- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Էս երկիրը տեր ունի՞…

Աղբյուր` Հայաստանի զրուցակից, 41(112), 13.11.2009

Գոհար Սարդարյան

Ալեքսանդր Իսկանդարյանը հերթական անակնկալը մատուցեց մեր հասարակությանը: Ու մենք կարծես դրանից զարմացած չենք. մտածում ենք` նա՛ է. պետք է այդպես ասի կամ այդպես անի:

Վերջերս բրիտանական International Alert կազմակերպությունը Մոսկվայում կազմակերպել էր կլոր սեղան՝ «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը. խաղաղության հաստատման համար պայմանների ստեղծում, Ռուսաստանի դերը» թեմայով: Մասնակցում էր նաև Ալեքսանդր Իսկանդարյանը: Թե ինչ տեղի ունեցավ այդ ընթացքում, ինչպես ադրբեջանցիների պահանջով ընդհատվեց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռուբեն Զարգարյանի ելույթը, որին ի պատասխան նա լքեց դահլիճը, արդեն հայտնի է: Այն լուրջ խոսակցության նյութ դարձավ և մի քանի օր քննարկվեց հայաստանյան հասարակության շրջանում: Հետագայում այն մասամբ հերքվեց:

Բայց տվյալ դեպքում խոսքն այս մասին չէ. քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը քաղաքագիտական մտքի հերթական բացահայտումը կատարեց, երբ միջոցառման վերաբերյալ հարցազրույց տվեց propagada-am.livejoural.com/ 30931.html կայքին: Ներկայացնելով կլոր սեղանը, ի՞նչ եք կարծում` ի՞նչ է պատասխանում լրագրողի հարցին. ասում է, որ աշխատանքներին մասնակցում էին հայերը, ղարաբաղցիները և ադրբեջանցիները: Տեսա՞ք, թե ինչ է տեղի ունենում. տեսա՞ք, որ այլևս ղարաբաղցիները հայեր չեն, որ հայաստանցիները և ղարաբաղցիները առանձին էթնոս են: Հասկացա՞ք, որ ղարաբաղցին ու հայաստանցին մեկ ազգ չեն: Եթե` այո, նշանակում է` այլևս չեք զարմանա, եթե մեր թշնամին էլ այս մասին ասի, նաև պնդի, որ Հայաստանը պետք է ձեռք քաշի ղարաբաղցուն պաշտպանելու մտքից, նա ի՞նչ գործ ունի այլ ազգության հետ. ասում են չէ՞, որ Հայաստանը ագրեսոր է: Հո՛ դատարկ տեղից չե՞ն անում այդ պնդումը…

Ալեքսանդր Իսկանդարյանը, ընդունենք, միամտաբար է այդպես ասել: Լա՛վ, այդ դեպքում, եթե նա այդքան միամիտ է, իրավունք ունի՞ գնալ ու միջազգային նման միջոցառումների ժամանակ մեզ ներկայացնել, խոսել մեր անունից: Միաժամանակ նշանակում է, որ նա բնավ էլ քաղաքագետ չէ. մարդն այդքան բանը չի հասկանում, ու դեռ քաղաքագե՞տ է:

Հաջորդ տարբերակը քննենք. նա` Ալեքսանդր Իսկանդարյանը, լավ էլ հասկանում է, թե ինչ է ասում, ինչ է անում: Նա քաղաքագետ է, հիրավի՛ քաղաքագետ է: Բայց այսպիսի, ա՛յս հայացքների քաղաքագետ է: Ու լուծելու համար ունի սեփական խնդիրը: Ես չգիտեմ, թե տարբերակներից ո՞րը կընտրի մեր ժողովուրդը: Բայց երկու դեպքն էլ վտանգավոր է, չափազա՛նց վտանգավոր:

Մենք, չեմ հասկանում, գիտակցո՞ւմ ենք այս ամենը, թե` ոչ: Եթե գիտակցում ենք, ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ մեզ հետ այդպես վարվի: Լավ, մեր երկրում այս խնդրին լծված մարդ չկա՞, մասնագետ չկա՞: Սա երկիր չէ՞, այս երկիրը չունի՞ իր պետական անվտանգության պաշտոնյան, չունի՞ ազգային անվտանգության իր կառույցը: Ոչինչ չեմ հասկանում: Առավել ևս, որ այս մարդու դեմքն առավոտից իրիկուն մեր հեռուստացույցների էկրանին է. բոլոր հեռուստաընկերությունները համերաշխորեն այս մարդուն են ցուցադրում ու նրա դարակազմիկ մտքերն են մատուցում մեզ:

Մի բան էլ այս կլոր սեղանի առնչությամբ, որին բացի Ալեքսանդր Իսկանդարյանից՝ մասնակցում էին նաև այլ մասնագետներ Հայաստանից` Կարեն Բեքարյանը և Արտակ Կիրակոսյանը: Նրանք բոլորը փաստորեն հաշտ ու խաղաղ նստել ու զրուցել են մի մարդու` Հեյդար Ջեմալի հետ, ով տառացիորեն օրեր առաջ հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն Հայաստանի` որպես պետության ոչնչացման ճանապարհով: Ապա մեծահոգաբար վերապահում է անում ու թույլ տալիս` հայերը կարող են ապրել Էրիվանի խանության տարածքում` կոշիկ կարկատեն ու դուդուկ նվագեն:

Չէ` չէ, բայց արժանապատիվ կեցվածք, սկզբունքայնություն մեր հայրենակիցները կարող են սովորել, հեռու չգնանք, գոնե իրենց հակառակորդից կամ տվյալ դեպքում՝ ընդդիմախոսներից. հենց այդ կլոր սեղանի օրինակով: Այդ ինչպես եղավ, որ ադրբեջանցիները կարողացան ընդդիմանալ ու լռեցնել Ռուբեն Զարգարյանին, իսկ իրենց հեչ պետքն էլ չէր, որ մի սեղանի շուրջ են նստելու իրենց ազգին այսպես վիրավորող, նվաստացուցիչ խոսքեր ասող մոլագարի հետ: Թող պայման դնեին՝ եթե իրենց ընդդիմախոսը Հեյդար Ջեմալն է, չեն մասնակցում միջոցառմանը:

Թե այդ կլոր սեղանը վերջնական արդյունքում ի՞նչ տվեց իրենց` մասնակիցներին, չգիտենք, բայց որ մեր երկիրն ու ժողովուրդը հերթական հարվածն ստացան, փաստ է: