- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Պուտ մը արժանապատվություն կփնտրվի

«Յառաջ» օրաթերթ, 14-15 մարտի 2009թ

Թուրքիո ժողովրդական դաստիարակության ազգայնամոլ ավանդության անսպառ դրամագլուխներեն են քաղաքներու «թշնամիեն ազատագրում»-ի տոնակատարությունները: Իզմիրի մեջ կնշվի Հույներու 1922-ին ծով թափվիլը, Կարսի մեջ հայ և ռուսերու զգետնումն ու վտարումը, և այլն: Վերջին տարիներուն այդ տոնակատարություններու հայտագրին մեջ փոփոխություն մը բերվեցավ. ազատագրումի ամեն անգամ կրկնվող խորհրդանշական ներկայացումեն զեղչվեցան սվիններով «թշնամին» զգետնելու տեսարանները: Ատիկա պետք էր ընկալել որպես Թուրքիո քաղաքակրթության աստիճանաչափի բարձրացումը: Մանավանդ, որ այս շատ կարևոր բարեշրջումը թափ ու թմբուկով ամեն անգամ կը ծանուցվի թուրք մամուլին մեջ:
Մարտի 12-ին, ազատագրումի բեմադրությունը կրկնելու կարգը Էրզրումին հասած է: Դասական ներկայացումին առնչված նորությունը եղած է 20 երկրե մարզիկներու դրոշակներով տողանցք մը: Անոնք հոն մասնակցած են չմշկելու միջազգային ախոյենության մը:
Հանդիսության պաշտոնական մասին բարձրաստիճան զինվորականներ, քաղաքական դեմքեր ճառեր արտասանած են, ոգեկոչած ազատագրումին զոհ թուրքերը: Ոգեկոչումն առիթ եղած է նաև հետևյալներուն նման արտահայտություններու. «Այսօր հայերու կարծեցյալ ցեղասպանության մասին խոսողներ պետք է շատ լավ գիտնան, թե այս հողին ամեն մեկ թիզին վրա հայ հրոսակներու ոճիրներուն հետքերը կան: Այս վայրեն անգամ մը ևս կը ձայնենք ամբողջ աշխարհին. մենք այս հողերը դրոշմած ենք մեր արյունով ու կյանքերով: Դրոշմած ենք մեր գործերով ու վաստակով»: Հետո ներկայացված են հայ հրոսակներու կատարած կոտորածները:
Ու այս բոլորը բարի-բարի ունկընդրած ու դիտած են 20 երկրի մարզիկներուն հետ հայաստանցի չմշկողներն ալ, իրենց դրոշներով մասնակցելով նաև Էրզրումի ազատագրումի օրվան տողանցքին: Ատիկա ընելով բարենիշ մը շնորհելով ալ Թուրքիո, որ ծափեր կակընկալե նման օրով հայ մարզիկներ հյուրասիրելու լայնախոհության համար:
Հավանորեն կգտնվին ծափահարողներ: Իսկ արժանապատվություն կոչված ապրանքին ազգային տեսակն արդյոք երևանյան շուկաները ե՞րբ մուտք կգործե…

Թ. Արփի