- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Ադրբեջանում վերստին խոսում են պատերազմի մասին

Աղբյուրը՝ «Հայոց Աշխարհ», 19 նոյեմբերի 2008

Նոյեմբերի 16-ի վաղ առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական ռազմական շփման գոտում տեղի ունեցած միջադեպի շուրջ երկու օր շարունակ բորբոքվող կրքերը սկսել են բացահայտել պաշտոնական Բաքվի քաղաքական խաղերի նորանոր նրբերանգները:
Ակնհայտ է դառնում, որ միջադեպի նախօրեին Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեմ ուղղված սադրանքը չէր սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը բանակցային գործընթացից վերջնականապես դուրս մղելու ակնկալիքով: Ռազմական միջոցների դիմելու ճանապարհով Բաքուն փորձեց նաեւ հասկացնել միջնորդ երկրներին, որ Մոսկովյան հռչակագրով ամրագրված հակամարտության քաղաքական կարգավորման մասին իր պարտավորությունը պայմանական բնույթ ունի, այն է՝ կախված է լինելու հնարավոր փոխհամաձայնության բովանդակությունից:
Սրանով օգոստոսյան ռուս-վրացական կարճատեւ պատերազմից խիստ վախեցած եւ սսկված Ադրբեջանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի հետ փաստորեն նորից փորձեց խոսել ուժի դիրքերից:

Այն իրողությունը, որ նոյեմբերի 16-ի միջադեպը հենց պատերազմական շանտաժի նպատակով վաղօրոք նախապատրաստված, բավականաչափ լավ մշակված սադրանք էր, փաստվում է ադրբեջանական մի շարք լրատվական կայքէջերի եւ այդ երկրի պաշտպանության նախարարության նոյեմբերի 17-ին ու 18-ին տարածած խիստ տարբեր ու միմյանց տրամագծորեն հակասող տեղեկությունների համեմատության միջոցով: Եւ այսպես՝
1. Նոյեմբերի 17-ին Բարդայից «Տրենդ-Նյուս» գործակալության թղթակից Շ.Ջալիլօղլին հաղորդել է նույն գործակալությանը, որ համաձայն իրավապահ մարմիններից ստացված տեղեկատվության, Ֆիզուլիի շրջանում գտնվող զորամասից դասալիք Օրհան Շամիլովը նոյեմբերի լույս 15-ի գիշերը զենքը ձեռքին լքել է իր զորամասի տարածքը եւ, փորձելով անցնել հայկական կողմը, սպանվել կամ գերի է ընկել, ուստի նրա ծննդավայր Թարթառի շրջանի ոստիկանությունը դադարեցրել է մինչ այդ սկսված որոնողական աշխատանքները:
2. Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հաղորդել է «Թուրան» գործակալությանը, որ նոյեմբերի 16-ին, Ֆիզուլիի շրջանում, երբ հայկական կողմը հերթական անգամ խախտել էր հրադադարի ռեժիմը, զինծառայող Օրհան Շամիլովը, մի քանի րոպե տեւած փոխհրաձգությունից հետո հերոսաբար դուրս է թռել խրամատից եւ գրոհել հակառակորդի ուղղությամբ: Սպանելով երկու հայ զինծառայողի, ինքը եւս զոհվել է: Բայց քանի որ այդ ամենը տեղի է ունեցել հայկական խրամատների մոտ, հայերը կարողացել են հեռացնել իրենց զոհվածների մարմինները, իսկ Օրհան Շամիլովի դիակը մնացել է տեղում:
Ստացվում է, որ պաշտոնապես որպես դասալիք հայտարարված եւ իր ծննդավայր Թարթառի շրջանի իրավապահների կողմից որոնվող անձը մեկ օրվա ընթացքում վերածվել է «հերոսի», որի դիակը ադրբեջանական իշխանություններին հանձնելուց հետո տեղի կունենա հանդիսավոր հուղարկավորություն՝ տառացիորեն մի քանի օր առաջ նրան փնտրող իրավապահների մասնակցությամբ: Այս ողջ խեղկատակությունը ցույց է տալիս ո՛չ միայն ադրբեջանական բանակում տիրող իրական վիճակը, այլեւ սադրանքների դիմելու այն հնարքների ողջ զինանոցը, որ գործադրում է Ադրբեջանը:
Մինչ ղարաբաղյան ու ադրբեջանական կողմերը զբաղված են միմյանց հաղորդագրությունները հերքելով, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը դեռ ոչ մի գնահատական չի տվել միջադեպին: Ավելին՝ հերքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը երկու հայ զինծառայողների զոհվելու մասին, ԼՂՀ պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը նոյեմբերի 18-ին հայտարարել է, որ զոհված ադրբեջանցի զինծառայողի դիակը ստանալու համար Ադրբեջանը պետք է դիմի համապատասխան միջազգային կառույցներին: Բայց սրանք, Ա.Կասպրչիկի գլխավորությամբ, ճգնաժամային մոնիտորինգ անցկացնելու փոխարեն զբաղված են կողմերի փոխբացասող վարկածների վերլուծությամբ:

Այս ամենը ցույց է տալիս, որ եթե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո ԵԱՀԿ-ի ստեղծած ներկա մոնիտորինգի մեխանիզմի փոխարեն գործեն նույն կազմակերպության դիտորդական ու խաղաղապահ առաքելությունները, ապա հայկական կողմը բոլորովին էլ ապահովագրված չի լինելու Ադրբեջանի նորանոր սադրանքներից: Ավելի լավ է ունենալ սեփական, վստահելի եւ ամուր պաշտպանական համակարգ, քան հայտնվել ուխտադրուժ հակառակորդի եւ անտարբեր ու որոշակի հաշվարկներով առաջնորդվող խաղաղապահների ու դիտորդների արանքում:

Վերջին միջադեպը ցույց է տալիս նաեւ, որ Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման մասին նախորդ ամիսներին լռություն պահպանող Բաքուն վերստին անցել է պատերազմական շանտաժի դիմելու գործելակերպին: Ընդ որում, նման գործողության համար մեղքը իր վրայից «սրբելու» նպատակով ադրբեջանական քարոզչությունը վերստին սկսել է խաղարկել ռուս-վրացական պատերազմից հետո միջազգային հանրության կողմից սուր եւ ցավոտ ընկալվող «ռուսական վտանգի» մասին առասպելը:

Հարց է առաջանում. եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ են Ադրբեջանի հատուկ ջոկատայինները հարձակում կազմակերպում հայկական դիրքերի վրա եւ վերջում այդ ամենը վերագրում «հերոսացած» դասալիքների ինքնագործունեությանը: Եթե դա նույնպես Մոսկվայի պատվիրած սադրանքների արդյունքն է, ապա մնում է միայն պարզել, թե հակամարտության կողմերից ո՞րն է հայտնվել պատերազմական սադրանքների կիզակետում եւ ո՞վ է կանգնած նրա թիկունքին՝ Ռուսաստանը, թե՞ մեկ այլ երկիր: