- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Գիրը մնաց հիշատակող

  1. Տեսաֆիլմ Երվանդ Կյուրեղյանի հուշագրի մասին, «Արարատ» ՌԿ, Երևան 2010
  2. Շնորհանդես Գլենդեյլում, Հորիզոն, 21․03․2010
  3. Սերգեյ Վարդանյան, Լուսինե Սահակյան. [Առաջաբան] «Գիրը մնաց հիշատակող»։ Երվանդ Կյուրեղյան, «Իմ հուշերի ճանապարհով», 2009, Երևան, էջ 3-12։


Երվանդ Կյուրեղյան
«Իմ հուշերի ճանապարհով»
Երևան 2010



Սերգեյ Վարդանյան, Լուսինե Սահակյան. [Առաջաբան] «Գիրը մնաց հիշատակող»։ Երվանդ Կյուրեղյան, «Իմ հուշերի ճանապարհով», 2009, Երևան, էջ 3-12։

ԳԻՐԸ ՄՆԱՑ ՀԻՇԱՏԱԿՈՂ

(Տառապանքի ուղիներով)

1995-ին լրացավ Աբդուլ Համիդի կազմակերպած հայկական ջարդերի 100-ամյակը: Համարյա չհիշվեց, չնշվեց, չքննարկվեց, ժողովածուներ ու գրքեր չտպագրվեցին: Էներգետիկ ճգնաժամի տարիներն էին: Լեռնային Ղարաբաղի շուրջը դեռևս պայթյունավտանգ լարվածություն էր: Հայաստանն արնաքամ էր անում թափ առած արտագաղթը:

Մտածում էինք, որ 1895-ի ջարդերին կանդրադառնանք հետո` ավելի հանգիստ իրավիճակում: Անցել է 14 տարի: Շուտով` 6 տարի հետո, կբոլորի Մեծ եղեռնի 100-ամյակը: Բայց գրադարաններում ու ընտանեկան գրադարակներում քիչ գրքեր կան` նվիրված քաղաքակիրթ (արդյո՞ք քաղաքակիրթ) մարդկության պատմության ամենաբարբարոսական, քարեդարյան նողկալի ոճրագործություններով հարուստ էջերից մեկին: Քիչ` երևույթի ողբերգականության ու ծավալների ահռելիության համեմատ: Ցավալիորեն քիչ, ամոթալիորեն քիչ, աններելիորեն քիչ: Պատճառները չանտեսենք. հատկապես ստալինյան բռնապետության տարիներին հայոց ցեղասպանության մասին խոսելն ու գրելը անթույլատրելի էին: Եղեռնի խլյակներին զենքը ձեռքին պաշտպանած կամ Սարդարապատում թուրքական ոհմակների դեմ պատնեշ կանգնած լինելու համար մարդիկ կարող էին խորհրդային աքսորավայրերում ու զնդաններում հայտնվել:

Սփյուռքը դեռ ուշքի չէր եկել, դեռ ոտքի չէր կանգնել:

Հայ ժողովրդի հայրենիքի փրկված մի հատվածում` Խորհրդային Հայաստանում, մինչև 1965թ. հայտնի ցույցը մարդիկ իրենց ծնողների, ազգականների, զավակների տանջալից սպանդի մասին բարձրաձայն խոսելու և գրելու շատ քիչ հնարավորություններ ունեին: Եթե 1965-ից հետո Հայաստանում ինչ-որ չափով վիճակը փոխվեց, քիչումիչ գրքեր ու հոդվածներ սկսեցին տպագրվել, Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձան կանգնեցվեց, ապա Ռուսաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում, մյուս հանրապետություններում, որտեղ ապաստանել էին տասնյակ հազարավոր գաղթականներ, նույնիսկ 1965-ից հետո էլ չէր կարելի մարդկության դեմ գործված այդ մեծագույն ոճիրի մասին խոսել:

Այսպես չգրանցվեցին վերապրողների հուշերը, մեռան գնացին նրանք, ովքեր կարող էին եզակի վկայություններ տալ հայ ժողովրդի պատմության ամենասև էջի մասին, նաև պատմել հերոսացման հարյուրավոր դրվագներ: Գրողներ եղան, տարբեր վայրերում գտնվեցին մարդիկ, ովքեր ծերունական դողդոջ ձեռքերով գրի առան իրենց հուշերը, պատմեցին հայի ողբերգության ու հերոսության պատմությունը, բայց այդ տետրերից շատերն այդպես էլ չհրատարակվեցին: Մերօրյա ժամանակագիրները մեռան գնացին: Նրանց թողած խունացած թղթերը գուցե դեռևս մնում են նրանց սերունդներից ոմանց գզրոցներում, կամ, որ ավելի հաճախ է պատահում, նետվել են աղբանոց արդեն ուծացած թոռների կամ օտարազգի հարսների ու փեսաների ձեռամբ: Օտարին չենք մեղադրում: Մեր միջի օտարին ենք մեղադրում: Մեր միջի այն օտարին, որ այդպես օտարել է հային հայից, որ օտարներով շրջափակված Հայաստան կոչվող այս կղզում մենք ևս տեր չկանգնեցինք, չգրառեցինք, չհրատարակեցինք երկրային դժոխքով անցածների հուշերը:

Հասկանալի է, որ խոսքը երևույթին ինչ-որ չափով արժանի ծավալների մասին է և ոչ թե այն հատուկենտ հուշագրությունների, որոնք երբեմն հրատարակվում են:

Այսօր, երբ հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական պետական քաղաքականությանն ենք առճակատվում, վարժ ու անվարժ ձեռագրերով, երբեմն ընդամենը տարրական կրթություն ստացած վերապրողների գրած հուշերը անժխտելի վկայություններ կարող էին լինել: Բայց դրանք արժեքավոր են մեզ համար նաև որպես մեր անցյալ, մեր ապրած, բայց այդպես էլ կիսատ գրված պատմություն: Մովսեսի լեռան հերոսամարտի նման քանի՞սն է եղել, բայց ընդամենը մեկը գիտենք, այն էլ Ֆրանց Վերֆելի շնորհիվ: Քանի՜-քանի հերոսների անուններ այդպես էլ անհայտ մնացին, ինչպես անհայտ ու անանուն են հարյուր հազարավոր նահատակները, որոնց վրա հող լցնելով` հանձնեցինք մոռացումի: Հողը նրանց վրա թեթև չի լինի:

Նրանց հոշոտված մարմինները հողում թաղվեցին, բայց նրանց հոգիները հանգիստ չեն գտնի, քանի դեռ չի կայացել այն դատավարությունը, որտեղ պետք է կարդացվեն զոհերի վկայությունները, որպեսզի հնչի արդար դատավճիռը: Այդպիսի մի վկայություն է նաև Երվանդ Կյուրեղյանի «Իմ հուշերի ճանապարհով» հուշագրությունը:

Գիրքը հրատարակության պատրաստելիս, խմբագրելիս, ծանոթագրելիս, սրբագրելիս, բնականաբար, քանիցս կարդացել ենք և, պետք է խոստովանենք, որ ամեն անգամ որոշ հատվածներ առանց արցունքները զսպելու չենք կարողացել ընթերցել:

Սա հայ մարդու ոդիսական է: Հեղինակը երկու մեծադիր տետրում գրել է իր փոթորկահույզ կյանքի պատմությունն առանց ջնջումների և խմբագրումների, պարզապես առաջին էջից սկսել է գրել և ավարտել է վերջին էջում: Գրել է մահից տասը տարի առաջ` հարյուր տարեկանում` 1988թ., հիշելով մանուկ հասակում իրենց գյուղի քահանայի և, ապա, հորաքրոջ ամուսնու մոտ տառերը տարբեր առարկաների ու կենդանիների նմանեցնելով կարճ ժամանակում սովորած այբուբենը: Գրել է առանց մեծատառերի, շատ անգամ տառերի շփոթով և ուղղագրական կանոնների խախտումով, առանց կետադրության ու վերջակետի: Հորդացող մտքի, պատումի, տողի հետևից նա կարծես հազիվ հասցրել է արձանագրել իր ժողովրդի ու իր գլխին եկած պատուհասը: Դա կյանքի դառը բաժակը ցմրուր խմած, կյանքի չարը տեսած անչար մարդու պատմություն է, որը շատ ավելի հավաստի և կենդանի է, քան բազում գրագետների կեղծ տվայտանքներն ու բառարաններից հանած բառակույտերը: Պարզ, անմշակ քարերով շարվածք են հիշեցնում նրա տողերը: Բնությունից անաղարտ, չոր, կոպիտ, ճշմարիտ, անկեղծ, առանց շինծու պատկերի, բառի, նոտայի, համեստ, առնական … կարելի է ածականները շարունակել, բայց դա արդեն կանեն ընթերցողներն իրենք:

Հեղինակի կենսագրությունից նշենք ընդամենը մի քանի փաստ: Նա 1905-ին ընդգրկվել է Արմենական կուսակցության ինքնապաշտպանական հոտաղական գաղտնի միության մեջ, կյանքը վտանգելով եղել է սուրհանդակ, 1908-ին ընդունվել է ՀՅԴ շարքերը, 1914-ին փախել թուրքական բանակից, այնուհետև մասնակցել է Հայոց ձորի պաշտպանական կռիվներին, Վանի հերոսամարտին, Սարդարապատի ճակատամարտին, Արևելյան Հայաստանի մի շարք օտարաբնակ գյուղերի հպատակեցմանը, Մայիսյան խռովության ճնշմանը և Փետրվարյան ապստամբությանը, Պարսկաստանի քրդերի հետ ռազմական բախումներին և այլն, և այլն: Լինելով հեծելազորի հիսնապետ` նա իր մարտական ուղին այնպես է նկարագրում, կարծես ընդամենը կատարել է իր սովորական, հանապազօրյա աշխատանքը: Ոչ մի տրտունջ, ոչ մի դժգոհություն ձյան և ցեխի մեջ, խրամատներում անցկացրած օրերի, ամիսների ու տարիների, անձրևի ու արևի տակ կիսաքաղց զինվորական առօրյայի, ամեն պահ` գիշեր թե ցերեկ, կյանքը վտանգելով, թշնամու գնդակների տարափի տակ անսպասելի հրամանների կատարման մասին: Իր անձի և գործի հանդեպ չափազանց համեստ գնահատանքին ի հակադրություն` նա հիացմունքով է գրում իր գնդի հրամանատարի, կողքին կռված սպաների ու զինվորների մասին:

Գիրքը միայն տառապանքի ուղիներով անցած մարդու պատմություն չէ, այն ընթերցողին է մատուցում նաև ազգագրական հարուստ նյութ գյուղացիների կենցաղի, ընտանեկան սովորույթների, ավանդույթների, աշխատանքի և աշխատանքային երգերի, հայ-թուրքական և հայ-քրդական հարաբերությունների մասին: Հայերի հանդեպ քրդերի սահմռկեցուցիչ ոճիրների կողքին պատմվում է նաև համագյուղացի քուրդ Ջիբոյի, Աբզեյնի (Ավզնի) գյուղի քուրդ մոլլայի մասին, որոնք, իրենց կյանքը վտանգելով, պաշտպանում են հայերին: Արյան բազում նախճիրների միջով անցնելով` Եղեռնի օրերին մերձավորներին` հորն ու մորը, կնոջը, ազգականներին կորցնելուց, հազարավոր մորթված մայրեր ու երեխաներ տեսնելուց հետո հանկարծ մի կռվի ժամանակ հեղինակը փրկում է երկու թուրք անծանոթ երեխայի (քույր ու եղբայր) և գաղտնի ուղարկում իրենց մոր մոտ, իսկ ինքը նստում է և ողբում իր կորուստները:

Երվանդ Կյուրեղյանի հուշապատումն ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ, և մեր ոչ հեռավոր անցյալի շատ իրողություններ հառնում են նորովի, անծանոթ կողմերով և մանրամասներով, գրված դեպքերի մասնակցի, այսինքն` պատմություն կերտողներից մեկի կողմից:

Հեղինակը, նկարագրելով իր ծննդյան օրից` 1888թ. (1886թ.) մինչև 1988թ. դեպքերը, հիշատակում է բազմաթիվ հանրաճանաչ և անծանոթ մարդկանց, մոռացումից փրկում շատերի անուններն ու գործը, համարյա անսխալ հիշում է ընդամենը մեկ-երկու անգամ տեսած տասնյակ ու տասնյակ վայրերի, գետերի, աղբյուրների, լճերի, գյուղերի, լեռների ու ձորերի, արոտավայրերի, վանքերի ու եկեղեցիների անունները, որոնք կամ վաղուց անվանափոխվել են կամ էլ օգտագործվում են միայն մասնագիտական գրականության մեջ, աշխարհագրությանը կամ պատմությանը նվիրված ուսումնասիրություններում: Գրքի ծանոթագրությունները կազմելիս մենք հաճախ զարմացել ենք, թե ինչպես է կյանքի ահավոր թոհուբոհի, Առաջին համաշխարհային պատերազմի գլխապտույտ իրադարձությունների միջով անցած, թանկագին կորուստներ ունեցած մարդը տասնամյակներ անց քարտեզագրի ճշգրտությամբ նկարագրում իր անցած ուղին, մեծ ու փոքր ճակատամարտերի, տարբեր գյուղերի տեղադրությունը, մտապահում շատերի հիշողությունից վաղուց ջնջված տեղանունները:

Թեև մենք տողատակերում հնարավորինս մանրամասն տեղեկություններ ենք տվել այդ տեղանունների մասին, բայց հեղինակի հայրենի Քերծ գյուղը չենք ծանոթագրել, քանզի ցանկանում էինք այն ավելի հանգամանալից ներկայացնել: Քերծի մասին մեզ ծանոթ ամենաընդարձակ աղբյուրը Մանուել Միրախորյանի`1 1884թ. հրատարակած նշանավոր ուղեգրությունն է 2 : Նա Քերծ գյուղում է եղել 27 տարեկանում` 1883թ.` Երվանդ Կյուրեղյանի ծննդից ընդամենը մի քանի տարի առաջ: Մ. Միրախորյանը գրում է, որ Քերծն ունի 60 տուն հայ բնակիչ3, «Ս. Ստեփաննոս անուամբ մի եկեղեցի 300 տարուան կառուցեալ»4, երկու քահանա, «գիւղական ճաշակաւ մի դպրոց, որ պիտի տայ յոյս եւ լոյս խաւարամիտ գիւղացւոց»5: Գյուղի մոտ նշմարվում են նաև երկու այլ եկեղեցիների «հիմնատեղիք», որոնց շուրջը կան «նախնի ժամանակի … մահարձաններ»6: Գյուղից հյուսիս-արևելք եղել են բերդի ավերակներ: Միրախորյանը նշում է, որ ծերունիները պատմում են, որ 400-450 տարի առաջ, այսինքն` 15-րդ դարում, հիշյալ երկու եկեղեցիների շեն եղած ժամանակ «գիւղս ունեցած է 7-800 տուն բնակաւորք, բաժնուած այդ երկու սրբավայրերուն վրայ»7: Միրախորյանը պատմում է նաև մի փոքրիկ դիպվածի մասին, թե ինչպես «տեղէս մեկնելոյ վերջի պահուն մի խեղճ պատանի գիւղացի, ուսման շատ ծարաւի և սրտիւք ազնիւ ու կենդանի, ամօթխածութենէն շիկնած, որով եկաւ պատկառոտ դիմօք ձեռքս համբուրեց և հեռացաւ, կեցաւ լուռ և մտահոգ»8: Միրախորյանը բացատրում է, որ պատանին, նրա ձեռքին գրիչ տեսնելով, այս կերպ է արտահայտել իր ուսումնատենչությունը:

Մ. Միրախորյանը ցավով է նշում, որ գյուղի վարելահողերը մեծ մասամբ անջրդի են և «գիւղս 20 հատ պանդուխտ ունի ’ի Պօլիս, այդ պանդուխտներէն ոմանք ունին գաւազանի վրայ կռթնող տարևոր հայրիկներ ու մայրիկներ, որոց աղի արտասուքը չ’կրցայ անթաց աչօք դիտել»9:

Որ Քերծն, իրավ, ծանրագույն կացության մեջ էր, վկայում է դեռևս Մ. Միրախորյանից 11 տարի առաջ` 1872թ. ապրիլի 26-ին, տասը համագյուղացիների ստորագրած նամակն ուղղված ընդամենը մեկ ամիս առաջ Վանում ստեղծված «Միություն ի փրկություն»10 գաղտնի կազմակերպությանը. «Մեծապատիւ անդամք գաղտնի ընկերութեան: Մենք` ստորագրեալքս, մեր կրած նեղութեանց, հարստահարութեանց եւ զրկանաց երեսէն բոլորովին յուսահատած ըլլալով, եւ միջոցներս լսելով որ քաղաքամէջդ ալ նոյն ցաւօք ժողովուրդը վարակած է եւ զգացած են այս անտանելի չարութեանց իրենց վրայ ծանրանալը, ընկերութիւն մը կազմած էք Միութիւն ի Փրկութիւն անուամբ. ուստի ալ չկարենալով տոկալ սոյն անկրելի լուծին` ձեզ կը դիմենք. ձեզ հետ միանալու` թերեւս դարման մը գտնենք թէ ի՞նչ միջոցով որ կարելի է այս չարիքներէն փրկուելու:

Պատրաստ եմք արեան եւ մահու չափ ձեզ հետ գալելու, ուր որ ալ մեր փրկութեան յոյս զմեզ տանի. թէ ռուսանալ հարկ է` ռուսանալ, թէ գաղթել` գաղթենք. թէ վերջապէս մեռնիլ` մեռնինք, բայց փրկուինք. այս է մեր աղերս առ ձեզ եւ առ Աստուած. եւ կ’երդնունք չբաժնուիլ ի միմեանց, բայց եթէ մահուամբ միայն:

Քերց գիւղացիք` Իռէս Սարկիս մհ. Կարպրեան (կնիք), Իռէս Սարկիս Յարութեան (կնիք), Կուլան Սարկիսեան (կնիք), Ազիզ Բաղդօեան (կնիք), Ակոբ Կազեան (կնիք), Վարդտան Ավիտեան (կնիք), Արթեն Տէր Ակոբեան (կնիք), Մխօ Օխանեան, Օվան Յօնանեան, Կարապետ Խըլօեան»11:

Ի դեպ, Տ. Երեմիա արքեպիս. Տևկանցի12 տվյալներով 1872թ. Քերծն ուներ 40 տուն բնակիչ և Հայոց ձորի 35 գյուղերի մեջ իր մեծությամբ հինգերորդն էր13: Շուրջ մեկ տասնամյակ անց` 1883-ին, գյուղն ուներ 60 տուն հայ բնակիչ: Ցավոք, Քերծն անմասն չի մնում Աբդուլ Համիդի սանձազերծած ջարդերից և 1896թ. Քերծում, որտեղ արդեն կար 70 տուն հայություն, ըստ Ա-Դոյի14, սպանվում կամ կրոնափոխվում է 72 հոգի (48 սպանված, 24 կրոնափոխված)15: Ըստ նրա` 1909-ին Քերծն ուներ 85 տուն` 491 (246 արական և 245 իգական) հայ բնակիչ և 8 տուն մահմեդական16 : Այս թվերը, որքան էլ կարևոր, բայց ընդամենը վիճակագրություն են, իսկ Քերծի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի կյանքի մանրամասները փրկվել են Երվանդ Կյուրեղյանի շնորհիվ: Ցավոք, Սև ծովից մինչև Կիլիկիա, Մարմարայի ափերից մինչև Վանա լճի ափերը սփռված հազարավոր հայկական գյուղերից ու քաղաքներից շատերը այդպես էլ չունեցան իրենց տարեգիրները:

Երվանդ Կյուրեղյանի «Իմ հուշերիս ճանապարհով» գիրքը հապշտապ լույս է տեսել 1996թ. Լոս Անջելեսում, քանզի 108-ամյա հեղինակի առողջությունը կտրուկ վատացել է, և որդին` Վարուժան Կյուրեղյանը, ցանկացել է, որ հայրն իր գրառումները հրատարակված տեսնի: Այդ շտապողականության պատճառով այն տպագրվել է առանց անհրաժեշտ ծանոթագրությունների և ինչպես նշված է գրքի սկզբում` «բազմաթիվ տպագրական թերություններով»: Տեղ են գտել նաև մի շարք փաստական սխալներ, արվել են հավելումներ, առկա են բնագրային տարընթերցումներ և այլն: Մենք ոչ միայն շուրջ 390 ծանոթագրություն, հղում ու բառերի բացատրություն ենք զետեղել էջատակերում, այլև շատ անգամ ստուգել և վերականգնել ենք բնագիրը: Կազմվել են տեղանունների և անձնանունների նոր, ամբողջական ցանկեր:

Հեղինակի որդու խնդրանքով հուշագրությունը տպագրում ենք նույնությամբ, խմբագրական նվազագույն միջամտությամբ, թեև Երվանդ Կյուրեղյանը, ապրելով Քերծում, Արևելյան Հայաստանի տարբեր բնակավայրերում, Պարսկաստանում` Մուժումբարում, Քերմանշահում, Թեհրանում, ԱՄՆ-ում` Լոս Անջելեսում, իր խոսքում խառնել է այդ վայրերին հատուկ բարբառները, խոսվածքները և լեզվական իրողությունները: Քանի որ գիրքը տպագրվում է Երևանում, ուստի այն վերածել ենք արդի ուղղագրության: Նախկին հրատարակությանը ավելացրել ենք նաև երեք գլուխ` «Գութանի հերկը», «Մեր գյուղի ժամացույցը» և «Հայոց ձորի գյուղերը», որոնք քաղել ենք տարբեր հաստատություններում կազմակերպված նրա բանախոսությունների ձայնագրություններից: Գրքի վերջում ավելացրել ենք ևս մեկ գլուխ` «Հավելված» վերնագրով, որում հեղինակի որդին մեր խնդրանքով հոր մասին պատմում է որոշ մանրամասներ: Պետք է նշենք, որ առանց Վարուժան Կյուրեղյանի ջանքերի և անսահման որդիական սիրո այս գիրքը լույս աշխարհ չէր գա:

————————–

  1. Մ. Միրախորյանը ծնվել է 1856թ. Վանում` Այգեստանում, 1868թ. ընդուն­վել է Վարագա ժառանգավորաց վարժարանը և երեք տարի աշակերտել Խրիմ­յան Հայրիկին: Ապա ուսումը շարունակել է Կ. Պոլսում, ավարտե­լուց հետո դասավանդել է նույն վարժարանում, այնուհետև ուսուցիչ է ա­շխատել մի քանի քաղաքներում և Ռումինիայում: 1934թ. վախճանվել է Բուխարեստում: Թողել է մի շարք տպագիր և անտիպ արժեքավոր գրքեր և հոդվածներ (Տէր-Մկրտիչեան Ե., Գանձեր Վասպուրականի, հ. 1, Պոսթոն, 1966, էջ 415-420):
  2. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գա­ւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ. Պօլիս, 1884, էջ 189-192:
  3. Միրախորեան Մ., նշվ. աշխ., էջ 189:
  4. Նույն տեղում:
  5. Նույն տեղում:
  6. Նույն տեղում:
  7. Նույնը, էջ 190:
  8. Նույնը, էջ 190-191:
  9. Նույնը, էջ 192:
  10. Տէր-Մկրտիչեան Ե., նշվ. աշխ., էջ 347-352: Պողոսյան Հ., Վասպուրականի պատմությունից, 1850-1900, Երևան, 1988, էջ 179-183:
  11. Տէր-Մկրտիչեան Ե., նշվ. աշխ., էջ 349-350:
  12. Երեմիա աքեպիս. Տևկանցը (Տեր-Սարգսյան) ծնվել է 1831թ. Վանում: Եղել է Լիմի միաբան, 1864-ից` Բաղեշի և Մուշի առաջնորդ, 1875-ից` Վանի և Վարագավանքի առաջնորդական տեղապահ: 1868-ին ձեռ­նադրվել է եպիսկոպոս: Վախճանվել է 1895-ին: Ունի մի քանի տպագիր և անտիպ գրքեր (Տէր-Մկրտիչեան Ե., նշվ. աշխ., էջ 263-265): Ըստ Հ. Պողոսյանի Ե. Տևկանցը ծնվել է 1829-ին և մահացել 1885-ին, տե՛ս Տևկանց Ա., Այցե­­լություն ի Հայաստան 1878թ., Եր., 1985, էջ 6: Տևկանց Ե., Ճա­նա­պար­հոր­դություն Բարձր Հայք և Վասպուրական (1872-1873թթ.), Եր., 1991, էջ 5):
  13. Տևկանց Ե., նշվ. աշխ., էջ 222-223:
  14. Պատմաբան, տնտեսագետ-վիճակագիր Ա-Դոն (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան) ծնվել է 1867թ. Նոր Բայազետում (այժմ` Գավառ): 1891թ. ավար­տել է Երևանի թեմական դպրոցը, ապա սովորել Խարկովի հա­մալ­սարանի իրավաբանական ֆակուլտետում, հոգեբանություն է ուսում­նա­սի­րել Պետերբուրգում: Հեղինակ է մի շարք արժեքավոր գրքերի և հոդ­ված­ների: Մահացել է Երևանում 1954թ. (Հայկական համառոտ հանրա­գի­տա­րան, այսուհետ` ՀՀՀ, հ. 1, Երևան, 1990, էջ 45):
  15. Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 370:
  16. Նույնը, էջ 47: