ՏՐԱՊԻԶՈՆՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ

Print Print Email Email

«Արմենիա»-ն օսմանյան պատմագրության և քարտեզագրության մեջ

Լուսինե Սահակյան,
Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ

Տրապիզոնի գավառի (սանջակի) կազմավորումը

Օսմանյան կայսրությունն իր գաղափարաբանությամբ, ներքին կառուցվածքով և սոցիալ-տնտեսական համակարգով իսլամական երկիր էր, որն ի սկզբանե դարձավ քրիստոնեությանը հակոտնյա մի աշխարհ 1: 16-րդ դարի սկզբին սուլթան Սելիմ Առաջինը Եգիպտոսը գրավելուց հետո յուրացրեց խալիֆի տիտղոսը, Կ. Պոլիսը հայտարարեց խալիֆի նստավայր՝ դրանով իսկ մեծացնելով կայսրության ազդեցությունն իսլամական աշխարհի վրա: Այնուհետև նրան հաջորդող սուլթանները ևս համարվում էին բոլոր մահմեդականների կրոնապետ 2:

16-17-րդ դարերում Օսմանյան հսկայածավալ տերության մեջ հպատակ բնակչության մեծամասնությունը կազմում էին քրիստոնյաները: Զավթված տարածքները յուրացնելու և ժողովրդագրական պատկերը վերաձևելու նպատակով օսմանյան իշխանությունները մշակել էին պետական կառավարման այնպիսի ամբողջական համակարգ, որի բուն նպատակը կայսրությանն օսմանա-մուսուլմանական բնույթ հաղորդելն էր, այլ կերպ ասած՝ նոր գրավված տարածքների մահմեդականացումը: Այդ համակարգի բաղադրիչներից էր վարչական բաժանումների քաղաքականությունը:
Օսմանյան կայսրության վարչական բաժանումների ամենահին ցուցակները համարվում են XVI դարի վերջին և XVII դարի սկզբներին կազմված Այնի Ալի Էֆենդիի «Օրենքների գրքույկները», որոնք առաջին անգամ հրատարկել է Մ. Բելինը 3: 1960թ. արևելագետ Ա. Սաֆրաստյանը, համեմատական քննության ենթարկելով օսմանյան դեֆթերհանեի պետի` Այնի Ալի Էֆենդիի «Օրենքների գրքույկներն» ու Ֆերիդուն Բեյի «Սուլթանական գրությունները», ներկայացրել է XVII դարում կայսրության վարչական բաժանումները 4 : Հ. Անասյանն իր «XVII դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում» գրքում հիմք ընդունելով XVII դարի ֆրանսիացի հեղինակ Փ. Ռայկոտի ուսումնասիրությունը՝ այլ աղբյուրների համադրությամբ, անդրադարձել է նույն դարի երկրորդ կեսին Օսմանյան կայսրության կազմում Արևմտյան Հայաստանի գավառների վարչական վիճակին5 :

Վարչական բաժանումների մասին արժեքավոր աղբյուր է նաև ռուս արևելագետ Ա. Տվերիտինովայի հրատարակած և ծանոթագրած XVII դարի թուրք հեղինակ Քոչի Բեյի 6 երկը: Արևմտյան Հայաստանի մասին խիստ կարևոր տեղեկություններ են պարունակում XVII դարի մյուս ուղեգիր-պատմագիրների՝ Քյաթիբ Չելեբիի 7 և Էվլիյա Չելեբիի «Ուղեգրությունները» 8 :

Հարցի պատմության ուսումնասիրման համար արժեքավոր աղբյուր են նաև օսմանյան աշխարհագիր մատյանները՝ թահրիր դավթարները, որոնց գրանցումները վերաբերում են կայսրության ժողովրդագրությանը, բնակչության տեղաշարժերին, տեղանուններին, հարկային քաղաքականությանը, ինչպես և վարչական բաժանումներին: Դավթարներ էին կոչվում Օսմանյան կայսրության և նրանից առաջ սելջուկյան տիրապետության տակ գտնվող երկրներում հայտնի գրանցման մատյանները, որոնք կենտրոնական իշխանության հրամանով և հսկողությամբ պարբերաբար կազմվում էին հատուկ հաշվառման միջոցով: Աշխարհագիր մատյաններն ստեղծվում էին անմիջապես` նոր գրավված տարածքներում հաշվառումներ կատարելուց հետո: Հաշվառումը բնակչության և հողի համընդհանուր գրանցումն էր: Դավթարները կազմվում էին ըստ վարչական միավորների` սանջակների, կազաների և նահիյեների9 :

Սույն հոդվածում, XVI դարի աշխարհագիր մատյանների գրանցումների 10 և զուգահեռ աղբյուրների հիման վրա, քննության ենք ենթարկում կայսրության` Տրապիզոնի սանջակում իրականացրած վարչական բաժանումների քաղաքականությունը և կառավարման մարմինների առավել կարևոր գործառույթները:

Ինչպես հայտնի է, սկզբնական շրջանում կայսրության հիմնական վարչական մեծ միավորը սանջակն էր (գավառ), որը հաճախ կոչվել է լիվա 11 : XIV դարի վերջին սանջակների միավորումը բերում է ավելի խոշոր վարչական մարմնի՝ բեյլերբեյլիկի կամ էյալեթի (նահանգ) առաջացմանը: XVII դարում կայսրության տարածքային աճի հետևանքով էյալեթների թիվը հասնում է 34-ի12 : Օսմանյան վարչական բաժանումներն ու տարբեր գերատեսչությունների ստեղծումն անմիջականորեն փոխկապակցված միջոցառումներ էին:

Օսմանյան կայսրության վարչական բաժանումներն անքակտելիորեն կապված էին հողային, զինվորական, դատակրոնական պետական կառույցների հետ: Ռազմաավատական կառավարման շղթան` թիմարատերերից մինչև սանջակբեյ ու ավելի բարձր՝ բեյլերբեյ, ենթարկվում էին մեծ վեզիրին: Այս համակարգին զուգահեռ ձևավորվում էին ֆինանսահարկային և քադիության (քադի՝ դատավոր), այսինքն՝ մահմեդական դատակրոնական կառույցները: Ֆինանսական գերատեսչությունը ղեկավարում էր բաշդեֆթերդարը: Վերջինս պետական գանձարանի ղեկավարն էր, սուլթանական ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը: Նա ևս ենթարկվում էր մեծ վեզիրին, սակայն ուղղակիորեն, առանց միջնորդավորման, իսկ քադին՝ շեյխ-ուլ-իսլամին, որն օսմանյան աստիճանակարգում հավասար էր մեծ վեզիրին: Քադիների կառավարման շրջանները՝ քադըլըքները, որոնք կոչվում էին նաև կազաներ 13, հաճախ չէին համընկնում ռազմավարչական շրջանների հետ: Այդպիսի պետական վարչական կառույցը խոչընդոտում էր տեղական անջատողականությանը և նպաստում կենտրոնական իշխանության ամրապնդմանը:

Թուրք աղբյուրագետ Թ. Գյոքբիլգինի հրատարակած աշխարհագիր մատյանների գրանցումների համաձայն Տրապիզոնում առաջին աշխարհագիրներն անցկացվել են սկսած Սելիմ I-ի (Յավուզ) ժամանակաշրջանից (1515թ., հ. 921թ.): 1461թ. օսմանյան նվաճումից հետո Տրապիզոնն իր շրջակայքով երկար ժամանակ ունեցել է սանջակի կարգավիճակ: Այն կառավարվում էր սանջակբեյի, հատուկ պաշտոնյաների՝ քադիների և հրամանատարների, ամրոցներում` դիզդարների (բերդապահների) և սուբաշիների14 , զաիմների և էմիրների (ումերա՝ կառավարիչ), ալայ բեյերի 15 մուհզիրբաշների 16 միջոցով:

Օսմանյան աշխարհագիր մատյանների գրանցումները ցույց են տալիս, որ Տրապիզոնի սանջակը Սելիմ I-ի կառավարման առաջին տարիներին միանում է «Փոքր Ռումի Էյալեթին» (“Eyalet-ı Rumiye-ı Sugra”): Դեռևս XV դարում Ռումիյեի էյալեթի կազմի մեջ մտել են Ամասիայի, Թոքաթ-Սվասի (իմա՝ Եվդոկիա-Սեբաստիա), Սոնիսա Նիքսարի (իմա՝ Նոր Կեսարիա), Շարքը-Գարահիսարի, Ջանիքի (իմա՝ Ճանիք) լիվաները: Այս էյալեթը հաճախ կոչվել է նաև «Հին Ռումի վիլայեթ» (“Vilâyet-i Rum-ı Kadîm”): Նրա հինգ լիվաներում կար 28 կազա կամ, որ նույնն է՝ քադիության շրջան 17:

Հետագայում Սելիմ Ահեղն Էյալեթին բռնակցում է նոր շրջաններ. Տրապիզոնի լիվան՝ իր 8 քադիությամբ, Քեմախի (իմա՝ Կամախ) լիվան՝ իր 2 քադիությամբ, Բայբուրդի (իմա՝ Բաբերդ) լիվան՝ իր 3 քադիությամբ, Մալաթիայի լիվան՝ իր կազաներով, Դիվրիղի (իմա՝ Տևրիկ)-Դարենդեի լիվան՝ իր 2 քադիությամբ: XVI դարի առաջին կեսին պատկանող աշխարհագիր մատյաններում «Հին Ռումի վիլայեթը» (“Vilâyet-i Rum-ı Kadîm”), տարածքային նոր միավորներ ձեռք բերելով, գրանցվել է որպես «Նոր Ռումի վիլայեթ» (“Vilâyet-i Rum-ı Hâdis”)18 և էյալեթի կազմում արդեն կար 43 կազա, 42 թիմար, 46 ամրոց 19 :

Ա. Սաֆրաստյանի հրատարակած Այնի Ալի Էֆենդիի և Ֆերիդդուն Բեյի XVII դարի Օսմանյան կայսրության վարչական բաժանումների ցուցակում Ռումիյեի 20 Էյալեթը կրկին հիշվում է Փոքր Ռումիյեի Էյալեթ՝ նոր լիվաների (սանջակ) հավելումներով: Այն չպետք է շփոթել Օսմանյան կայսրության եվրոպական մասի Ռումելիի էյալեթի հետ: XVII դարում Փոքր Ռումիյեի Էյալեթի կազմում էին Սվազի (Սեբաստիա), Ամասիայի, Չորումի, Բոզոքի, Դիվրիկի (Տևրիկ), Ջանիքի (Ճանիք) և Արաբկիրի սանջակները: Շարքը Գարահիսարի սանջակը դուրս էր եկել Ռումի էյալեթի կազմից և մտել 1535թ. ստեղծված Էրզրումի էյալեթի ենթակայության տակ 21 :

Նույն թվականին Տրապիզոնի սանջակը ևս դուրս է գալիս Ռումիյեի Էյալեթից և միավորվում Էրզրումի էյալեթին 22: Թուրք պատմաբան Մ. Բոսթանը ենթադրում է, որ Տրապիզոնն իր այս վարչական կարգավիճակը պահպանել է մինչև 1580թ 23: Սակայն Թ. Գյոքբիլգինն այն կարծիքին է, որ Տրապիզոնի սանջակը մինչև XVI դարի վերջը եղել է «Նոր Ռումի վիլայեթի» (“Vilâyet-i Rum-ı Hâdis”) կազմում 24:

1486թ. «Մանրամասն թիմարային մատյանի» գրանցումից պարզվում է, որ Տրապիզոնի սանջակի մեջ մտել են Տրապիզոնի կազային ենթակա Աքչաաբադի (իմա՝ Պլատանա), Յոմուրայի (իմա՝ Դուրանա), Սուրմենեի (իմա՝ Սև գետ), Մաչկայի նահիյեները, ինչպես նաև` Օֆի (իմա՝ Ոփիոս), Ռիզեի, Թորուլի (իմա՝ Արդասա), Աթինայի (այժմ՝ Փազար), Համշենի, Արհավիի կամ Լազի, Քուրթունի (իմա՝ Քորթուն) և Գիրեսունի (Կերասունտի՝ հնում Փառնակիա) կազաները 25: Այս կազաները մատյաններում գրանցվել են նաև որպես քադիության շրջաններ 26:

Վերոնշյալ վարչական միավորների մի մասը տարբեր ժամանակներում եղել է Հայասայի, Վանի, Փոքր Հայքի թագավորությունների կազմում, որոշ մասն էլ համընկնում է Մեծ Հայքի Բարձր Հայք, Տայք աշխարհների տարբեր հատվածներին: Այս տարածագոտին հայ ժողովրդի բնօրրաններից է և դեռևս վաղնջական շրջաններից հայտնի էր իր հայահոծ բնակավայրերով: Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ Տրապիզոնից մինչև Կերասուն հսկայական հատվածը մտել է Փոքր Հայքի հայկական թագավորության մեջ. «Փոքր Հայքը բավական բերրի երկիր է: Ծոփաց նման սա էլ ունեցել միշտ իր բնիկ իշխանները, որոնք մերթ Մեծ Հայոց բարեկամներն էին և մերթ ինքնագլուխ: Իրենց հնազանդ էին Խաղտիք և Տիբարենները, այնպես որ իրենց իշխանությունը տարածվում էր մինչև Տրապիզոն և Փառնակիա» 27:

XVI դարում Տրապիզոնի սանջակի սահմաններն արևելքում հասնում էին մինչև Մափավրի կազան. այն համապատասխանում է ներկայիս Ռիզեի նահանգի մեջ մտնող Չայելի գավառին: Սանջակի արևմտյան սահմանը ձգվում էր մինչև Օրդուի կազայի Շեմսեդդինի (Բուլանջակ) նահիյեն, հարավում՝ Օրդուի կազայի մեջ մտնող Քըրուկ-իլին, Շարքը Գարահիսարի սանջակի Ալուջարա և Շիրյանի (Շիրան) նահիյեն, Բայբուրդի սանջակին ենթակա Քովանս-Քալեի, Յաղմուրդերեսիի, Բայբուրդի, Քաբահորի և Իսփիրի (իմա՝ Սպեր) նահիյեները 28, ինչպես նաև մինչև Լիվանեի սանջակը (այժմ՝ Յուսուֆելի) և Արդվինի հարավային շրջանները: Հյուսիսում սահմանակից էր Սև ծովին 29: Թ. Գյոքբիլգինը տալիս է հետևյալ նկարագիրը. «…սահմաններն, ինչպես հնում էր, ձգվում էին Ռումի էյալեթի կազմում մնացած Ջանիք (Սամսուն)՝ ներառելով Սև ծովի ողջ արևելյան ափերը» 30: Փաստորեն, Տրարիզոնի սանջակի կազմում էին ներկայիս Թուրքիայի Հանրապետության համանուն նահանգի բոլոր գավառները, ինչպես նաև այսօրվա Գիրեսունի կենտրոնական կազայի և Քեշափի, Դերելիի, Քարաբուլդուքի, Յաղլըդերեի, Գողանքենթի, Չանաքչըի, Էսփիյեի, Թիրեբոլուի, Գյորելեի (իմա՝ Գուրիա) և Էյնեսիլի գավառները, այսօրվա Գյումուշխանեի նահանգի Քուրթուն և Թորուլ գավառները, Ռիզեի նահանգի բոլոր գավառները:

Մինչև Բաթումի սանջակի հիմնումն (1556թ.), աշխարհագիր մատյանների գրանցումներում այսօրվա Փազար և Չամլըհեմշին, Արդաշեն, Ֆընդըքլը գավառներն, Արդվինի նահանգի Արհավի և Խոպա գավառները ևս մտնում էին Տրապիզոնի սանջակի կազմի մեջ: Գոնիոյի նահիյեն ևս ենթարկվել է Տրապիզոնի սանջակին:

XVI դարի երկրորդ կեսին Տրապիզոնի սանջակի սահմանները կրում են մասնակի փոփոխություններ: Աթինայի, Համշենի (Փազարհեմշինի և Չամլըհեմշինի), Արհավիի կազաները և Գոնիոյի նահիյեն 31 միացվում են նորակազմ Բաթումի սանջակին, որը մոտ էր Գորելին (Գուրիա) 32:

Տրապիզոնի նահանգի (էյալեթի) ստեղծումը

1581թ. «Ընդարձակ» և «Համառոտ» մատյանների գրանցումներում Տրապիզոնն արձանագրվել է որպես Բաթումին ենթակա սանջակ և այդ կարգավիճակը պահպանել մինչև XVII դարի սկիզբը, երբ այն սկսում է հիշատակվել որպես բեյլերբյություն: Այնը Ալի Էֆենդին 1609-1610 թթ. իր երկում նշում է, որ Տրապիզոնի և Բաթումի սանջակների միավորումով կազմավորվում է Տրապիզոնի բեյլերբեյությունը 33: 1632-1641թթ. դավթարային գրանցումներում այս վարչական միավորը որոշ ժամանակ զուգահեռաբար անվանվել է և՛ Բաթումի, և՛ Տրապիզոնի բեյլերբեյություն (էյալեթ) 34: 1650 թվականից ի վեր՝ այն արդեն հայտնի էր միայն Տրապիզոնի Էյալեթ անունով 35:

XVII դարի թուրք տարեգիր Քյաթիբ Չելեբիի «Ուղեգրությունը» ևս փաստում է, որ հիշյալ սանջակների միավորումով կազմվել է բեյլերբեյություն 36, որի մեջ մտել է նաև Քունիայի (իմա՝ Գոնիո) սանջակը 37: Այս սանջակը գտնվում էր Վիրքի սահմանի մոտ, գյուղաքաղաք էր, ուներ ծովեզրյա մի բերդ, որի մոտակայքում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքով հոսող Ճորոխ գետը թափվում Սև ծով: Կազաներն էին Աթինան, Էրխին, Սուլեն, Վիհեն (իմա՝ Վիչե<Վիժե) 38:

Ըստ Քյաթիբ Չելեբիի՝ Տրապիզոնի Էյալեթն ուներ 14 բերդ, 404 կըլըջ 39, թեզքերեով և առանց թեզքերեի 54 զեամեթ 40, 398 թիմար, ջեբելուներով 41 միասին 700 զինվոր 42: Նա գրում է. «Այս էյալեթի երկարությունը 5-6 օրագնաց է, լայնությունը՝ երեք օրագնաց: Հսկա և դժվարանցանելի լեռներն իրենցից ներկայացնում են մի մեծ լեռնաստան, որի կարևոր մասը ընկած է ծովեզրյա շրջանում: Այս լեռները ծածկված են անծայրածիր անտառներով… Կազաներն են՝ Էթեկբան, Երղոլը, Ակչակալան, էրխոհը, Օֆը, Փլադանան, Թրիպոլին, Ռեհվեին, Սուրմենեն, Թուրլը, Կիրասունը, Քեշաբը, Քորթունը, Քունիյեն, Մազկեն, Մայիրը, Մավերին, Յովաբոլին (այլ անունով՝ Քորեյլե) և Լեջեն» 43: Ինչպես հետևում է Քյաթիբ Չելեբիի այս տեղեկություններից, XVII դարում Տրապիզոնի էյալեթը վերակազմավորվել է, իսկ կազաների թիվը՝ ավելացել: Այդ կազաների անուններն էլ մասամբ գրանցված են աղճատված ձևերով. այսպես՝ Թորուլը գրանցվել է Թուրլ, Մափավրին՝ Մավերի, Գոնիոն՝ Քունիյե, Պլատանան՝ Փլադանա:

Այս էյալեթի մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդում նաև XVII դարի օսմանցի ուղեգիր Էվլիյա Չելեբին: Ըստ նրա՝ Տրապիզոնը (Թերեբ-էֆզունի) Ռումի երկրի սանջակներից էր, իսկ Տրապիզոնի Էյալեթը բաղկացած էր Տրապիզոնի, Գյումուշխանե, Մախչա (իմա՝ Մաչկա), Ռիզե, Գյունիա (իմա՝ Գոնիո) սանջակներից 44: Էյալեթն ուներ 454 քըլըջ, ջեբելուների հետ միասին՝ 1850 զինվոր 45: Նույն աղբյուրում՝ մի քանի էջ հետո, որպես Տրապիզոնի սանջակներ են հիշատակվում Խանջան, Ստորին Բաթումը, Վերին Բաթումը, Գունիան և Տրապիզոնը: Փաշան նստում էր Տրապիզոնում: Էյալեթն ուներ թիմարի դեֆթերդար 46, դեֆթերի քեթխուդա 47 և չավուշների էմին 48: Ջեբելուների հետ միասին այնտեղ կար 1800 «անվանի զինվոր», իսկ «փաշայի ջեբելուները 1000 քաջերից են կազմված»: Փաշան ալայի բեյի, չերիբաշիի և յուզբաշիի հետ միասին ընդամենն ուներ 3000 զինվոր: Պատերազմի ժամանակ այդ բոլոր զինվորները զինված հավաքվում են փաշայի և ալայի բեյի դրոշակի տակ: Չներկայացած զինվորի զեամեթը ուրիշին է տրվում» 49: Տրապիզոնի սանջակում կար 43 զեամեթ, 328 թիմար, Բաթումի սանջակում՝ 5 զեամեթ, 72 թիմար 50:

Նույն դարի մեկ այլ թուրք պատմագիր՝ Մյունեջջիմ Բաշին, խոսելով Արմենիա երկրի 51 մասին, նշում է, որ Տրապիզոնն Արմենիայի սևծովյան նավահանգիստն էր 52: Մեզանում Արմենիա երկրի մասին այս խիստ ուշագրավ տեղեկությունը մեկնաբանության չի արժանացել: Ավելորդ չենք համարում ամբողջությամբ մեջբերել Արմենիա վիլայեթի (երկրի) սահմանների, աշխարհագրական և կարևոր քաղաքների նկարագրությունն՝ ըստ Մյունեջջիմ Բաշիի.

«Արմենիայի վիլայթը մեծ է: Նրա Արևմտյան կողմը Արմեն վիլայթն է, արևելյան և հարավային կողմը՝ Արանի և Ադրբեջանի սահմաններն ու Ջիզիրեի մի քանի քաղաքներն են: Հյուսիսային կողմը նորից Արանի սահմաններն են: Այս երկրի մեծ մասը, լեռնային լինելով, բաժանվում է երեք մասի: Մի մասը՝ Գալիգա, Շիմշադ և սրանց հարակից սահմաններն են, մյուս մասը՝ Հեզրան և Բաբի Ալաև քաղաքներն ու դրանց միջև ընկած տարածությունը: Երրորդ մասը՝ Բերդան, Բաբ Էլ-Էբվաբը և հարակից մասերը: Ուրիշներն այս [երկիրը] բաժանում են չորս մասի, որից մի մասը Բելգան և Շիրվանն է և դրանց միջև ընկած տարածությունը: Մի մասը Մեզրանն է, որ Թիֆլիս է կոչվում, և Ֆիրուզ Աբադի ու Լեկեզի գավառները: Հաջորդ մասը՝ Սիրխանն (իմա՝ Սիսականը – Լ. Ս.) ու Նախիջևանն են, իսկ մյուս մասը՝ Խըրդ Բըրթը (իմա՝ Խարբերդը – Լ. Ս.), Ախլաթը, Էրզրումը և նրանց հարակից մասերը: Այս գավառներից ամեն մեկում անկախ վալիներ [կուսակալներ] են իշխում» 53:

Որպես Արմենիայի կարևոր քաղաքներ՝ թուրք պատմագիրը հիշատակում է Երզնկան, Մուշը, Էզինը (իմա՝ Էրզրում), Մելազջերդը (իմա՝ Մանազկերտը), Բիթլիսը, Ախլաթը, Արճեշը, Ոստանը, Շիրվանը և Դեբիլը (իմա՝ Դվինը), որը մայրաքաղաք էր 54: Արմենիա երկրի սահմանների և քաղաքների մասին գրում է նաև Քյաթիբ Չելեբին:

«Համդուլլահը ասում է. Արմենի [Արմենիա] վիլայեթը բաղկացած է երկու մասից՝ Փոքր և Մեծ:… Մեծ Արմենիան Իրանի սահմանների մեջ է մտնում և հայտնի է Թուման Ախլաթ անունով: Սահմաններն են Փոքր Արմենիան, Ռումը, Դիարբեքիրը, Քուրդիստանը, Ադրբեջանը (իմա՝ Ատրպատականը) և Արանը: Երկարությունը Էրզեն էլ Ռումից հասնում է մինչև Սալմաս, իսկ լայնությունը՝ Արանից մինչև Ախլաթի վիլայեթի վերջավորությունը: Մայրաքաղաքը Ախլաթն է: …Նվաստիս կարծիքով ներկայումս Մեծ Արմենիան բաղկացած է Վանի և Էրզրումի վիլայթներից, իսկ Փոքր Արմենիան՝ Ադանայի և Մարաշի Էյալեթներից: …Թակվիմ-ալ- Բուլդանում 55 որպես Արմենիայի քաղաքներ են հիշատակված Էլբիստանը 56, Ադանան, Արճեշը, Ադրբեյջանը [Ադրբեջան] 57, Բիթլիսը, Բարդան, Բիլեկանը, Թիֆլիսը, Ախլաթը, Դեբիլը, Սուլթանիյեն, Սիսը, Թարսուսը, Մալաթիան, Վանը, Ոստանը, Մուշը, Էրզեն էլ-Ռումը (Էրզրում) և Մալազկերտը» 58 (ընդգծումը մերն է-Լ. Ս.):

Այսպիսով, XVII դարում օսմանյան պաշտոնական պատմագրությունը ճանաչում էր իր կողմից գրավված Հայաստան երկրի գոյության փաստը՝ Մեծ Հայքի սահմաններում և անվանում այն միջազգայնորեն ճանաչված անունով՝ Արմենիա: Ինչպես տեսնում ենք, XVII դարում Հայաստանի տարածքի նկատմամբ Անատոլիա կամ արևելյան Անատոլիա հնարովի տերմինները բնավ չեն օգտավործվել, քանզի դրանք իրականում վերաբերում են Մեծ Հայքից և Փոքր Հայքից արևմուտք ընկած Փոքր Ասիային 59: Ավելին՝ XVI դարի «Իսլամական աշխարհացույցի» քարտեզում 60 և XVIII-XIX դարերի օսմանյան քարտեզներում նույնպես հստակ նշվում է Հայաստան երկիրը Էրմենիստան ձևով և տրվում են նրա սահմաններն ու կարևոր քաղաքները 61:

Վերադառնալով Տրապիզոնին՝ նշենք, որ այն XVII դարի կեսին ձեռք էր բերել Էյալեթի (նահանգի) կագավիճակ և այն պահպանել մինչև XX դարի 20-ական թթ.:
XIX դարում Տրապիզոնի Էյալեթը բաղկացած էր Տրապիզոնի և Գոնիոյի լիվաներից: 1846թ. արված փոփոխություններից հետո Տրապիզոնի էյալեթի կազմում կար հինգ սանջակ՝ Տրապիզոնի կենտրոնական սանջակը, Շարքը Գարահիսարի, Ջանիկի, Գոնիոյի և Բաթումի սանջակները 62: 1867թ. Նահանգային կանոնադրության (Vilayet Nizamnamesi) նոր վարչական փոփոխությունների համաձայն էյալեթի կազմում էին Տրապիզոնի կենտրոնական, Բաթումի, Ջանիկի և Գյումուշխանեի սանջակները: Գոնիոն և Շարքը Գարահիսարը դուրս էին եկել այս էյալեթի ենթակայությունից, սակայն ավելացել էր Գյումուշխանեի սանջակը: Կենտրոնական սանջակի վեց կազաներն էին Տրապիզոնի կենտրոնականը, Գիրեսունը, Բուջաքը, Ռիզեն, Օֆը և Թրիպոլին 63:

1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո հիմնվում է Լազիստանի սանջակը 64: Ռիզեն դառնում է այս սանջակի կենտրոնը: 1880թ. Տրապիզոնի վիլայեթի կազմում կար երեք սանջակ՝ Տրապիզոնի կենտրոնականը, Գյումուշխանեն և Լազիստանը: 1888թ. Ջանիքի (Սամսուն) մութասարիֆությունը 65 ևս ստանալով սանջակի կարգավիճակ՝ մտնում է Տրապիզոնի ենթակայության տակ 66: Այսպիսով, 1890թ. Տրապիզոնի վիլայեթի մեջ էին մտնում Կենտրոնական, Ջանիքի, Գյումուշխանեի և Լազիստանի սանջակները և 22 կազա 67:

Ինչպես ցույց են տալիս թուրքական աղբյուրները, 1907թ. վերջում Տրապիզոնի վիլայեթում գրանցվել է 49, 1911թ.՝ 39 նահիյե (գյուղախումբ): 1908թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո Ջանիքն առանձնացվում է Տրապիզոնից և կրկին վիլայեթը վերադառնում է 1880թ. վարչական բաժանման կարգավիճակին: 1918-1919թթ. Տրապիզոնի կենտրոնական սանջակի մեջ մտնում էին Օրդուի, Գիրեսունի, Թրիբոլուի, Գյորելեի, Վաքվը Քեբիրի, Աքչաաբադի, Մաչկայի, Սուրմենեի (իմա՝ Սև գետ) կազաները, Լազիստանի սանջակի կազաներն էին Ռիզեն, Աթինան և Խոպան, Գյումուշխանեի սանջակը բաղկացած էր Շիրանի, Թորուլի, Քելքիթի (իմա՝ Գայլգետ) կազաներից 68:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին կազմված Տրապիզոնի շրջանային (ավան, գյուղախումբ) կազմակերպությունների «Ընդհանուր վարչական ներքին գերատեսչության» գրանցումների համաձայն Տրապիզոնի կենտրոնական կազան բաղկացած էր երեք (Յոմուրա, Շարլը, Թոնյա), Գիրեսունի կազան՝ երեք (Աքքոյ, Քեշաբ, Փիրազիզ), Օրդուի կազան՝ հինգ (Բոլամա, Փերշեմբե, Հաբսամանա, Այբասդը, Ուլուբեյ), Լազիստանի սանջակը՝ յոթ (Արհավի, Քուրա-յի Սեբա 69, Վիչե (իմա՝ Վիժե), Քարադերե, Մափավրի, Արդաշեն, Համշեն), Գյումուշխանեի սանջակը՝ վեց (Քուրթուն, Յաղմուրդերե, Քոնաս (իմա՝ Քովանս), Քորում, Հարդիշ, Քյոսե) նահիյեներից, ընդհանուր առմամբ 24 նահիյե: Այս կարգավիճակը պահպանվել է մինչև 1918թ. 70:

Տրապիզոնի նահանգի հայ բնակչությունը ևս չխուսափեց հայոց Մեծ եղեռնի արհավիրքներից, իթթիհադականների կազմակերպած զանգվածային տեղահանումներից ու կոտորածներից, իսկ մի մասն էլ՝ բռնի մահմեդականացվեց:
Այսպիսով՝ Տրապիզոնի նահանգը պարբերաբար ենթարկվել է վարչական վերաձևումների, տարբեր ժամանակներում ունենալով տարածքային տարբեր ընդգրկումներ, որը օսմանյան վարչական կանխամտածված քաղաքականություն էր:

Այսպիսի կառավարման համակարգի հիմնումը և վարչական բաժանումների քաղաքականության կիրառումը մի կողմից ավելի արդյունավետ էին դարձնում նորանվաճ տարածքների պետական վերահսկողությունը, մյուս կողմից՝ բացառում քրիստոնյաների համախմբված, միատարր ապրելու հնարավորությունը՝ նպատակ ունենալով և պայմաններ ստեղծելով նրանց իսլամացման և թուրքացման համար: Նոր գրավված տարածքներում ռազմավարչական միավորների ստեղծման և վարչական կառույցներում բացառապես մահմեդական պաշտոնյաների նշանակման միջոցով միաժամանակ ապահովվում էին քրիստոնեաբնակ շրջաններում մահմեդական տարրի ներմուծումը, ռազմաավատական հարաբերությունների ամրակայումը և հարկային կեղեքիչ քաղաքականության գործադրումը:

—————

  1. Бродел Ф., Бремя мира, материальная цивилизация, экономика и капитализм, XV-XVIII вв., т. 3, Москва, “Прогресс”, 1992, с.480-486.
  2. Uzunջarşılı İ., H., Osmanlı Tarihi, İstanbul’un Fethinden Kanuni Sultan Süleyman’ın Ölümüne Kadar, II Cilt, Türk Tarih Kurumr Basımevi-Ankara, 1998, s. 292, 306. 3.
  3. M. Belin, Journal Asiatique sixieme serie, t. XV, 1870, p. 254-288.
  4. Սաֆրաստյան Ա., Օսմանյան կայսրության վարչական բաժանումը XVII դարում (պատմական ակնարկ), Արևելագիտական ժողովածու, հ. 1, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1960, էջ 285-301:
  5. Հ. Անասյան, XVII դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1961, էջ 15-20: Ricaut P., Histoire de l’ etat present de l’ Empire Ottoman trad. de l’anglois par Briot, IIe ed., Paris, chez Sebastien Mabre. 1670, p. 542-544.
  6. Тверитинова А. С., Ученые записки Института Востоковедения, т. VI, Москва-Ленинград, 1953, с. 240-244.
  7. Քյաթիբ Չելեբի, Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, թարգմանություն թուրքական բնագրերից, ներածական ակնարկներով, ծանոթագրություններով և հավելվածով, կազմեց՝ Ա. Սաֆրաստյան, ՀՍՍՌ ԳԱ հրատ.,հ. Բ, Երևան, 1964 էջ 7-102:
  8. Էվլիյա Չելեբի, Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, ՀՍՍՀ ԳԱ Արևելագիտության սեկտոր, թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ Ա. Խ. Սաֆրաստյանի, Երևան, 1967:
  9. Օսմանյան աշխարհագիր մատյանների մասին տե՛ս Սահակյան Լ., Բարձր Հայքի Բարբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում, Երևան, 2007:
  10. Թուրք աղբյուրագետների լատինատառ տառադարձությամբ հրապարակած այդ նյութերն են՝ Gökbilgin T., XVI. Yüzyıl Başlarında Trabzon Livası ve Doğu Karadeniz Bölgesi, “Belleten”, Ankara, Cilt: XXVI, Sayı, 1024 Nisan, 1969. Bostan M. H., XV-XVI. Asırlarda Trabzon Sancağında Sosyal ve İktisadi Hayat, Türk Tarih Kurumu Basımevi, Ankara, 2002.
  11. «Լիվա» արաբերեն նշանակում է նաև «դրոշ»:
  12. Орешкова С. Ф., Государственная власть и некоторые проблемы формирования социальной структуры османского общества. Османская империя. Система государственного управления, соцальные и этнорелигиозные проблемы, изд-во «Наука», Москва, 1986, с. 13.
  13. Gökbilgin T., նշվ. աշխ., էջ 293:
  14. Սուբաշի-սուբաշիի հրամանի տակ էին գտնվում գլխավոր գիշերապահ և անվտանգության ուժերը:
  15. Ալայ բեյ-ազատ թիմարատեր, սիպահիների ղեկավար, որը գտնվում էր սանջակբեյի հրամանատարության տակ:
  16. Մուհզիրբաշ- լիազորված անձ, որը դատարան էր կանչում քրեական հանցագործներին, ինչպես նաև առևտրային կամ կենցաղային վեճեր ունեցողներին:
  17. Gökbilgin T., XVI. Yüzyıl Başlarında Trabzon Livası ve Doğu Karadeniz Bölgesi, s. 293-294.
  18. Gökbilgin T., նշվ. աշխ., էջ 294:
  19. Gökbilgin T., նշվ. աշխ., էջ 295:
  20. Ռում նշանակում է հույն, թուրքերենում ունեցել է մի քանի նշանակություն: Միջին Ասիայում և նույնիսկ Թուրքիայում ապրող որոշ ժողովուրդներ օսմանյան թուրքերին անվանում էին ռում (օրինակ` Իկոնիայի սուլթանությանը կոչում էին նաև Ռումի սուլթանություն): Հռոմեական կայսրության երկու մասի բաժանվելուց հետո Բյուզանդական կայսրությունը կոչվել է Ռումերի երկիր: Հետագայում Ռումի երկիր (Ռումելի) է կոչվել նաև Օսմանյան պետության եվրոպական մասը: Համաձայն թուրքական աղբյուրների՝ Սվազ քաղաքը և վիլայեթը նույնպես կոչվել են «Ռումի» կամ «Ռում-ի սուղրա»` Փոքր Ռում (Տե՛ս Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ. Բ, էջ 260):
  21. Սաֆրաստյան Ա., Օսմանյան կայսրության վարչական բաժանումը XVII դարում (պատմական ակնարկ), Արևելագիտական ժողովածու, հ. 1, էջ 296:
  22. Kunt M., Sancaktan Eyalete, İstanbul, 1978, s. 128. Emecen F. M., Trabzon Eyaletinin Batı Sınırı, Trabzon Tarihi Sempozyumu (6-8 Kasım 1998), Trabzon, 1999, s. 160-161.
  23. Bostan M. H., XV-XVI. Asırlarda Trabzon Sancağında Sosyal ve Iktisadi Hayat, Türk Tarih Kurumu , Ankara, 2002, s. 21.
  24. Bostan M. H., նշվ. աշխ., էջ 27, 31, 34, 35, 36, 39, 41, 42, 44.
  25. Gökbilgin T., նշվ. աշխ., էջ 293-294:
  26. Bostan M. H., նշվ. աշխ., էջ 26-27:
  27. Ստրաբոն, քաղեց և թարգմանեց Հ. Աճառյանը, Երևան, 1940, էջ 75: Տե՛ս նաև Ադոնց Ն., նշվ. աշխ., էջ 80-81: Ադոնց Ն., Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, «Հայաստան» հրատ., Երևան, 1987, էջ 105, 190: Սև ծովի հարավային առափնյակի և Հայաստանի ու հայության հնագույն առնչությունների մասին տես նաև Վարդանյան Ս., Պատմական ակնարկ, Ձայն համշենական, գիրք 4-րդ, Երևան, 1999, էջ 7-15:
  28. Miroğlu İ, XVI . Yüzyılda Bayburt Sancağı, İstanbul, 1975. (Տե՛ս գրքում զետեղված քարտեզը):
  29. Bostan M. H., նշվ. աշխ., էջ 48:
  30. Gökbilgin T., նշվ. աշխ., էջ 294:
  31. 1878թ. Բեռլինի պայմանագրով Գոնիոյի նահիյեն անցնում է Ռուսաստանին (Bostan M., նշվ. աշխ., էջ 35-40, 48-49): 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմից հետ կնքված 1878թ. Բեռլինի պայմանագրով Արդահանը, Կարսը և Բաթումի սանջակը, որի մեջ մտնում էր նաև Գոնիոյի նահիյեն, անցնում են Ռուսական կայսրությանը: Պայմանագրի մասին մանրամասն տե՛ս Киракосян Дж., Буржуазная дипломатия и Армения (70-ые годы XIX века), Ереванский Государственный Университет, Ереван, 1981, с. 132, 145-148, 154, 156, 213-215, 226, 265.
  32. Քյաթիբ Չելեբի, Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, էջ 53:
  33. Ayn Ali Efendi, KavânՏn-I Âl-I Osman der Hulâsa-I Mezamîn-i Defter-i Dîvân, İstanbul, 1979, s. 28-29. Տե՛ս նաև H. Tuncer, Osmanlı İmparatorluğnda Eyâlet Taksimatı, Ankara, 1964, s. 26, 35.
  34. Bostan M., նշվ. աշխ., էջ 22-23:
  35. Şahin İ., “Timar Sistemi Hakkında Bir Risâle”, Tarih Dergisi, sayı 32, İstanbul, s. 909.
  36. Քյաթիբ Չելեբի, «Ջիհան նյումա», Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ. Բ, էջ 50:
  37. 1554թ. Տրապիզոնի սանջակին ենթակա Արհավիի կազան կազմված էր չորս նահիյեից՝ Լազ, Քոնիյե (Գոնյե), Արհավի և Իսքելե:
  38. Քյաթիբ Չելեբի, «Ջիհան նյումա», էջ 52:
  39. Քըլըջ (կըլըջ)-բառացի նշանակում է սուր, թուր: Օսմանյան կայսրությունում ֆեոդալական հողաբաժինների (թիմար և զիամեթ) սիփահիների կողմից ռայաներին մշակելու տրվող հողերի երեք կամ հինգ հազար ակչեի եկամուտը կոչվում էր քըլըջ:
  40. Թեզքերեով թիմարներին բերաթները տրվում էր Ստամբուլից, իսկ առանց թեզքերեի թիմարները բեյլերբեյի կողմից ավելի փոքր եկամտի գումարով տրվող թիմարներն էին:
  41. Ջեբելու էին կոչվում թիմարի և զեամեթի տերերի կողմից սեփական միջոցներով զինված պատերազմի ուղարկվող հեծյալ զինվորները:
  42. Քյաթիբ Չելեբի, «Ջիհան նյումա», Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ. Բ, էջ 50
  43. Քյաթիբ Չելեբի, նույն տեղում, էջ 50:
  44. Էվլիյա Չելեբի, հ. Գ, էջ 26:
  45. Էվլիյա Չելեբի, նույն տեղում, էջ 31:
  46. Թիմարի դեֆթերդար-թիմարների հաշվետար պաշտոնյա:
  47. Դեֆթերի քեթխուդա-էյալեթի ամբողջ հաշիվների կառավարիչ:
  48. Չավուշների էմին-դիվանում և արքունիքում ծառայող կրտսեր սպաների հաշվառում անցկացնող պաշտոնյա:
  49. Էվլիյա Չելեբի, հ. Գ, էջ 41:
  50. Էվլիյա Չելեբի, նույն տեղում:
  51. Տե՛ս Մյունեջջիմ Բաշի, Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ. Բ, էջ 183:
  52. Մյունեջջիմ Բաշի, նույն տեղում, էջ 199-200:
  53. Մյունեջջիմ Բաշի, նույն տեղում, էջ 199:
  54. Արաբական և թուրքական աղբյուրներում Դվին տեղանունը աղճատվել է և գրանցվել է մի քանի ձևերով՝ Դեբիլ (տե՛ս Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, Երևան, 1988, էջ 68), ինչպես նաև՝ Դուին, Դվին, Դաբիլ, Ադաբին, Դուվիյ, տե՛ս Վարդանյան Ս. Հայաստանի մայրաքաղաքները, Երևան , 1995, էջ 109):
  55. «Թակվիմ-ալ- Բուլդանը» արաբ պատմագիր և աշխարհագրագետ Աբուլ Ֆիդայի տարեցույցն է, որը Քյաթիբ Չելեբու համար ծառայել է որպես սկզբնաղբյուր (Քյաթիբ Չելեբի, Թուրքական աղբյուրները…, հ. Բ, էջ 258):
  56. Էլբիստան-Ալբիստան, քաղաք Կիլիկիայում, Մարաշ գավառի Զեյթուն գավառակում:
  57. Ադրբեյջան-Ատրպատական։
  58. Քյաթիբ Չելեբի, «Ջիհան նյումա», էջ 29-30:
  59. Зограбян Л. Н., Орография Армянского нагорья, Ереван, 1919, с. 15. Դանիելյան Է., Հին Հայաստանի պատմության հայեցակարգային հիմնահարցերը պատմագրության մեջ, «Պատմա-բանասիրական հանդես», 2003, N 3 էջ 30-37:
  60. «Իսլամական Աշխարհացույցի քարտեզ» կազմվել է 1570-ական թթ., տրամագիծը 28.5 սմ, պահպանվում է Բոդլյան գրադարանում, Օքսֆորդ -Ձեռ. or.317 f9v-10r (տե՛ս Գալչյան Ռ., Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ, Երևան, 2005, էջ 148:
  61. «Ասիական Թուրքիա», հրատարակվել է1803-4, չափսերը 72×54 սմ, բրիտանական Գրադարան, Լոնդոն-OIOC 14999.h.2(2), f.18, «Միջերկրական շրջան»-ի երկրորդ քարտեզ, չափսեր 80×58 սմ, բրիտանական գրադարան, Լոնդոն-OIOC 14999.h.2(2),f.5., «Օսմանեան երկիր», տրագրվել է 1867, չափսերը, 42×29 սմ, բրիտանական Գրադարան, Լոնդոն-Maps 42.d.1, f.2 (տե՛ս Գալչյան Ռ., նույն տեղում, էջ 226, 240, 246):
  62. Yurt Ansiklopedisi, Rize, s. 6364.
  63. Yurt Ansiklopedisi, Rize, նույն տեղում:
  64. Gündüz Ali, Hemşinliler, Dil-Tarih-Kültür, Ardanuջ Kültür Yardımlaşma Derneği, Yayın No: 2, Ankara, 2002, s. 61.
  65. Մութասարիֆություն-1. տիրույթ, 2. սանջակիբեյի պաշտոն, 3. սանջակ՝ այսինքն գավառ:
  66. Yurt Ansiklopedisi, Rize, s. 6365.
  67. Yüksel A., Doğu Karadeniz Araştırmaları, Kitabevi, İstanbul, 2005, s.
  68. Yüksel A., նշվ. աշխ., s.
  69. Քուրա-յի Սեբա- օսմաներենից թարգմանաբար նշանակում է «յոթ գյուղ»: Անունից դատելով՝ նահիյեն հավանաբար բաղկացած է եղել յոթ գյուղից:
  70. Yüksel A., Doğu Karadeniz Araştırmaları, Kitabevi, İstanbul, 2005, s. 17-18.

2 responses so far

2 Responses to “ՏՐԱՊԻԶՈՆՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ”

  1. Armenianon 08 Mar 2009 at 4:13 pm

    Спасибо огромное автору этой стати, на самом деле сделано огромная работа и надо делать выводы из неё.

  2. Արամէon 09 Mar 2009 at 1:18 am

    Ես նույնպես իմ շնորհակալություն եմ հայտնում այս ֆունդամենտալ աշխատանքի համար:

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.