- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

«Մենք շարունակաբար հանդիպելու ենք նման դիվերսիաների»

Աղբյուրը՝ Hetq.am, 27.05.2010

Արմեն Այվազյան. «Իրավապահ մարմինները պարտավոր են զբաղվել հանցագործության բացահայտման խնդրով»

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն ուսումնասիրել է «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության» (ՀՀԱԱՌ)` հայոց լեզվին վերաբերող դրույթները և եկել եզրակացության, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու Կառավարության նախաձեռնությունը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրության կոնկրետ հոդվածների, այլև ՀՀԱԱՌ-ին: Օրինակ` ՀՀԱԱՌ-ում նշվում է, որ հայապահպանության ոլորտում պետական մարմիններից պահանջվող գործողություններն են հայագիտական ճյուղերի` հայոց լեզվի, գրականության, պատմության ու մշակույթի զարգացումը: Փաստաթղթի մեկ այլ դրույթում նշվում է, որ ՀՀ պետական քաղաքականության նպատակը հայոց լեզվի դերի բարձրացումն է և այլն:

Արմեն Այվազյանը համոզված է, որ ««Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը միտված է ոչ թե հայոց լեզվի` որպես ՀՀ պետական լեզվի դերի բարձրացմանը կամ ազգային մշակույթի և հայագիտական ճյուղերի զարգացմանը, այլ ճիշտ հակառակը:

«Պարզից էլ պարզ է, որ ՀՀ կառավարությունը, նախաձեռնելով հայ երեխաների դեռևս չձևավորված անհատականության և ազգային ինքնության խեղումն օտարալեզու դասավանդմամբ դպրոցներում, կատարում է բացահայտ պաշտոնեական հանցագործություն, որը ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված է «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» (հմր. 308) և «Պաշտոնեական անփութության» (հմր. 315) մասին հոդվածներում: Ես ուզում եմ շեշտել, որ հանցագործությունն իրականում արդեն կատարված է: Իրավապահ մարմինները պարտավոր են զբաղվել հանցագործության բացահայտման խնդրով: Իհարկե, մենք շատ լավ գիտենք, որ ցավոք սրտի, այդպիսի բան տեղի չի ունենա մոտ ապագայում, բայց ես համոզված եմ, որ հեռանկարում այս հանցագործության պատասխանատուները կրելու են իրենց արժանի պատիժը: Եթե նրանք պատիժ չկրեն, ուրեմն մենք շարունակաբար հանդիպելու ենք նման դիվերսիաների հայկական պետականության դեմ»,- մայիսի 25-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը:

Անդրադառնալով այն պնդումներին, թե համաշխարհային գիտության տարբեր նվաճումները, աշխատությունները դժվար է թարգմանել հայերեն` Արմեն Այվազյանն առաջարկեց, որ ՀՀ-ն ստեղծի մի նոր թարգմանչաց շարժման հիմնադրամ, որը պայմանական կարող է կոչվել «Նոր թարգմանչաց հիմնադրամ»: Այդ հիմնադրամը պետք է որոշի գիտական գրականության այն հիմնական ցանկը, որ առաջնահերթ է ՀՀ-ում գիտության զարգացման համար, այնուհետև պետք է կազմակերպի թարգմանությունը և 3-րդ` պետք է օտար լեզուների թարգմանի հայերեն կարևոր մշակութային գրական և գիտական ստեղծագործությունները:

«Այս 3 խնդիրը նմանատիպ մի հիմնադրամ կարող է լուծել: Եթե այդ հիմնադրամն ունենա 5-10 մլն դոլար նախնական կամ մշտական կապիտալ, դա մոտավորապես այնքան է, որքան 100 թանկարժեք մեքենաների գինը. Կառավարության այրերը վերջին տասնամյակում 100 չէ, 200 կամ ավելի են ձեռք բերել: Մի՞թե 3 մլրդ դոլար բյուջե ունեցող ՀՀ-ն չի կարող 5-10 մլն դոլար հատկացնել այս թարգմանչական խնդիրների լուծմանը: Իհարկե կարող է: Ահա նման խնդիրներ պետք է լուծել»,- ասաց Արմեն Այվազյանը:

Արմեն Այվազյանին բացարձակապես չի բավարարում այն, որ Կառավարությունը Ազգային ժողովից ետ է վերցրել այս նախագիծը` լրամշակման ենթարկելու նպատակով (օտարալեզու դպրոցներում սովորելու տարիքային, տոկոսային սահմանափակումներ դնելու հարցեր են քննարկվում): Բանախոսի համոզմամբ` իրականում Կառավարությունը նպատակ ունի ՀՀ օրենսդրության մեջ ինչ-որ սողանցք բացել, որից հետո օտարալեզու հանրակրթական դպրոցները կարող են դառնալ արդեն իրականություն: Ուստի, այս նախաձեռնությունից անհրաժեշտ է լրիվ հրաժարվել:

Մհեր Նավոյան. «Ձեր լեզվով մտածեք, ինչքան լեզու սովորեք, լավ է»

«Հույները և լատինները կարողացան պատմական ասպարեզից հեռացնել հզոր մշակութային ժողովուրդների, օրինակ` կապադովկիացիներին: Ի՞նչ մեխանիզմով էին դա իրականացնում: Առաջին հերթին որևէ ժողովրդի պատվաստում էին սեփական լեզվի նկատմամբ թերարժեքության, երկրորդայնության համակարգ և նվաստի ինքնագիտակցություն»,- ասաց արվեստագիտության թեկնածու, Կոնսերվատորիայի դասախոս Մհեր Նավոյանը:

Նրա խոսքերով` որևէ նշանակություն չունի, թե Հայաստանում ստեղծվում է օտարալեզու 1, թե՞ 15 դպրոց, օտարալեզու կրթությունը սկսվում է 4-րդ, թե՞ 9-րդ դասարանից: Նույնիսկ 1 օտարալեզու դպրոցի բացվելու դեպքում հասարակությանը հաղորդագրություն է ուղարկվում, որ հայալեզու դպրոցը, որ դու ունես, վատն է, և մայրենի լեզվով կրթությունը երկրորդական է: Այսինքն` հայոց լեզուն ենթադասվում է մեկ այլ լեզվի, մենք դառնում ենք 2-րդ կարգի: Այդպես էր, օրինակ, խորհրդային տարիներին, երբ Հայաստանում ռուսաց լեզուն կաստայական ցուցիչ էր: Անգամ եթե մարդիկ չէին ամաչում, որ հայկական կրթություն ունեին, միևնույն է` նրանք հասարակության մեջ պատշաճ դիրք զբաղեցնելու հեռանկար իսկ չունեին:

Մհեր Նավոյանը նշեց, որ բոլորվին դեմ չէ Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցանմանը: «Ոչ մի հայ չի ասում, թե մեկ լեզվով ապրեք, հայ ժողովուրդ: Ասում են` ձեր լեզվով մտածեք, ինչքան լեզու սովորեք, լավ է»,- ասաց նա:

Մհեր Նավոյանը նշեց, որ 5-րդ դ.-ի սկզբին, երբ ստեղծվեց հայոց այբուբենը, օտար լեզուների փայլուն տիրապետող Սահակ Պարթևը իր կաթողիկոսական կոնդակով ամբողջ Մեծ Հայքի տարածքում հայալեզու դպրոցներ հաստատեց: Այդ հայալեզու դպրոցներն ավարտողները կարողանում էին առանց լեզվական պրոբլեմների իրենց ժամանակի ամենաբարձր մակարդակի կրթություն ստանալ Աթենքում, Ալեքսանդրիայում, Եդեսիայում, հետո վերադառնալ և ստեղծել բարձրարժեք թարգմանական գրականություն: «Ինչո՞ւ այսօր դա հնարավոր չէ անել, թե՞ չենք ուզում անել»,- ասաց նա:

Անդրադառնալով ոլորտի պաշտոնյաների այն պնդումներին, թե մենք ինտեգրվող երկիր ենք, ինտեգրվող երկիրը ինչպե՞ս կարող է չունենալ օտարալեզու կրթությամբ դպրոցներ` Մհեր Նավոյանը նշեց, որ այդպիսի մոնիտորինգ չի անցկացվել, և եթե նույնիսկ անցկացված լիներ, ապա շատ դեպքերում պիտի խոսեր հայալեզու դպրոցի օգտին: Օրինակ` միայն Մոսկվայում 100 օտարալեզու դպրոց կա, բայց ոչ մի հայալեզու դպրոց չկա (խոսքն այն դպրոցների մասին չէ, որտեղ հայերենի դասեր կան): Մինչդեռ հայերը Ռուսաստանում ամենամեծ ազգային փոքրամասնություններից են:

Գևորգ Յազըճյան. «Սա 4-րդ դեպքն է` չարափոխելու «Լեզվի մասին» օրենքը»

Պատմական գիտությունների թեկնածու, հրապարակախոս, Լիբանանի քաղաքացի Գևորգ Յազըճյանը նշեց, որ Լիբանանում հանրակրթությունը տարվում է ոչ Սահմանադրությամբ ամրագրված պետական լեզվով, այլ անգլերենով կամ ֆրանսերենով: 1975-91 թթ. Լիբանանի քաղաքացիական պատերազմից հետո պետությունը կազմեց մի հանձնաժողով` պարզելու այդ քաղաքացիական պատերազմը հրահրող, դրան նպաստող ներքին գործոնները: Պարզվեց, որ կա 8 գործոն: Դրանցից մեկն այն է, որ հանրակրթությունը տարվում է ոչ պետական` արաբների մայրենի լեզվով: Երկրորդ` որ Լիբանանի պատմությունը դասավանդվում է տարբեր դասագրքերով ու տարբեր մեթոդաբանությամբ: Լիբանանում երկրորդ հարցը կարողացան լուծել, բայց հանրակրթության լեզուն չեն կարողանում արաբերենի վերածել: Երբ երկրի կրթության հերթական նախարարը բարձրացնում է այդ հարցը, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպանները և 5-րդ զորասյունը սկսում են աշխատանք տանել դրա դեմ:

Գևորգ Յազըճյանը նշեց, որ ՀՀ հանրակրթության պետական կրթակարգը ՀՀ-ին է պարտադրել Համաշխարհային բանկը: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը, փորձաքննության ենթարկելով, բացասական կարծիք էր տվել կրթակարգին: Այնուամենայնիվ, Կառավարությունը հաստատեց այն, քանի որ հակառակ դեպքում Համաշխարհային բանկը կվերանայեր ՀՀ-ի նկատմամբ իր վարկային քաղաքականությունը:

Անդրադառնալով «Լեզվի մասին» օրենքը փոխելու` Կառավարության նախաձեռնությանը` հրապարակախոսը նշեց. «Սա 4-րդ դեպքն է` չարափոխելու «Լեզվի մասին» օրենքը: 3 դեպքերում հեղինակները կամ նախաձեռնողները չոր դուրս եկան այս փորձերից: Զգուշանում եմ, որ սրանից հետո պետք է որևէ մեկը պատժվի, որպեսզի դաս լինի, որ չի կարելի կրակին ձեռք տալ, չի կարելի  հայոց լեզվին, հայեցի կրթությանը ՀՀ-ում ձեռք տալ»:

Ավիկ Մարության. «Շարունակական փորձանքները հանրակրթության ոլորտում միշտ ներկայացվել են իբրև բարեփոխում»

Բանասիրական գիտությունների թեկնածու Ավիկ Մարությանը, անդրադառնալով «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ցուցադրված ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի և ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանի բանավեճին, ասաց. «Բագրատ Եսայանը (երևի այն պատճառով, որ արդեն նախկին փոխնախարար է) խոստովանեց և ասաց, թե դուք գիտեք, չէ՞, թե մեզ վրա ինչպիսի ճնշումներ են գործադրում այս կամ այն որոշումն ընդունելիս: Իսկ գործող փոխնախարարը (փաստորեն, գործող լինելու հանգամանքը արգելեց խոստովանել) ասաց, որ չեն գործադրում»:

Ստացվում է, որ մեր կրթական համակարգը ղեկավարվում է ինչ-որ ճնշումներով, նվազագույնը` ճնշումների ազդեցությամբ: «Ես կուզենայի նաև իմանալ, թե ով-ովքեր կամ ինչ-ինչեր են ճնշում գործադրում (տվյալ դեպքում ստացվում է) Կառավարության կամ նախարարության վրա` ինչ-ինչ որոշումներ կայացնելու: Ես զրույցից նաև ենթադրեցի, որ այստեղ քիչ դեր չեն խաղացել նաև օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, որոնց երեխաներին կրթելու համար պիտի բացվեն (նաև դա է պատճառաբանություն բերվում) օտարալեզու դպրոցներ»,- ասաց Ավիկ Մարությանը:

Նույնիսկ կրթության ոլորտի ղեկավարները խոստովանում են, որ մասնավորապես հանրակրթության ոլորտում անկում է տեղի ունեցել: Այս ամբողջ ընթացքում, սակայն, բոլոր գործողությունները կոչվել են «կրթության բարեփոխում»:

«Այսինքն` շարունակական փորձանքները հանրակրթության ոլորտում միշտ ներկայացվել են իբրև բարեփոխում: Հիմա էլ` սա: Ես ուղղակի չեմ հասկանում, թե որն է այս նախաձեռնության նպատակը: Գլխի եմ ընկնում: Կամ մարդիկ անգործ են մնացել և որոշել են հանդես գալ նախաձեռնությամբ (թե ինչ հետևանքների կբերի` դա կարևոր չէ), կամ սա պատվիրված կամ հորդորված նախաձեռնություն է: Այս առումով, Հայաստանը գտնվում է հոգեբանական պատերազմի դաշտում, և սա հարվածներից մեկն է: Մեր հասարակության ակտիվ և ազգային շերտը ամեն կերպ պիտի խափանի այս չարաբաստիկ նախաձեռնության ընդունումը և տարածումը»,- ասաց նա:

Ավիկ Մարությանը նաև չի հասկանում «էլիտար կրթություն» բառակապակցության իմաստը: Կրթությունը կամ չի լինում, կամ լինում է թերի, լիակատար և շարունակական:

Թադևոս Տոնոյան. «Որևէ օրենք շատ փոքր է, որ հայոց լեզվի դեմ պայքարի»

Բանասիրական գիտությունների թեկնածու Թադևոս Տոնոյանի համոզմամբ` նախաձեռնությունը ոչ թե նպատակադրված չարամտության, այլ այն բանի հետևանք է, որ նախաձեռնողները մասնագիտական առումով արհեստավարժ չեն տվյալ բնագավառում, բայց ի պաշտոնե հնարավորություն ունեն ուղղորդելու այդ բնագավառի շարժերը:

«Իմ կարծիքով` որևէ օրենք, որևէ որոշում շատ փոքր է, որ հայոց լեզվի դեմ պայքարի և հայոց լեզուն վտանգի այնքանով, որ հայոց լեզուն չլինի աշխարհում: Հայոց լեզուն ապացուցել է իր կենդանությունը, շատ ավելի վատ բաներ է տեսել իր գոյության ընթացքում և մինչև այսօր կա: Ես վստահ եմ հայոց լեզվի ուժի վրա` հայոց լեզվով ստեղծված մշակույթի կենդանության վրա»,- ասաց Թադևոս Տոնոյանը:
Նա նշեց, որ այսօր Հայաստանում այլ լրջագույն խնդիրներ կան: Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ հայոց լեզվով խոսողներ ծնվեն: Հակառակ դեպքում շուտով պարզվելու է, որ մեր ընտանիքներում այնքան երեխաներ չկան, որոնք գոնե, ասենք, մեզ փոխարինեն:

«Հիմա ինչքան էլ մենք ուզում ենք հայոց լեզվի մասին բարձրագոչ ճառեր արտասանել, ժողովուրդը լքում է Հայաստանը և փախչում է: Մենք պետք է խոսենք այն մասին, որ Հայաստանը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, Հայաստանում պետք է այնպիսի հասարակական իրավիճակ ստեղծվի, որ Հայաստանը առինքնի, և հայոց լեզուն դառնա այդ Հայաստանի հոգևոր հիմքը, մի որևէ աղքատ ընտանիքի երեխա, որը սահմանի վրա է, մտածի, որ պաշտպանելու բան ունի, ոչ թե պաշտպանելու է ուրիշների հողատարածքները, հարստությունը»,- ասաց Թադևոս Տոնոյանը:

Անահիտ Հարությունյան. «Կրթության նախարարը բացահայտ հայտարարեց, որ մեր կրթությունը տապալված է»

Բանասիրական գիտությունների թեկնածու, հրապարակախոս Անահիտ Հարությունյանն անցյալ տարի խմբագրել է դպրոցներում բացակայությունների մասին զեկույց, որը գրել է մի ամերիկացի հեղինակ` Յունիսեֆ-ի պատվերով: Հեղինակը 2-3 ամիս Հայաստանում ուսումնասիրել էր ոլորտը և նշել, որ այն դպրոցներում, որտեղ նախօրոք գիտեին, որ տվյալ օրը այցելելու է, բոլոր աշակերտները ներկա էին լինում: Անդրադառնալով հատկապես 10-րդ դասարանցիների բացակայություններին` ամերիկացի մասնագետը գրել է, որ առաջին անգամ է տեսնում մի երկիր, որտեղ մարդիկ փող են տալիս, որ երեխան չսովորի:

«Զեկույցում մանրամասն գրված էր, թե ինչ պետք է անել դա վերացնելու համար: Ո՞վ ուշադրություն դարձրեց այդ զեկույցին: Իսկապես մեր դպրոցը ուղղակի քայքայվել է մինչև վերջին աստիճան: Իմ երեխան նոր է դպրոցը ավարտել, ես մանրամասն հետևել եմ այդ ամբողջ ընթացքին: Եվ միայն դպրոցը չի` դպրոցը և ԶԼՄ-ները: Հատուկ քաղաքականություն է տարվում` մեր երեխաներին հեռացնելու մեր իսկական լեզվից, տանելու այդ գռեհկաբանությունը, որը ոչ մի կապ չունի մեր լեզվի հետ: Հետո էլ ասում են. «Տեսնո՞ւմ եք` ինչ տգիտություն է տիրում մեր հանրապետությունում, ուրեմն պետք է օտար լեզուներով դպրոց բացել»«,- ասաց Անահիտ Հարությունյանը:

Հայաստանը ստորագրել է Սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների մասին դաշնագիրը: Դաշնագրով պետությունը պարտավորվում է իր երկրում այնպիսի պայմաններ ստեղծել, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իր մայրենի լեզվով կրթություն ստանալ, արվեստ, գիտություն, մշակույթ ստեղծել, այդ լեզվով օգտվել գիտության բարիքներից:

«Մենք վաղուց գիտենք, որ այդ պարտավորությունները չեն անում: Ինքը` կրթության նախարարը, բոլորին բացահայտ հայտարարեց, որ մեր կրթությունը տապալված է, այն հայկական դպրոցները, որ գոյություն ունեն մեր հանրապետությունում, վատ մակարդակի են: Այսինքն` իրենք «զրո» են, նույնիսկ «մինուս» են, իրենք իրավունք չունեն այդ տեղը զբաղեցնել: Իրենք արդեն խոստովանեցին: Հիմա մնում է, որ մենք այդ ինքնախոստովանության գործընթացը, որ իրենք սկսել են, հասցնենք ավարտին: Պետք է պահաջել, որ իրենք ուղղակի լքեն այդ տեղերը, գան մարդիկ, որոնք քաջություն կունենան զբաղվել այդ հարցով: Ըստ երևույթին, այսօրվա այրերը ինչ-որ քաղաքականության ուղղակի կատարածուներ են, բայց մեր ժողովուրդը չպետք է թողնի դա»,- ասաց Անահիտ Հարությունյանը:

Լյուդվիգ Խաչատրյան. «Պատերազմի այն կողմի մարտիկները կամա թե ակամա մեր պաշտոնյաների որոշ մասն են»

ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Կրոնի վարչության նախկին պետ Լյուդվիգ Խաչատրյանը նշեց, որ օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնության հեղինակները իրենց համար գնում անելիս հավանաբար երկար ծանրութեթև են անում, խորհրդակցում, հարցնում, հրաժարվում գնումից, եթե որևէ մեկն ասում է, որ ապրանքը լավը չէ: Իսկ կոնկրետ այս նախաձեռնության դեպքում հանգիստ ասում են. «Անենք, լավ կլինի»: «Իսկ եթե վա՞տ լինի: Պատվերներից մեկը շրջանառության մեջ է` հայտնի մի մոսկվայաբնակ օլիգարխի նախաձեռնությունը` Դիլիջանի դպրոցի հետ կապված, որը վարչապետի շատ մոտ ընկերն է»,- ասաց Լյուդվիգ Խաչատրյանը:

Նրա համոզմամբ` պատահական չէ, որ այս նախաձեռնությունը հիմա է մեջտեղ գալիս. վերջին 3 տարիներին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի անորոշությունները, անընդհատ ժողովրդին սթրեսի մեջ պահելը ենթադրել է տվել ոմանց, որ ճիշտ քաղաքական պահ է նաև նման նախաձեռնության համար:

«Մենք հոգեբանական շատ ծանր պատերազմի մեջ ենք: Պատերազմի այն կողմի մարտիկները կամա թե ակամա մեր պաշտոնյաների որոշ մասն են, որի դրդապատճառները իրենք գիտեն: Ես միայն կարող եմ ենթադրել: Եվ վերջապես, երբ մեր շատ հարգելի նախագահ Սերժ Սարգսյանը Դեր Զորում հուզաթաթավ ճառեր էր ասում, ինքը երևի տեղյակ չի, որ Դեր Զորի անվան հետ կապված հայության հիշողության միակ լուսավոր կետը Դեր Զորի ավազի վրա մայրերի վերջին շնչում հայոց այբուբենը մատով սովորեցնելն էր»,- ասաց Լյուդվիգ Խաչատրյանը:

Սոնա Ավագյան