- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Թուրքական մամուլի արձագանքը Հայ դատին նվիրված խորհրդաժողովին

«ԻՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ. ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ, ԱՅԼ՝ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»

Աղբյուրը՝ «ԱԶԳ», 22.11.2008

Հ. ՉԱՔՐՅԱՆ

Այս վերնագրով նոյեմբերի 13-14-ը Թեհրանում՝ «Արարատ» մարզավանի «Շահբազյան» սրահում գումարված «Հայ դատն այսօր» 6-րդ խորհրդաժողովին է արձագանքել թուրքական dunyabulteni.net-ը, որը «Աշխարհի տեղեկագիր» լրատվական գործակալության կայքէջն է:

«Ազգը» նոյեմբերի 19-ի համարում անդրադարձել է խորհրդաժողովին: Այդ իսկ պատճառով ներկայացնում ենք թուրքական այս գործակալության արձագանքը: Ահա թե ինչ է գրում վերոհիշյալ կայքէջը. «Հայաստանի ֆաշիստական Դաշնակցություն կազմակերպությունը «Հայկական հարցին» նվիրված միջազգային կոնֆերանս կազմակերպեց Թեհրանում: Նոյեմբերի 13-14-ն Իրանի մայրաքաղաքում կազմակերպված կոնֆերանսին մասնակցեցին Իրանի եւ Հայաստանի ներկայացուցիչները: Զեկուցողները մտքեր փոխանակեցին «Կովկասում խաղաղության հաստատման» հարցի շուրջը»:

Թուրքական կայքէջը զեկուցողների անունները նշելիս Թեհրանի համալսարանի իրավաբանության եւ քաղաքական գիտությունների ամբիոնի վարիչ Էլահե Քուլայիին ներկայացնում է որպես Ալաքե Քուդայիի, Իրանում ՀՀ դեսպանորդ Գրիգոր Առաքելյանին՝ Հայաստանի դեսպանի, իսկ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի քաղաքական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին համարում է «Դաշնակցություն կուսակցության երեւանյան գրասենյակի» ներկայացուցիչ եւ ընդգծում է միջոցառմանը Հայաստանում Իրանի նախկին դեսպան Մուհամմադ Ֆարհադ Քոլեյնիի մասնակցության մասին:

Վերջում թուրքական dunyabulteni.net-ն ավելացնում է. «Որքան երազելի կլիներ ադրբեջանական որեւէ կուսակցության, նույնիսկ կրոնական կազմակերպության նախաձեռնությամբ Իրանում «Ադրբեջանի խնդիրներին» նվիրված կոնֆերանսի հրավիրումը, որքան իրողություն դարձավ հայկական խորհրդաժողովի գումարումը: Ընդ որում, միջոցառումը կազմակերպեց ոչ թե շարքային որեւէ կուսակցություն, այլ ֆաշիստական Դաշնակցությունը»:

«Աշխարհի տեղեկագիր» լրատվական գործակալության գրածները մեկնաբանության կարիք չեն զգում: Սակայն մեկ անգամ եւս հուշում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հավասարության նշան դնելու համար հայկական իրականությունում ծայրահեղ ազգայնամոլություն հայտնաբերելու մոլուցքի, եւ այդ մոլուցքով տառապող արեւմտյան որոշ կառույցների ու սրանց հայաստանյան շոշափուկների մասին:

Ֆաշիստական կառույցները յուրահատուկ են թուրքական իրականությանը: Եթե վերոհիշյալ լրատվական գործակալությունը տեղյակ չէ դրանից, գոնե պետք է իմանա Թուրքիայի ազգային մեծ ժողովում 69 պատգամավոր ունեցող «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությունների՝ «Ազգայնական շարժում» եւ «Մեծ միասնությունների» կուսակցությունների, ինչպես նաեւ Ալփարսլան Թյուրքեշի մասին, որովհետեւ այս կուսակցությունները նեոֆաշիստականի համարում ունեն հենց թուրքական հասարակության մեջ, իսկ Թյուրքեշը որպես «գորշ գայլերի» առաջնորդ՝ «թուրքական ֆյուրերի» կոչմանն էր արժանացել Թուրքիայում: