- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Վճռաբեկ բողոք – 05.04.2010

Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ դատարանին

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի մարտի 5-ի որոշմամբ մերժվել է «ԱՐԱՐԱՏ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (այսուհետ` Հայցվոր) ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, բերված Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Ընդհանուր իրավասության դատարան) 2009 թվականի դեկտեմբերի 4-ի վճռի դեմ, որով թիվ ԵԿԴ/2246/02/09 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
I. Գործի դատավարական նախապատմությունը.
2009 թվականի սեպտեմբերի 17-ին Հայցվորը հայց է ներկայացրել Ընդհանուր իրավասության Դատարան ընդդեմ «ԿՈՎԿԱՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» հիմնադրամի (այսուհետ` Պատասխանող)` հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու և վնասի հատուցման պահանջի մասին:
Ընդհանուր իրավասության դատարանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ հայցադիմումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 92-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով սահմանված հիմքով, վերադարձվել էր: Ընդհանուր իրավասության դատարանն իր նշված որոշման հիմքում դրել էր այն հանգամանքները, որ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի մի մասը թարգմանված չի եղել հայերեն, ինչպես նաև պակաս է վճարված եղել պետական տուրքը:
Ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված որոշմամբ մատնանշված թերությունները սահմանված ժամկետում վերացնելուց հետո` Հայցվորն իր հայցադիմումը կրկին ներկայացրել է Ընդհանուր իրավասության դատարան:
Ընդհանուր իրավասության դատարանը, արձանագրելով, որ հայցադիմումը ներկայացվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ և 88-րդ հոդվածներին համապատասխան, 2009 թվականի հոկտեմբերի 7-ին որոշել է այն ընդունել վարույթ և գործը նախապատրաստել դատաքննության:
Գործով 2009 թվականի դեկտեմբերի 3-ին նշանակված նախնական դատական նիստին Պատասխանողի ներկայացուցիչը միջնորդել է գործի վարույթը կարճել` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
2009 թվականի դեկտեմբերի 4-ին Ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել գործի վարույթը` Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա, կարճելու մասին:

1. Ընդհանուր իրավասության դատարանի եզրահանգումները.
Ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ տվյալ վեճը ենթակա չէ դատարանում քննության, քանի որ Հայցվորը «…որպես պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքումը պարտավորեցնելու հայցի առարկա, նշել է որոշակի իրադարձություն, բառի չակերտավոր կիրառումը (որով ըստ [Հ]այցվորի վիճարկվում է իրադարձության լինելու հանգամանքը)` այլ անձի կողմից, որպիսի վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով քաղաքացիական գործի վարույթը …[Ք]աղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածի 1-ին կետի կարգով ենթակա է կարճման»:
Ընդհանուր իրավասության դատարանն իր վճռի մնացած մասը նվիրել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն ընձեռող նորմի բացակայության հիմնախնդրին, ինչը, ըստ Ընդհանուր իրավասության դատարանի, նույնպես բացառել է վեճը դատարանի քննությանը ենթակա լինելը 1 :


2. Վարույթը վերաքննիչ դատարանում.

2009 թվականի դեկտեմբերի 28-ին Հայցվորի ներկայացուցչի կողմից Ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք:
Հայցվորի ներկայացուցիչն իր վերաքննիչ բողոքում պատճառաբանել է, inter alia, որ գործի վարույթը կարճելով` Ընդհանուր իրավասության դատարանը ոտնահարել է Հայցվորի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) 3-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից 2002 թվականի ապրիլի 26-ին վավերացված` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքը, քանի որ Հայցվորին ակնհայտ անհիմն կերպով զրկել է նրա քաղաքացիական իրավունքների և պարտականությունների առնչությամբ ներկայացված հայցն ըստ էության քննության առարկա դարձնելու իրավունքից:
Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հունվարի 21-ի որոշմամբ Հայցվորի ներկայացուցչի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ և այն նշանակվել է քննության:
Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մարտի 5-ի որոշմամբ Հայցվորի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի կողմից բողոքը մերժելու միակ պատճառաբանությունը կայացել է նրանում, որ նա «… հիմնավորված չի համար[ել] վերաքննիչ բողոքի` քաղաքացիական իրավունքներ եզրույթի հետ կապված (… [Ք]աղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդված) հիմքերն ու հիմնավորումները, քանի որ սույն գործով [Ընդհանուր իրավասության] [դ]ատարանն արտահայտել է հստակ դիրքորոշում այն մասին, որ սույն քաղաքացիական գործով հայցի առարկան (նյութաիրավական պահանջը) հանգում է որոշակի բառի` չակերտների մեջ կիրառելն արգելելուն և այդ տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելուն, որպիսի պահանջով վեճը … [Ք]աղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ենթակա է կարճման: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ [Ընդհանուր իրավասության] [դ]ատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ»:
Վերաքննիչ դատարանը, միաժամանակ, հարկ չի համարել անդրադառնալ վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, քանի որ վերը շարադրված` իր կարծիքով իրավական դիրքորոշումը դեռ մի բան էլ բավարար հիմք է վերաքննիչ բողոքը մերժելու համար:

II. Դատավարական իրավունքի նորմերի խախտումները

1. Հիմնական երաշխիքներ.
Սահմանադրության 3-րդ հոդվածում ամրագրված է, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, իսկ 19-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (…) համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը (այսուհետ նաև 6-րդ հոդվածի 1-ին կետ) սահմանում է, որ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), որի իրավասությունը, Կոնվենցիայի 32-րդ հոդվածի համաձայն, տարածվում է այն բոլոր հարցերի վրա, որոնք վերաբերում են Կոնվենցիայի և նրան կից Արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանը, այս կամ այն մասնակից պետության նկատմամբ կայացված իր բազմաթիվ վճիռներում, անդրադառնալով արդար դատաքննության իրավունքի չափանիշների հարցին, նշել է, որ այդ իրավունքը ներառում է, inter alia, քաղաքացիական իրավունքների և պարտականությունների առնչությամբ դատարան հայց հարուցելու և այն ըստ էության քննության առարկա դարձնելու իրավունքը (տե՛ս, mutatis mutandis, Golder v. the United Kingdom, no. 4451/70, judgment of 21 February 1975, §§ 26-36):

2. 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրառելիությունը տվյալ գործով.
Եվրոպական դատարանը, անդրադառնալով «քաղաքացիական իրավունքների և պարտականությունների» առնչությամբ ծագած վեճի հարցին, մասնավորապես, նշել է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետը տարածվում է «վիճարկումների» (վեճերի) վրա` (քաղաքացիական) «իրավունքների» ներքո, ինչի մասին առնվազն կարող է վկայել ներպետական օրենսդրությամբ ճանաչված` ապացուցման ենթակա հիմքերի առկայությունը, անկախ նրանից, թե արդյոք դրանք, միաժամանակ, պաշտպանվում են նաև Կոնվենցիայով (տե´ս, ի թիվս այլոց, Neves e Silva v. Portugal, judgment of 29 March 1989, no. 11213/84, վերը նշված Golder v. the United Kingdom, § 33, ինչպես նաև H. v. Belgium, judgment of 30 November 1987, Series A no. 127-B, p. 31, para. 40):
Տվյալ դեպքում, հայցի առարկան հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումները Պատասխանողին հերքել պարտավորեցնելն է, Պատասխանողի տիրապետման ներքո գտնվող խնդրո առարկա գրքերի հետագա տարածումն ու ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելը և նշված հրապարակումներով պատճառված վնասի հատուցումը:
Հայցվորը, որպես հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքների նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմ, inter alia հիմնվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի վրա, Ընդհանուր իրավասության դատարանի, իսկ այնուհետև Վերաքննիչ դատարանի (այսուհետ միասին` Դատարաններ) ուշադրությունը, միաժամանակ, հրավիրելով հայցի հարուցմամբ հետապնդվող հետևյալ իրավաչափ նպատակների վրա.

ա) Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքականության և ազգային անվտանգության ռազմավարության բաղկացուցիչ մասը, հետևաբար, որևէ կերպ դրա հերքումը, ժխտումը, մեղմացումը, դրա կատարված լինելու վերաբերյալ ցանկացած կասկածի դրսևորումը, այդ թվում ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը ոտնձգություն են՝
(i) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության,
(ii) հանրային շահի,
(iii) հանրության բարքերի,
(iv) սահմանադրական կարգի,
(v) ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում շահագրգիռ անձանց, ներառյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի դեմ:
բ) Ցեղասպանության հերքումը հանդիսանում է միջազգային նախադեպային և սովորութային իրավունքի խախտում, դատական պրակտիկայի անտեսում։
գ) Ցեղասպանության հերքումը ճանաչվում է ցեղասպանության անբաժանելի մաս, որը ևս քրեականացված է մի շարք երկրներում: Այսինքն` ցեղասպանությունն արգելված է նաև միջազգային սովորութային իրավունքով, որը հավելյալ պարտականություններ է նախատեսում և՛ պետությունների, և՛ անհատների համար:
Իր հայցադիմումում Հայցվորը նաև նշել է. «…խնդրո առարկա հոդվածի տպագրումով, Հայոց ցեղասպանությունն ուղղակիորեն հերքելով և չակերտների մեջ առնելով՝ [Պատասխանողը] ոտնահարել և անտեսել է վերոնշյալ իրավական պահանջները: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ [Պատասխանողը] միջնորդավորված կերպով նպաստում է Թուրքիայի հակահայկական ռազմավարության իրականացմանը: Ըստ այդմ, ցեղասպանության երևույթը կանխարգելելու և դատապարտելու նպատակով պետք է բացառել Հայոց ցեղասպանությունը որևէ ձևով հերքելը, այդ թվում՝ այն չակերտների մեջ առնելը: Համոզված ենք, որ [Դ]ատարանի վճիռը նախադեպ կծառայի այդ նպատակին հասնելու համար և համանման խախտումները կանխարգելելու համար»:
Այսպիսով, Հայցվորը ծանրակշիռ փաստարկներով վիճարկել է խնդրո առարկա հրապարակումների թույլատրելիությունը` ակնկալելով, որպեսզի կայացվելիք դատական ակտը որոշակի լուծում տա քաղաքացիաիրավական այս վեճին: Հետևապես Հայցվորն ունեցել է locus standi, այսինքն` որպես տվյալ վեճի կողմ իրավունք ուներ լսված լինել դատարանում:

3. Կիրառված սահմանափակման իրավաչափության հարցը.
Եվրոպական դատարանը նաև նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը, որի բաղադրիչներից մեկն է դատարան դիմելու իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների: Բայց և այնպես, կիրառվող սահմանափակումները չպետք է նեղացնեն կամ նվազեցնեն անձի իրավունքներն այնպես կամ այն աստիճան, որ թուլացնեն իրավունքի բուն էությունը: Ընդ որում, սահմանափակումն անհամատեղելի կլինի 6 հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և, եթե չլինի ողջամիտ հավասարակշռության կապ գործադրված միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս, mutatis mutandis, Paykar Yev Haghtanak Ltd. v. Armenia, no. 21638/03, judgment of 20 December 2007, § 44; Khalfaoui v. France, no. 34791/97, § 35, ECHR 1999 IX, and Papon v. France, no. 54210/00, § 90, ECHR 2002 VII; Guérin v. France, judgment of 29 July 1998, Reports 1998-V, p. 1867, § 37; Zvolský and Zvolská v. the Czech Republic, judgment of 12 February 2003, §§ 46-47):
Սույն գործով, Դատարանների կողմից Հայցվորի արդար դատաքննության իրավունքի սահմանափակումը անհամատեղելի է եղել Սահմանադրության և Կոնվենցիայի վերը թվարկված երաշխիքների հետ, քանի որ այն, նախևառաջ, prima facie հակասել է օրենքի պահանջներին, իսկ այնուհետև` որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդել կամ, բոլոր դեպքերում, եղել է ակնհայտ անհամաչափ:
Այսպես, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ Դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: Դատավարական իրավունքի նշված նորմը նկատի ունի այնպիսի իրավիճակներ, երբ Սահմանադրության և օրենքում արված հատուկ վերապահումների ուժով (ipso jure) տվյալ կատեգորիայի վեճը ենթակա չէ դատարանին (օրինակ` ինքնակամ կառույցն օրինականացնելու պահանջի վերաբերյալ վեճը, կամ օրենքի որևէ դրույթ Սահմանադրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ պահանջը, որը, ինչպես հայտնի է, վերապահված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությանը): Այլ կերպ ասած, «վեճը ենթակա չէ դատարանում քննության» եզրույթի տակ օրենսդիրը նկատի է ունեցել ոչ թե խնդրո առարկա հայցի էությունը` դրանում շարադրված փաստերի և իրավական հիմնավորումների լուսի ներքո, այլ ընդամենը հայցի առարկան:
Հայցվորը, տվյալ դեպքում, ընդդեմ Պատասխանողի ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատճառված վնասի հատուցման` միմյանց հետ փոխկապակցված հայցապահանջներ: Եվ եթե Դատարանները իրոք գտնում էին, որ նշված վեճը, որպես այդպիսին, ենթակա չէ դատարանում քննության, ապա նրանք պարտավոր էին մատնանշել օրենսդրական այն արգելքը, որը դատարանին թույլ չի տալիս գործ ունենալ նման կատեգորիայի հայցերի հետ: Այս դեպքում, Դատարանները նաև պարտավոր էին մատնանշել այն մարմինը, որին, դատարանի փոխարեն, պատկանում է տվյալ վեճը լուծելու իրավասությունը (ինչպես, օրինակ, Երևան քաղաքում իրականացված ինքնակամ կառուցներն օրինականացնելու իրավասությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն, վերապահված է Երևանի քաղաքապետին):
Բնականաբար, Դատարանները սույն վեճի լուծման որևէ այլ կարգ մատնանշել չէին կարող, քանի որ անձի (այդ թվում` իրավաբանական անձի) պատվի և արժանապատվության դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նշվեց, inter alia, երաշխավորված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Քաղաքացիական օրենսգիրք) 19-րդ հոդվածով, իսկ վնասի հատուցման իրավունքը` Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով և նույն 19-րդ հոդվածով` երբ խոսքը հատկապես գնում է իրականությանը չհամապատասխանող և անձի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների տարածմամբ պատճառված վնասի հատուցման մասին:
Սույն գործի դատավարական նախապատմությունը, թերևս, ավելի քան համոզիչ կերպով ցույց է տալիս, որ Դատարաններն իրենք են համոզված եղել, որ գործի վարույթը կարճելու որևէ հիմք ի սկզբանե չի եղել, իսկ Դատարանների` այս առթիվ բերած պատճառաբանություններն առնվազն կրում են արհեստական բնույթ: Այլապես, եթե գործի վարույթը նման հիմքով կարճելը իրոք Դատարանների համոզմունքն է եղել, այլ ոչ թե իրավաբանության հետ կապ չունեցող` այլ նկատառումներով առաջ եկած «անհրաժեշտություն», ապա 2009 թվականի սեպտեմբերի 22-ին Ընդհանուր իրավասության դատարանը պետք է որոշում կայացներ ոչ թե հայցադիմումը վերադարձնելու, այլ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով պետք է մերժեր դրա ընդունումը, քանի որ վեճը դատարանում քննության ենթակա չլինելը, առաջին հերթին, ոչ թե գործի վարույթը կարճելու, այլ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք է:
Ինչ խոսք, երբեմն լինում են դեպքեր, երբ հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո` գործը դատաքննության նախապատրաստելիս կամ դատաքննության ժամանակ, ի հայտ են գալիս այնպիսի ծանրակշիռ փաստեր, որոնք ամբողջովին փոխում են գործի հետագա ընթացքը և անվերապահորեն հաստատում գործի վարույթը կարճելու անհրաժեշտությունը: Սակայն այդպիսին չի եղել տվյալ գործի դատավարական նախապատմությունը. Ընդհանուր իրավասության դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունվելուց հետո տեղի է ունեցել ընդամենը մեկ նախնական դատական նիստ, որը սկսվելուն պես պարզվել է, որ Պատասխանողն Ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակ հապճեպ հասցրել է ներկայացրել մի միջնորդություն, որի հիման վրա էլ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի` մինչ այդ ունեցած պատկերացումները արմատապես փոխվել են:
Այսպիսով, Ընդհանուր իրավասության դատարանը, իսկ նրա վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը մերժելով` նաև Վերաքննիչ դատարանը, գործի վարույթը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքով կարճելու տակ նկատի են ունեցել այնպիսի դատողություններ, որոնք վերաբերում են հայցի բուն էությանը և կարող են գնահատվել միմիայն հիմնավորվածության տեսանկյունից և այն էլ` գործի դատաքննության արդյունքում: Հակառակ դեպքում ստացվում է, որ ցանկացած հայցի քննություն կարող է նմանօրինակ ոճով անմիջապես դադարեցվել, իսկ հայցվորը` զրկվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված գործի դատաքննության իրավունքից:
Ընդհանուր իրավասության դատարանը, ըստ էության, այլ բան չի արել, քան գործի վարույթը կարճելու քողի տակ իրականացրել է արագացված դատաքննություն, որի նպատակն է եղել այնպիսի վճիռի կայացումը, որը բացառի հայցի բավարարումը:
Անդրադառնալով Դատարանների բուն պատճառաբանություններին, հարկ է նկատել, որ այդպիսիք per se բավականին կցկտուր են և հակասական:
Այսպես, թե ինչու՞ են Դատարանները Հայցվորի կողմից որոշակի իրադարձություն նշելը համարել դատարանում վեճի քննությունը բացառող հանգամանք` առնվազն անհասկանալի է: Կարելի է միայն ենթադրել, որ ըստ Դատարանների` դատարանի քննությանը ենթակա են միայն այնպիսի վեճեր, որոնցում բացակայում են մատնանշումները որոշակի իրադարձությունների: Սակայն այս դեպքում հարց է ծագում. առանց որոշակի իրադարձության ի՞նչ վեճ կարող է լինել, որը քննության ենթակա լինի կամ չլինի (այս` հիրավամբ բարդ դատողության վերծանումը հայցվոր կողմի հնարավորություններից վեր է):
Ինչ վերաբերում է բարոյական վնասի հատուցմանը, ապա Ընդհանուր իրավասության դատարանը, ի տարբերություն Վերաքննիչ դատարանի, գոնե փորձել էր անդրադառնալ այս հարցին, նշելով, թե այն «… ՀՀ օրենսդրությունում չունի իր կարգավորումը», որից հետևություն էր արել, որ գործի վարույթն այս մասով … ևս ենթակա է կարճման: Վերաքննիչ դատարանը, ինչպես նշվեց, անգամ հարկ չի համարել անդրադառնալ վերաքննիչ բողոքում այս առթիվ բերված փաստարկներին, քանի որ գտել է, թե իր` մինչ այդ մեկ կարճ պարբերությամբ շարադրած կցկտուր և ոչ մի հստակ միտք չարտահայտող դատողությունը իրենից ներկայացնում է իրավական դիրքորոշում, որն էլ, ինչպես պարզվում է, բավարար հիմք է վերաքննիչ բողոքը մերժելու համար:
Վերաքննիչ դատարանը փորձել է իբրև հանրաճանաչ փաստ հրամցնել իր այն հիմքից զուրկ պնդումը, թե որոշակի բառի չակերտավոր կիրառումն արգելելու և ցեղասպանության եղելությունը վիճարկող ապատեղեկատվությունը հերքելուն պարտավորեցնելու վերաբերյալ վեճը դատարանում ենթակա չէ քննության: Եթե նշված պնդումն իրենում որևէ իրավական հիմք պարունակեր, ապա Վերաքննիչ դատարանը, ինչպես արդեն բազմիցս նշվել է, պարտավոր էր մատնանշել որևէ իրավական ակտի մի նորմ, որը բացառեր տվյալ վեճի քննությունը դատարանում: Եվ քանի որ նման հիմնավորումը բացակայում է այնքանով, որքանով չկա այս հնարավորությունը սահմանափակող որևէ նորմ, ուստի ակնհայտ է, որ Հայցվորին դատական պաշտպանության իրավունքից զրկելը կրել է կամայական բնույթ, պայմանավորված բոլորովին այլ` արդարադատության հիմնարար խնդիրների հետ կապ չունեցող շարաժառիթներով:

III. Սույն բողոքը վարույթ ընդունելու անհրաժեշտության հիմնավորումները.

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեuակ կիրառության համար, կամ
2) վերանայվող դատական ակտն առերևույթ (prima facie) հակաuում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, կամ
3) uտորադաu դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական uխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ, կամ
4) առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք:

Գտնում եմ, որ տվյալ դեպքում վճռաբեկ բողոքը քննարկման ընդունելու`վերը թվարկված հիմքերից առաջին երեքը առկա են:

Այսպես, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) իր նախադեպային իրավունքում բազմիցս անդրադարձել է անձի դատական պաշտպանության իրավունքի հարցերին, արձանագրելով, որ այս իրավունքի անհիմն սահմանափակումներն անհամատեղելի են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների հետ: Նմանօրինակ խախտումների առկայության փաստը Վճռաբեկ դատարանը բավարար է համարել բողոքը քննության ընդունելու և այն բավարարելու վերաբերյալ դատական ակտ կայացնելու համար (տես, օրինակ, Վճռաբեկ դատարանի 2009 թվականի մարտի 11-ի որոշումը թիվ ՎԴ/6997/05/08 գործով` ըստ հայցի Սեսիլ Գարուն Գյուլի և մյուսների ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության):
Դրա հետ մեկտեղ, Դատարանների կողմից թույլ տրված առերևույթ դատական uխալը, տվյալ դեպքում, անխուսափելիորեն առաջացնելու է ծանր հետևանքներ, քանի որ բողոքարկվող դատական ակտն ուժի մեջ թողնելը կանաչ ճանապարհ կբացի հայոց ցեղասպանությունը հերքող տարատեսակ հրապարակումներին, ինչը ուղղակիորեն սպառնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, հանրային շահին, հանրության բարքերին, սահմանադրական կարգին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում շահագրգիռ անձանց, ներառյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին (տես այս առթիվ վերը բերված հիմնավորումները):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2030-231-րդ հոդվածներով,
խնդրում եմ`
1. Սույն վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ:
2. Բեկանել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2010 թվականի մարտի 5-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Կից ներկայացնում եմ` հայցվորի ներկայացուցչի իրավասությունները հավաստող լիազորագիրը, սույն բողոքը պատասխանողին և դատական ակտ կայացրած դատարան ուղարկելու մասին փոստային անդորրագրերը:

Արթուր Գրիգորյան
հայցվորի ներկայացուցիչ

Հայոց ցեղասպանության ժխտման դեմ հայցադիմումին (հայերեն և անգլերեն), «Կովկասի ինստիտուտի» հրապարակած գրքում առկա ժխտումների օրինակներին և դատական գործի այլ նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։

——————-

  1. Հայցվորը, ի թիվս այլ պահանջների, խնդրել է Պատասխանողից, որպես խնդրո առարկա հրապարակմամբ իրեն պատճառված 20.000.000 ՀՀ դրամ ընդհանուր գումարով վնասից բռնագանձել 1 (մեկ) խորհրդանշական (պայմանական) դրամը.