Հռչակագրի ստորագրումը սառեցնում է հակամարտությունը ևս որոշ ժամանակով

Print Print Email Email

Արմեն Այվազյան. «Հռչակագրի ստորագրումը սառեցնում է հակամարտությունը ևս որոշ ժամանակով», 03.նոյեմբերի 2008թ.

Աղբյուրը` Tert.am

«Ընդհանուր առմամբ, այս փուլի համար կարելի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում ստորագրած Հռչակագիրը գնահատել դրական։ Այն ոչինչ չի որոշում, այլ ընդամենն ընդգծում է քաղաքական միջոցներով հակամարտությունը լուծելու մտադրությունը։ Բացի այդ, խոսվում է վստահության ամրապնդման միջոցառումների կիրառման անհրաժեշտության մասին, ինչը ևս պետք է դրական համարել՝ թեև չեմ կարծում, թե դա իրականանալի լինի, որովհետև Ադրբեջանում պետական մակարդակով կազմակերպվող և ուղղորդվող տևական հակահայկական հիստերիայի կասեցումն ամենևին Ի. Ալիևի ծրագրերի մեջ չի մտնում։ Ադրբեջանի համար դա կարող է նշանակել ամբողջ քաղաքականության չափազանց լուրջ վերանայում, որը խիստ անհավանական է»,– երեկ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ու դրա արդյունքում ստորագրված Հռչակագրի մասին Tert.am–ի հետ զրույցում ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը։

Նա կարծիք է հայտնել, որ մոսկովյան Հռչակագրով հակամարտությունը սառեցվում է ևս որոշ ժամանակով, ինչը, գուցե, այսօր դրական է հատկապես Հայաստանի համար։

«Այն Երևանին քաղաքական ճգնաժամային երևույթները հաղթահարելու հնարավորություն և ժամանակ է տալիս։ Միաժամանակ ընդունված փաստաթուղթը որևէ կերպ չի լուծում և չի էլ անդրադառնում հակամարտությունը ծնած խորքային պատճառներին՝ տարածքների խնդրին և Արցախի կարգավիճակին։ Եթե անգամ բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել բանավոր ինչ-ինչ պայմանավորվածություններ, որոնց մասին մենք տեղյակ չենք, չեմ կարծում, թե դրանք խիստ կարևոր ու վճռորոշ նշանակություն ունենան։ Ամեն դեպքում, պետք է գնահատենք իրավիճակն այնպես, ինչպես այն կար վերջին 1,5 տասնամյակի ընթացքում՝ հակամարտությունը սառեցված է, այն գրեթե հնարավոր չէ լուծել բանակցությունների միջոցով՝ քանի դեռ Ադրբեջանը բացարձակ անզիջող մոտեցում է որդեգրել կարգավիճակի և տարածքային խնդիրների մասին»,– հավելել է քաղաքագիտության դոկտորը։

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավարի խոսքով, հանդիպումը կազմակերպվել ու Հռչակագիրն էլ ստորագրվել է Ռուսաստանի ցանկությամբ և նրա ճնշման տակ։ «Ռուսաստանն այս Հռչակագրով ընդամենը հաստատեց իր դիրքերի ամրապնդումը նախկին Անդրկովկասում և դրանով այսօր սահմանափակվեց։ Դրանից ավելիին այս պահի դրությամբ Ռուսաստանն էլ չէր կարող հասնել, որովհետև կողմերի դիրքորոշումները սկզբունքորեն տարբեր են», – նշել է Արմեն Այվազյանը։

Նա շեշտել է իր համոզմունքը, թե հակամարտությունը չի լուծվել և չի էլ կարող լուծվել այն ձևով, ինչպես առաջարկում են Մինսկի խմբի համանախագահները։ «Այսինքն, ազատագրված տարածքի հանձնումը չի կարող հակամարտության լուծում լինել, այն ընդամենը կարող է թուլացնել հայկական կողմի ռազմական անվտանգությունը, իջեցնել այդ անվտանգության մակարդակը և ապագայում Ադրբեջանին հնարավորություն տալ ավելի հարմար դիրքերից սկսել նոր պատերազմ։ Իմ կարծիքով, տարածքների հանձնումը խաղաղության ճանապարհ չէ»,– ընդգծել է քաղաքական գիտությունների դոկտորը։

Ղարաբաղյան խնդրի կարգավորման ճանապարհը, նրա մատնանշմամբ, հետևյալն է. «Հակամարտության խաղաղ լուծման միակ հնարավորությունն այսօրվա իրավիճակի՝ ստատուս քվոյի իրավական ամրապնդումն է համապատասխան միջպետական պայմանագրերով և փաստաթղթերով։ Ստատուս-քվոյի հետ հաշտվելն իսկապես կարող է երկարատև անվտանգության երաշխիքներ տալ բոլոր կաղմերին՝ ապահովելով ամբողջ տարածաշրջանի տնտեսական ինտեգրացիան ու համաչափ զարգացումը։ Մնացած լուծումները, նախատեսելով տարածքի հանձնում Ադրբեջանին, կարող են խախտել տարածաշրջանում ստեղծված հավասրակշռությունը և մոտեցնել պատերազմը»։

3 responses so far

3 Responses to “Հռչակագրի ստորագրումը սառեցնում է հակամարտությունը ևս որոշ ժամանակով”

  1. gerason 03 Nov 2008 at 1:47 pm

    В первые Сержу Саргсяну можно давать удовлетворенную оценку.

  2. Tinaon 01 Dec 2008 at 3:24 pm

    No comment

  3. Մախլուտոon 23 Jan 2009 at 3:23 am

    Աստված օգնական, էս հարցերը խաղաղ ճանապարհով լուծենք, որ թուրքի մանչն էլ հայր չկորցնի:

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.