- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայտարարությունը ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թ. ապրիլի 28-ի որոշման կապակցությամբ

Սույն թվականի մայիսի 21-ին «Ջի ընդ Այ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակը ստացել է ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի ապրիլի 28-ով թվագրված որոշումը, որով վարույթ չի ընդունվել և վերադարձվել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը` նախագահությամբ դատավոր Է. Հայրիյանի, մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի, Ս. Անտոնյանի, Վ. Ավանեսյանի, Ե. Խունդկարյանի, Մ. Դրմեյանի, Տ. Պետրոսյանի և Ե. Սողոմոնյանի, չանդրադառնալով նշված վճռաբեկ բողոքի փաստարկներից և ոչ մեկին, վերացական դատողությունների հիման վրա եզրակացրել է, որ այն անգամ ենթակա չէ քննարկման: Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետության դատական համակարգը «Արարատ» ռազմավարագիտական կետնտրոնին զրկել է թե՛ իր հայցի, թե՛ բողոքի քննության իրավունքից, որն ինչպես ազգային օրենսդրության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ստանձնած մի շարք միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է:

Հիշեցնենք, որ «Արարատ» ռազմավարագիտական կետնտրոնն իր վերը նշված հայցով փորձել է վիճարկել «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի` հայոց ցեղասպանությունը ժխտող գրականության հրապարակման և տարածման թույլատրելիությունը:

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հայտարարում է, որ մինչև վերջ հետամուտ է լինելու այս հիրավի վնասակար նախադեպի վերացմանն ու դատապարտպանը: Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում կենտրոնն սպառել է իրավական պաշտպանության բոլոր միջոցները, այժմ նախապատրաստում ենք դիմում, որը շուտով կներկայացվի միջազգային դատարանի քննարկմանը:

16 հունիսի 2010 թ.

Երևան

Հայոց ցեղասպանության ժխտման դեմ հայցադիմումին (հայերեն և անգլերեն), «Կովկասի ինստիտուտի» հրապարակած գրքում առկա ժխտումների օրինակներին, վերաքննիչ բողոքին, վճռաբեկ բողոքին և դատական գործի այլ նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։