- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Ցանկությունների կատարում կամ ի՞նչ կկամենաք

Ռուբեն Թարումյան
26.01.2009

Մարդկանց մեծ մասը չի ստանում
այն` ինչ ուզում է, քանի որ իրենք էլ
չգիտեն, թե ինչ են ուզում։

Մարլագրամ Մագիստրոս
(Ջոն Բ. Պրիստնլիի «Հունիսի 31-ը»)

Համաշխարհային ճգնաժամի այս խառը օրերին, երբ Հայաստանի թե՛ իշխանական, եւ թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերն ակնարկում են, թե մոտ է Արցախյան հարցի կարգավորման վճռական փուլը, աշխուժանում են վեճերն այն մասին, թե հայկական կողմը պիտի հանձնի ազատագրված տարածքները, թե՞ ոչ։ Ու կարծես թե բոլորովին չի նկատվում, որ հարցի` նման սեւ-սպիտակ ձեւակերպումը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Պարզ է, որ տարածքները պիտի հանձնվեն, կամ չհանձնվեն՝ միայն ինչ-որ բանի դիմաց։ Իսկ ինչի՞ դիմաց. ի՞նչ կարող են մեզ առաջարկել տարածքները հանձնելու դիմաց, եւ ի՞նչ կարող ենք առաջարկել մենք՝ տարածքները չհանձնելու դիմաց։ Եւ ահա, պարզվում է, որ հայկական կողմը, կարծես թե չունի քիչ թե շատ հասկանալի կերպով ձեւակերպված իր համար ընդունելի տարբերակներ։ Խոսքը, հայոց պետության բարձրաստիճան ղեկավարներին չի վերաբերում, հակառակը` հենց նրանք կարող են եւ չհնչեցնել այդ պայմանները։ Բայց ի՞նչն է քաղաքական ուժերին եւ անհատ հայերին խանգարում ներկայացնել սեփական պատկերացումները արցախյան խնդրի արդար հանգուցալուծման մասին։

Կարելի՞ է, օրինակ, պատկերացնել, որ մենք հանձնում ենք ինչ-որ տարածքներ, եւ հանգուցալուծումն, այնուամենայնիվ, մեզ համար ընդունելի է մնում։ Այս հարցին պատասխանելու համար, մենք նախ պիտի հասկանանք, թե մեզ, որպես ազգի, ի՞նչ է պետք։ Ազգին, նախ եւ առաջ, բնակության տարածք է պետք, որը մի՛ կողմից կբավարարի նրա հոգեւոր եւ տնտեսական պահանջները, մյուս կողմից՝ պաշտպանելի կլինի։ Հազիվ թե գտնվի մի հայ, որն առողջ դատողությամբ կպնդի, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմանները բավարարում են այդ պայմաններին։ Ավելին, դժվար չէ նկատել, որ նույնիսկ, ազատագրված տարածքներով հանդերձ մեր տարածքը տնտեսական առումով անբավարար է, թեեւ ռազմական տեսակետից այդ տարածքները էապես փոխում են մեր պաշտպանունակությունը։ Հենց միայն այս վերջին հանգամանքի շնորհիվ է, որ արդեն տասնհինգ տարի է մեզ հաջողվում է պահել թե՛ այդ տարածքները, եւ թե՝ մնացածը։ Հետեւաբար, ակնհայտ է, որ եթե մենք հանձնում ենք այդ տարածքները, ապա դրա դիմաց մենք պիտի ստանանք մեր անվտանգության առնվազն համարժեք երաշխիք։ Բնականաբար, դա չի կարող լինել որեւէ պայմանագրային երաշխիք, մասնավորապես, այսպես կոչված` «մեծ տերությունների» տված «երաշխիք», քանի որ ցանկացած պայմանագիր կարելի է դրժել, իսկ պետությունը, որն այսօր թվում է, թե մեծ է, վաղն անսպասելի կարող է փոքրանալ, ինչպես դա մեր աչքի առաջ եղավ ԽՍՀՄ-ի հետ։ Նույնը կարելի է ասել եւ ֆինանսական փոխհատուցման մասին. փողերը ծախսվում են… Ընդունելի կարող էր համարվել որեւէ միջազգային տնտեսական ծրագրի մեջ ներգրավվելը, օրինակ, միջազգային որեւէ էներգակիր խողովակաշարի անցակցումը մեր տարածքով. այն կարող էր բերել շարունակական եկամուտ, եւ կախվածության մեջ պահելով տաբեր պետությունների շարհերը` դառնալ երկրի քաղաքական անվտանգության երաշխիք։ Սակայն սա էլ, թեեւ շատ գայթակղիչ, բայց թվացյալ երաշխիք է. նախ տարածքների հանձնման դեպքում պաշտպանունակությունը կարող է այնքան ընկնել, որ մենք կարող ենք գրեթե անմիջապես կորցնել եւ մնացած տարածքները՝ մինչեւ այդ խողովակաշարի կառուցման ավարտը (տե՛ս նախորդ կետը), իսկ նույնիսկ եթե այն հասցնեն կառուցել, չի կարելի բացառել, որ հանուն տարածքի յուրացման կամ այլ քաղաքական խնդրի լուծման, մեր հարեւանները կարող են զոհաբերել առաջնային թվացող տնտեսական շահերը (վկա՝ վերջին ռուս-ուկրաինական «գազային պատերազմը»)։ Այսպիսով, դժվար չէ նկատել, որ տարածքի դիմաց հուսալի երաշխիք կարող է լինել միայն… մեկ այլ տարածք։ Ո՞րը։ Տվյալ պահին դա կարեւոր չէ։ Կարեւոր է այն, որ այս տարբերակը մեր ազգը առահասարակ չի քննարկում։ Հայրենասերները պնդում են, որ հայրենիքի տարածքը չի կարող առք ու վաճառքի առարկա լինել` մոռանալով, որ ցանկացած պետության պատմություն, դա տարբեր տարածքներից հրաժարվելու եւ հետագայում վերանվաճելու հաջորդականություն է. իսկ նրանց ընդդիմախոսները խոսում են միայն վերացական քաղաքական «երաշխիքներից»` մոռանալով, թե պատմության ընթացքում քանի՜-քանի խոստումներ են դրժվել, եւ քանի պայմանագրեր են խախտվել։

Բայց սա մեր տեսակետից։ Իսկ Ադրբեջանի՞։ Բնականաբար, իրենք միարժեքորեն ընդունելի կհամարեն հենց պայմանագրային «երաշխիքները», մինչդեռ տարածքային փոխանակումը իրենց տեսակետից բոլորովին անհեթեթ է, քանի որ բոլոր այդ տարածքներն իրենք էլ իրե՛նցն են համարում, եւ նույնպես գտնում, որ հայրենիքի տարածքները առք ու վաճառքի առարկա լինել չեն կարող։ Ինչ խոսք՝ տրամաբանական է։ Սակայն կա մի հանգամանք, որը նրանք հաշվի չեն առնում։ Այն, որ Արցախի ազատագրված տարածքները նույնքան ադրբեջանական չեն, որքան հայկական են Գետաշենը, Շահումյանն ու Գանձակը…

Ցավոք, դա չեն հասկանում եւ մերոնք (կամ ավելի ճիշտ, մերոնց կողմից այդ հանգամանքի չհասկանալը բերում է ադրբեջանցիների նույնական վերաբերմունքին)։ Եւ ամենեւին էլ ոչ միայն առաջնորդները։ Հազիվ թե վերջին տարիներին հայոց պետությունը տպագրած լինի Հայաստանի եւ Արցախի պետությունների գեթ մեկ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ քարտեզ։ Ինչ էլ տպագրվել է՝ առանձին ահատների նախաձեռնությամբ միայն եւ իրե՛նց էլ պատկերացումների համաձայն։ Ունենք տարբերակ, երբ Հայաստանը պատկերված է միայն ՀԽՍՀ-ի սահմաններում. սրանց հեղինակները, հավանաբար, ամենախոհեմ, ինքնագրաքննող, եւ իրենց իմաստուն զգացող հեղինակներն են (գուցե հենց սրա՞նք են պաշտոնական քարտեզները)։ Երբ խոհեմությունը մի քիչ տեղի է տալիս, պատկերվում են երկու անջատ տարածք` ՀԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի սահմաններում։ Ազատախոհության հաջորդ աստիճանը` վերոհիշյալ երկու «կղզիները» միացվում են Բերձորի (Լաչինի) «միջանցքով»։ Հաջորդ աստիճանը` ԼՂԻՄ-ի վերին մասում հավելվում է մի եռանկյունի՝ Շահումյանի շրջանի եւ Գետաշենի «ենթաշրջանի» տարածքը։ Երբեմն այն զոլավոր է պատկերվում, ասել է թե՝ «գրավված է թշնամու կողմից»։ Վերջապես, որպես ազատամտության գագաթ ներկայանում է Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի քարտեզը դրանցից դուրս ազատագրված բոլոր տարածքներով հանդերձ, գումարած՝ Շահումյանի շրջանի «զոլավոր» եռանկյունին։ Այս է ժամանակակից հայի երեւակայության թռիչքը։ Այն մարդիկ, որոնք ժամերով կարող են ուսումնասիրել Տիգրան Մեծի ժամանակվա Հայաստանի քարտեզները, իրենց մտքի եւ հոգու այդ թռիչքը սահմանափակում են միայն Շահումյանի եռանկյունով. սա է, ստացվում է, մեր պահանջն այս կյանքից։ Խոհեմություն է կոչվում, իրապաշտություն… Նման քարտեզների սիրելի հեղինակներ, բացատրե՛ք խնդրում եմ, ինչո՞վ է Շահումյանի շրջանի տարածքը տարբերվում դրա հարեւան, ասենք, Դաշքեսանի շրջանի տարածքից։ Ինչո՞վ է Գետաշենը Բանանցից լավ, որ այն դուք երազում եք տեսնել մեր պետության կազմում, իսկ վերջինը՝ ոչ։ Ինչո՞վ են այդ երկուսը տարբերվում ադրբեջանցիների, թուրքերի եւ վրացիների գրաված հայոց մյուս տարածքներից։ Միայն նրանով, որ դրանք ամենավերջո՞ւմ ենք կորցրել, թե՞ ձեր` հեղինակներիդ, դիվանագիտական նրբանկատությամբ։ Թողե՛ք դա առաջնորդներին։ Մենք, հասարակ մարդիկ, իրավունք ունենք երազել, եւ պետք չէ կաշկանդել սեփական այդ մղումը` վախենալով ծիծաղելի երեւալ։

Ադրբեջանցիները հեգնում են ծովից-ծով Մեծ Հայքի գաղափարը` այն անվանելով զառանցական։ Եւ ահա, պարզվում է, որ ադրբեջանցիները (թուրքերը) հասել են իրենց նպատակին. արդեն նաեւ մենք հայերս ենք այդպես համարում, վախենում ենք ծիծաղելի, «անիրաստես» երեւալ։ Բայց եթե Մեծ Հայքի գաղափարը հեգնում են թուրքերը (ադրբեջանցիները)` դա տրամաբանական է, դրանով իրենք նպաստում են այդ տարածքին իրենց վերջնական տիրանալուն։ Իսկ ի՞նչ ենք մենք շահում։ Զգում ենք մեզ «քաղաքակիրթ» եւ «իրապաշտ» «եվրոպական» ազգի ներկայացուցիչ, եւ արժանանում «զարգացած» երկրների ներկայացուցիչների «գովասանքին»…

Ո՛չ, ես կոչ չեմ անում «զոլավոր» ներկել Մեծ Հայքի ամբողջ տարածքը։ Մենք դրա կարիքը չունենք. յուրաքանչյուր հայի ուղեղում մանկուց այդ տարածքը «զոլավորված» է։ Ես պարզապես առաջարկում եմ ճիշտ հասկանալ իրականությունն ու «իրապաշտությունը»։ Իրականությունն այն չէ, որ մենք չենք կարող վերստին տիրանալ Մեծ Հայքին, դա սոսկ թուրքերի երազանքն է։ Հակառակը, իրականություն են ալբանացիների, քրդերի, աբխազների, օսերի հաջողությունները։ Իրականություն է այն, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ներկայիս վեճի առարկան Արցախն է ամբողջությամբ, այլ ոչ թե միայն այսպես կոչված` «ազատագրված», կամ «գրավյալ» 7 շրջանները։ Իրականությունն այն է, որ այդ շրջանները հանձնելուց հետո, Հայաստանի հարավային տարածքի խորությունը լինելու է հազիվ մի 30—40 կմ, որը ռազմական ինքնաթիռը կարող է անցնել հաշված վայրկյաններում։ Իրականությունն այն է միայն` ինչ կա, եւ որ ապագայի մասին, Բորիս Ստրուգացկու խոսքերով, հաստատապես կարելի է ասել միայն մի բան` այն բոլորովին նման չէ նրա մասին մեր պատկերացումներին։

Իրականությունը երբեք զոլավորված չէ, այլ ներկված է թանձր, հոծ գույներով։ Եկեք որպես հայոց տարածք քարտեզների վրա իրապաշտորեն պատկերենք միայն այն տարածքները, որոնք հիմա վերահսկում ենք` ոչ ավել, բայց եւ ոչ պակաս։ Հայոց հողերի ներկայիս սահմանի մեջ չեն մտնում Շահումյանն ու Գետաշենը։ Չեն մտնում նաեւ Նախիջեւանը, Գանձակը, Կարսը, Վանը… Բայց որպես Հայրենիքի տարածքներ, դրանք ոչնչով ավելի լավը կամ վատը չեն, քան Գյումրին կամ Երեւանը։ Փորձենք ձերբազատվել մտքի կարծրությունից, եւ պատկերացնել մեր պետության զարգացման ամենատարբեր հեռանկարներ։ Փորձենք ապագայի փոխարեն չորոշել, թե ինչն է իրապաշտական, ինչը՝ ոչ։ Փորձենք պատկերացնել, թե տարածքներից որո՞նք մենք կարող ենք այսօր վերահսկել առավել հաջողությամբ, որո՞նց վերահսկումը առավել նպաստավոր է տվյալ պահին, իսկ որոնց վերահսկմանը մենք պիտի անցնենք ավելի ուշ` մինչեւ բավարարվի մեր ազգի գոյատեւման, ռազմական, տնտեսական, հոգեբանական ինքնաբավության պահանջը։


Տես նաև՝
Հանուն ճիշտ քարտեզների