- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Դեռ ուշ չէ, պետք է վաղը բողոքի հզոր ցույց կազմակերպել

Աղբյուրը` Hetq.am, 09.06.2010թ.

Ըստ Ա. Այվազյանի` սա միակ բանն է, որ պետք է անեն օտարալեզու դպրոցների բացմանը դեմ հանդես եկող քաղաքական ուժերը

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արմեն Այվազյանը համոզված է, որ ՀՀ իշխանություններին հանրահայտ ճշմարտությունների մեջ համոզելը անիմաստ է, և միակ բանը, որով կարելի է կանխել վաղն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների ընդունումը, բողոքի հզոր ցույցն է, որը պետք է կազմակերպեն օրինագծին դեմ հանդես եկող ընդդիմադիր ուժերը` ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը:

«Միակ բանը, որ իշխանությունները կհասկանան, ժողովրդի կազմակերպված ճնշումն է: Այդ 3 կուսակցությունները նախ և առաջ պետք է մոբիլիզացնեին ժողովրդին, և դեռ ուշ չէ. պետք է մոբիլիզացնել ժողովրդին և բողոքի հզոր ցույց կազմակերպել Հանրապետության հրապարակում և Մելիք-Ադամյան փողոցում: Այն, որ իրենք միայն ասում են. «Մենք դեմ ենք», բոլորովին բավարար չէ: Մի՞թե այս օրինագիծը նույնպիսի կշիռ և կարևորություն չունի այդ ուժերի համար, ինչ հայ-թուրքական հարցը՝ Դաշնակցության դեպքում, ինչ մարտի 1-ի դեպքերը կամ ընտրությունների հարցը՝ ՀԱԿ-ի դեպքում»,- «Հետքին» ասաց Արմեն Այվազյանը:

Նրա համոզմամբ` եթե վերոնշյալ կուսակցությունները չգնան ժողովրդական զանգվածներին ընդդեմ օրինագծի կազմակերպելու և ուղղորդելու ճանապարհով, կնշանակի, որ իրականում այնքան էլ դեմ չեն ներկայացված օրինագծին և ընդամենը փորձում են «դեմ ըլլալով՝ կողմ լինել»:

Քաղաքագիտության դոկտորը տարակուսում է, թե ինչո՞ւ վերջին օրերին ՀՅԴ-ն առնվազն իր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական-երիտասարդական միության միջոցով չէր մասնակցում ընդդեմ օտարալեզու դպրոցների կազմակերպված բողոքի ակցիաներին: Նույնը վերաբերում է նաև ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը», որոնք ևս երիտասարդական թևեր ունեն, թեև Արմեն Այվազյանը վստահ է, որ միայն երիտասարդական ուժերի մասնակցությունն ակցիաներին բավարար չի լինի: Ըստ Արմեն Այվազյանի` կուսակցություններն ակադեմիական ինստիտուտներ կամ վերլուծական կենտրոններ չեն, որ ազգային անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող հարցերում իրենց բողոքը սահմանափակեն միայն կարծիք հայտնելով, ինչը և փաստորեն անում են ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»։

«Հասկանալի է, որ ՀՀ իշխող ուժը` Հանրապետական կուսակցությունը, անձամբ ՀՀ նախագահը շատ վճռական են տրամադրված օտարալեզու դպրոցներ բացելու գործում: Հասկանալի է նաև, որ նրանց համար մասնագիտական կարծիքը որևէ նշանակություն չունի, այնպես, ինչպես եղավ ՀՀ-Թուրքիա տխրահռչակ «Արձանագրությունների» ստորագրման դեպքում»,- «Հետքին» ասաց Արմեն Այվազյանը: