- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Թուրքիայի ու Ադրբեջանի ապանացիֆիկացումը որպես լուծման բանալի

30 ապրիլ, 2009թ.

Կարեն Վրթանեսյան

Սպասվելիք հայ-ադրբեջանական, հայ-թուրքական անխուսափելի բարեկամության մասին այսօր շատ է խոսվում։ Անթիվ-անհամար «կամուրջներ կառուցող» ու «երկխոսություն հաստատող» ՀԿ-ներից սկսած՝ պետական այրերով ու քաղաքական գործիչներով վերջացրած։ Հայաստանի տեղեկատվական դաշտում գործող անձանց երևի թե 90%-ը, ինչպես նաև հայ ուսանողության մի ստվար զանգված գոնե մեկ անգամ այս կամ այն կերպ մասնակցել են նմանատիպ միջոցառումների, կրթական ու լրատվական (իսկ իրականում՝ ուղղակի քարոզչական) ծրագրերի։

Բայց կա մի հարց, որն անպատասխան են թողնում և´ այս բարեկամության հայազգի ջատագովները, և´ իրենց արտասահմանյան «պապաները»։ Այն է. արդյո՞ք թուրքական կողմն իսկապես մտադիր է բարեկամություն հաստատել հայերի հետ։ Պատասխանի փոխարեն բերվում է Գերմանիայի օրինակը. տեսեք գերմանացիները ինչքան լավ լեզու գտան ֆրանսիացիների հետ, հրեաների հետ, բարիշեցին, բարեկամացան։ Նշանակում է հայերն ու թուրքերն էլ վաղ թե ուշ հաշտ ու համերաշխ են ապրելու։

Բայց չգիտես ինչու միշտ մոռանում են նշել «մանր» մի դետալ. նախ Գերմանիան հավասարվեց հողին։ Նախ Գերմանիայի հզորությունը փոշիացրին ու քամուն տվեցին, ստիպեցին հանձնվել առանց որևէ նախապայմանների, ու նոր միայն սկսեցին գերմանա-ֆրանսիական բարեկամություն հաստատել։ Գերմանիայի տնտեսությունն ավերվեց, և այն վերականգնելու համար անհրաժեշտ վարկեր տրամադրելու նախապայմաններից մեկն էր Գերմանիայի կողմից հրեաներին հատուցում վճարելը։

Ամենակարևորը, որ Գերմանիայում և Ավստրիայում անցկացվեց այսպես կոչված «ապանացիֆիկացիայի» (դենացիֆիկացիա) ծրագիր։ Նացիստների հետ որևէ առնչություն ունեցած մարդիկ զրկվեցին ցանկացած մակարդակի ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Բառացիորեն ջնջվեց այն ամենը ինչ կարող էր հիշեցնել նացիստների հզորության մասին՝ վերանվանվեցին փողոցներ, բնակավայրեր։

Ստեղծվեցին նոր կրթական ծրագրեր, որոնցից հանվեց այն ամենը, ինչ կարող էր գերմանացիների մոտ հպարտություն առաջացնել իրենց պատմական անցյալով։ Ամեն ինչ արվեց, որպեսզի գերմանացիների մոտ ստեղծվի մեղքի բարդույթ։ Այդ տարիներին հստակ նշվում էր, որ ողջ գերմանացի ժողովուրդն էր նացիստների հանցակիցը։ Այն սկզբունքը, թե «ողջ ժողովուրդը չի կարող մեղավոր լինել» բարեհաջող մոռացված էր։

Ապանացիֆիկացիայի գործընթացի շրջանակներում հասարակ գերմանացուն պարտադիր կերպով տանում էին էքսկուրսիաների համակենտրոնացման ճամբարներ, ստիպում էին դիտել նացիզմի զոհերի զանգվածային գերեզմանների բացումը, բառացիորեն ստիպում էին անցնել նեխող դիակների կողքով, որպեսզի շարքային գերմանացին իր բոլոր զգայարաններով ընկալեր նացիզմի արհավիրքը։

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Թուրքիայում։ Առ այսօր, Էնվերը, Թալաաթն ու Մուստաֆա Քեմալը պաշտվում են այդ երկրում։ Առ այսօր թուրքերի ճնշող մեծամասնությունը ոչ միայն չի ամաչում իր անցյալից, այլ հպարտանում է այդ անցյալով, անդադար փառաբանում է մեծն ոճրագործներին։ Թուրքիայում պետպատվերով նկարահանվում են հակահայկական կինոնկարներ, ու պետական իսկ միջոցներով թուրք երիտասարդությանը հասցնում են հակահայկական ուղերձը, որպեսզի հանկարծ չկտրվի հայատյացության դարավոր շղթան։

Սուլթան Աբդուլ Համիդի շրջանում Օսմանյան կայսրությանը անվանում էին «Եվրոպայի հիվանդ մարդը»։ Ավելի քան մեկ դար անց հիվանդը ցանկություն չունի կազդուրվելու, ընդհակառակը՝ վայելում է իր հիվանդությունը։ Ավելին՝ «թուրքական գրիպով» վարակված է նաև Ադրբեջանը և այսօր մենք ստիպված ենք գործ ունենալ ոչ թե մեկ, այլ երկու ագրեսիվ և անպատժելիությունից օր օրի բորբոքվող հիվանդների հետ։

Եզրափակեմ։ Հաշվի առնելով այս ամենը, բացարձակապես անիմաստ է խոսել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ որևէ հարաբերությունների մասին, մինչև այդ երկներում չի անցկացվել լիակատար ապանացիֆիկացում։

Բոլոր այն արտասահմանյան կազմակերպությունները, որոնք այսօր ջանք չեն խնայում բարեկամություն քարոզելու, եթե իսկապես շահագրգռված են մեր ազգերի միջև երկարատև ու կայուն հարաբերություններ հաստատել, ապա առաջին հերթին պետք է իրենց գործունեությունը ծավալեն թուրք երիտասարդության մեջ։ Պետք է այնտեղ վերջապես սկսեն ապանացիֆիկացումը, այլ ոչ թե հայերին՝ առաջին հերթին հայ երիտասարդությանը իրականությունից կտրեն, ապակողմնորոշեն։

Նախքան թուրքերի (ինչպես նաև Ադրբեջանի թուրքերի) հետ ցանկացած շփում մեր նվազագույն ունիվերսալ պահանջը պետք է լինի այդ երկվորյակ ազգերի ապանացիֆիկացումը։