Հայկական երգերը՝ բռնի կրոնափոխված համշենցիների ինքնության հիշողության դրսևորում ( մաս առաջին)

Print Print Email Email

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ` ԲՌՆԻ ԿՐՈՆԱՓՈԽՎԱԾ ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ[1]

Սահակյան Լուսինե, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ

Էթնիկական դիմադրողականության և ինքնապաշտպանության գլխավոր միջոցներից մեկը լեզուն է, որն արտահայտում ու պահպանում է ազգային յուրօրինակությունն ու սահմանները[2]: Լեզվամտածողության, բառապաշարի, բանահյուսության մեջ են ամրագրվում ազգային ինքնության հատկանիշները, տվյալ էթնոսին բնորոշ բազմաթիվ առանձնահատկությունները: Լեզուն է, որ սերունդներին է փոխանցում ազգային մշակույթը, ավանդությունները` կատարելով նաև էթնոտարբերակիչ դեր:

Հին ժամանակներից հայերենի` որպես մայրենի լեզվի, գործածությամբ է որոշվել անհատի պատկանելությունը հայկական էթնոսին: Արդեն իսկ լեզվական ուրույն և համախմբված հանրության գոյությամբ է նաև պայմանավորվում հայերենի` հնդեվրոպական նախալեզվից վաղ զատվելու հանգամանքը[3]: Ինչ վերաբերում է հայերենի` Հայկական լեռնաշխարհի բնիկ լեզու լինելուն, ապա այն բազմաթիվ ուսումնասիրություններով վերջնականապես ապացուցված է[4]:

Լեզուն և ազգային ինքնագիտակցությունը մշտապես գտնվել են սերտ կապի մեջ: Հայոց լեզուն հայերի ազգային ինքնագիտակցության և ինքնության ձևավորման, թերևս, ամենաորոշիչ գործոններից է եղել[5]:

Հայերենն այն բացառիկ լեզուներից է, որ դեռևս հնագույն ժամանակներում ունեցել է բարբառներ, ենթաբարբառներ, խոսվածքներ: Առհասարակ, յուրաքանչյուր բարբառ գրական լեզվի և բարբառի մանր միավորների` տարածքային խոսվածքների հետ ունենում է ակնհայտ ընդհանրություններ, սակայն այն տարբերվում է իր հնչյունական, քերականական ու ոճական առանձնահատկություններով: Հայերենի բարբառների մասին առաջին հիշատակությունները հանդիպում են դեռևս հինգերորդ դարի հայ պատմիչների երկերում[6]: Բայց այդ մասին որոշակի տեղեկություններ ու դիտարկումներ տալիս է VIII ­դա­րի հայ մա­տե­նա­գիր, աստ­վա­ծա­բան, քե­րա­կան ու ե­րա­ժիշտ Ստե­փա­նոս Սյու­նե­ցին. «Եւ դար­ձեալ զքո լե­զո­ւիդ գի­տելն զբո­վան­դակ բառսն զե­զե­րա­կանս, որ­պէս զԿոր­ճայն և զՏա­յե­ցին և զԽու­թա­յինն և զՉոր­րորդ Հա­յե­ցին և զՍպե­րա­ցին և զՍիւ­նին և զԱր­ցա­խայինն. այլ մի՛ միայն զՄի­ջերկ­րեայսն և զՈս­տա­նիկսն, վասն զի պի­տա­նիք այ­սո­քիկ են ի տա­ղա­չա­փու­թեան. այլ և աւգ­տա­կարք ի պատ­մու­թիւնս, զի մի՛ վրի­պես­ցի ա­նըն­դել գո­լով լե­զո­ւացն»: Սյու­նե­ցին որպես հա­յե­րե­նի ե­զե­րա­կան (ծայրամասային) բար­բառներ տա­րանջատում է Կոր­ճայքը, Տայքը, Խութը, Չո­րորդ Հայքը, Սպերը, Սյու­նիքն ու Ար­ցախը[7]:

Հ. Աճառյանի կարծիքով Համշենի բարբառում պահպանվել են գրաբարյան լեզվական շերտեր[8], որոնք էլ վկայում են բարբառի հնագույն լինելու մասին: Այս բարբառով խոսվել է Համշեն գավառում, որը գտնվում էր Սյունեցու հիշատակած Տայք նահանգում: Համշենի հայկական իշխանությունը հիմնվել է VIII դարում Մեծ Հայքի Տայք աշխարհի Խաղտիք գավառում, մի տարածքում, որը համարվում է հայ ժողովրդի կազմավորման օջախներից մեկը[9]:

Համշենի հայկական իշխանության հիմնադիրներ Շապուհ և Համամ Ամատունիները, 789-790թթ. 12 հազար հայ բնակիչներով[10], այլևս չդիմանալով արաբների վարած տնտեսական և իրավական ծանր քաղաքականությանը, հավանաբար Արագածոտն և Կոտայք գավառներից[11] գաղթում են Բյուզանդական կայսրության սահմաններում գտնվող Խաղտիք գավառը և հաստատվում Տամբուր քաղաքում: Համամը վերակառուցում է ավերված քաղաքը` այն անվանելով Համամաշեն[12]:

Կարելի է ենթադրել, որ տեղաբնիկ և վերոնշյալ գաղթած հայերի խոսակցական հայերենների միախառնումից էլ ձևավորվել է Համշենի բարբառը: Լեզվաբան Գ. Ջահուկյանն իր V դարի բարբառների և բարբառախոս վայրերի դասակարգման աղյուսակում 32 բարբառներից որպես Արևմտյան կամ բյուզանդահայ բարբառների 7-րդ ենթաբարբառ առանձնացնում է «Խաղտիքահայ (Ճանիկահայ) (~*Համամշենի>*Համշենի) ենթաբարբառը` «*Ջանիկ, *Զեֆանոս, *Մալա» խոսվածքներով: Գ. Ջահուկյանը նշում է, որ իր առաջադրած բարբառային միավորների անվանումների մեջ հաշվի են առնված աշխարհագրական հին անունները և վարչական հին բաժանումները: Իսկ աստղանիշներն ունեն որոշ պայմանականություն. «որոշ վայրեր V դ. թեև չեն հիշատակված, բայց բացառված չէ նրանց` այդ ժամանակ արդեն գոյություն ունենալու հնարավորությունը»[13]: Այդ պատճառով է, որ լեզվաբանն այս ենթաբարբառն անվանում է «Խաղտիքահայ-Համշենի»:

Օսմանյան լեզվաքաղաքականության միջոցներն ու նպատակները

Յոթը դար գոյատևած Համշենի գրեթե անկախ հայկական իշխանությունը XVI դարում հայտնվում է Օսմանյան կայսրության ենթակայության տակ[14]: 1555թ. Ամասիայում թուրք-պարսկական հաշտության պայմանագրի կնքումից հետո օսմանյան իշխանություններն Արևմտյան Հայաստանի գավառներում սկսեցին իրականացնել բռնի մահմեդականացման քաղաքականու­թյուն՝ բնակչության ըմբոստ ոգին կոտրելու, նոր գրավված այդ երկրամասերը վերջնականապես հպատակեցնելու և յուրացնելու հեռագնա նպատակով:

Այս տարածագոտում կրոնափոխության ալիքները տարբեր դարերում ունեցել են իրենց մակընթացություններն ու տեղատվությունները: Համշենի գավառը մինչև XVIII դարի վերջերը կարողացել է պահպանել իր ազգային դիմագիծը` լեզուն, հավատքը, սովորույթները: Սակայն XVIII դարի առաջին քառորդը Համշենի, Սև գետի (Սյուրմենե) և հարակից գավառների հայության համար մահմեդականացման հզոր ալիքներին դիմագրավելու բուռն ժամանակաշրջան էր: Նրանց մի մասը ստիպված էր ընդունել մահմեդականություն, որոշ դեպքում` առերես: Շատերն էլ դիմել են փախուստի` թաքնվելով Տրապիզոնի և Սամսունի (Ջանիկի) անտառներում ու քարանձավներում: Որոշ հատվածն էլ սփռվել է Ճորոխի ավազանում և Սև ծովի առափնյա շրջաններում: Համշենահայերի բռնի մահմեդականացման քաղաքականության փուլերին, նպատակներին և հետևանքներին մենք անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածում[15]:

Օսմանյան կայսրության ձուլողական քաղաքականությունը ընթանում էր բռնի և տարաբնույթ ձևերով կրոնափոխության, ինչպես նաև լեզվական ասիմիլյացիայի միջոցով: Հասկանալով լեզվի էթնոտարբերակիչ դերը, օսմանյան իշխանությունները խիստ կարևորում էին կայսրության լծի տակ գտնվող ժողովուրդներին թրքախոս դարձնելը` ամբողջականացնելով նրանց ձուլման գործընթացը: Այդ էր պատճառը, որ ուրացյալ հայերին արգելվում էր հայերեն խոսել, հակառակ դեպքում, ինչպես ստորև կտեսնենք, նրանց սպասվում էին ծանր պատիժներ:

Օսմանյան կայսրության այս քաղաքականությունից զերծ չի մնացել նաև հայոց Համշեն գավառը: Ինչպես գրում է Պ. Թումայանցը, մոլլաները, ճնշում գործադրելով, արգելում էին հայերեն խոսել. «Գարատէրէի քանի մը հազար ընտանիքն նոյնպէս և Համշէնի ամենքն ալ մահմեդական եղած և քրիստոնէութեան ամէն նշան կորուսած են. միայն ազգային գաւառական բարբառը իբրև մայրենի սեպհական լեզու զուտ պահած են և ամենն ալ ցարդ կը գործածեն, սակայն այս մասին բաւական նեղութիւն կը կրեն իրենց մոլլաներէն, որոնք տասներկու տարիէն իվեր երբ քանի մէ ընտանիք ասոնցմէ վերստին քրիստոնեայ եղան, հայ լեզուն արգելել կը ջանան և եօթը հայերէն բառը մուսուլմանի մը համար հայհոյութիւն մէ ըսելով` ժողովուրդը կը գաղթակղեցընեն ու կը վախցնեն»[16]: Ս. Հայկունին այս առիթով պատմում է, որ 1840 թ. Համշենում և Սև գետում թուրք մոլլաները դարձյալ մեծ ճնշումներ էին բանեցնում, «որ այլևս հայերէն չխոօսին. «Հայերէն եօթը բառը մի հայհոյութիւն է» ասացին, մօլլաները տնէ տուն մտան, ստիպեցին հայերէն խօսիլն արգիլել, կանայք նեղ մնալով քանի գիւղերից փայտի հարուածներով արտաքսեցին զմօլլաներն, իսկ այր մարդիկ երկիւղ կրելով թէ կոտորած առաջ պիտի գայ, կը հաւաքուին իրենց աղայի մօտ, ուր որոշում կանեն թէ ով որ հայերէն խօսի, իրենց աղային հինգ ոչխար տուգանք տայ»[17]: Մեծանուն հայագետ, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը գրում է, որ Արևմտյան Հայաստանի շատ շրջաններում օսմանյան փաշաների կարգադրությամբ կտրել են հայերեն խոսող հպատակների լեզուն՝ պարտադրելով թուրքերենը[18]:

Էթնոհոգեբան Ա. Նալչաջյանը, տիրապետող էթնոսի` ենթակա էթնոսին ուղղված ձուլման սպառնալիքների և իրական ճնշումների մասին խոսելիս ընդգծում է, որ «գերուժեղ ճնշման արտահայտություններն են` մայրենի լեզուն օգտագործելու և ազգային դպրոցներ հիմնելու վրա դրված արգելքները, սեփական մշակույթից հրաժարվելու պահանջները, կրոնափոխ լինելու պահանջը, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքը և դրա իրագործումը` ընդհուպ մինչև ցեղասպանություն»[19]:

Բազմազգ Օսմանյան կայսրության իշխող շրջանակները շատ լավ էին հասկանում, որ այլազգիների ձուլումը բավականին բարդ գործընթաց է, մանավանդ, որ տիրապետող ազգի և մյուսների միջև գոյություն ուներ, ժամանակակից էթնոհոգեբանության տերմինով ասած, «Էթնիկական անհամատեղելիություն»[20]: Որպես էթնիկական անհամատեղելիության երկու կողմ Ա. Նալչաջյանն առանձնացնում է ժառանգական տարբերություններն ու մշակութային անհամատեղելիությունը[21]: Տվյալ դեպքում` Օսմանյան կայսրությունը շատ լավ ըմբռնում էր, որ այս գործոնները կարող են միշտ վառ պահել իր ենթակայության տակ հայտնված ժողովուրդների ազգային ինքնագիտակցությունը: Ուստի օսմանյան աշխարհաքաղաքական ընկալումներից բացի` այս հանգամանքների վերացմամբ էր պայմանավորված այլազգիների նկատմամբ կայսրության (հետագայում նաև Թուրքիայի Հանրապետության) որդեգրած ձուլման և ոչնչացման քաղաքականությունը:

Մահմեդականացված համշենահայերը նույնպես չխուսափեցին բռնություններից: 19-րդ դարի ամբողջ ընթացքում և 20-րդ դարի սկզբում նրանց հալածում էին հայերեն (Համշենի բարբառով) խոսելու համար: Անգամ իսլամացումը համշենցիներին չէր փրկում ֆիզիկական ոչնչացումից: Քանի դեռ նրանք շարունակում էին խոսել հայերեն, համարվում էին անհուսալի տարր և մշտապես գտնվում էին սպառնալիքի տակ: Ինչպես վկայում է Ղրղըզստանի Կըզլ-Կիյա քաղաքում բնակվող աքսորյալ մահմեդական համշենցի Դուրսուն Կարաբաջակօղլին, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր ազգականները, ցանկանալով հեռու մնալ արհավիրքներից, ընտանիքով որոշում են մեկնել Կոստանդնուպոլիս, բայց նավի վրա հայերեն խոսելու պատճառով թուրքերը նրա ողջ ընտանիքը մորթում են և նետում ծովը: Ըստ Կարաբաջակօղլուի, թեև այդ ժամանակ նա փոքր էր, բայց ինքն ու գյուղի իր հասակակից երեխաները շատ լավ հասկանում էին, որ հայերեն խոսելը վտանգավոր էր, սակայն այլ լեզու չգիտեին[22]:

Նման ճնշումների արդյունքում` հայերենի հաշվին մեծ չափով տարածում գտավ թրքախոսությունը: Թեև Թուրքիայում մնացած համշենահայությունը սկզբնական շրջանում առերես էր ընդունել մահմեդականություն, ցավոք, ժամանակը, ինչպես նաև միջավայրը, ազգային փոքրամասնությունների նկատմամբ թուրքական հետևողական ձուլման քաղաքականությունը, վախի և զանազան հալածանքների մթնոլորտը կատարել են իրենց դերը: Եվ այսօր նրանց մի մասի հայկական ինքնությունն արտահայտվում է ընդամենը գենետիկական ծագման մասին հիշողությամբ և մշակութային որոշ շերտերի պահպանմամբ:

Հատկապես լեզուն ազգային ինքնագիտակցության, թերևս, առաջին գործոնն է, որի բռնի ոչնչացումը աղետաբեր հետևանքների է հանգեցնում տվյալ էթնոսին:

Գերմանացի հեղինակ Մ. Հունբերը գրում է, որ «չի կարելի տիրանալ ինքնությանը, այն ինքնաբերաբար է առաջանում, բայց երբ արդեն ձեռք է բերվում, այն դեռ չի կարելի ապահով համարել: Մշտապես կա ինքնությունը օտարից պաշտպանելու կարիքն ու անհրաժեշտությունը»[23]:

Գերմանաբնակ համշենցի Ալիե Ալթը նկատում է, որ լեզվի ճնշման արդյունքում համշենցիները մերժում են իրենց հայկական արմատները, կրոնը և ինքնությունը: Ըստ Ալթի, այս առումով տուժել են հատկապես «արևմտյան համշենցիները»[24]:

Օսմանյան կայսրության հայահալած քաղաքականության հետևանքով ցեղասպանությունից վերապրած քրիստոնյա համշենահայերի մեծ մասը հաստատվեց Սև ծովի հյուսիսային ափերում` պահպանելով իր լեզուն, հավատքը, ազգային սովորությունները: Նրանց խոսակցական լեզուն ուսումնասիրել է Հ. Աճառյանը` այն համարելով Համշենի ինքնուրույն բարբառ[25]: Համշենի բարբառը պատկանում է արևմտյան խմբակցության կը ճյուղին: Խոսվել է Արդվինի, Համշենի, Տրապիզոնի, Սամսոնի (Ջանիկ), Կերասունի, Օրդուի տարածքներում և հարակից վայրերում, Ճորոխի ավազանի բնակավայրերում: Համշենի բարբառը, ըստ սփռվածության, ունի իր խոսվածքային յուրահատկություններն ու տարբերությունները: Տրապիզոնից հեռու, լեռներում մեկուսացած գյուղերի բարբառը Հ. Աճառյանը համարում է ամենից բնիկ ձևն, իսկ քաղաքամերձ շրջաններում արդեն այն կրում է փոփոխություն: Նրա կարծիքով, Համշենի բարբառի բնիկ ձևը պահպանել են Մալա գյուղի բնակիչները[26]: ԻՆչպես արդեն նշել ենք, Համշենի բարբառում առկա են գրաբարյան շերտեր, այն «հարուստ է գրաբարի այնպիսի հազվագյուտ բառերով, որ ո՛չ մի բարբառի մեջ կարելի չէ գտնել»[27]: Լեզվաբանը հնագույն բառերից առանձնացնում է` անթ կամ անութ>օնթ «գիրկը», անալութ>օնլութ «եղնիկ», զերծանիլ>զեյձնուշ, ողն>էօղ, օղօն «երկարանիստ բլրակ» և այլն: Բարբառը աչքի է ընկնում նաև նորակերտ բառեր կազմելու ներունակությամբ[28]:

Այս բարբառով շարունակում են խոսել Սև ծովի հյուսիսային` կովկասյան ափերում, նաև տարբեր երկրներում սփռված համշենահայերի զգալի մասը, ինչպես նաև Արդվինի նահանգի մեջ մտնող Խոփա և Բորչկա գավառներում և հարակից գյուղերում ապրող մահմեդականացված համշենահայերի սերունդները:

Իսկ բուն Համշենի գավառում (այն ընդգրկում է Թուրքիայի Ռիզե նահանգի` Չամլըհեմշին և Փազարհեմշին գավառակները) ապրող բաշ-համշենցիներն արդեն թուրքախոս են, սակայն պահպանել են հայկական որոշ ծեսեր և ավանդույթններ, կենցաղային սովորություններ, երգեր ու պարեր, շարունակում են գործածել հայերեն բազմաթիվ բառեր: Հոլանդացի լեզվաբան Ու. Բլեսինգը բաշ-համշենցիների լեզուն ուսումնասիրելով, նրանց գործածական թուրքերենում գրի է առել բազմաթիվ հայերեն բառեր` (բառավ<պառավ, ահբեր<աղբեր<եղբայր, թելխաշ<թերխաշ, փեյփու<փրփուռ, փոչղուշ, էթմեք<փոցխել, քեյնիչ<քերիչ, քերենդի<գերանդի, քելթաթ<գելթաթ<գայլաթաթ, հարավ<հարավ[29], վառեգ, մոզի, նախըր<նախիր, ագոս<ակոս, գոշթ<կոշտ, քաղոն<քաղհան, խենեչի<խնոցի, թափիչ, գեթող<կթող, գեթիչ<կթիչ, խավիչ<խավիծ, խաշիլ, գայգութ<կարկուտ, մեշուշ<մշուշ, խելեզ<խլեզ[30] և այլն: Պահպանվել են նաև մի շարք հայկական տեղանուններ և որոշ անձնանուններ` Ագինչօյ, Աղփենոչ, Աղվեչուր, Անուշդեղ, Այդեր (Արտեր), Բուչեղաչօյ, Էնթիփոս, Սանթիփոս, Հեդիփոս, Քեթմեչ (Գետմեջ), Փալաքչուր (Բարակջուր), Փալովիթ, Սալ, Սալեչուր (Սալաջուր), Արդեշեն-Արդաշեն, Ավելօր, Ջեմաքդափ, Չեյմաքչուր (Ճերմակջուր), Գաղնութ (Կաղնուտ), Գալեր (Կալեր), Քոյդութ, Մայք, Մեչովիթ, Մեղվոր, Փոքութ, Սոխովիթ: Անձնանուններից Ու. Բլեսինգը գրանցել է` Ափել, Ավեդիք, Առաքել, Արաթին-օղլու, Մեղդեսի-օղլու (մահտեսի բառից)[31]:

Բաշ-համշենցիներին անվանում են նաև արևմտյան համշենցիներ, իսկ հարևան լազերը նրանց կոչում են «արմենի»: Ավելի տարածված, այսպես ասած, ոչ-պաշտոնական դիմելաձևը «հաստակող հայն» է: Հատկապես բաշ-համշենցիները հայտնի են որպես լավագույն հրուշակագործներ և հացթուխներ: Թուրքիայի մեծ քաղաքներում և անգամ Հաքքարիում հայտնի փռերն ու հրուշակեղենի սրճարանները պատկանում են բաշ-համշենցիներին[32]:

Եթե այսօր կրոնափոխ բաշ-համշենցիները, պահպանելով բազմաթիվ հայերեն բառեր, այդուհանդերձ, մոռացել են հայերենը, և նրանց մի մասն էլ մերժում է իր հայկական ծագումը, ապա Խոփայի գավառի մահմեդական համշենցիները (կամ արևելյան համշենցիները), չնայած ճնշումներին և հալածանքներին, մեծավ մասամբ, խոսում են Համշենի բարբառով (որոշ խոսվածքային յուրահատկություններով), ինչը նրանց թուրքական միջավայրում առանձին էթնիկ միավոր զգալու և հաճախ իրենց հայկական ծագման մասին հիշողության խթանիչն է:

ժամանակի ընթացքում Խոփայի համշենցիների խոսվածքում ներմուծվել են թուրքերեն բառեր և արտահայտություններ, բարբառը թուրքերենից կրել է նաև հնչյունական ազդեցություններ: Նրանց խոսվածքը, քանի որ երկար ժամանակ կտրված է եղել հայախոս միջավայրից և դադարել է սնուցվել գրական հայերենից, աստիճանաբար հայասխոս համշենցիների խոսվածքում մի շարք հայերեն բառեր մոռացության են մատնվել՝ իրեն տեղը զիջելով թուրքերեն բառերին:

Առհասարակ Համշենի բարբառն, իր բոլոր խոսվածքներով հանդերձ (հատկապես կրոնափոխների լեզուն) հայերենի խրթին բարբառներից է, ունի ինքնատիպ բառապաշար և քերականական կառույցներ: Արևմտյան գիտնականներ Ռ. Բենինգհաուսի և Մ. Մեքերի դիտարկումների համաձայն Արևելյան խմբի համշենցիները հայերենը լավ են պահպանել, և Թուրքիայի հայերը գրեթե հասկանում են Խոփայի համշենցիների բարբառը, բայց վերջիններս բոլորովին չեն հասկանում մյուս հայերին[33]:

Խոփայի համշենցիների խոսակցական լեզվով է պայմանավորված նաև նրանց ինքնանվանումը` «հոմշեցի»: Շատ դեպքերում Խոփայի համշենցիները խուսափում են իրենց հայկական ծագման մասին խոսել: Նրանք իրենց հայտարարում են առանձին էթնիկական միավոր, որն ունի նաև առանձին լեզու: Ըստ Բերթ Վոքսի` համշենցիներն իրենց լեզուն կոչում են «հոմշեցմա»[34]: Կրոնափոոխ համշենցիների բարբառի և բանահյուսության առաջին ուսումնասիրողներից մեկի` Սերգեյ Վարդանյանի համաձայն` Միջին Ասիա աքսորված համշենցիները և Խոփայի համշենցիներն իրենց խոսակցական լեզուն անվանում են «հոմշեցնակ» կամ «համշեցնակ»: Թերևս տեղական բարբառով կարելի է պայմանավորել այն, երբ համշենցիների շրջանակում նրանց հայ լինելու մասին քննարկումներ կամ վեճեր են լինում, «արևմտյան համշենցիներն» ասում են, որ «ոչ թե մենք ենք, այլ Խոփայի համշենցիներն են հայ»[35]:

Համշենցիների ծագման և ինքնության մասին հետաքրքիր հրապարակում եղավ նաև թուրքական մամուլում:

Թուրքական հայտնի «Ռադիկալ» թերթում տպագրված «Հեմշենցիների մասին, հեմշինցիները հայեր՞ են» հոդվածի, թուրք հեղինակը թեև խուսափում է մի քանի կարևոր հարցերի պատասխանները տալուց, այնուամենայնիվ, ինչպես նկատում է Ս. Վարդանյանը, այդ հոդվածը ուշադրության է արժանի որպես «թուրքական մամուլում մահմեդական համշենցիների մասին քիչ թե շատ անաչառ խոսք ասելու առաջին փորձերից մեկը»[36]: Հենվելով «Էթնիկական խմբերը Թուրքիայում» գրքում հրապարակված Պ. Անդրյուսի տեղեկությունների վրա, հոդվածագիրը` Ջան Ուղուր Բիրյոլը, գրում է, որ Խոփա-Քեմալփաշայի կողմերում ապրողներն «իրենց ճանաչում են որպես հոմշեցի: Այս արևելյան խմբի հեմշինցիների հիմնական բնակավայրերը Արդվինի նահանգում, Խոփայի և Քեմալփաշայի միջով անցնող գետային ցանցի վրա են գտնվում: Արևելքում Ճորոխ գետը բնական սահման է ստեղծում: Արևելյան հեմշինցիների լեզուն հայերենն է: Նրանք խոսում են նաև արևմտյան բարբառով և թուրքերենով: Շրջանի բնակիչներն ինչքան էլ պնդեն, որ խոսում են հեմշիներեն, իրականում այդպիսի լեզու չկա»[37]: Հեղինակն արձանագրում է, որ առևտրի նպատակով Սև ծովի արևելյան կողմը ժամանած հայերի և տեղի բնակչության միջև լեզվական տեսանկյունից ընդհանրություններ էին նկատվում: Այնուհետև Ջ. ՈՒ. Բիրյոլը եզրահանգում է, որ «որքան էլ ներկայումս հեմշինցիներն իրենք իրենց իբրև հայ չեն ճանաչում, այն լեզվով, որով խոսում են, հայերեն է, և որոշ աղբյուրների համաձայն` հայերենի մի բարբառ»[38]:

Համշենցիների բարբառն ունի խոսվածքային տարբերակներ: Ցավոք, նրանց բարբառը դեռևս համալիր կերպով ուսումնասիրված չէ: Այդուամենայնիվ, այդ բարբառով բանահյուսական որոշ նյութեր գրառվել են: 1960-ական թթ. ֆրանսիացի լեզվաբան Ժ. Դյումեզիլը գրառումներ է կատարել Ստամբուլում սովորող կրոնափոխ համշենցիներից[39]: Ս. Վարդանյանը գրի է առել և 1989թ. հրատարակել Խոփային հարակից Աջարիայի սահմանամերձ գյուղերից 1944թ. Միջին Ասիա աքսորված կրոնափոխ համշենցիների խաղիկներն ու հեքիաթները` կազմելով նաև համապատասխան բառարան[40]: Ս. Վարդանյանը նրանց լեզուն համարում է Համշենի բարբառի առանձին խոսվածք, որը «զգալի տարբերություններով հանդերձ համեմատաբար մոտ է Տրապիզոնի շրջակա գյուղերի խոսվածքին»: Այն բաժանվում է երկու ճյուղի. «…արդլեցիների և թուրցևանցիների (այսինքն` Արդալա գյուղի բնակիչների և դրսեցիների)»[41]:

Թուրքական իշխանությունները, չկարողանալով Արդվինի նահանգի մահմեդական համշենցիներից վերջնականապես արմատախիլ անել հայախոսությունը, պաշտոնական պատմագրության միջոցով ոչ միայն խճճում և աղավաղում են Համշենի պատմությունը, համշենցիների ծագումնաբանությունը, այլև հայտնի կեղծարար Մ. Սաքաօղլուի միջոցով հայտարարում, որ համշենցիները բացի թուրքերենից ուրիշ լեզու չեն իմացել: Նրանց թուրքերենն էլ հին Օղուզի կամ Սաքա ցեղի բարբառն է, որի ձայնավորով սկսվող բառերի սկզբում «H» կամ «Kh» է ավելանում: Մ. Սաքաօղլուն գրում է, որ անասնապահությամբ զբաղվող որոշ համշենցիների լեզվում տեղական կովկասցիների (իմա՝ լազերի–Լ.Ս.) հետ հարաբերությունների և բարեկամության արդյունքում, մի քանի բառ է ներմուծվել[42]:

Մ. Սաքաօղլուն իր գրքում նշում է նաև համշենցիների թուրքերենում այսօր էլ գործածական մի շարք բառերի օրինակներ` որևէ խոսք չասելով, որ դրանց մի մասը մնացել է նախկինում հայախոս համշենցիների խոսակցական լեզվից` օնվաք/oվանք (ջրում եփվող անասունակեր), հեղեզ (խորխորատ), շիմ (շեմ), քեթեման (կովերի աղի աման), Փալովիթ (տեղանուն), էսեվ Ասփա(ձ)-բացականչության արտահայտություն (Աստված), աղու (թույն), Չեմակ (Ճերմակ), շերադ (պանիր պատրաստելուց հետո մնացած ջուրը, շիճուկ), քաքանոչ (արտաքնոց), քող (հավի թուխս նստելը), աշ/չաշ-եգիպտացորենից և ցորենից պատրաստված ապուր (ճաշ), փելիթ–(բլիթ, բացված հաց)[43]: Ի դեպ` դրանցից մի քանիսը որպես հայկաբանություններ կան Ու. Բլեսինգի կազմած ցանկերում[44]:

Մեկ այլ թուրք կեղծարար` Մ. Քըրզըօղլուն, ընդունելով Խոփայի համշենցիների լեզվի հայկական բարբառ լինելը[45], այն կրողների ծագման մասին առաջարկում է հորինովի տեսություններ, որոնք, ինչպես վկայում է Ա. Ալթը, համշենցիների շրջանում, ցավոք, մեծ հանրաճանաչություն են ձեռք բերել: Ըստ նրա` Մ. Քըրզըօղլուի մշակումները դարձել են համշենցիների ինքնության անբաժանելի մասը: Շատերն այնքան են հեռացել հայկական արմատներից, որ իրենց համարում են օղուզական կամ բալքարական, կամ աքադական ցեղերի սերունդ, կամ էլ Միջին Ասիայից ու Խորասանից եկած մի ժողովուրդ[46]: Ա. Ալթը նշում է, որ համշենցիներն իրենց վերագրում են ամեն տեսակի ծագում, բայց ոչ «մահմեդական հայ» և «միայն հատուկենտ համշենցիներ են գիտակցում այս տարբերությունները»[47]: Ա. Ալթն ավելացնում է նաև, որ այսօր, ըստ էության, գրեթե չկա կրոնափոխված, մահմեդականացած որևէ համշենցի, որն իրեն հայ է ճանաչում. «Պատմական իրականությունը բացառելու, մշտական լռության և իրենց ծագումը մերժելու հանգամանքն, անշուշտ, վկայում է, որ համշենցիների մոտ նկատվում է ինքնագիտակցության և ինքնության կորուստ»[48]:

Կրոնափոխ համշենցիների երգերը

Այնուհանդերձ, իրենք իրենց «հոմշենցի, հոմշեցի» անվանող հայախոս մահմեդականների մերօրյա սերունդները վերջին մի քանի տարիներին սեփական արմատների որոնման հետաքրքիր դրսևորումներ ունեցան. նրանց բարբառով Թուրքիայում նկարահանվեց «Մոմի» ֆիլմը, թողարկվեցին նաև Համշենի բարբառով երգեր ընդգրկող 2-3 խտասկավառակներ: Հատկապես արժեքավոր է 2005 թ. Թուրքիայի համշենցիերի նախաձեռնությամբ թողարկված՝ «Վո՞վ ա» (Ո՞վ է) “Vova” (Համշենցու խաղ, Hemshin Ezgileri) երգերի սկավառակը: Նրան կից հրապարակված գրքույկում համառոտ ներկայացված է Համշենի և համշենցիների պատմության երկու տարբերակ. մեկը՝ համշենցիների հայկական ծագումը հավաստող, իսկ մյուսը ծանոթացնում է թուրքական հորինված վարկածին: Գրքույկը եռալեզու է` կրոնափոխ համշենցիների բարբառով` թուրքերեն տառադարձումով, և այդ նույն տեքստերի անգլերեն, թուրքերեն թարգմանությունները: Նշենք, որ թուրքերեն տառադարձման հետևանքով որոշ բաղաձայն հնչյուններ ճշգրտորեն չեն արտացոլվել, թուրքերեն բաժնում կան նաև առանձին բառերի ոչ համարժեք թարգմանություններ: Մանինարի մեծ մասը գրի է առել և մշակել Հիքմեթ Աքչիչեքը, որ նաև երգերի հիմնական մենակատարողն է:

Տեքստերն ու երգերը վերականգնել և թարգմանել ենք ժամանակակից հայերենի: Թարգմանության ընթացքում մի շարք բարբառային բառերի ճշտումների համար շնորհակալություն ենք հայտնում բանասեր-ազգագրագետ Ս. Վարդանյանին:

***

—————————
[1] Այս հոդվածի նախնական տարբերակներրը հրապարակվել են հետեւյալ պարբերականներում՝ «Ձայն համշենական», 2007, N 7-8, N9-10. Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, հ. 5, Երևան, 2008, էջ 243-260. Sahakyan L., “The Armenian Language as a Remembrance and Manifestation of the Islamized Hamshenians Ethnic Identity,” Armenian Folia Anglistika, International Journal of English Studies, 2007, N2, p.162-173.:

[2] Լեզվի էթնոպաշտպան դերի մասին ավելի մանրամասն տե՛ս Նալչաջյան Ա., Էթնիկական հոգեբանություն, Երևան, 2001, էջ 81-83:

[3] Hübschmann H. Die Stellung des Armenischen im Kreise der indogermanischenSprachen, KZ, 23, 1875.

[4] Տե՛ս Капанцян Г. А., Хайаса-колыбель армян. Этногенез армян и их начальная история, Ереван, 1947. Гамкрелидзе Т., Иванов В., Индоевропейский язык и индоевропейцы, т. 1-2, Тбилиси, 1984. Ջահուկյան Գ. Բ., Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան, Երևան, 1987: Samuelian T., Armenian Origins. An Overview of Ancient and Modern Sources and Theories, Yerevan, 2000.

[5] Առհասարակ լեզվի և ազգային ինքնագիտակցության կապի մասին մանրամասն տե՛ս Бромлей Ю. Б., Очерки теории этноса, Москва, 1983, ր. 110-117, 241-243, 327-332. Տե՛ս նաև Այվազյան Ա., Հայկական ինքնության հիմնաքարերը. բանակ, լեզու, պետություն, Երևան, 2007, էջ 58-60:

[6] Տե՛ս Ջա­հուկ­յան Գ. Բ., Հայ բար­բա­ռա­գի­տութ­յան նե­րա­ծութ­յուն, Երևան, 1972, էջ 16: Ար. Ղարիբյան, Հայ բարբառագիտություն, Երևան, 1953, էջ 41:

[7] Հ.Հյուբշ­մա­նը և Հ. Ա­ճառ­յա­նը սխալ ըն­թեր­ցու­մով լուրջ թյու­րա­կար­ծութ­յան տե­ղիք են տվել՝ իբր հիշ­յալ տա­րածք­նե­րի բնակ­չութ­յու­նը ե­ղել է այ­լազ­գի: Ա­կադ. Գ. Ջա­հուկ­յա­նը այս հար­ցին տվել է հետևյալ հիմ­նա­րար բա­ցատ­րութ­յու­նը. «Հ. Հյուբշ­մա­նը և Հ. Ա­ճառ­յա­նը հակ­ված են այս­տեղ հի­շա­տա­կած ա­նուն­նե­րի տակ հաս­կա­նա­լու Հա­յաս­տա­նի տե­րի­տո­րիա­յում խոս­ված լե­զու­ներ (հմմտ. Hubschmann H.. Armenishe Grammatik, 1895, էջ 519: Հա­յոց լեզ­վի պատ­մութ­յուն, հ. 2, Երևան, 1951, էջ 128-132): Այս հե­ղի­նակ­նե­րը հաշ­վի չեն առ­նում Սյու­նե­ցու եր­կի մեկ­նո­ղա­կան բնույ­թը և դրա­նից անհ­րա­ժեշտ եզ­րա­կա­ցութ­յուն­ներ չեն ա­նում: Մաս­նա­վո­րա­պես, պետք է նշել Հ. Ա­ճառ­յա­նի ա­պա­ցուց­ման մեջ թույլ տրված հետևյալ վրի­պում­նե­րը, խո­սե­լով տվյալ տեքս­տում «զՄի­ջերկ­րեայսն» և «զՈս­տա­նիկսն» ձևե­րի հոգ­նա­կիութ­յան մա­սին՝ Հ. Ա­ճառ­յա­նը մո­ռա­նում է, որ նախ՝ տվյալ դեպ­քում խոս­քը բա­ռե­րի մա­սին է և ոչ բար­բառ­նե­րի, երկ­րորդ՝ Սյու­նե­ցին շատ լավ տար­բե­րում է շրջա­կա լե­զու­նե­րի և սե­փա­կան լեզ­վի բար­բառ­նե­րի ի­մա­ցութ­յու­նը, նշված հատ­վա­ծից ա­ռաջ Սյու­նե­ցին գրում է հենց շրջա­կա լե­զու­նե­րի մա­սին» (տե՛ս Ջա­հուկ­յան Գ. Բ., Հայ բար­բա­ռա­գի­տութ­յան նե­րա­ծութ­յուն, էջ 17):

[8] Ա­ճառ­յան Հ., Քննություն Համշենի բարբառի, Երևան, 1947, էջ 12:

[9] Капанцян Г. А., Хайаса-колыбель армян. Этногенез армян и их начальная история, Ереван, 1947, с. 27. Տե՛ս նաև Aрутюнян Б., К вопросу об этнической принадлежности населения бассейна реки Чорох в VII-IV вв. до н. э., «Պատմա-բանասիրական հանդես», ՀՀ ԳԱ հրատ., Երևան, 1998, N 1-2, էջ 233-246:

[10] Պատմութիւն Ղեւոնդեայ մեծի վարդապետի հայոց, Ս. Պետերբուրգ, 1887, էջ 167-169: Հղումը տե՛ս նաև Խաչիկեան Լ., Էջեր համշինահայ պատմութիւնից, «Աշխատութիւններ», հատոր Բ,«Գանձասար» Աստուածաբանական կենտրոն, Երևան, 1999, էջ 122-123:

[11] Խաչիկեան Լ., նշվ. հոդվ., էջ 124-125:

[12]Մամիկոնեան Յ., Պատմութիւն Տարօնոյ, Երևան, 1941, էջ 284: Տե՛ս նույնի աշխարհաբար թարգմանությունը` Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմություն, Երևան, 1989, էջ 113:

[13] Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն, էջ 182:

[14] Համշենի հայկական իշխանության մասին տե՛ս Խաչիկեան Լ., Էջեր համշինահայ պատմութիւնից, էջ 132-138:

[15] Սահակյան Լ., Օսմանյան կայսրությունում համշենահայերի բռնի մահմեդականացման քաղաքականության հետևանքները, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, հ. IV, Երևան, 2006, էջ 207-229: Տե՛ս նաև նույնի` Օսմանյան կայսրությունում համշենահայերի նկատմամբ վարած բռնի մահմեդականացման քաղաքականության հետևանքները և «Երկիր» շաբաթաթերթ, սեպտեմբերի 8, 2006, էջ 10-11, «Ձայն համշենական» ամսաթերթ, NN 9-10, սեպտեմբեր-հոկտեմբեր, 2006, էջ 2-3:

[16] Թումայանց Պ., Պոնտոսի հայերը. աշխարհագրական եւ քաղաքական վիճակ Տրապիզոնի, «Լումայ», Տփխիս, գիրք Բ (յուլիս), 1899, էջ 175:

[17] Հայկունի Ս., Կորած ու մոռացուած հայեր. (Տրապիզօնի հայ-մահմետական գիւղերն, նրանց աւանդութիւնները եւ սովորութիւնները), «Արարատ», 1895, օգոստոս, էջ 297:

[18]

[19] Նալչաջյան Ա., Էթնիկական հոգեբանություն, էջ 429:

[20] Նալչաջյան Ա., նշվ. աշխ., էջ 427:

[21] Նալչաջյան Ա., նշվ. աշխ., էջ 427-428:

[22] Ս. Վարդանյան, Մահմեդական համշենահայերը` Մեծ եղեռնի վկաներ, «Ձայն համշենական», ամսագիր, NN 3-4, մարտ-ապրիլ, 2006, էջ 7:

[23] Hübner M. “La beurette” Vom aus der Vorstaedte ins Herz der französischen Gesellschaft, Frankfurt am Main, 1996, p. 23.

[24] Alt A., Tarihin ve Bugünün Aynasında Hemşin Ermenileri, İST, 2005, s. 36.

[25] Աճառյան Հ., Քննություն Համշենի բարբառի, Երևան, 1947:

[26] Աճառյան Հ., Քննություն Համշենի բարբառի, էջ 14-15:

[27] Աճառյան Հ., նույն տեղում, էջ 12:

[28] Աճառյան Հ., նույն տեղում, էջ 12-13:

[29] Bläsing U., Armenisches Lehndut im Türkeitürkischen am Beispiel von Hemşin, Amsterdam-Atlanta, GA 1992. Տե՛ս նույնի` Aemenisch-Türkisc Etymologisch Betrachtungen ausgehend von Materialien aus dem Hemşinge nebst eingien Anmerkungen zum Armenischen, insbesondere dem Hemşindialekt, Amsterdam-Atlanta, GA 1995.

[30] The Hemshin. History, society and identity in the Highlands of Northeast Turkey, Edited by Hovann H. Simonian, London and New York, 2007. Տե՛ս ժողովածուի` Bläsing U., Armenian in the vocabulary and culture of the Turkish Hemshinli, p. 282, 283, 285, 287, 288, 289, 293.

[31] Նշվ. աշխ., էջ 295.

[32] Biryol C. U., Hemşinliler üzerine, Hemşinliler Ermeni mi?, Radikal, 2005, Haziran 12. Տե՛ս նույնի հայերեն թարգմանությունը, Ջ. Ու. Բիրյոլ, Հեմշինցիները հայե՞ր են, հեմշինցիների մասին, թուրքերենից թարգմանեց` Լ. Սահակյանը, «Ձայն համշենական» ամսաթերթ, NN11-12, նոյեմբեր-դեկտեմբեր, 2006: Նույնը տե՛ ս «Ազգ», 17 փետրվար, 2007, N 30:

[33] Hemşin Gezimi, İkinci Bölüm, Türk Araştırmacıları, İstanbul, 1997, s. 85. Meeker M., The Black Sea Turks: Some Aspeckts of Their Ethnic and cultural Background, in: International Journal of Middle East Studies, Cambridge, 1971, p. 318-345.

[34] The Hemshin. History, society and identity in the Highlands of Northeast Turkey, Edited by Hovann H. Simonian, London and New York, 2007. Տե՛ս այդ ժողովածուի` Bert Vaux, Homshetsma. The language of the Armenians of Hamshen, p. 257-278.

[35] Տե՛ս Քայել Մարգարօղլու.«Կան համշենցիներ, հատկապես երիտասարդների մեջ, որոնք իրենց բացահայտ հայ են համարում», զրույցը վարեց Ռուբեն Մելքոնյանը, «Հանրապետական», N 7 (49), Երևան, 2007, էջ 44:

[36] Վարդանյան Ս., Թուրքերեն հոդված մահմեդական համշենցիների մասին, «Ձայն համշենական» ամսաթերթ, NN11-12, նոյեմբեր-դեկտեմբեր, 2006: Տե՛ս նաև «Ազգ», 17 փետրվար, 2007, N 30:

[37] Ethnic Groups in the Republic of Turkey, Wiesbaden, 1989, p. 181-184. Biryol C. U., Hemşinliler Ermeni mi?, Radikal, 2005, Haziran 12. Տե՛ս նույնի հայերեն թարգմանությունը, Ջան Ուղուր Բիրյոլ, Հեմշինցիները հայե՞ր են, հեմշինցիների մասին, թուրքերենից թարգմանեց Լ. Սահակյանը,«Ձայն համշենական» NN11-12, 2006թ.:

[38] Տե՛ս նույն տեղում:

[39] Տե՛ս Notes sur le parler d’yn arme՛nien musulman de Hemşin. Memoires d’l Acade՛mie Royale de Belgique. Classe des Lettres 57:4, 1964, Bruxelles, p. 5-52. Տե՛ս նույնի` Notes sur le parler d’un Armenien Musulman d’ Ardala. Revue des E՛tudes Arme՛niennes. Paris, 2/1965p. 135-142. Trois re՛cits dans le parle der Arme՛niens musulmans de Hemşin. Revue des E՛tudes Arme՛niennes. Paris, 4/1967. Dokuments Anatoliens sur les langues et les traditions du Caucase, IV. Recits lazes en dialecte d’ Arhavi (parler de Şenköy). Bibliotheque de l’E՛cole des Hautes E՛tudes, Section des Sciences Religieuses; Volume LXXIV. Paris, 1967. Un roman policier en arme՛nien d’Ardala. Revue des E՛tudes Arme՛niennes, Paris, 20/1986-87, p.7-27.

[40] Ձայն համշենական, գիրք երրորդ, կազմեց, խմբագրեց, առաջաբանը գրեց և ծանոթագրեց Ս. Վարդանյանը, Երևան, 1989, էջ 201-246:

[41] Ձայն համշենական, գիրք երրորդ, էջ 207:

[42] Sakaoğlu M. Ali, Dünden Bugüne Hemşin. Karadeniz’den Bir Tarih, Yeniyurt Yayınları, Ankara, 1990, s. 53

[43] Sakaoğlu M. Ali, նույն տեղում, էջ 54-55:

[44] Bläsing U., նշվ. աշխ.:

[45] Kırzıoğlu M. F., I. Selim Cağında Hopa ile Arhavi Köyleri, TFA icinde, yıl 17, cilt 10, no. 201 (Nisan 1966), İstanbul, s. 4104.

[46] Alt A., Tarihin ve Bugünün Aynasında Hemşin Ermenileri, s. 39-40.

[47] Alt A., նշվ. աշխ. էջ 41:

[48] Alt A., նշվ. աշխ. էջ 39:

2 responses so far

2 Responses to “Հայկական երգերը՝ բռնի կրոնափոխված համշենցիների ինքնության հիշողության դրսևորում ( մաս առաջին)”

  1. Aramon 17 Nov 2008 at 6:45 pm

    В их среде надо хотя бы скрытно и по тихоночку пропагандировать и разбудить все Армянское.
    Со временем образуется вольна и обязательно будет результат.

  2. Aramon 17 Nov 2008 at 6:47 pm

    Aram

    В их среде надо хотя бы скрытно и по тихоночку пропагандировать и разбудить все Армянское.
    Со временем образуется вольна и обязательно будет результат.

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.