- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Հայկական դիվանագիտությունն այսօր հայտնվել է անկյունում

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն,
քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հարցազրույցը
ԿԱՊԻՏԱԼ օրաթերթին, 18.07.2009

– Մադրիդյան սկզբունքները Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում արժանացան տարաբնույթ մեկնաբանությունների: Ոմանք այն անվանում են ձեռքբերում, ոմանք էլ` պարտություն: Ձեր դիտարկումները:
– Այս ամենի մեջ ցավալին այն է, որ հայ հասարակական-քաղաքական միտքը չափազանց մեծ ուշացումով է արձագանքում իր համար աննպաստ զանազան քայլերին, որոնք տեղի են ունենում քաղաքական դաշտում, տեղեկատվական-հոգեբանական պատերազմի դաշտում: Այսօր կրկին հասանք մի հանգրվանի, որտեղ ժամանակին ամեն բան արդեն ասվել է: Տարիներ առաջ քննադատվել, վերլուծվել, մատնանշվել են այդ սկզբունքների անընդունելի լինելու հանգամանքները, սակայն այսօր նորից, անտեսելով բոլոր գրավոր և բանավոր քննադատությունները, մեր առջև դրել են Հայաստանի անվտանգության համար անընդունելի այդ սկզբունքները:

-Կնշե՞ք Մադրիդյան սկզբունքների «վտանգավոր» կողմերը:
-Այդ հարցերի մասին ես և այլ մասնագետներն այնքան ենք գրել, խոսել, գրքեր և հոդվածներ հրապարակել։ Ակադեմիական մակարդակով կատարված այդ քննադատությանը որևէ մեկը չի պատասխանել և չի էլ կարող պատասխանել: Բերել ենք փաստեր, վերլուծություն, համեմատել ենք համաշխարհային այս կամ այն նմանատիպ հակամարտության լուծման, կողմերին անվտանգության երաշխիքների տրամադրման հետ: Կարող ենք վերցնել հրապարակված «հիմնարար սկզբունքներից» յուրաքանչյուրը, և կտեսնենք, որ այն ամենևին մեր շահերից չի բխում։ Օրինակ, անընդունելի է ծրագրված խաղաղապահ ուժերը ներկայացնել որպես հայկական կողմի համար անվտանգության երաշխիք: Ինչո՞ւ. որովհետև պարզ չէ այդ ուժի կառուցվածքը, հրամանատարությունը, կա դրա մանդատի խնդիր, կա ֆինանսավորման հարց, որովհետև բազմազգ զորքերից բաղկացած խաղաղապահների ուժը արդյունավետ չի կարող լինել, քանի որ տեղյակ ենք միջազգային անփառունակ փորձերին՝ Լիբանանում, Բոսնիայում, Կոսովոյում… Փաստաթղթում խոսվում է միջանցքի մասին, սակայն Մինսկի խմբում ավանդաբար միջանցք ասելով հասկանում են հենց Լաչինի միջանցքը՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն ու դրանից դեպի հարավ և հյուսիս ընկած 20-25 կմ տարածքը։ Բայց եթե Լաչինի հետ միասին նույնիսկ հասկանանք Քաշաթաղն ու Քարվաճառն ամբողղջությամբ, միևնույն է, մնացած հինգ շրջանների հանձնումը աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի պետականության համար: Ադրբեջանն ունենալու է ռազմաճակատ տանող բազմաթիվ ճանապարհներ, այդ թվում՝ երկաթգծեր, իսկ Հայաստանը մեկ կամ երկու ճանապարհ: Նշված չէ, թե ինչպես է լուծվելու պաշտպանական խորության հարցը, օրինակ` եթե հանձնում ես Աղդամը, նախկին ԼՂԻՄ սահմանից մինչև Ստեփանակերտ մնում է 18 կմ, իսկ այդ հեռավորությունից Ստեփանակերտին կարող են հարվածել անգամ ականանետով: Իսկ սահմանից մինչև Ասկերան, Մարտակերտ և Հադրութ շրջկենտրոնները կլինի ընդամենը 5 կմ։
Ղարաբաղյան հակամարտության մեջ ՀՀ դիվանագիտությունը հիմնական խնդիր է համարում Արցախի կարգավիճակը, մինչդեռ ազատագրված տարածքի խնդիրն անչափ ավելի կարևոր է: Եթե նույնիսկ Արցախին տրվի անկախ պետության կարգավիճակ, միևնույն է դրա նշանակությունը շատ ավելի պակաս է, քան Հայաստանի ազատագրված տարածքը, որն ապահովում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգությունն արդեն 15 տարի շարունակ: Ի վերջո, այս հարցերից յուրաքանչյուրի մասին գրված են գիտական լուրջ ուսումնասիրություններ։ Հարցը շատ պարզ ու հստակ է դրված. կպահպանենք մեր հայրենիքի ազատագրված տարածքը, կունենանք Հայաստան պետություն կառուցելու հնարավորություն, չենք պահպանի` կկորցնենք և՛ ԼՂՀ-ն, և՛ ՀՀ-ն:
Մադրիդյան սկզբունքների պաշտպաններն ասում են, թե կարող են այսօր ստորագրել այդ փաստաթուղթը, հետո տարիներով բանակցել: Սա բոլոր առումներով սխալ մոտեցում է: Նախ` այդ հիմնարար սկզբունքները որոշում են բանակցությունների հետագա ուղղությունը, որն ամբողջապես Ադրբեջանի օգտին է: Մադրիդյան սկզբունքներում հստակ պահանջ կա` դուրս բերել հայկական զինուժն ազատագրված շրջաններից: Մինչդեռ առաձգական է ձևակերպված, օրինակ, ապագայում Արցախի ինքնորոշման հարցով հանրաքվե անցկացնելու դրույթը (ընդ որում՝ հանրաքվե անունն էլ չի տրված)։ Իսկ եթե միջազգային փաստաթղթերում չկա հստակություն, ապա ոչ հստակ բանաձևումներն աշխատում են ուժեղ կողմի օգտին: Մերոնք համաձայնում են այս առաձգականությանը, բայց սա նույնիսկ առաձգականություն չէ, քանի որ Ադրբեջանն իր նախագահի մակարդակով անընդհատ հայտարարում-ըդգծում է, որ Արցախի անկախության հետ չի համաձայնելու ո՛չ 5, ո՛չ 10, ո՛չ 100 տարի հետո: Բանակցել մի գործընկերոջ հետ, որն ի սկզբանե հայտարարում է, թե չունի բանակցելու որևէ բան, անիմաստ է:

-Այսինքն` Հայաստանը պետք է դո՞ւրս գա բանակցություններից:
-Ո՞րն է բանակցության իմաստը, եթե ի սկզբանե քո դեմ են դնում մի փաստաթուղթ, որով զիջումներ կատարողը դու ես միայն: Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռն ու ռազմական ներուժն այսօր մեծապես պայմանավորված են ազատագրված տարածքով, դրա շնորհիվ է, որ արդեն մեկուկես տասնամյակ ապրում ենք հարաբերական խաղաղության պայմաններում: Հայրենիքի ազատագրված հատվածների հանձնումը կբերի Հայաստանի անվտանգության մակարդակի կտրուկ անկման, երկրի՝ իր դաշնակիցների համար որևէ հետաքրքրության կորստի, հասարակության հուսալքման: Եթե Ադրբեջանն այսօր է հայտարարում, որ չի ճանաչելու ԼՂՀ-ի անկախությունը, պատկերացնո՞ւմ եք ինչ կանի, երբ իրեն հանձնեն մեր անվտանգության կարևորագույն երաշխիքը՝ հողը: Եթե օգտագործենք բռնցքամարտի տերմինաբանությունը, ապա հայկական դիվանագիտությունն այսօր հայտնվել է անկյունում, որտեղ մեկը մյուսի հետևից ուժգին հարվածներ է ստանում: Այդ իրավիճակից պետք է ամեն գնով դուրս գալ, այլապես ելքը մահացու կլինի՝ մեզ համար։ Միջոցներից մեկը կարող է լինել արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը: Անհրաժեշտ է բացեիբաց հայտարարել թույլ տրված սխալների մասին և պաշտոնանկ անել կոպտագույն սխալներ, ավելի շուտ՝ հայ ժողովրդի շահերի դեմ ոտնձգություններ թույլ տված պետական գործիչներին։ Ջրի երես է պետք հանել նաև այն «վերլուծաբաններին» , որոնք շարունակաբար պատվեր են կատարել, հանդես եկել ապակողմնորոշիչ վերլուծություններով, մասնավորապես «հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորման» մասին լավատեսական քարոզներով։ Դա պետք է անել, որպեսզի գոնե ապագայում ժողովուրդն ու ինչ-որ չափով նաև իշխանությունն այդքան հեշտությամբ կուլ չտան ապատեղեկատվությունը։ Սակայն այս ամենը բավարար չէ։ Փոփոխությունները կյանքի կոչելու համար պահանջվելու է ամենօրյա տքնաջան աշխատանք, մի բան, որ ՀՀ պետական կառույցներում, մեղմ ասած, ավանդույթ չէ:
Հայության լրջագույն խնդիրներից մեկն էլ ռազմավարական թույլ հիշողությունն է: Քաղաքական գործիչները, որոնք թույլ են տվել կոպտագույն սխալներ, չեն ստանում իրենց արժանի գնահատականը, չեն հեռանում քաղաքական ասպարեզից։ Ավելին` քաղաքական ուժերն ու գործիչները կարող են մի ամիս առաջ մի բան ասել, իսկ մի ամիս հետո կանգնել ու ասել ճիշտ հակառակը: Օրինակ` Վարդան Օսկանյանը քննադատում է իշխանություններին, սակայն հենց իր պաշտոնավարության օրոք են սկսվել հայ-թուրքական գաղտնի բանակցությունները, իր ժամանակ են ընդունվել տխրահռչակ Մադրիդյան սկզբունքները: Հասարակությունն այնքան թուլացած է, որ չի կարողանում ազդել պետության և ազգի ճակատագրի համար կենսական որոշումներ ընդունելու վրա:

-Մի՞թե ամեն ինչ այդքան հեշտ է: Ադրբեջանը կարո՞ղ է այսօր ասել մի բան, վաղն անել մեկ այլ բան: Վերջին հաշվով` կա միջազգային հանրություն, կան երաշխիքներ:
-Իհարկե` կարող է: Ի՞նչ է նշանակում միջազգային հանրություն: Աշխարհում միջազգային հանրությանը չվստահելու ամենաշատ իրավունքն ունեն Հայաստանը և հայերը: Այդ նույն միջազգային հանրությունը 19-րդ դարի վերջին Սան-Ստեֆանոյի պայմանագրով ասաց, որ Արևմտյան Հայաստանում պետք է կատարվեն բարեփոխումներ, որի երեշխավորն ինքն է։ Այդ ամենը վերջացավ ցեղասպանությամբ: Հենց այդ նույն միջազգային հանրությունը մինչ օրս չի ճանաչել Ցեղասպանությունը, թեև ժամանակին խոստանում էր պատժել հայության դահիճներին: Այդ միջազգային հանրությունը որևէ գնահատական չի տվել ու չի տալիս Ադրբեջանի բացահայտ հակահայկական գործողություններին (ինչպես, օրինակ, Նախիջևանի խաչքարերի ջարդն էր կամ Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանությունը) կամ ջավախահայության ու Հայ եկեղեցու նկատմամբ Վրաստանի իշխանությունների խտրական քաղաքականությանն ու ոտնձգություններին։ Եթե ԱՄՆ-ի պես գերտերության նախագահը կարող է, աչքը չթարթելով, խաբել իր իսկ քաղաքացի հայերին և դրժել տարիներ շարունակ հրապարակավ տված իր խոստումը, ապա ինչու՞, ո՞ր իրավունքով մենք պետք է վստահենք այդ այսպես կոչված միջազգային հանրությանը։

-Կա տեսակետ, որ տարածքները ազատագրվել են հետագայում Ղարաբաղի անկախության դիմաց Ադրբեջանին վերադարձնելու համար:
-Ժամանակին այդպիսի գաղափարներ ունեցել են մեր ղեկավարները, սակայն դա հուշում է ընդամենը, որ հայ ռազմավարական միտքը խիստ թերի զարգացածություն ունի։ Այո, 1991-1994 թթ. հայկական բնիկ տարածքն ազատագրելիս առաջնորդվում էին նախևառաջ ռազմական նկատառումներով: Պետք էր ճնշել այս կրակակետը, ճնշում էին, հետո` այն բլուրն էր պետք գրավել` թշնամու կրակը լռեցնելու համար, գրավում էին: Գրավողներն այնքան էլ լավ չէին հասկանում, որ իրենք լուծում են ոչ թե միայն ռազմական խնդիր, այլ լուծում են նորաստեղծ հայկական պետականության երկարաժամկետ անվտանգության, այն տարածքային երաշխիքներով ապահովելու խնդիրը: Այս ամենի համար պետք էր Հայկական հարցի էության և արդի փուլի մասին տեսաբանական խորը պատկերացում ունենալ։ Չունեինք։ Իսկ Հայկական հարցն այսօր էլ հողային հարց է՝ Հայաստանի պետականությունը տարածքային երաշխիքներով ապահովելու հարց: Դաշտային հրամանատարներն իրենց գործն էին անում, հող էին ազատագրում, առանձնապես չխորանալով Հայկական հարցի տեսաբանության մեջ (Լեոնիդ Ազգալդյանի նմանները բացառություն էին), իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը գտնվում էր արևմուտքից փչող՝ համընդհանուր բարեկեցության, համաշխարհային ժողովրդավարության ֆանտաստիկ հովերի ազդեցության տակ: Ցավն այն է, որ վերջին 15 տարիներն էլ չդարձան հայ քաղաքական վերնախավի հասունացման շրջան, հատկապես ազգային անվտանգության բնագավառում: Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի վարչախումբը չհասկացավ, թե ի՞նչ բան է Հայկական հարցը և ի՞նչ մոտեցումներով պետք է վարել բանակցությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Տեղին կլինի, եթե հիշեցնեմ, որ այս տարվա ապրիլի 30-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի նախաձեռնությամբ և բազմաթիվ մասնագետների մասնակցությամբ անցկացված հասարակական լայն քննարկումն ընդունեց մի քանի պահանջներից բաղկացած հայտարարություն, որն առաջին իսկ շաբաթների ընթացքում ստորագրեցին ավելի քան 850 մարդ Հայաստանից և աշխարհի տասնյակ երկրներից ։ ՀՀ նախագահին ուղղված այդ պահանջներն այսօր էլ ուժի մեջ են՝
– անհապաղ չեղյալ հայտարարել հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»։
– Անհապաղ կասեցնել հայ ժողովրդի թիվ 1 թշնամու` Թուրքիա պետության հետ տարվող ներկա բանակցությունները, մինչև վերջինս չդադարեցնի Հայաստանի դեմ իրականացվող թշնամական քաղաքականությունը, պաշտոնապես չընդունի հայոց ցեղասպանության փաստը և չստանձնի դրա հետևանքների վերացման պատրաստակամությունը։
– Անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, ովքեր նպաստել են այդ ստորացուցիչ համաձայնագրի ընդունմանը:
– Հրահանգել Ազգային անվտանգության խորհրդին` մշակել թուրք-ադրբեջանական դաշինքի համաձայնեցված հակահայկական գործողություններից բխող` ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային անվտանգության մարտահրավերների հաղթահարման հատուկ ծրագիր։
Այժմ ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ այս պահանջներին, թեկուզև դանդաղորեն ու մասնակիորեն, սկսում են միանալ հասարակության լայն շրջանակները և ազդեցիկ քաղաքական ուժերը։ Վերջին օրերին Է. Նալբանդյանի հրաժարականի պահանջով արդեն հանդես եկան ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ը, զանազան հկ-ներ և հարյուրավոր անհատներ։

-Եթե Մադրիդյան սկզբունքները բխում են Ադրբեջանի շահերից, այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանում տիրող խուճապը:
-Ադրբեջանում որևէ խուճապ չկա։ Բաքուն ճիշտ է վարվում, որ վազեվազ չի հայտարարում իր համաձայնությունն առաջադրված սկզբունքներին: Սա դերասանություն է, թե տեսե՛ք, մեզ էլ ձեռնտու չէր, բայց դե համաձայնում ենք: Բաքուն ադպես է անում Հայաստանից ավելի մեծ զիջումներ կորզելու և հմտորեն իր ձեռքբերումները որպես զիջում ներկայացնելու համար:

-Ըստ Ձեզ, ո՞րն է լուծումը. ստատուս քվոյի պահպանումը և տարածաշրջանային հաղորդակցուղիների ծրագրերից դուրս մնա՞լը:
-Հայկական հեռուստաեթերով և որոշ ԶԼՄ-ներով այնքան են կրկնել այդ կլիշեները՝ «դուրս մնալ», «մեկուսանալ», «հայտվել տարածաշրջանային ծրագրերից դուրս»… Մոռանում են ասել, սակայն, որ այդ ամենը մեր թշնամի զույգ պետություններն են ցանկանում, ծրագրում և փորձում իրականացնել ՝ նպատակ ունենալով Հայաստանի վերջնական ոչնչացումը։ Իսկ երբ փորձում ես հանդես գալ հայ ժողովրդի անվտանգության տարրական իրավունքների պաշտպանությամբ, նույն հայկական լրատվամիջոցները դա որակում են ոչ ավել, ոչ պակաս, քան Թուրքիային և Ադրբեջանին «պատերազմի հայտարարում»… Ողբալի վիճակ է։ Ի՞նչ է նշանակում դուրս մնալ կոմունիկացիոն ծրագրերից: Դե, բացվիր թշնամուդ առաջ՝ առանց տնտեսության ու տեղեկատվության բնագավառներում պաշտպանական մեխանիզմներ ունենալու, թող գա, քեզ տնտեսապես, մշակութապես, հոգեբանորեն գրավի, ու միանգամից կներգրավվես տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերի մեջ…

-Ի՞նչ եք կարծում, Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպմանը կստորագրվի՞ որևէ փաստաթուղթ, թե՞ ոչ:
-Կարծում եմ` չի ստորագրվի: Սակայն եթե Մադրիդյան սկզբունքներով երբևէ մի փաստաթուղթ ստորագրվի, ապա այն կդառնա դամոկլեսյան սուր` կախված Հայաստանի անվտանգության գլխին, քանի որ միջազգային ասպարեզում այն կամրապնդի և կվավերացնի Ադրբեջանի դիրքերը` դառնալով մեզ վրա նորանոր արտաքին ճնշումների պատճառ:

-Օրերս ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց Մադրիդյան սկզբունքները և բանավեճի հրավիրեց բոլոր նրանց, ովքեր կարող են իրեն հակառակն ապացուցել: Դուք կգնա՞ք բանավեճի:
-Էդուարդ Շարմազանովը թող կարդա իմ խմբագրությամբ դեռևս 2006 թ. հրապարակված՝ «Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը» վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանին, նաև Հայաստանի անվտանգության վերաբերյալ իմ և այլ մասնագետների բազմաթիվ ուսումնասիրությունները, որոնք գիտական հակաճառություն են իր և ՀՀ ԱԳՆ-ի տեսակետներին: Թող կարդա ու ինքը գա ինձ հակառակը համոզի:

Զրույցը վարեց
Արփի Մախսուդյանը