- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Ես, որպես հայ ֆիդայու զարմիկ, կոչ եմ անում՝

Այս կոչը հնչել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի «Հայ-թուրքական միջպետական գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին» հասարակական քննարկման ժամանակ (30.04.2009թ., Երևան)։

Ես, որպես հայ ֆիդայու զարմիկ, կոչ եմ անում՝

1. ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ իր հայրենաբնակ և սփյուռքի հատվածներով՝ ազգային շահերի դեմ ոտնձգությունների հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքը հասանելի դարձնել ՀՀ պետական այրերին, այդ թվում.
/ա/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝
դիմել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, պահանջելով հանդես գալ գործադիր իշխանությունում պաշտոններ զբաղեցնող վերոհիշյալ անձանց խայտառակ ինքնագործունեության դեմ
/բ/ սփյուռքի մեր հայրենակիցներին՝
– իրենց բնակության երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին տեղեկացնել ազգային շահերի պաշտպանության հարցում իրենց միակամ դիրքորոշման մասին
– հայոց համազգային շահերի դեմ ոտնձգություններ թույլ տվող ՀՀ պաշտոնյաների՝ իրենց բնակության երկրներ այցելությունների ժամանակ բոյկոտի ենթարկել նրանց և բողոքներ կազմակերպել:

2. ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում հաղորդակից լինել Հայաստանի Հանրապետության ժողովրդի դիրքորոշմանը նախքան որոշումներ կայացնելը և հետայսու բացառել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից ազգավնաս քայլերի ձեռնարկումը:

3. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ՝ կատարել գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության իրենց գործառույթը և բացառել գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից ազգավնաս գործունեության իրականացումը:

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այս խնդրի շուրջ հանդես գալ միասնական դիրքորոշմամբ և կանխել Հայաստանի քաղաքական վերնախավի առանձին ներկայացուցիչների կողմից հետագայում ազգավնաս քայլեր ձեռնարկելու մտադրությունները:

5. ՀԱՅ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ՝ զգոնություն ցուցաբերել պարտվողականության և թշնամուն անձնատուր լինելու հոգեբանությամբ տառապող իրենց գործընկերների ինքնագործունեության հանդեպ և կանխավ ահազանգել հանրությանը վերջիններիս հետագա հնարավոր խեղկատակությունների մասին:

6. ՀՀ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ՝ բացատրել պետական պաշտոններ զբաղեցնող իրենց ընտանիքի հայրերին, որ ընտանիքը հավանություն չի տալիս հայ ժողովրդի ազգային շահերի դեմ դավեր նյութելու գնով իրենց կերակրելու պրակտիկային:

7. ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ՝ որպես մեր ազգի առջև ծառացած խնդիրների լուծման վաղվա երաշխավորը և մեր Հայրենիքի ապագա ժառանգորդը, այսօր արդեն դրսևորել սեփական քաղաքացիական հասունությունը և ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ավագ սերնդի՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժաղովրդի շահերի ձեռնարկվող գործունեությանը:

Նունե Դերոյան
ՀՀ ԳԱԱ բազմամյա աշխատակից
30/04/2009
Երևան