- Activities of "Ararat" Center - http://blog.ararat-center.org -

Հայկ. երգերը՝ բռնի կրոնափոխված համշենցիների ինքնության հիշողության դրսևորում (մաս երկրորդ)

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ` ԲՌՆԻ ԿՐՈՆԱՓՈԽՎԱԾ ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

Սահակյան Լուսինե, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ

Սկիզբը առաջին մասում

«Գասթէվի թա համշէցնօուն[49] ավալուբաբիյէ Իսացան հէդէվ 780 դաին Անադօլուց էգաց, Սէվ ձօվուն վէթու ջօթին սարօուն նէսթաձ ին: Ձիյափ շինաձ ունին, օնունը մէձվօրին օնունը թիյաձ` Համամաշէն ասթաձ ունին, ասօր Հէմշին ա: Սարօուն մեձին Խաչի Քար ասթաձ ունին, ասօր Քաչքար ա:

Գասին թա համշէցնօուն ավալուբաբիյէ` Ամաթունիքը, Անադօլուսիվա էմմէնու առաջ էգօղ խիրիսթիյան թուրք ին: Էրմէնէսթանուն հէդէ թէրգէցութին աղաձ ունին, գէսէ Էրմէնէսթանուն լիզուն սօրվաձ ա, ուինցը համշէցի աստաձ ունին, լիզվէնուն ալ համշէցնագ[50]: Հէդէվ թուրքնու Անադօլուզ առաձ ունի մուսլիման աղաձ ին:

Գասին թա համշէցնօուն ավալուբաբիյէ` Ամատունիքը, Անադօլուից … Սէվ ձօվուն վէթու ջօթէ էգօղ, անդաղ դուն-թուր շինօղ, անդաղ աբրօղ էրմէնի ին: Հէդէվ գէսը Սէվ ձօվուն էնթու ջօթնիյուզ քէնաաձ ին, Անադօլու գինօղնիյէ թուրք ու մուսլիման աղաձ ին: Ասօր Խօփաի համշէցիքը համշէցնագ խաբրէլ գաին, մէգալօքը համշէցնագ խաբրէլ չի գաին: Համշէցնօուն Սէվ ձօվուն էնթու ջօթին աղբէրդաքը խիրիսթիյան ին, ինքնուինցը մէգ համշէցի հայ իք գասին:

Գասին թա համշէցիքը թադան ին, լէրէնցի ին, սօյ ին …

Գասին թա իսպան ա, գասին թա իման ա …»

«Ասվում է (պատմվում է), թե համշենցիների նախապապերը Հիսուսից հետո 780 թվականին Անատոլիայից եկել են Սև ծովի վերի ծայրը նստել (բնակություն հաստատել): Քաղաք[51] են կառուցել, անունը դրել են մեծավորի անունը, Համամաշեն են ասել, այսօր Համշեն է: Սարերից մեծին Խաչի Քար են ասել, այսօր Քաչքար է:

Ասում են, թե համշենցիների նախապապերը` Ամատունիները, ամենից առաջ Անատոլիա եկած քրիստոնյա թուրք են: Հայաստանի հետ դրկիցություն (հարևանություն) են արել, կեսը Հայաստանի լեզուն սովորել է, իրենց համշենցի են ասել, լեզվին էլ` համշեցնակ: Հետո թուրքը, որ Անատոլիան գրավել է, մուսուլման են դարձել:

Ասում են, թե համշենցիների նախապապերը` Ամատունիները, Անատոլիայից … Սև ծովի վերին ծայրը եկող, այնտեղ տուն-տեղ շինող, այնտեղ ապրող հայ են: Հետո կեսը Սև ծովի այն (դիմացի) կողմն է գնացել, Անատոլիա մնացողները թուրք ու մուսուլման են դարձել: Այսօր Խոփայի համշենցիները կարողանում են համշեցնակ խոսել, մեկելները համշեցնակ խոսել չեն կարողանում: Համշենցիների` Սև ծովի այն կողմի եղբայրները քրիստոնյա են, իրենք իրենց ասում են. «Մենք համշենցի հայ ենք»:

Ասում են, թե համշենցիները աշխատասեր են, լեռնեցի են, լավ են …

Ասում են, թե այսպես է, ասում են, թե այնպես է …»:

Բերված լեզվական փաստերը ցույց են տալիս, որ Խոփայի համշենցիների բարբառն այսօր էլ կենսունակ է. համշենցիները շարունակում են նրանով խոսել, պատմություններ և երգեր հյուսել:

Բացառիկ արժեք ներկայացնող երգերի շարքում տեղ են գտել համշենցիների այն խաղիկները, որոնք արդեն երիտասարդ սերունդն աստիճանաբար մոռացության է մատնել: Դրանք հիմնականում գրանցված են Արդալա, Արդանուչ, Մաքրիալ, Ձարղինա, Խիգո, Զուրփիջի, Չավուշլու, Չխալա, Զալունա, Խալբասի, Քյոփրիջի բնակավայրերից: Իրենց տաղաչափությամբ ու բովանդակությամբ այդ երգերը հիշեցնում են հայկական քառատող քնարական երգերը՝ խաղիկները: Դրանցում հիմնականում և անմիջականորեն դրսևորվում են հերոսի անձնական զգացումները, մեծ տեղ է գրավում սիրո թեման:

Ներկայացնում ենք Խոփայի համշենցիների մի քանի երգեր՝ բարբառով և զուգահեռ գրական հայերեն մեր թարգմանությամբ:

ՀԱՄՇԷՑՈՒ ԽԱՂ

Համշէցի

ՔԻՄԱՆԱ՞Ք ԹԱ, ՀՕԶԱ ԻՔ

Մէգ քէդի մէ ջօթին իք, մէգ արդի մէ նապրին,

Մէգ սարի մէ քէլխին իք, մէգ լէրի մէ փօսին,

Ցէն ցքիք ուք, գօնչիք ուք, խօսիք ուք,

Մարիգ, դադիգ, քուրիգ, յարիգ,

Դուն ունիք, թուր ունիք, փօն ունիք,

Ձօվ ունիք, սար ունիք, լէր ունիք,

Սէրդօուզ սէրդէրդիյուզ ջօմփա ունիք:

ԳԻՏԵ՞Ք, ԱՅՍՏԵՂ ԵՆՔ
Մենք մի գետի եզրին ենք, մեկ արտի ծայրին,

Մենք մի սարի գլխին ենք, մեկ լեռան հարթավայրում,

Ձայն ենք տալիս, երգում ենք, խոսում,

Մայրիկ, հայրիկ, քույրիկ, յարիգ,

Տուն ու տեղ ունենք, գործ ունենք,

Ծով ունենք, սար ունենք, լեռ ունենք,

Մեր սրտերից ձեր սրտերը ճամփա ունենք:

ՄԱ՛Ա, ԱԱՔԱ՛Գ, ՄԱ՛Ա ՄԱ՛ՅՐ ՄՏԻՐ, ԱՐԵԳԱ՛Կ, ՄԱ՛ՅՐ ՄՏԻՐ

Մա՛ա, աաքա՛գ, մա՛ա, Մա՛յր մտիր, արեգա՛կ, մա՛յր մտիր,

Գունգի մի ձօվուդ վաան, Մի կանգնիր ծովիդ վրա,

Հաքվան հէդէթ էգօղ ում, Առավոտյան հետդ գալու եմ,

Գունգաձ իմ խաբրիզ[52] վաան, Ես իմ խոսքիս տերն եմ:

Աաքագը շադ փարցն ա, Արեգակը շատ բարձր է,

Զաթէ մաիր օչ, գասիմ, Ասում եմ, թող բոլորովին մայր չմտնի,

Իսա դայիս ինչուգ աշուն, Այս տարի մինչև աշուն,

Զաթէ օսնիր օչ, գասիմ: Ասում եմ, թող բոլորովին չանցնի:

Յէ՛[53] մար, ձաղը[54] քաղէցի, Մա՛յր, եգիպտացորենի տերևը քաղեցի,

Գօթէջաքէ վօ՞վ ժօղվա, Ցողունները ո՞վ ժողովի,

Յէ՛ մար, սօղէ[55] գարքօղ էս, Մա՛յր, ի վերջո, ամուսնացնելու ես,

Ինչուգ աշուն ալ բաա: Մինչև աշուն էլ պահիր:

ԱՍԱ՛, ՕՆԴԷՐ, ԱՍԱ՛ ԱՍԱ՛, ԱՆՏԵՐ, ԱՍԱ՛

Ասա՛ օնդէր, ասա՛, քու դարդըդ շադ ա, Ասա, անտեր, ասա, քո դարդը շատ է,

Բազի բիր քալէ գուս օղն ի վէր փադա, Երբեմն քայլում ես բլուրն ի վեր փայտի,

Քա՛, քու հագուդ գաբան[56] մերաքլի[57] խադա[58] Քու հագիդ կապան` հետաքրքիր ծալերով,

Բազի բիր քալէ գուս սարն ի վէր փադա, Հաճախ քայլում ես սարնիվեր փայտի,

Քաուն քա, օղնուքէ կուկուն գօնչա գու[59], Գարուն կգա, բլուրներում կկուն կկանչի

Աղչկէնին քալի գուն արդն ի վէր թօրխա[60], Աղջիկները քայլում են արտնիվեր` թորխ անելու

Օմար քա լէրնուքէ ձաղիգ ձաղգի գու, Ամառ կգա, լեռներում ծաղիկ կծաղկի,

Բարվէնին քալի գուն փօսնինէ[61] չուրա: Պառավները գնում են ջրի:

Ջօմէին օղնինէ լալօվ քալէցէր, Ժամի բլուրից լալով քայլեցիր,

Քա՛, քօլէցէր ինձի, թուն ալ աէցար Աղջի՛, վառեցիր ինձ, դու էլ այրվեցիր

Մաքրիյալ փօսնինէ լալով քալէցէր, Մաքրիյալի հարթավայրով լալով քայլէցիր,

Քա՛, քօլէցէր ինձի, թուն ալ աէցար, Աղջի՛, վառեցիր ինձ, դու էլ այրվեցիր,

Էրգինքուցէ աաքագէդ ինձ ամա, Երկնքից արեգակ ես դու ինձ համար,

Իգվան աղավ, մաէցար ու յէդ անցար, Երեկո եղավ, մայր մտար ու կորար (անցար)

Պարցէ սարի ձաղիգէդ թուն ինձ ամա, Բարձր սարի ծաղիկ ես ինձ համար,

Աղիմ էէդ աէցար ու բօբգցար: Եղյամ էիր, վառվեցիր ու մրմռացիր:

Ֆադի՛, քա օդքինդ փօթին նաղ աղավ, Ֆադի՛, քո ոտքի կոշիկը նեղ եղավ,

Քու մարին քօվուշէ սըյդիս խօչ[62] աղավ, Քո մոր ողբը սրտիս խաչ եղավ,

Ֆադի[63], ցէ թերանէ մէձ հարսնիք աղավ, Ֆադի՛, ձեր դռանը մեծ հարսանիք եղավ,

Քո մարին քօվուշէ սէրդիս խօչ աղավ, Քո մոր ողբը սրտիս խաչ եղավ,

Զէնդիդէ[64] քէզի ամա քիլիսէ աղավ, Զենդիդը քեզ համար եկեղեցի եղավ,

Զուրփիջին[65] խէչէցավ ձօվուն չայէ ինչավ, Զուրփիջին փլվեց ծովի ծայրն իջավ,

Արդալան[66] խէչէցավ ձօվուն չայէ ինչավ, Արդալան փլվեց, ծովի ծայրն իջավ,

Ֆադի՛, իսա աշխարհէս մէզի զօր աղավ: Ֆադի՛, այս աշխարհը մեզ դժվար եղավ:

Երգում թեև կան մի քանի թուրքերեն բառեր, բայց գերակշռողը հայերենն է` Խոփայի խոսվածքը: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում երգի թե՛ բառապաշարը, և թե՛ բարբառի ինքնատիպ քերականական ձևերը: Այս երգի մեջ հատկապես ուշադրության են արժանի «քիլիսե» (եկեղեցի), «խոչ» (խաչ), «խեչեցավ» բառերը. դրանք լեզվական փաստեր են, որոնք հիշեցնում են մահմեդականացված համշենցիների նախկին հավատը:

Այսպես` «խօչ»-ը խաչ բառի հնչյունափոխված ձևն է, այն կրել է Համշենի բարբառին բնորոշ բառամիջի ա>օ հնչյունափոխությունը: Ըստ Հ. Աճառյանի` «խաչ» նախապես նշանակում էր «սրածայր փայտ, ցից, յետնաբար` խաչ» … դասում է բնիկ հայկական բառերի շարքին` «ճիւղ ծառոյ, որ իցէ բուսեալ երկայն և ուղիղ»: Համշենի բարբառում «խաչ» նշանակում է նաև «եկեղեցի»[67]: Հ. Աճառյանը «խոչ» բառհոդվածի դիմաց գրում է «ոտքին զարնելու քար, փայտ, ցից, աչքի փուշ, արգելք»: Այստեղից էլ խոչընդոտն, անխոչ «անարգել», «խոչառ լինել` անասունների ոտքը բան մտնելով կամ վնասելով` կաղ ի կաղ քայլել»: «Ծագմամբ նույն է խէչ, խաչ բառերի հետ` որոնց բուն նշանակությունն է «փայտ, ցից»: Խոտորջրի բարբառում` խօչ «անպէտք փոքր փայտի կտոր»[68]: Կրոնափոխ համշենցիները, պահպանելով այս բառը, այսօր այն օգտագործում են «սրածայր ոստ» իմաստով: Ըստ երեևույթին «խեչեցավ» բառի հիմքում ևս ընկած է խաչ>խեչ բառը:

Խաչի հետ կապված մինչև այսօր հետաքրքիր մի արարողություն են պահպանել կրոնափոխ համշենցիները: Մի համշենցու վկայությամբ` հարսանիքից հետո տուն մտնելիս փեսան դռան վերևը դանակով խաչ է գծում, կամ խաչը խորհրդանշող չորս խազ է անում[69]:

Այս երգի մեկ այլ` ավելի համառոտ տարբերակ 1991թ. «Փյունիկ» թերթում հրատարակել է Ս. Վարդանյանը: Այն 1978թ. ձայնագրվել է Խոփայի Չավուշլու գյուղում: Ձայնագրությունը Ս. Վարդանյանը ձեռք է բերել Ղրղըզստանում` 1984-ին[70]:

Ցունէ էյէվ փէռնէց չամի դալինէ,

Էրօնդ ախչիգ դէսա լէռնան քալինէ:

Ալի քաուն կուքա, թօրխ ընօղ չէս թա,

Փէրգը ափթ առնօղ ու մօն թառնօղ չէս թա:

Ինձի ալ քօլէցէր, թուն ալ աէցար,

Ջէռնալին[71] օղնիվէր լալօվ նէն օնցար:

Ասա, բիձիգ, ասա, քո դարդըդ շադ ա,

Բազի բիր քալէս կու արդնիվէր փադա:

«Վովայի» երգերի թարգմանության շարունակությունը՝

ՆԷՆՆԻ, ՆԷՆՆԻ ՆԵՆՆԻ, ՆԵՆՆԻ

Նէննի, նէննի, աման, աման, Նեննի, նեննի, աման, աման,

Ձէվաղնէցան[72] փադ այի, Ծիվաղենուց վառելափայտ պատրաստեցի,

Նէննի, նէննի յար, Նեննի, նեննի յար,

Շալագէ թէնէլ չկարցի, Շալակը դնել չկարողացա,

Նէննի, նէննի, աման, աման, Նեննի, նեննի , աման, աման,

Օնդէր իսա աշխարիս, Այս անտեր աշխարհումս,

Նէննի, նէննի յար, Նեննի, նեննի յար,

Հազ աի, առնուլ չկարցի: Սիրեցի, առնել չկարողացա:

Ինա էնթու փօսիյէ, Այնտեղի հարթավայրում

Սարի ձաղիգ ձաղաձ ա, Սարի ծաղիկ է ծաղկել,

Իսա դայի, օֆ, քաշէլօվ Այս տարի, օֆ, քաշելով

Սրդիս աղուն գալվաձ ա: Սրտիս արյուն է կապվել:

Յես էրթօղ ում, էրթօղ ում, Ես գնալու եմ, գնալու եմ,

Գավուրէ[73] նէն ասնօղ ում, Գավուրից այն կողմ եմ անցնելու,

Դա՛[74], քէզի թա առնում օ՛չ, Տղա, եթե քեզ չառնեմ,

Յես ինձի ձօվէ ցքօղ ում: Ես ինձ ծովը կգցեմ:

ՀէՅ ԴԱՆէ ՀԵՅ ԴԱՆԵ

Մօմի քապչին[75] ունիս թա, Մամի, անձրուկ ունե՞ս,

Քօղքիդ աղչիգ ունիս թա, Կողքիդ աղջիկ ունե՞ս,

Քէզի էնիշթա գէլլիմ, Քեզ փեսա կլինեմ,

Գաղին, գագալ ունիս թա: Կաղին, ընկույզ ունե՞ս:

ԿՈՒԿՈՒՆ ԿՈՒԿԱ, ԳՕՆՉԱ ԳՈՒ ԿԿՈՒՆ ԿԳԱ, ԿԿԱՆՉԻ

Կուկուն կուկա գօնչա գու, Կկուն կգա, կկանչի,

Ալիմին քէլօխն ի վար, Ալիմի գլխին,

Ասպաձ գէրագէ դա թօղ Աստված կրակ թող տա

Յազիջի քէլօխթիվար: Գրագրի գլխին:

Մադմանէդ մօնա, մօնա, Իլիկդ մանիր, մանիր,

Բիթուն քու մօէ փօն ա, Բոլորը քո մոր գործն է,

Քա՛[76], թուն ինձի քօլէցէր, Աղչի՛, դու ինձ վառեցիր,

Քեզի ալ Ասպաձ քօլա: Քեզ էլ թող Աստված վառի:

Դա՛, մալիյէդ հէյ աա, Տղա՛, ոչխարներդ հեռու քշի,

Գօբալախէ փէի գում, Ես մահակը կբերեմ,

Դա՛, թուն մի թա խէնդաս օչ, Տղա՛, ինչո՞ւ չես ուրախանում,

Յէս Խարխանըն ժէմնի գում: Ես Խարխանում կհասնեմ քեզ:

Քա՛, քու բաբէ քօրցա գու[77], Քա՛, քո պապը գործում է,

Ուրբաթ օրիյէ բէլչաղ[78], Ուրբաթ օրերը սանձի փոկեր,

Քա՛, թուն մի թա խէնդաս օչ, Ինչո՞ւ դու չես ուրախանում,

Նէշանլու էս թա գերչաղ[79]: Նշանվելու ես, իսկապես:

ԷՐԱՆԴ ԳԵՂԵՑԻԿ

Քա՛, աշուն ու քա անա, Քա՛, աշունը, որ գա

Դօնզէցան խավաղ քաղա, Տանձենուց խաղող քաղի,

Քա՛, յէս քէզի առնօղ չիմ, Աղչի՛, ես քեզ առնող չեմ,

Իսթարսէն վէվէր խաղա: Ինչքան ուզում ես վերվերի պարիր:

ԷԼԼԱ, ԷԼԼԱ ԵՂԱ, ԵՂԱ

Էլլա, Էլլա, մէց էլլա, Ալլահ, ալլահ մեծ ալլահ,

Էնթու քաղէ վի յէլլա, Այն գյուղը վեր ելա,

Էնթու քաղին աղչքէնին, յար, Այն գյուղի աղջիկներին, յար

Ասթի քաղսիյուզ յալլա: Ասացի` իմ գյուղից գնացեք:

Լուսնիկա էրանդ քիշէր, Լուսնկա սիրուն գիշեր,

Հա՛յդէ, էրթագ աս քիշէր, Հայդե, երթանք այս գիշեր,

Հէդէվ չախ ցէմէռ գէլլի, Հետո անձրևոտ ձմեռ կլինի

Վի՛ յէլ, էրթագ աս քիշէր: Վե՛ր ել, երթանք այս գիշեր:

Այէ՛, գարմիլիգ, այէ՛, Արի՛, կարմրիկս, արի՛,

Մօդինիդ ալ առ, այէ՛, Կողքինիդ էլ առ, արի՛,

Մօդինէդ, քա, օչ անա, Կողքինդ, եթե չգա,

Ջութ մէ խավաղ ա՛ռ, այէ: Մի ճութ խաղող ա՛ռ, արի:

Ջօվէլէին օղնուքէ, Ջովելեի բլուրները,

Քուքուլի իմ, քուքուլի, Կռունկ եմ, կռունկ,

Դէվէք ինձի իմ սէվդան, Տվեք ինձ իմ սիրելիին,

Յէս ալ Ասթէձուն քուլի: Ես էլ Աստծուն ծառա:

Բարբառյաին այս փաստերն արժեքավոր նյութ կարող են մատուցել ոչ միայն հայ բանահյուսությանը, այլև բարբառագիտությանը: Դրանց միջոցով կարելի է պարզել կրոնափոխ համշենցիների և Սև ծովի հյուսիսային ափերին հաստատված քրիստոնյա համշենահայերի խոսվածքների հնչյունական, քերականական և բառապաշարի ընդհանրությունները, շեղումներն ու տարբերությունները և պատկերացում կազմել նրանց այսօրվա լեզվավիճակի մասին:

Այսպիսով Արդվինի նահանգի Խոպա և Բորչկա գավառների համշենցիների այդ փոքր կղզյակը կարողացել է մինչև օրս թուրքախոս օվկիանում պահպանել հայերենը, թեկուզ և բարբառային տեսքով, որը լավագույն վկայությունն է նրանց հայկական ծագման և ժամանակին հայ ժողովրդի մաս կազմելու մասին:

————–

[49] Համշէցնօուն-նշանակում է համշենցիների, տեքստում տպված է համշեսթանում, ինչը, կարծում ենք, սխալ տառադարձման հետևանք է:

[50] Համշեցնագ(կ)-նշանակում է Համշենի լեզվով, համշեներեն, տեքստում տպված է համշեսթագ, ինչը, կարծում ենք, սխալ տառադարձման արդյունք է:

[51] Թուրքերեն և անգլերեն տեքստերում գրված է համապատասխանաբար şehir, city (քաղաք), իսկ բարբառային տարբերակում` ձիափ, որ նշանակում է շուկա, ծով ափ բառի բարբառային տարբերակն է:

[52] Խաբրիզ-իմ խոսքը, այստեղից էլ` խաբարդաքէ-զրույցները, խոսակցությունները, խարբեցին-խոսեցին (տե՛ս Ձայն համշենական, գիրք երրորդ, էջ 243):

[53] Յէ-ավագին, տարեցին դիմելաձև:

[54] Ձաղ-եգիպտացորենի տերև:

[55] Սօղէ-հետո, ապա, ի վերջո:

[56] Գաբա-կապա-1. շապիկի վրայից և վերարկուի տակից հագնելու երկար զգեստ, պարեգոտ: 2. կնոջ երկար ու լայն զգեստ:

[57] Մերաքլի – անցել է թուրքերենից` «meraklı», թարգմանաբար` «հետաքրքիր»:

[58] Խադ-թուրքերեն «kat», թարգմանաբար` «շերտ, ծալք»:

[59] Գօնչա գու-երգում է, այստեղ` կկանչի:

[60] Թօրխ- թոխր, քլունգի կամ ուրագի նման աշխատանքային գործիք:

[61] Փօս-հարթավայր:

[62] Խօչ-սուր փայտ, ոստ:

[63] Ֆադի-կնոջ անուն:

[64] Զենդիդ-գյուղ Արդվինի նահանգի Խոփա գավառում: Համշենցիներն այս գյուղի մասին ունեն նաև թևավոր խոսք` «Զենդիդէ փարցէ կյաղ ա, Չուրէ հիվանդի թաղ ա» (Զենդիդը բարձր գյուղ է, ջուրը հիվանդի դեղ է): Նմանօրինակ թևավոր խոսքեր տարածված են նաև Հայաստանի մյուս գավառներում` «Ալաշկերտ բարձր տեղ ա, օդ, ջուր հիվանդու դէղ ա», «Արծափը բարձըր գեղ է, ջուրն ալ հիվանդու դեղ է» (Ժողովրդական խաղիկներ, խմբագրեց Մ. Աբեղյան, մասնակի աշխատակցությամբ Կոմիտասի, Երևան, 1940, էջ 161):

[65] Զուրփիջի-գյուղ Արդվինի նահանգի Խոփա գավառում:

[66] Արդալա-գյուղ Արդվինի նահանգի Խոփա գավառում:

[67] Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, հ. 2, Երևան, 1973, էջ 334:

[68] Աճառյան Հ., նույն տեղում, էջ 397:

[69] Տե՛ս Քայել Մարգարօղլու.«Կան համշենցիներ, հատկապես երիտասարդների մեջ, որոնք իրենց բացահայտ հայ են համարում» զրույցը վարեց Ռ. Մելքոնյանը, «Հանրապետական», N 7 (49), Երևան, 2007, էջ 45:

[70] Վարդանյան Ս., Համշենի մուսուլման հայերը, «Փյունիկ», 1991, N 1, տե՛ս նույնը «Իրան- նամէ», 1993, N 4, էջ 13:

[71] Ըստ Ս. Վարդանյանի բանավոր հաղորդման` հիմնականը «ջօմէին» տարբերակն է, բայց երբեմն երգողներն ասում են իրենց գյուղի կամ մեկ այլ տեղանքի անունը:

[72] Ձէվաղնեցան-ծիվաղենի ասում են դափնեկեռասին (թուրք.` քարայեմիշ) :

[73] Գավուր-Գավառ տեղանուն կա Մաքրիալի մոտ:

[74] Դա-դիմելաձև տղային:

[75] Քապչին-անձրուկ (տառեխանմանների կարգին պատկանող ձկնատեսակ):

[76] Քա-դիմելաձև աղջկան:

[77] Այս քառատողը նույնությամբ 1984թ. Ղազախստանի Չիրկինո գյուղում գրառել է Ս. Վարդանյանը, ինչն ապացուցում է, որ չնայած ժամանակային և տարածքային հսկայական տարանջատումներին, Թուրքիայի և Միջին Ասիայի կրոնափոխ համշենցիներն ունեն մշակութային անժխտելի նույնականություն (Տե՛ս «Ձայն համշենական», գիրք 3-րդ, էջ 213):

[78] Բէլչաղ-թուրքերեն «balջak» բառն է, բարբառի ազդեցությամբ`«belջağ», նշանակում է սանձ, երախակալ, դնչակալ, կենդանիների դնչին հագցնելու ցանց:

[79] Գերչաղ-թուրքերեն «gerջek» բառն է, բարբառի ազդեցությամբ` «gerջağ», նշանակում է «իրական», «իսկապես» :