- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Թեհրանում գումարվեց «Հայ Դատն այսօր» 6-րդ խորհրդաժողովը

Աղբյուրը՝ «ԱԶԳ», 19.11.2008

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Դա կազմակերպված էր խնամքով եւ խիստ այժմեական` ընտրված թեմաների առումով

Նոյեմբերի 13-14-ը Թեհրանում` «Արարատ» մարզավանի «Շահբազյան» սրահում գումարվեց «Հայ դատն այսօր» 6-րդ խորհրդաժողովը, որի շրջանակներում հայ եւ իրանցի մասնագետները քննարկեցին «Կովկասի կայունության եւ խաղաղության խնդրում Հայ դատի հետապնդման նոր մարտահրավերներ» թեման:

Խորհրդաժողովի առաջին նիստում զեկուցումներով հանդես եկան Թեհրանի համալսարանի իրավաբանության եւ քաղաքական գիտությունների ամբիոնի վարիչ, դոկտոր Էլահե Քուլային, Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանորդ Գրիգոր Առաքելյանը, ԱՊՀ երկրների եւ Թուրքիայի հարցերով ավագ փորձագետ Ահմադ Քազեմին, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին եւ Կովկասի հարցերի գծով փորձագետ, բանասեր Քավե Բայաթը:

Զեկուցումների ընդհանուր թեման հարավօսական պատերազմից հետո Կովկասում տիրող իրավիճակն էր, ինչպես նաեւ այնտեղ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի եւ Եվրոմիության մրցակցությունն ու այդ մրցակցության նկատմամբ Իրանի որդեգրած դիրքորոշումը: Այս թեման խորհրդաժողովի 2-րդ նիստում «Կովկասը ԱՄՆ-Ռուսաստան բախման եւ մրցակցության կիզակետ. Ռուս-վրացական հակամարտության անդրադարձը Հայաստանի վրա» զեկուցումով լրացրեց տողերիս հեղինակը:

Խորհրդաժողովի 2-րդ նիստին նախագահում էին ՀՅԴ բյուրոյի Հայ դատի քաղաքական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, Գեւիկ Մկրտչյանն ու Ռոբերտ Մարգարյանը: Նիստի բացման խոսքում Թեհրանի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Արմենուշ Առաքելյանը ողջունեց ներկաներին, ապա ամփոփեց նախորդ նիստի արդյունքները` հակիրճ ներկայացնելով զեկուցումները: Այնուհետեւ օրհնանքի խոսք ասաց Թեհրանի թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը:

Տողերիս հեղինակի ելույթին հետեւեց Կիրո Մանոյանի «Տարածաշրջանի ներկա իրադրության պայմաններում Հայաստանի անվտանգության երաշխիքներ եւ դաշնակիցներ, հարեւաններ եւ սահմաններ» թեմայով զեկույցը, ապա եւ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտ. Արմեն Այվազյանի «Հայ-թուրքական հարաբերությունների ապագա սահմանումներ, Թուրքիայի նկատմամբ դիրքորոշման հայկական ընկալումներ եւ ռազմավարական ծրագրեր թեմայով» հետաքրքրական ելույթը: Խորհրդաժողովի 2-րդ նիստում «Ջավախքի հիմնախնդիրը. Ջավախքի յուրահատուկ դիրքը ու ներկա իրադարձությունները» թեմայով իր երկրորդ ելույյթն ունեցավ Կիրո Մանոյանը, այնուհետեւ ամբիոնին մոտեցավ «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը: Նրա «Սփյուռքի վերակազմավորման հարցեր` համահայկական խնդիրների շուրջը, այդ թվում` Հայաստանի, Ղարաբաղի եւ նրանց քաղաքական, տնտեսական պահանջներին օգտակար լինելու տեսանկյունից» թեմայով զեկուցումն էլ եզրափակեց 2-րդ նիստի ելույթները:

«Հայ դատն այսօր» 6-րդ խորհրդաժողովը խնամքով էր կազմակերպված, ընտրված թեմաների առումով` խիստ այժմեական, ազգային խնդիրներն այնտեղ համադրվել էին տարածաշրջանային խնդիրների հետ, ինչը ապահովում էր նաեւ իրանցի մասնագետների մասնակցությունը եւ ավելի ներկայացուցչական դարձնում խորհրդաժողովը: