է ապրում: ՀՀ հասարակության ընդհանուր թմբիրային վիճակը, որ պայմանավորված է, նախ և առաջ, հայոց արժեհամակարգի խախտված չափանիշներով, վտանգում է մեր անկախությունը, պարարտ հող ստեղծում անդառնալի պարտությունների համար:

Մասնավորապես, ոտնահարված է մեր մայրենիի` հայոց լեզվի կարգավիճակը տառացիորեն բոլոր բնագավառներում, այդ թվում՝ պետական համակարգում: Մինչդեռ հայերենը` Հայաստանի Հանրապետության պետական լեզուն մեր անկախության և անվտանգության հիմքերի հիմքն է՝ լեզվամտածողության ու հանրակրթության, ազգային ինքնության և արժանապատվության, ինքնաճանաչման և ինքնագնահատման ողնաշարը:

Այս տեսանկյունից դատելով` ներկա ժամանակահատվածում անհրաժեշտ է մշտական և համակողմանի աշխատանք հայոց լեզվի դերի գիտակցման և ներկա վիճակի առողջացման ուղղությամբ: Սույն հռչակագրով կյանքի կոչվող նախաձեռնությունն սկիզբն է ուշացած, սակայն անհրաժեշտ միջոցառումների:

Քանի որ ՀՀ կրթության և գիտության նախարարության մեջ դավադրաբար խցկված Լեզվի պետական տեսչությունը չի կատարում օրենսդրորեն սահմանված իր պարտականությունները, մենք հայտարարում ենք «Լեզվի ժողովրդական տեսչության» ստեղծման մասին: Այդ հասարակական կառույցը իր ձեռքը կվերցնի և կիրականացնի այն գործառույթները, որոնք վերապահված են լեզվի պետական տեսչությանը, նաև կհետևի լեզվական իրավիճակին սփյուռքահայ գաղթօջախներում:

Աշխատանքն առայժմ կազմակերպվելու է նոր կայքի շուրջ` մի շարք առանցքային ուղղություններով.

– կկուտակվի Հայաստանում և սփյուռքահայ գաղթօջախներում հայոց լեզվի վիճակի մասին ամբողջական տեղեկատվություն՝ հագեցած մասնագիտական վերլուծություններով, լուսանկարներով, տեսադարանով, ձայնադարանով և համապատասխան այլ նյութերով.

– անհաշտ և հետևողական պայքար կմղվի ՀՀ Սահմանադրության, Լեզվի օրենքի և այլ օրենքների ու ենթաօրենսդրական իրավական ակտերի լեզվական պահանջների խախտումների, չարափոխումների, օտարաբանությունների դեմ` ընդհուպ մինչև դատական հայցեր հարուցելը, ինչ կոչում ու պաշտոն էլ ունենան խախտողները և ինչ հանգամանքներում էլ կատարված լինեն խախտումները.

– փորձագիտական խորությամբ կքննարկվեն ՀՀ-ում նախատեսվող և առկա օրենքների, զանգվածային լրատվամիջոցների, գերատեսչությունների և գովազդի լեզուն.

– ուշադրության կենտրոնում կլինեն հանրակրթության վիճակը` ներառյալ դասագրքերի լեզուն և ոճը, ինչպես նաև պետական մարմինների գրագրությունների և պետական ծառայողների պաշտոնական ելույթների լեզուն։

Հայոց լեզուն մեր սրբություն սրբոցն է, մեր գոյատևման երաշխիքը։ Ովքեր չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ այս անքննարկելի ճշմարտությունը, դատապարտված են արժանանալու մեր ժողովրդի ներկա ու գալիք սերունդների նզովքին և անխնա հակազդեցությանը: Մենք ազգովի պետք է լծվենք լեզվապահպանության, ասել է թե` ազգապահպանության գործին։ Մեր լեզուն մեր հայրենիքն է, իսկ առանց հայրենիքի` մարդը ոչինչ է:

Հայտնելով մեր վճռականությունը` իրականացնելու վերոնշյալ գործառույթները` կոչ ենք ուղղում բոլոր հայորդիներին ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Ջավախքում և սփյուռքում՝ սատարելու մեր աշխատանքին իրենց իսկ նախընտրած ձևերով ու միջոցներով։

ԼԵԶՎԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈւՆ