«Ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքները

Print Print Email Email

ԴՐՈՒՅԹՆԵՐ՝
Մամուլի ազգային ակումբում
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
Արմեն Այվազյանի ելույթի
(12.04.2010)

«Ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքները

Ինչպես և 2009թ. ապրիլին ԱՐԱՐԱՏ ՌԿ-ի կազմակերպած մի շարք միջոցառումներում (Կոնգրես – 14.04.2009, Էրեբունի պլազա – 30.04.2009) նախազգուշացրել էինք, 2008 թ. «ֆուտբոլային դիվանագիտությամբ» սկիզբ առած Հայաստան-Թուրքիա միջպետական գործընթացը հանգեցրել է տխուր արդյունքների.
• Հայության տարբեր հատվածների միջև, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև առաջացել են խորը պառակտումներ։
• ՀՀ-Թուրքիա «Ճանապարհային քարտեզի» և «Արձանագրությունների» թոհուբոհում հայությունը ենթարկվել է չարդարացված ցնցումների, արդյունքում՝ ստվար զանգվածներ է՛լ ավելի են օտարացել պետական և համազգային նշանակություն ունեցող խնդիրներից, թուլացել են անվտանգության և ինքնապաշտպանության մասին մտածելու մեխանիզմները։
• Հայաստանի բնակչության շրջանում ուժգնացել է անպաշտպանվածության և անապահովության զգացումը ոչ միայն սոցիալական, այլև արդեն ազգային արժանապատվության հարցերում։ Հոգեբանական անվտանգության մակարդակն խիստ նվազել է, ինչն էլ նպաստել է արտագաղթի նոր ալիքի առաջացմանը։
• Թուրքիան ձեռք է բերել Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու լրացուցիչ լծակներ։
• Ադրբեջանը, տեսնելով Հայաստանի ներքին իրավիճակի խորքային վատթարացումը և միասնության քայքայումը, դարձել է առավել չզիջող և նախահարձակ։

Հայ-թուրքական հակամարտության բուն արմատը

Եթե նմանեցնենք ՀՀ-Թուրքիա հարաբերությունները մի ծառի, ապա պատկերն այսպիսին կլինի։ Այդ ծառի արմատները, բունը, աճման ուղղությունն անտեսվում են, փոխարենը՝ շարունակաբար խոսվում է միայն տերևների մասին, որոնք լուրջ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ ծառի ապագայի վրա։ Այդ տերևներն են ՀՀ, Թուրքիայի կամ այլ պետությունների այս կամ այն գործչի հայտարարությունները, հանդիպումներն ու նույնիսկ այս կամ այն պայմանագրի ստորագրումները։

Հայաստանի քաղաքական վերնախավը համառորեն չի ուզում տեսնել հայ-թուրքական խնդրի բուն արմատը, այն է՝ Թուրքիան թշնամի պետություն է, որի ռազմավարական նպատակներից է Հայաստանի գաղութացումն ու ոչնչացումը։

Եթե այս պարզ ճշմարտությունը, որը հաստատվում է հազար ու մի փաստով, ընդունում ենք, ապա Հայաստանի արտաքին, ինչպես նաև ներքին քաղաքականության մեջ պետք է արվեն արմատական փոփոխություններ, այդ թվում՝ ռազմական, տնտեսական և տեղեկատվական քաղաքականության մեջ։

Եթե ընդունում ենք, որ Թուրքիան թշնամի պետություն է, ապա չի կարելի թշնամուն հրավիրել Հայաստանի համար առաջին ռազմավարական օբյեկտի՝ Հայկական նոր ատոմակայնի շինարարությանը մասնակցելու կամ բաժնետեր դառնալու, ինչպես անցյալ տարի քանիցս արեց ՀՀ կառավարությունն ի դեմս վարչապետի և էներգետիկայի նախարարի։

Եթե ընդունում ենք, որ Թուրքիան թշնամի պետություն է, ապա պետք է պաշտոնապես կոչ անել Թուրքիայում աշխատող ՀՀ բոլոր քաղաքացիներին անմիջապես լքել այդ երկիրը, առավել ևս՝ Թուրքիայի վարչապետի պարզ հնչեցված սպառնալիքներից հետո, որովհետև այդ ամենը կարող է ավարտվել այնպես, ինչպես ավարտվել է 1915-ին Օսմանյան կայսրությունում, 1988-ին Սումգայիթում և 1990-ին Բաքվում։

Եթե ընդունում ենք, որ Թուրքիան թշնամի պետություն է, ապա պետք է փակել թուրքական ներդրումների հոսքը դեպի Հայաստան, որովհետև թշնամու տնտեսական որևէ ներկայություն նրա ձեռքն է տալիս լրացուցիչ քաղաքական լծակներ։

Եթե ընդունում ենք, որ Թուրքիան թշնամի պետություն է, ապա վերջինիս չդադարող տեղեկատվական պատերազմի դեմ պետք է պաշտպանություն կազմակերպել, այլ ոչ թե փորձել այդ դաշտում համագործակցություն իրականացնել, ինչպես արեց ՀՀ հանրային հեռուստատեսությունը 2008 թ. աշնանը՝ պայմանագիր ստորագրելով թուրքական TRT-ի հետ, որով խոստանում էր աջակցություն ցուցաբերել հայերենով թուրքական հեռուստակայան և համացանցային կայք ստեղծելու գործում։ Ի դեպ, այդ պայմանագիրն հայկական մամուլի որևէ օրգան այդպես էլ չհրապարակեց։

Եթե ընդունում ենք, որ Թուրքիան թշնամի պետություն է, ապա չէր կարելի Հայաստանի տարածքում թուրք սպաների մասնակցությամբ զորավարժություններ անցկացնել, չէր կարելի հոտնկայս ունկնդրել թշնամուդ օրհներգը և այդպիսով ոտնահարել մեր միլիոնավոր զոհերի ու կորսված հայրենիքի հիշատակը։ Բայց հենց դա տեղի ունեցավ 2003 թ. հունիսին։ Չէր կարելի և այժմ էլ չի կարելի որևէ կերպ համագործակցել թուրք զինվորականության հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում, սակայն այդպիսի համագործակցությունը շարունակվում է։

Եթե Թուրքիան թշնամի պետություն է, ապա չէր կարելի կարմիր գորգ փռել նրա  նախագահի ոտքերի առջև, հրավիրել նրան հայոց մայրաքաղաք և այնուհետև պատասխան այց կատարել ցեղասպանական քաղաքականությունից չհրաժարված Թուրքիա։

Եթե Թուրքիան թշնամի պետություն է, ապա չէր կարելի ընդունել Թուրքիայի առաջարկությունը և եռակողմ՝ ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան հանդիպումների մասնակցել (նախագահական ու արտգործնախարարների մակադրակով) ու դեռ ասել, ինչպես ասեց ՀՀ նախագահը 2008 թ. սեպտեմբերին, թե «աննորմալ են այն մարդիկ, ովքեր չեն ուզում Թուրքիայից աջակցություն ստանալ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու գործում»։

Իսկ եթե շարունակում ենք նայել Թուրքիային Վաշինգտոնից ու վերջերս էլ նաև Մոսկվայից մեր աչքերին դրված վարդագույն ակնոցներով, եթե շարունակում ենք ինքնախաբեորեն համարել այդ թշնամուն պոտենցիալ գործընկեր, ապա ուրեմն է՛լ ավելի ենք քայքայում
• հայության ռազմավարական հիշողությունը,
• հայրենիքի հիմնարար գաղափարը,
• ազգային արժեհամակարգը,
• ազգային անվտանգության կենսական հարցերում համահայկական միասնությունը,
• ազգային արժանապատվությունը, որը պետականաշինության գլխավոր գրավականներից է,
• ի վերջո, խարխլում ենք հայ ժողովրդի ընդհանուր դիմադրական ներուժը։

Պատասխանատվության մշակույթի պակաս

ՀՀ-ում չի գործում պետական ղեկավարության մակարդակով սխալները ընդունելու, դրանք քննության առնելու և շտկելու որևէ մեխանիզմ։ Այդ պատճառով էլ այժմ ականատես ենք լինում նրան, որ ՀՀ-Թուրքիա ձախողված գործընթացի բոլոր պատասխանատուները դեռևս զբաղեցնում են իրենց պաշտոնները։ Եվ պետական որևէ օղակում հարցնող չկա. այդ ու՞մ էիք առաջարկում դառնալ Հայկական նոր ատոմակայանի բաժնետեր՝ այն Թուրքիային, որի ղեկավարները Հայաստանն արհամարհանքով անվանում են «մանր թշնամի», որին քարտեզի վրա իբր հնարավոր չէ գտնել, չեն վարանում աշխարհով մեկ հայտարարել, որ պատրաստ են հայերի նոր բռնագաղթ կազմակերպել, ասում են, որ իրենց նպատակը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում Հայաստանին օկուպանտ ճանաչելն է և հայկական զորքերը Ղարաբաղից դուրս բերելը։

Փաստորեն, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պատասխանատվություն չի ստանձնում կատարված խոշորագույն սխալների համար։ Իսկ պալատական «վերլուծաբանները», որոնք զօրուգիշեր զբաղված էին ՀՀ ձախորդ «ֆուտբոլային դիվանագիտության» և չարաբաստիկ «Արձանագրությունների» ջատագովությամբ, այսօր նույն եռանդով զբաղված են ինքնահերքմամբ, իրարամերժ և անտրամաբանական բացատրություններ տալով։ Արդյունքում՝ Հայաստանի ազգային անվտանգությունն անթույլատրելիորեն վերածվել է փորձարկման դաշտի։ Հետևաբար, դեռևս ականատեսն ենք լինելու նորանոր ճակատագրական սխալների, որոնք, եթե շարունակվեն, ունենալու են Հայաստանի համար ողբերգական հետևանքներ։

Իսկ այն մասնագետները և մտավորականության ներկայացուցիչները, որոնք ահազանգում էին «ֆուտբոլային դիվանագիտության» մեռելածին լինելու մասին (այդ թվում՝ նաև ես), զրկվեցին իրենց վերլուծությունները հանրությանը պատշաճորեն հասցնելու հնարավորությունից։ Հայաստանում ազգային խնդիրների շուրջ տեղեկատվական շրջափակման նույն քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր, հատկապես՝ հեռուստաեթերում։

Հայկական «Նյուրնբերգ»

Վերջերս ՀՀ նախագահը խոսեց հայկական Նյուրնբերգից՝ «Իսկ ե՞րբ և որտե՞ղ է լինելու հայերի Նյուրնբերգը»։ Շատ գովելի է։ Բայց ի՞նչ է նշանակում «հայերի Նյուրնբերգ»։ Դա նշանակում է դահիճներին հասանելիք պատիժ, իսկ զոհերին՝ հայ ժողովրդին և Հայաստան պետությանը հասանելիք փոխհատուցում։ Այսինքն՝ ՀՀ նախագահի այս իրավացի հարցադրումն ակնհայտորեն ենթադրում է Հայոց ցեղասպանությունը կազմակերպած ուժերի դատավարություն։

Սակայն մինչև այսօր ի՞նչ են արել ՀՀ ղեկավարությունն ու քաղաքական ուժերն այդ «Նյուրնբերգին» հասնելու համար։ Ո՞վ պետք է կազմակերպեր և նախապատրաստեր այդ Նյուրնբերգը՝ ամերիկացինե՞րը, ռուսնե՞րը, ֆրանսիացինե՞րը թե վիետնամացինե՞րը։ Պարզ է, որ բացի հայերից, ոչ ոք էլ Հայ Դատով չի զբաղվելու։ Այդ ուղղությամբ անկախության 20 տարվա ընթացքում որևէ աշխատանք չի կատարվել։

Ավելի ստույգ՝ արվել է ճիշտ հակառակը։ Հայկական «Նյուրնբերգում» պետք է պատասխան տային այսօրվա Թուրքիայի հանրապետության այն ղեկավարները, որոնց ՀՀ նախագահը անվանում է «խիզախ գործընկեր»։ Իսկ այդ «խիզախ գործընկերներն» էլ շարունակում են Հայաստանի դեմ մղվող տեղեկատվական պատերազմը, Հայոց ցեղասպանության լկտի ժխտումը, Հայաստանի շրջափակումը, իր տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգության մնացորդների ոչնչացումն ու յուրացումը, Ադրբեջանի ռասիստական հայատյացության քաջալերումը և սեփական ռասիստական ավանդույթի պահպանումը։ Այսօրվա Թուրքիան ցեղասպան Օսմանյան կայսրության լիիրավ իրավահաջորդն է և՛ իրավականորեն, և՛ գաղափարապես, և՛ գործնականում։
Հայկական Նյուրենբերգ երբեք էլ չի կարող լինել, եթե ՀՀ «արդարադատությունն», ՀՀ գործադիր իշխանության պես հայտնվելով ՀՀ-Թուրքիա վտանգավոր սիրախաղի որոգայթներում, ինքն է սկսել խրախուսել Հայոց ցեղասպանության ժխտող գրականության հրատարակությունը արդեն… Երևանում։ Խոսքս վերաբերում է 2009 թվականի սեպտեմբերի 17-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի ներկայացված հայցի վերաբերյալ ՀՀ Ընդհանուր իրավասության դատարանի 2009 թ. դեկտեմբերի 4-ին և ՀՀ Վերաքննիչ դատարանի 2010 թ. մարտի 5-ին ընդունած խայտառակ որոշումներին 1 ։

Ռազմավարության բացակայություն

ՀՀ ռազմավարությունը կլանվել է այսպես կոչված «դիվանագիտության» կողմից։ Իրականում, հայկական ռազմավարության իսպառ բացակայությունը բացառում է նաև հայկական դիվանագիտության գոյությունը։ Մեզանում դիվանագիտություն է կոչվում գերտերությունների թելադրանքը գեղեցիկ փաթեթավորմամբ ու անձայն ընդունելը՝ անկախ նրանից, թե որքանով է այդ թելադրանքը համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին։

Հայ-թուրքական բանակցություններում ներգրավված բոլոր ուժերն ունեն իրենց հստակ նպատակները, բացի Հայաստանից։ ԱՄՆ և ՆԱՏՕ-ն ցանկանում են ամեն գնով, թեկուզ քայլ առ քայլ, բացել տարածաշրջանում առկա փակ սահմանները, ուժեղացնել իրենց ռազմաքաղաքական ազդեցությունն ու ներկայությունը, ամբողջությամբ վերահսկել Իրանի և Ռուսաստանի միջև ընկած այսրկովկասյան տարածաշրջանը։ Ռուսաստանը փորձում է պահպանել Հայաստանում ունեցած իր ազդեցությունը, մերձեցնել Ադրբեջանը և մեկուսացնել Վրաստանը։ Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են ջախջախել Հայաստանն այս կամ այն ճանապարհով՝ ռազմական, տնտեսական, տեղեկատվական-հոգեբանական, ժողովրդագրական արտահոսք կազմակերպելու՝ հայաթափման միջոցներով։ Իրենց այդ ռազմավարական նպատակներին հասնելու համար նշված պետությունները որոշում և առաջադրում են կոնկրետ խնդիրներ։

Թուրքիան և Ադրբեջանը պահանջում են Հայաստանից մոռանալ և իրավականորեն վավերացնել Հայոց ցեղասպանության արդյունքները և հանձնել Արցախը, գաղափարապես, բարոյապես, իսկ հետագայում նաև կրոնական ու ժողովրդագրական առումներով համակերպվել թուրք-ադրբեջանական գաղութի կարգավիճակին։ Նրանց առաջարկած մյուս և միակ տարբերակը պատերազմն է։

Պարզ չէ միայն, թե ի՞նչ է ցանկանում Հայաստանը։ Ըստ պաշտոնական տեսակետի՝ Երևանն ուզում է, որպեսզի Թուրքիան բացի իր սահմանը և համաձայնվի դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ։ Ու վե´րջ։ Բայց այդ երկու հարցի լուծումը, ինչպես բազմիցս նշել ենք, չի նշանակելու թուրքական թշնամական քաղաքականության կասեցում։ Թուրքիան ընդամենը լրացուցիչ հնարավորություններ է ստանալու Հայաստանի դեմ քաղաքական իր ճնշումները շարունակելու համար։ Հետևելու է Թուրքիայի տնտեսական, մշակութային, ժողովրդագրական էքսպանսիան դեպի Հայաստան, իսկ Հայաստանից կազմակերպվելու է բնակիչության արտահոսք դեպի Թուրքիայում հիմնված աշխատանքային վայրեր։

Այնինչ, եթե ցանկանում ենք դուրս գալ այս անհեթեթ իրավիճակից, Հայաստանը պետք է հետևյալ նվազագույն պահանջները ներկայացնի Թուրքիային.

1) Ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես երկու կողմերի միջև վստահություն կառուցելու երաշխիք.
2) դադարեցնել Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի գործողություններին ցույց տրվող դիվանագիտական, ռազմական, տեղեկատվական և այլ կարգի օժանդակությունը։

Եթե այս պայմանները չեն ընդունվում Թուրքիայի կողմից, այսինքն՝ եթե Թուրքիան շարունակում է մնալ թշնամի պետություն, ապա ՀՀ սահմանի ապաշրջափակումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած ներկա քաղաքական ուղեգծի պայմաններում մահացու վտանգ է ներկայացնելու։

Միայն ՀՀ քաղաքական վերնախավն է, որ չի կարողանում կռահել, թե ինչով է զբաղվելու տխրահռչակ «Արձանագրությունների» տառով ու ոգով Երևանում բացվելիք թուրքական դեսպանությունը։ Իսկ այդ դեսպանությունը զբաղվելու է ժողովրդագրական ու տնտեսական ներխուժման ծրագրերի մշակումներով, ագրեսիվ հակահայկական քարոզչությամբ, մասնավորապես՝ կազմակերպելու է Խոջալուի դեպքերին նվիրված սեմինարներ, ցեղասպանության եղելությունը ժխտող դասախոսություններ, ժխտողական գրականության հրատարակություններ և տարածում, Արցախի հարցի հակահայկական լուծումների «հիմնավորումներ», զուտ հետախուզական գործողություններ, Հայաստանում մզկիթների հիմնադրումներ, այսինքն՝ իրականացնելու է ՀՀ ազգային անվտանգությունը բոլոր հնարավոր ուղղություններով քայքայելու գործունեություն, ընդ որում՝ այդ ամենն ամբողջովին համապատասխանելու է Թուրքիայի հռչակված այսօրվա քաղաքականությանը։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումներ

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումներին, ապա պարզից էլ պարզ է, որ արևմտյան որոշ ուժեր ցինիկ խաղ են վարում՝ այդ ճանաչումները բանեցնելով հօգուտ իրենց, այլ ոչ Հայաստանի և հայության շահերի։ Ընդհանուր առմամբ, մինչև այսօր միջազգային ատյաններում ընդունված բոլոր բանաձևերը (բացառությամբ Լիբանանի խորհրդարանինը) կատարելապես շրջանցում են Հայկական ցեղասպանության թե՛ պատժելիության և թե՛ հատուցման խնդիրը. դրանք անատամ են ու դեռևս հեռու են հայոց արդար պահանջները բավարարելուց: Չմոռանանք, որ XIX դարի վերջից մինչև 1923 թ. հայկական հարցին նվիրված բազմաթիվ բանաձևեր են ընդունվել, որոնց արժեքը, սակայն, զրոյական էր: Այդ կապակցությամբ տեղին կլինի հիշել, թե ինչպես էր ծաղրել Հայկական հարցում Ազգերի լիգայի ընդունած բանաձևերի անարդյունավետությունը Լիգայի քարտուղարության քաղաքական բաժանմունքի տնօրեն Փոլ Մոնթյոն՝ 1920 թ. վերջին կազմելով հետևյալ զավեշտ-բանաձևը.

«ՀՈԴՎԱԾ 1. Հայերի ոչ մի ջարդ չպետք է տեղի ունենա առանց Լիգայի խորհրդին մեկ ամիս առաջ տեղեկացնելու:
ՀՈԴՎԱԾ 2. Եթե ջարդերն ընդգրկելու են նաև կանանց և երեխաների, ապա Լիգայի խորհուրդը պետք է տեղեկացվի
երկու ամիս առաջ:
ՀՈԴՎԱԾ 3. Հայերի որևէ ջարդ, որն իրականացվում է առանց սույն ձևականությունների պահպանման, պետք է համարվի
անվավեր» ։

Չպե՛տք է թույլ տանք, որ այս ողբերգական զավեշտը կրկնվի։

Ասուլիսի ամբողջական տեսանյութը դիտեք այստեղ

—————–

  1. Այս մասին ավելի մանրամասն տե՜ս «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի Վճռաբեկ բողոքը – 05.04.2010 (http://blog.ararat-center.org/?p=379)։

2 responses so far

2 Responses to “«Ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքները”

  1. Քնարիկ Ավագյանon 17 Apr 2010 at 6:21 am

    Բրավո Պարոն Այվազյան,
    Հայը մեկ` ազգային մտասևեռում պետք է ունենա, մեկ ազգային սկզբունք, այլ ոչ թե պատեհապաշտական ու հեղհեղուկ:
    Պարզ, տրամաբանական ու բանական, ինչպես նաև` գիտական ու քաղաքագիտական վերլուծություն էք կատարել:
    Հայ քաղաքականությունը ափի մեջ: Հայաստանին մնում է յուրացնել և գործադրել:

  2. SONA ARSHUNECIon 19 Apr 2010 at 4:54 am

    Հարգարժան Արմեն Այվազյան
    Հայ-թուրքական սիրախաղի վտանգավոր հետևանքների իրական պատկերը Ձեր վերլուծություններում մանրակրկիտ, անթերի են ներկայացված:
    Լիովին համամիտ եմ Ձեզ հետ. դիվանագիտական, ռազմավարական գիտելիքների պակասը մոտ ապագայում մեր ողջ ազգին կանգնեցնելու է փաստի առաջ: Իսկ ինչ վերաբերում է նախագահի դեմագոգիկ պահվածքին, սա զուտ ապարդյուն փորձեր են իր հորինած
    “ֆուտբոլային դիվանագիտության” ընթացքում թույլ տված սխալները սրբագրելու, մեզ` ազգին համոզելու համար, թե ինքը ճկուն դիվանագետ է ու իր քայլերը հաշվարկված են շախմատային անթերի ճշգրտությամբ, որի արդյունքում պարտվող կողմը լինելու է Թուրքիան: Դա աբսուրդ է ու զուտ իմիտացիա: Իրականությունը
    դժվար չէ կռահել. ու՞մ է գաղտնիք, որ նախագահը ի սկզբանե Թուրքական սիրախաղի որոգայթում հայտնվելով, գերտերություններին դուր գալու համար մեծ ճիգեր է գործադրում, իրականում ասում է մի բան, բայց անում լրիվ հակառակը. այն, ինչ պարտադրում են գերտերություններն ու Թուրքիայի վերնախավը: Խոսքի ու գործի մեջ հակասություններն ակնբախ են:
    Հայրենասիրությունը դա էություն է. ի ծնե գեներից եկող, արյան բաղադրության մեջ, այն հորդորելով, քարոզով, պատվաստովի, ձեռքբերովի լինել չի կարող…
    Պահանջատեր մարդը երբե’ք ծնկի չի գա. պահանջատեր մարդու ճանապարհը մեկն է. պայքարել մինչև պատմական արդարության վերականգնում, մինչև հաղթանակ…
    Եթե իրոք Նախագահը պահանջատեր էր և ի սկզբանե հետամուտ էր հասնելու Հայկական «Նյուրնբերգ»-ի հաղթանակին , ինչպե՞ս կարող էր իրականում պահանջատերը, Հայ-դատի գաղափարների կրողն ու նվիրյալը այդքան ծնկեր թուրքի առաջ, թող ամբողջ ազգին թուրքի առաջ ծնկի չբերեր. իր ֆանտաստիկ գաղափարների պատանդը չդարձներ: Երբ մտովի մի պահ հիշում եմ Հայաստանում ու Թուրքիայում կայացած Ֆուտբոլային խաղերը և մեր նախագահի պահվածքը, ( ամեն մի գոլից հետո )
    Գյուլի հետ ժպտերես ձեռքսեղմումի պահը, ես ինձ պարտված եմ զգում. իմ հպարտությունն ու արժանապատվությունը ոտնահարված: Էլ չեմ ասում Շվեյցարիայում հոկտեմբերի 10-ին պրոտոկոլների ստորագրման պահը. Դավութօղլու
    նենգ ժպիտը, որը հաղթողի ժպիտ էր, որը սիրտս խոցեց դաշույնից էլ ուժեղ:
    Մի պահ եթե փորձենք հավատալ, որ նախագահը ազգի մոլորյալ զավակն է. դարձի է եկել ու զգացել է իր սխալ քայլերը,
    կամ Նախագահը փորձում է ի ցույց դնել ընթացքում ձեռք բերած դիվանագիտական, ռազմավարական գիտելիքների պաշարը, ապա Ամերիկա կատարած այցի արդյունքների հանրագումարը ցույց կտա, թե արդյո՞ք նրա մտքի ու իղձերի արգասիքն է հասնել Հայկական «Նյուրնբերգ»-ի
    հաղթանակին. թե՞ այդ ճառերը գրող մի հայորդու սրտում ծոցած հեռավոր երազանքն է, որը հնչելով Նախագահի շուրթերից խաբկանքի մեջ է պահում աշխարհասփյուռ հայությանը: Նախագահը տեղ չի թողել իր խոսքերին վստահելու :
    Մոտ է ապրիլի 24-ը. ինչքանո՞վ է Նախագահի խոսքն ու գործը համահունչ.
    զինվենք համբերությամբ . ցույց կտա ժամանակը և Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը:
    Աստված պահապան մեր ազգին:
    ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ -ԲՐՅՈՒՍԵԼ
    (ԳՐՈՂ-ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, ՀԱՅ ԴԱՏԻ ՊԱՇՏՊԱՆ)
    [moderated]

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.