- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

«Թուրքիան բազմաթիվ թշնամական գործողություններ է իրականացնում Հայաստանի դեմ»

Մեծամոր ԱԷԿԻսկ Հայաստանը առաջարկում է Թուրքիային մասնակցել իր թիվ 1 ռազմավարական օբյեկտի շինարարությանը

Միջազգային պրակտիկայում աննախադեպ է, որ միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրները միասին անվտանգության հարց լուծեն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը` մեկնաբանելով այն տեղեկությունները, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը առաջարկել է Թուրքիային մասնակցել Հայաստանի նոր ատոմակայանի կառուցմանը:

«Նախ, անվտանգության հարց կա: Տեխնոլոգիաները յուրացնելու հարցեր կան: Որպես ատոմային էներգիայի երկիր` գուցե ունենք բաներ, որ օտարները, առավել ևս թուրքերը չպիտի իմանան»,- նշեց Լ. Շիրինյանը:

Հայաստանի վարչապետի վերոնշյալ առաջարկին է անդրադարձել նաև «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը: Նա ևս անընդունելի է համարում Թուրքիայի մասնակցությունը Հայաստանի ատոմակայանի կառուցմանը: « Հայաստանի` անկախություն ձեռք բերելուց ի վեր, Թուրքիան մինչև այսօր Հայաստանի և ամբողջ հայության դեմ իրականացնում է բազմաթիվ թշնամական, ագրեսիվ, վնասարար գործողություններ»,- ասաց Ա. Այվազյանն օրերս լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Նա այդ գործողությունները դասակարգեց տասը մակարդակի` իրավաքաղաքական, քաղաքական, ռազմական, տնտեսական, միջազգային իրավունքի, հասկացությունների ու տերմինաբանության, հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի և այլն, ինչպես նաև` 53 ենթամակարդակի:

«Այսինքն` ունենք տասը հիմնական ճակատ, որտեղ Թուրքիան մեր դեմ պատերազմ է մղում, և պարտադիր չէ, որ պատերազմ մղի հենց ռազմական միջոցներով: Պատերազմները այսօր, ինչպես և անցյալում, շահել են հաճախ ոչ թե միայն ռազմական ճանապարհով, այլ նախ և առաջ` տեղեկատվական, հոգեբանական, տնտեսական և այլ ոչ ուժային միջոցներով»,- նշեց «Արարատ» կենտրոնի տնօրենը:

Նա մեջբերեց օրերս Թուրքիայի վարչապետ Էրդողանի ասած խոսքերը, համաձայն որոնց` Թուրքիան Սդրբեջանի հետ միասին է մշակել և իրականացնում Արցախի հարցում քաղաքականությունը, և որ այդ հարցում իրենց դիրքորոշումներում որևէ տարբերություն չկա: Անդրադառնալով այն հայտարարություններին, թե «հայ-թուրքական հարաբերությունների մեջ դրական շարժ է տեղի ունեցել»` Ա. Այվազյանն ասաց. «Ո՞րն է այդ շարժը: Շրջափակումն էլ է շարունակվում, տեղեկատվական պատերազմն էլ է շարունակվում: Շարունակվում են նաև օժանդակությունն Ադ‎րբեջանին, հայ ժողովրդի պատմության կեղծարարությունը միջազգային ասպարեզում, տարբեր երկրներում հայերի դեմ տրամադրություններ լարելը, թուրքական քոլեջների միջոցով ադրբեջանա-թուրքական տեսակետների քարոզչությունը»:

Քաղաքագետը տարակուսանք հայտնեց այսքանից հետո այն առաջարկության առթիվ, որ Թուրքիան կարող է մասնակցել Հայաստանի ատոմակայանի կառուցմանը, այսինքն` երկրի ազգային անվտանգության համար արմատական նշանակություն ունեցող խնդրին: Ըստ նրա` այդ առաջարկությունը կարող է լինել զոնդաժ՝ հետախուզում, որի նպատակն է ստուգել «Թուրքիայի թշնամական քաղաքականության նկատմամբ հայ հասարակության» ընկալունակության անկման աստիճանը:

Իսկ քաղաքագետ Լ. Շիրինյանի համոզմամբ` եթե, այնուամենայնիվ, հանկարծ այդ համագործակցությունը տեղի ունենա, ապա, բացի անվտանգության խնդիրներից` կառաջանա մեկ այլ վտանգ ևս. դրանով «մենք նպաստելու ենք Արևմտյան Հայաստանը թուրքական տարրով բնակեցնելուն: Հայկական կողմը տասնյակ տարիներ չի ուզում հաշվի առնել, որ 17-րդ դարից թուրքերը Արևմտյան Հայաստանը ձգտում են բնակեցնել թուրքական էթնոսով: Ցեղասպանության միջոցով մաքրեցին մեր հայրենիքը հայկական տարրից և ստացան քրդերին, որոնք իրենց մրցակիցն են», օրինակ` ժողովրդագրական աճի տեմպերի տեսանկյունից:

«Արևմտյան Հայաստանի 1 քառ. կմ-ի վրա 10 անգամ ավելի քիչ մարդ է ապրում, քան Թուրքիայի արևմտյան զարգացած հատվածում: Եվ երկրորդ` քանի տարի է, Արևմտյան Հայաստանից կա արտագաղթ դեպի Արևմտյան Թուրքիա և երկրից դուրս»,- ասաց Լ. Շիրինյանը` հավելելով, որ թույլ տալով թուրքերին մասնակցել Հայաստանի ատոմակայանի կառուցմանը` «մենք կնպաստենք նրանց կողմից Արևմտյան Հայաստանի ավելի բարեհաջող յուրացմանը»:

Այս դեպքում, քաղաքագետի համոզմամբ, Թուրքիան էլեկտրական էներգիայի ներմուծումը կօգտագործի` Արևմտյան Հայաստանը թուրքերով բնակեցնելու համար, այսինքն` մի էթնոսով, «որը մեզ չի ընդ‎ունում»: Թուրքիայի արևմտյան շրջաններից շարժ կսկսվի դեպի արևելյան շրջաններ` Արևմտյան Հայաստան:

«Ինչքան էլ ասեն, որ թուրքերը քաղաքակրթվել են, հայ հասարակությունը պետք է իմանա, որ էթնոսները հազարամյակների մեջ են փոխվում. այդ փոփոխությունը շատ դժվար է տեղի ունենում: Թուրքական պետության արտաքին դրսևորումն ուրիշ է: Թուրքիայի իրական տերը «խորքային պետություն» կոչված կառույցն է, գեներալիտետի Թուրքիան` իսկական Թուրքիան»,- ասաց Լ. Շիրինյանը:

Օրինակ բերելով քրդական խնդիրը` քաղաքագետը նշեց, որ «Թուրքիան ճաքված, պառակտված երկիր է` ԽՍՀՄ-ի նման, որտեղ տարբեր էթնոսներ իրար հետ լավ հարաբերությունների մեջ չեն: Այն իր արտաքին քաղաքականության մեջ անկայուն երկիր է, իսկ անվտանգության մեջ, մեղմ ասած` քիչ կանխատեսելի: Էլ չեմ խոսում թուրանական ծրագրերի մասին»:

Լ. Շիրինյանը նշեց, որ վարչապետը փաստարկում է, թե Թուրքիան հարևան երկիր է: Քաղաքագետն ասաց, որ Իրանը «շատ ավելի հարևան երկիր է», որը նաև ատոմային էներգիայի բնագավառում փորձ ունի:

Սոնա Ավագյան