- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Վերջապես հասկանանք, որ ԼՂԻՄ-ը գոյություն չունի

«Երկիր» շաբաթաթերթ, 10 նոյեմբերի, 2008

Քաղաքի կենտրոնում պատռտված կամ նախշված աֆիշային պաստառներ տեսնելը սովորական երեւույթ է դարձել: Այս գլուխգործոցները հիմնականում էմոցիոնալ եւ անհավասարակշիռ մարդկանց ձեռագիր ունեն, ինչը ոչ միայն չի բավարարում մյուս անցորդների գեղագիտական պահանջները, այլեւ նյարդայնացնում է: Բայց, ինչպես միշտ, բացառություններ լինում են: Օպերայի շրջակայքում տեղադրված արեւելյան մարտարվեստի համահայկական մրցույթի մասին աֆիշի վրա պատկերված էր Հայաստանի եւ արդեն պատմություն դարձած Լեռնային Ղարաբաղի ինքավար մարզի (ԼՂԻՄ) քարտեզը: Եվ ուրախալին այն է, որ ինչ-որ խելացի ու տեղեկացված անցորդ սեւ մատիտով ուղղել էր սխալը` ԼՂՀ-ն ամբողջացնելով ազատագրված տարածքներով:
Թերեւս բացառիկ երեւույթ է, երբ մարդն իր հայրենիքի սահմանները կրճատում է, աղավաղում: Սովորաբար հակառակն են անում մյուս ազգերը, հենց թեկուզ մեր թշնամի ադրբեջանցիներն իրենց «հայրենիքի» մաս են համարում ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը:
Հեռուստացույց ես նայում ու ոչ մի դեպքում իրական պատկերը չես տեսնում: Գովազդներն իրենց հերթին (օրինակ` «Նորք» հեռախոսակապի), եղանակի տեսության հաղորդումներն էլ իրենց հերթին գծագրում են անկլավային եւ Հայաստանի հետ սահման չունեցող ԼՂ-ն, որն այլեւս գոյություն չունի: «Արդեն չորս ամիս է, մենք կռիվ ենք տալիս, որ եղանակի տեսության ժամանակ այդ քարտեզը ցույց չտան»,- դեռեւս օգոստոս ամսին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը խոսեց սխալ քարտեզի ցուցադրման դեմ մղվող իրենց պայքարի մասին. «Զանգել եմ «Meteo TV», վերցրել է Վախթանգ անունով մի տղա, ասում եմ. «Խնդրում եմ… Ճիշտ չէ այդ քարտեզը, չի համապատասխանում իրականությանը», նա էլ ասում է. «Իսկ ի՞նչ փաստաթուղթ կարող եք ցույց տալ, որ դա ձերն է»:
Դե նման պատասխանը ոչ միայն սարսափելի է, այլեւ, մեղմ ասած, վիրավորական` հատկապես այդ հողերը փրկած մեր ազատամարտիկների համար: Շատ հետաքրքիր է, թե իրական սահմանները ներկայացնելու համար փաստաթուղթ պահանջող «Meteo TV»-ին այդ ի՞նչ փաստաթղթի հիման վրա է ԼՂԻՄ-ի սահմաններով ԼՂՀ ցույց տալիս: Բայց այնուամենայնիվ` Դ. Բաբայանը «Meteo TV» է ուղարկել ԼՂՀ Սահմանադրությունը, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը եւ քարտեզը: Իսկ արդյունքում` ոչինչ:
Պետք է նշել, որ այս խնդիրը միայն հեռուստատեսության դեպքում չէ, որ նկատելի է: Սխալ քարտեզ տպագրում է նաեւ «Հայք» օրաթերթը: Եվ անհասկանալի է` այս ամենը արդյունք է տգիտությա՞ն, թե՞ ապազգայնության:
Ըստ աշխարհագրական գիտությունների պրոֆեսոր, ակադեմիկոս Լեմվել Վալեսյանի` ժողովրդի կողմից Արցախի սահմանների անկլավային ընկալումը պատմականորեն հիմնավորված է, թեեւ այսօրվա իրականությանը չի համապատասխանում. «Խոսքը վերաբերում է ԼՂԻՄ-ին, որը Խորհրդային Ադրբեջանի կազմում իսկապես անկլավային տարածք էր»: Դավիթ Բաբայանի կարծիքով` սա տեղեկատվական քաղաքականության արդյունք է. «Տարիներ շարունակ մեզ ցույց էին տալիս, մեր գլուխն էին մտցնում, որ ԼՂ-ը ԼՂԻՄ-ի տարածքն է: Նույնիսկ, երբ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղը` որպես ինքնավար միավոր, կոչվել է Ինքնավար Մարզ Լեռնային Ղարաբաղի (ԻՄԼՂ), եւ ոչ թե ԼՂԻՄ: Թվում է, թե տարբերություն չկա, բայց տարբերությունը շատ խորն է: ԻՄԼՂ-ն նշանակում է, որ կա առնվազն երկու Ղարաբաղ` մեկը` ինքնավար մարզն է, մեկն` այլ: Հետո հասկացել են, որ այդպես վատ է, դարձրել են ԼՂԻՄ` մեր գլխի մեջ գցելով մի շատ վտանգավոր երեւույթ` որ ԼՂ-ն ինքնավար մարզ է: Սա դասական տեխնոլոգիա է, որ փորձարկվել է մեզ վրա»:
Փաստը մնում է փաստ, որ «դասական տեխնոլոգիայի մեզ վրա փորձարկումը» հաջող արդյունք է տվել: Հարց է առաջանում, թե ինչպես պետք է մարդկանց ուղեղներում սահմանների ուրվագծային ընկալումը փոխել, եթե սխալը չի ուղղվում եւ խնդիրը շարունակվում է անտարբերության մատնված մնալ:
Վերջերս բախտ ունեցա 9-րդ դասարանցի բարեկամիս օգնել «Հայաստանի աշխարհագրություն» առարկայի դասը սովորել: Նա մի քիչ դժվարանում էր հիշել, թե որ մարզը որ պետության հետ է սահմանակից ու փորձեցինք վարժություններ անել: Երբ հարցրի, թե Սյունիքի մարզը ո՞ր պետություններին է սահմանակից, պատասխանեց. «Արեւմուտքից ու արեւելքից Ադրբեջանին, իսկ հարավից` Իրանին»: Երեւի զարմացած դեմքս տեսավ ու շարունակեց բացատրել. «Արեւմուտքում Նախիջեւանն է, արեւելքում` Ադրբեջանը. ճիշտ եմ ասում»: «Իսկ մեր Արցա՞խը» հարցը նրան հանկարծ հիշեցրեց, որ իսկապես պիտի որ տեղանքում Արցախն էլ լինի, բացեց գիրքը, մի քանի էջ այս կողմ այն կողմ տարավ ու եզրակացրեց, որ Սյունիքը մի քիչ էլ Ղարաբաղին է սահմանակից: Ավելի ցավալի է այն, որ երբ պատահական ընտրությամբ հարցնում էինք այլ դպրոցականների եւս, միայն սխալ պատասխաններ էինք լսում, բացառությամբ` մեկ-երկու հոգու:
«Հայաստանի աշխարհագրություն» առարկայի դպրոցական դասագրքում նույնպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզը ներկայացված է առանց ազատագրված տարածքների, ինչի արդյունքում երեխաները շփոթության մեջ են ընկնում, ստանում ոչ ճիշտ ինֆորմացիա: Իհարկե այստեղ կարեւոր է նաեւ բարեխիղճ, գիտակ ուսուցչի եւ ուշիմ աշակերտի գործոնը:
Անցյալ տարի Հայկական աշխարհագրական ընկերության նախագահ Լ. Վալեսյանի գլխավորությամբ հրատարակվել է Հայաստանի ատլասի առաջին մասը, որտեղ ԼՂՀ-ն ներկայացված է ներկայիս իրականությանը համապատասխանող սահմաններով. «ԼՂՀ օրենսդրությամբ պետական սահմանները սրանք են, մենք ուրիշ սահման ցույց տալու հիմք չունեինք. մեր տվածը պետք է գիտականորեն հիմնավորված լինի: Ատլասի ներածության մեջ դա հիմնավորված է. «Այժմ պատմական Հայաստանի ընդամենը տասը տոկոս կազմող տարածքի վրա գոյություն ունի երկու հայկական պետություն` միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը եւ «դե ֆակտո» կայացած, բայց դեռեւս միջազգային ճանաչում չստացած ԼՂՀ-ը»»,- նշեց ակադեմիկոս Լ. Վալեսյանը, ով դպրոցական դասագրքի հեղինակներից մեկն է, եւ այն հարցին, թե ինչու՞ ներկայումս գործածվող դպրոցական դասագրքում ԼՂՀ-ի ոչ ճիշտ քարտեզն է դրված, պատասխանեց. «Այս դասագիրքը լույս է տեսել 1999 թվականին: Այսպես հստակ ձեւակերպում այն ժամանակ չտվեցինք ոչ թե այն պատճառով, որ չէինք ցանկանում, այլ սահմանումները չկային. սա մեզ մոտ ավելի ուշ հասունացավ»:
Լ. Վալեսյանն ասաց նաեւ, որ մյուս ուսումնական տարվանից շրջանառության մեջ կդրվի նոր դասագիրքը, որտեղ պատկերված կլինի ճիշտ քարտեզը: Եվ, ի ուրախություն մեզ, ԿԳՆ Կրթական ազգային ինստիտուտի հանրակրթության կառավարման եւ բովանդակային նորմատիվների մշակման բաժնի վարիչ Արմեն Հովսեփյանից տեղեկացանք, որ շուտով դպրոցներին տրվելու են պատի քարտեզներ, որոնցում ներկայացված են ԼՂՀ-ի ներկայիս իրականությանը համապատասպանող սահմանները:

Աստղիկ Կարապետյան